Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Սարդարապատի յաղթութիւնից յետոյ, Արամ փաշան յայտարարեց Ազգային Խորհրդի մէջ, թէ վրացիները, ատրբէջանցիները եւ հայերը առանձին կառավարութիւններ են կազմած Թիֆլիզի մէջ եւ թէ Հայաստանի կառավարութիւնը յաջորդ օրը պիտի հասնի Երեւան:
Դիմելով Ազգային Խորհրդի նախագահ Խորէն արքեպիսկոպոսին (ապագայ կաթողիկոսին), նա ասաց.
Գերապատիւ Սրբազան «Որպէս Ազգային Խորհրդի նախագահ, Դուք շատ ուրախացած կը լինէք անկասկած, հայկական կառավարութեան ստեղծման առիթով եւ կը ցանկանաք Ձեր բարձր նախագահական պաշտօնով ընդունիլ կառավարական կազմը Երեւանում եւ տալ նրան Ձեր օրհնութիւնը: Ընդունելութեան արարողութիւնը պիտի ղեկավարուի մեր շատ սիրելի հրամանատար Աշօ Շահխաթունիի կողմից: Նա արդէն տուել էր իր համաձայնութիւնը»:
Ազգային Խորհրդի նիստը վերջանալուց յետոյ, Սրբազանը խնդրեց բոլոր ներկաներին իր մօտ թէյի Առաջնորդարանի գեղատեսիլ պաշտգամբի վրայ: Առաջնորդարանը գտնւում էր ձորի մէջ, որտեղից անցնում է Զանգուն կատաղած փրփրելով:
Տեղի ունեցան այնտեղ մասնաւոր խօսակցութիւններ կառավարական կազմի մասին: Արամ փաշան յայտարարեց, թէ նախարարական դերերը որոշուելու են վերջնականապէս Երեւանում: Նախարարապետ միայն նշանակուած է Յովհաննէս Քաջազնունին:
Ինձանից առաջ Արամը պատասխանեց թէ Շահխաթունին վարպետ է այդ կարգի աշխատանքների մէջ: Ես իմ կարգին պատասխանեցի կատակով թէ ես պիտի նախընտրէի նրանց բոլորին բանտարկել, որովհետեւ ա՜յսքան ժամանակ նրանք հանգիստ ապրում էին Թիֆլիզում: Յետոյ կ'ուզէի իմանալ թէ արդեօք նրանք գնալո՞ւ էին Էջմիածին՝ կաթողիկոսից առաջին օրհնութիւնը ստանալու համար: Հակառակ դէպքում ես ոչ մի պատասխանատուութիւն չէի ուզում առնել ընդունելութիւնը կազմակերպելու համար եւ պիտի տայի իմ հրաժարականը:
Միասին մի բաժակ թէյ առնելուց յետոյ, բաժանուեցինք: Ես ընկերացայ Արամին մինչեւ իր բնակարանը եւ խոստացայ նրան հեռախօսել յաջորդ առաւօտ ժամը 9ին՝ ժամադրութիւնը որոշելու եւ ընդունելութեան մանրամասնութիւնների մասին խօսելու համար:
Գնացի կամենդատուրա եւ հեռախօսեցի կնոջս թէ շատ ուշ եմ վերադառնալու: Յետոյ իսկոյն անցայ գործի եւ գրաւոր կերպով պատաստեցի ընդունելութեան ծրագիրը իր ընդհանուր գծերի մէջ՝ առանց յիշելու մանրամասնութիւնները: Նախընտրելի էր դրանց մասին բերանացի արտայայտել՝ դժգոհութիւնների առիթ չտալու համար: Պիտի հասկցուի քիչ յետոյ թէ ինչո՞ւ այդպէս որոշեցի: Վերջապէս, հեռախօսեցի Յակոբեանին եւ հրամայեցի նրան, որ կոմենդատուրայի գունդը պատրաստ լինի յաջորդ օրը ժամը 2ին պաշտօնական տողանցքի համար:
Յաջորդ առաւօտեան գնացի Արամի մօտ, որը շատ գոհ եղաւ իմ պատրաստած ծրագրից եւ հարցրեց թէ ինչո՞ւ ընդունելութեան բոլոր մանրամասնութիւնները չէր նշանակուած: Պատասխանեցի թէ չէի ուզում ամբողջացնել ծրագիրը՝ առանց նրան հարց տալու հետեւեալ նիւթերի մասին.
