Ճաշից յետոյ, ժամը 4-ին, երկու օթոմոբիլներով Փարիզիս հասանք Սեւր: Ինձ ուղեկցում էին խորհրդականներ Ա. Էնֆիաջեանը, Բժ. Յ. Նեվրուզը եւ երկու քարտուղարներ: Սեւրի յախճապակու յայտնի գեղարւեստական գործարանի գլխաւոր դահլիճը պատրաստւած էր Խաղաղութեան Համաժողովն ընդունելու համար:
«Ժամը 4-ից անց էր, երբ գրեթէ նստած էին բոլոր պետութիւնների ներկայացուցիչները,ն երս մտաւ համաժողովի նախագահ պ. Ա. Միլերան: Բացակայում էին միայն թուրք պատւիրակները, որոնք սպասում էին վարի յարկում: Նախագահի նշանի վրայ նրանց ներս բերեցին, եւ առաջնորդող սպասաւորը մուտքի առջեւ կոչեց բարձրաձայն «Messieurs les plenipotentiaries de l’ Empire Ottoman»:
Համաժողովը ոտքի կանգնեց ի նշան ողջոյնի: Կարմիր ֆէսերը գլուխներին, երկար րետնգոտ հագած՝ ներս մտան երեք թուրք պատւիրակները, գլխի թեթեւ շարժումով ողջունեցին Համաժողովը եւ իրենց տեղերը գրաւեցին, յոյներից վեր: Գրեթէ անմիջապէս յետոյ, ոտքի ելաւ պ. Ա. Միլերան եւ ասաց.
–«Պարոննե՛ր, ես յայտարարում եմ, որ այս դաշնագիրը, որ պիտի ստորագրենք, միանգամայն համապատասխան է երկու կողմերի ընդունածին»:
Ապա հրաւիրեց թուրքերին ստորագրել: Ոտքի ելան Համդի փաշա, Ռիկա Թիւֆիկ բէյ եւ Հալիս բէյ, վճռական քայլերով մօտեցան կենտրոնի սեղանին, ուր դրւած էր դաշնագիրը եւ իրար յետեւից ջղուտ շարժումներով ստորագրեցին այն եւ գրեթէ հապճեպով գնացին իրանց տեղերը: Այնուհետեւ ստորագրեցին Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները եւ նրանցից անմիջապէս վերջը հրաւիրեցին ինձ: Այսպիսով պետութիւնների այբբենական անւանակարգի շնորհիւ Հայաստանը Armenie կրտսեր դաշնակիցների մէջ ստորագրեց առաջինը... Ես սոտարգրեցի երեք ակտ. 1) Թուրքական դաշնագիրը. 2) Մեր երկրի փոքրամասնութեանց վերաբերեալ դաշնագիրը Հայաստանի եւ մեծ պետութիւնների միջեւ եւ 3) Մի արձանագրութիւն Հեջազի եւ Իւգոսլաւիայի բացակայութեան մասին:
Օգոստոս 15-ին, դաշնագիրն ստորագրելու առթիւ, հանդիսաւոր մաղթանք կատարւեց Փարիզի եկեղեցում եւ ճաշից յետոյ, ժամը 4ին, տեղի ունեցաւ մի պաշտօնական ընդունելութիւն մեր պատւիրակութեան շինութեան մէջ: Շատ մեծ բազմութիւնհաւաքւեց տօնելու համար համազգային մեծ օրը՝ ճառեր ու բանաստեղծութիւններ արտասանւեցին, հայրենասիրական երգեր երգւեցին ի պատիւ Ազատ եւ Անկախ Միացեալ Հայաստանի:
Ա. Ահարոնեան