Ոչ ոք չէր յուսար որ թիւրք շրջանի մէջ մեծացած, թիւրքերի թաղերին մէջ բնակած և ընդհանրապէս թրքասէր ճանաչւած սափրիչ Ստեփանի որդին, կարող էր երբևիցէ կատաղի յեղափոխական դառնալ, բայց Թիւրքիան, այդ տենդային ու հիւանդ երկիրը այդպիսի անակնկալների մի ճոխ խառնարան . երեկւայ անտարբերը այսօր թունդ գործիչ է դառնում, թրքասէրը՝ ազգասէր, յեղափոխականը մատնիչ, լրտեսը յեղափոխական, որոնք գոյութեան կռւի մէջ միշտ իրարու հրահրելով, առանձին կրակ են տալիս յեղափոխական Ոգուն, որը առկայծում ու թափանցում է ամենաանծանօթ, ամենամուտ անկիւններն իսկ:
Այդ ջերմ Ոգին էր որ Խաչիկին 14 տարեկան ահսակում բերաւ միացուց իր հասակակիցների խմբակին, յեղափոխական կատաղի ոգին էր, որ երբ 1895 թւի օգոստոսին Տրապիզօնի կօմիտէն խմբերին առաջակրեց կոտորածների «կօմիսար» Շաքիր փաշային դիմաւորել գնդակներով, դուրս բերաւ Միսակին և Խաչիկին իբրւ տէռօրիստների: Վճիռը պիտի գործադրւէր սուլթանի գահակալութեան տարեդարձի գիշերը, բայց կարգադրիչ խումբը ինկատի ունենալով որ քրիստոնեայ երկսեռ ահսարակութիւնը մեծ բազմութեամբ զբօսնելու է դուրս գալիս, իսկ թիւրք խուժանը զինւած ու գրգռւած է լինում նոյն գիշերը, վերջին րոպէին, կօմիտէի առաջ ամէն պատասխանատւուոթիւն յանձն առնելով՝ չգործադրեց վճիռը, միւս օրւան յետաձգելով: Շաքիր փաշայ առաւօտ շատ կանուխ մեկնեցաւ, կորիւնները անհամբերութիւնից կատաղել էին, կառքով սլացան ետևից մինչև Տէյիր-մէնտէրէ, անկարող եղան հասնիլ:
Մի ամբողջ տարի էր անցել Սասունի կոտորածից. հայկական խնդիրը սկսել էր մոռացւիլ, եւրոպական դիպլօմատիան մատ մատի չէր խփում... Մինչդեռ Հայաստանի մէջ չարագործութիւնները չէին դադարում, եղեռնագործ փաշաները նորանոր շքանշաններով ծանրաբեռնւած՝ փառաւոտ շրջագայութիւններ էին ակտարում Պօլսից աւառ, գաւառներից Պօլիս. երազուն, յուսալից հայութիւնը հիասթափւում, անհամբերութիւնից ֆըշֆըշում էր. ոևէ գործով բողոք յայտնելու պահանջը ընդհանուր էր. Շահիր փաշան նոր խուսափել էր, երբ Տրապիզօն հասաւ Վանի արիւնարբու Բահրի փաշան, ահագին հարեմով խրոխտ ու սէգ. հարկաւոր էր Հայաստանի դրան շէմքին հայ ժողովրդի բողոքը արտայայտել հէնց այդ գուրգուրւած գազանին վրայ: Երկու կորիւնները թախանձանքով միայն կօմիտէից կարողացան տէռօրի գործը ստանձնել: Այլևայլ պատճառներով կատարումը յետաձգւեց մինչև 95 սեպտ. 20-ը: Նոյն օրը՝ չորեքշաբթի Բահրին զինւորական պատիւներով գնաց իտալական շոգենաւը, որի մեկնելուց քիչ առաջ Բահրին մի հեռագիր ստացաւ Պօլսից. նա դուրս եկաւ ափը, իբր թէ շոգենաւին չէր հաւանել, բայց յետոյ պարզւեց, որ սեպ. 18-19-ին Պօլսում տեղի է ունեցել Պապը ալիի ցոյցը և կոտորածը: Եըլդըզը Տրապիզօնի վալիին և հրամանտարին վրայ կատարեալ հաւատք չունենալով, հրամայել էր Բահրիին հրահանգի սպասել... անշուշտ կոտորելու համար:
Բահրին, հրամանտար Ֆէրիգ փաշայի ու պարսկական թրքամոլ հիւպատոսի ընկերակցութեամբ և հետևորդներով վերադառնում էր շոգենաւից մեծ ճանապարհով. Մթնելու 1-1½ ժամ կար, Խաչիկ և ընկերը Զէյթինլիքի փողոցից դուրս եկան և սկսան գնդակ տեղացնել Բահրիի վրայ, ամէն կերպ աշխատելով միւսներին չվնասել. այդ հանգամանքը և տեղի շատ մօտիկութիւնը արգելք եղան ձեռնարկի կատարեակ յաջողութեան և Բահրին ազդրից, Ֆէրիգ փաշան սրունքից միայն վիրաւորւեցան. Վիրաւորւածները սկսան տապլտկիլ փողոցի մէջ և օգնութիւն պօռալ, իսկ հետևորդները հալածեցին տէռօրիստներին, որոնք փամփուշտները նորոգելով կարողացան կռւելով փախչիլ և զապթիէների քթի տակից անյայտանալ: Յարձակումը այնքան յանդուգն և միանգամայն հայերի կողմից այնքան անյուսալի էր, որ անմիջապէս կարծիք կազմւեցաւ թէ պաշտօնաթող զինւորների կողմից է, երբ յայտնի խաչագող Գէորգ Խավարճեան մի քանի ղրշ. ձեռք բերելու և մասամբ վրէժխնդրութեան համար, վազեց մատնեց, որ հայեր են և այսինչ այսինչներ: Ամենախիստ խուզարկութիւններն ու տէռօրիստների ազգականների բանտարկութիւնները ո՛չ մի հետևանք չտւին: Տղայոց սառնասրտութիւնը փրկած էր իրենց: Երկու օր յետոյ՝ սեպե. 22-ին գիշեր կառավարական թելադրութեան թիւրք ամբոխը մօտ 6-8,000 հոգի զինւած դուրս եկաւ հայոց թաղերը կողոպտելու և սպանելու, բայց տէռրի գործողութիւնը այնպիսի մի սարսափ էր ձգել նրա վրայ, որ մի երկու հայ տնից րէվօլվէր արձակելը բաւական եղաւ նրանց հեռացնելու: Նոյն իրիկունը կորիւնները տեղափխւում էին առանձինն, երբ 20 հոգինոց մի թիւրք խումբ վրայ ինկաւ և ճանչնալով նրանց՝ սկսաւ հալածել: Երկու պատանիները ամբողջ մի ժամ նրանց հետ ճակատ առ ճակատ յուսահատաբար կռւելուց յետոյ, կորուսին իրար... Մ. մի տուն ապաստանեցաւ, իսկ Խաչիկ թաղից թաղ նրանց հետ գլուխ դնելով՝ ծանր կերպով վիրաւորեց Թավաճի օղլի Սապրի պէյ յայտնի սրիկային, որ 3 օր յետոյ արդէն գնաց Մահմէդի ճէննէթը: Թիւրքերը փախան և Խաչիկ բախտի բերմունքով գտաւ իր ընկերոջ: Այս երկու 17 տարեկան ապտանիների հազար ու մի վտանգներից ազատւելը, նոյնիսկ կոտորածի ժամանակ և նրանից յետոյ՝ եթէ մեծ մասամբ արդիւնք էր ժողովրդի համակրութեան, մասամբ էլ իրենց ցոյց տւած հեզութեան և քաջասրտութեան, այնպէս որ թիւրքերը սկսան առասպելական նշանակութիւն տալ նրանց անձնաւորութեան և զէնքերին. այնքան խաբեյութեամբ սարքած կոտորածը արել վերջացրել էին. մնացած այր մարդիկ բանտերն էին ձգւած: Մի ամիս անցել էր, բայց ամենախիտ թրքական թաղերում բնակող կառավարական յայտնի պաշտօնեաներն անգամ, քարերով, կոճղերով ամրացնելում էին իրենց տան դռները, «որովհետև երկու տղայքը դեռ ողջ էին»: Մի կատւի ցատկռտուք, արդէն միւս օրը զրոյցի առարկայ էր դառնում թիւրք կանանց մէջ, «թէ տղայք այս գիշեր մի տանիքից անցան». Գիշերային պահապանի աչքին թւում էր, թէ «տղայք մօլլայի հագուստով այս ինչ տունը մտան»: Խուզարկութիւնները, ոստիկանական շղթաները հաստատում էին բանդագուշանքներ միայն լինելը: Գաւառական մի քաղաքում, օր ցերեկով մեծ ճանապարհների վրայ փաշաների վրայ յարձակում գործելը և նոյնիսկ կոտորածներից յետոյ չձերբակալւիլը այնքան վիրաւորական թւաց թիւրք կառավարութեան և ամբոխին, որ Բաթումի մէջ մահմէդական բէկերը, թիւրք հիւպատոսի թելադրութեամբ՝ յատուկ դաւադրութիւն էին սարքել՝ տղայոց Ռուսաստանում գտնելու և տեղն ու տեղը սպաննելու: 97-ի յոյն-թրքական պատերազմի ժամանակ, զրոյց տարածւեց, որ «պէրպիրին» տղան (Խաչիկը) գերին բռնւած է Լարիսայում. Տրապիզօնի թիւրքերը, կարծես մի ծանր բեռից ազատւած, սկսան իրար աչքալուսանք տալ:
1897 թւից Խաչիկ և ընկերը Ռուսաստանի վրայով անցան Բուլղարիա-Պուրկազ՝ իրենց արհեստով մի կերպ ժամանակ անցկացնելու: Հայի աղտոտ եսը այս անգամ էլ հանգիստ չտւաւ նրանց, ինչ որ ինչ-եաններ զրպարտեցին, մատնեցին նրանց (ոչ թէ իբր յայտնի տէռօրիստների, այլ իբր վտանգաւոր յեղափոխականների) և այն ժամանակւայ բուլղար կառավարութիւնը արտաքսեց նրանց: Միշտ կենդանի գործ պահանջելով՝ մինչև 1899 թւի աշունը Կովկասում լռիկ մնջիկ աշխատում էն թռչունի նման մի օր կուշտ, երկու օր անօթի, բայց միշտ ոգևորւած, միշտ պարտաճանաչ և համեստ. նման չէին նրանք այն տիպի հայդուկներին կամ տէռօրիստներին, որոնք միայն կռւի մէջ են յարգանք ներշնչում, իսկ նրանից դուրս փչանում են, դառնում մեծամիտ ու պահանջկոտ:
1899 սեպտեմբերից Լավրօվի նման սրիկայ ժանդարմական օֆիցէրներ՝ «հայկական մի նոր դաւադրութիւն» բաց անելու և պաշտօնի մէջ բարձրանալու եռանդով՝ սկսան խելացնոր խուզարկութիւններ ու բանտարկութիւններ կատարել. բնտարկւածներից մի պատանի Պարոյր անունով, հիւանդացաւ ու մեռաւ: Ոստիկանութիւնը ամէն ջանք թափեց կորիւնները ձեռք բերելու, Օդեսայում, Սեվաստօպօլում և նրանց բնակած տեղում ձերբակալութիւններ արաւ, բայց նրանք կարողացան հետքերնին կորսնցնել: Խաչիկ նոր հասել էր Բուլղարիա, երբ Պետօյի-Թաթուլի խումբը պատրաստւում էր ճանապարհ ընկնել: Ձանձրացած անգործ մնալուց՝ նա ինքնաբերաբար ու սիրով միացաւ նրանց և Ադրիանուպօլսի հրաշալի կռւում իրեն պէս համեստ ու քաջ Թաթուլների, Օննիկների կողքին զոհ բերեց կեանքը նոյն Ոգուն, որը նրան հասարակ մահկանացուների միջից առաւել բարձրացրել էր դէպի վեր, դէպի անմահութիւն...