ա) Պէ՞տք էր հրաւիրել թաթարներին «բարի գալուստի» հանդէսին:
Նա ինձ հարցրեց թէ՝ ես ի՞նչ էի մտածում այդ մասին: Պատասխանեցի թէ քանի որ Հայաստանը անկախ է, ուրեմն թաթարներն եւս, որպէս հպատակ, իրաւունք ունին մասնակցելու տողանցքին:
բ) Ի՞նչ սրահի մէջ պիտի լինի ընդունելութիւնը:
Ես ասացի թէ՝ Խորէն Սրբազանը ինձ առաջարկեց, որ ընդունելութիւնը լինի Առաջնորդարանում: Ես համաձայնեցի, որովհետեւ յարմարագոյն տեղն է:
գ) Կարո՞ղ եմ Ղամարլուի, Վաղարշապատի, Քանաքեռի հեծելազօրքի, թանդանօթաձիգների, լեռնային մարտկոցների գնդերը եւս բերել տալ Արամի անունով.
Արամը պատասխանեց.
–Կարող
ես՝ պատրաստաած ծրագրի համաձայն: Յաջողութիւն:
Դրա վրայ բաժանուեցինք: Հեռախօսեցի իսկոյն բոլոր գնդերի պետերին՝ հաղորդելով նրանց կառավարութեան ժամանումը եւ հրամայեցի Արամ փաշայի անունից ուղարկել ամէն գնդից մի վաշտ: Յետոյ գնացի Շէյխ-իւլ-իսլամի մօտ, որը, ըստ սովորութեան, ինձ լաւ ընդունեց: Երբ ասացի թէ կառավարութիւնը գալիս է, նա շատ ուրախացաւ եւ խնդրեց թոյլ տալ իրան գնալ ընդ առաջ:
Նոյն րոպէին ներս մտան թաթարների պետերը, որոնց Շէյխ-իւլ-իսլամը հաղորդեց Հայաստանի կառավարութեան գալուստը Երեւան: Ներկայ երեք պետերը յայտնեցին, որ իրենք եւս պարտական էին զգում մասնակցելու ընդունելութեանը եւ պատրաստ են մեզ տրամադրել իրենց բոլոր ձիաւորները:
Ժամը 3ին Աբովեան պողոտայի սկզբից մինչեւ Սուրբ Սարգսի Առաջնորդարանը երկու կողմը կանգնած էին նշանակուած վաշտերը: Թաթարներից կային 10ի մօտ ձիաւորներ, որոնք գրաւած էին իմ նշանակած տեղերը: Արամը հասաւ ինքնաշարժով եւ հաղորդեց թէ կառավարութիւնը գալիս է: Հրամայեցի զինուորներին. «Պատրաստ կաց»:
Մի քանի վայրկեանից յետոյ, գլխաւոր պողոտայի անկիւնից երեւաց կառավարական խումբը ինքնաշարժներով: Ես հրամայեցի.
–Հանդիսաւոր տողանցք. պատրա՛ստ. հանդա՛րտ. պատուի ա՛ռ:
Եւ մերկացնելով իմ սուրն ու ինձ հետ ունենալով հեծելազօրքից յիսուն հոգի՝ մօտեցայ քառասմբակ կառավարութեան կազմին: Ես խոնարհեցրի իմ սուրը Հայաստանի նախարարապետի առջեւ, մինչդեռ իմ ձին բարձրացած էր երկու ոտքի վրայ: Ես ասացի հետեւեալը
–Ձերդ բարձր գերազանցութի՛ւն, որպէս Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքի զինուորական հրամանատար, ողջունում եմ ձեր գալուստը եւ արտայայտում այն, ինչ որ այս րոպէիս ապրում եմ: Անսահման երջանիկ եմ, որ դարերից յետոյ առաջին սպան եմ, որ խոնարհեցնում է իր սուրը իր կառավարութեան առջեւ: Այս սուրի վրայ, որը ժառանգել եմ պապերից, փորագրուած է հետեւեալը. «Առանց կարիքի մի՛ մերկացնի ինձ, բայց երբ մերկացրիր, հպարտութեամբ եւ պատուով դիր իր պատեանի մէջ»: Այս վայրկեանիս, ես հպարտութեամբ դնում եմ սուրս իր պատեանի մէջ եւ դուրս կը հանեմ այն ժամանակ, երբ Դուք ինձ հրամայէք պաշտպանել մեր աննման հայրենիքը»:
Քաջազնունին շատ յուզուած պատասխանեց եւ համարեայ զսպում էր իր արտասուքը:
Շքախումբը շարունակեց իր երթը դէպի առաջ:
Այսպէս եղաւ Հայաստանի առաջին կառավարութեան մուտքը Երեւան: