Վառնայում անցեալ յունիսի 24-ին դժբախտ արկածի զոհ գնաց, դեռ երիտասարդական հասակում, մեր հին գործիչներից մէկը՝ Գրգօն: Իր ընկերների հետ լողանալու գացած ժամանակ՝ նա անզգուշաբար բարձրից նետւում է ծովը, կարծելով՝ թէ ջուրը խորն է, ուժգին զարնւում է յատակին և փռւում կիսամեռ: Բժիշկների խնամքները անզօր են անցնում, և Գրգօն մեռնում է ուղեղի վնասւելուց, առանց կարողանալու ուշքի գալ:
Գրգօն ծնւել է 1870 թւին Կիւմիշխանէում: Փոքրիկ հասակում ծնողները նրան տանում են Տրապիզոն և տալիս են ազգային վարժարանը, ուր նա մնում է մինչև 1885 թ.: Դպրոցական այդ շրջանը անհետևանք չէ անցնում Գրգօյի զգայուն հոգու համար: Նրա մէջ բուռն հետաքրքրութիւն է շարժւում դէպի հայ ժողովրդի կենտրոնը, դէպի նրա ցաւերն ու բաղձանքները: Եւ երբ մի օր նա իմանում է, թէ իր հայրը մասնաւոր գործերով Հայաստան պէտք է մտնի, աղաչանքով, պաղատանքով, լաց ու կոծով ստիպում է վերջապէս, որ իրեն էկ հետն առնի: Պատանի Արշակը երկու տարի Վանայ և Մշոյ կողմերը անցկացնելուց յետոյ՝ վերադառնում է Տրապիզոն և այնտեղից էլ իր ծնողների հետ տեղափոխւում է Պօլիս:
1892 թւի վերջին, երբ Դաշնակցութիւնը նոր էր հիմն դնում Պօլսում, նա եծաւ առաջին համակրողներից մէկը և հետզհետէ այն աստիճան գրաւուեց կազմակերպութեան գործերով, որ երկու տարի չանցած՝ ձգեց իր մասնաւոր պարապմունքները և բոլորովին անձնատուր եղաւ յեղափոխութեան: Այդ թւականին էր, որ Գրգօն ձերբակալւեց Էտիրնէում, ուր գնացել էր մի ձեռնարկ գլուխ բերելու: Բանտից ազատւելով, նա շարունակում էր գործը կազմակերպութեան զանազան շրջաններում, այլ և այլ պաշտօններ ստանձնելով: 1988 թւականին նա ստիպւած եղաւ բոլրոովին ձգել Պօլիսը, անցնել Կովկաս, այնտեղից էլ վերջին տարիներս՝ Ամերիկա: Բայց երկրի շարժումները հանգիստ չէին տալիս Գրգօյի անհանգիստ հոգուն նա վճռեց մտնել հայդուկային խմբերի մէջ և անցնել Մշոյ ու Սասնոյ կողմերը, նետւել մի ասպարէզ, թէև իրեն համար նոր, անսովոր, բայց հրապուրիչ և խրախուսող: Նա չհասաւ իր մուարզին, կէս ճանապարհին զոհ գնալով իր անզգուշութեան:
Գրգօն անհանգիստ, անզուսպ, դիւրագրգիռ բնաւորութեան տէր էր: Դա էր պատճառը, որ անձնական ընկերների քիչ ունէր: Բայց դրա հետ միասին նրա անշահասիրութիւնը, անվեհերութիւնը, կռւելու և զոհւելու պատրաստականութիւնը մոռացնել էին տալիս նրա ամեն թերութիւնները:
Դժբախտ էր Գրգօն, որ չկարողացաւ զոհւել այն վայրերում, որոնց հետ կապւած էր իր պատանեկան յիշողութիւններով: