Հայ ժողովուրդը կորցրեց արժանաւոր մի զաւակ:
Հինգշաբթի օր, Օգոստոս 11-ին, առաւօտեան ժամը 6-ին, Զարիֆ թաղի «Դաքթըրզ» հիւանդանոցում, ամբողջ ութ օր մահւան դէմ մաքառելուց յետոյ, ընկ. Կարօ Սասունին յաւիտենապէս փակեց իր աչքերը:
Հ. Յ. Դաշնակցութեան մեծ ընտանիքը, սգում է իր վեթերան նւիրեալի մահը:
Ընկ. Կարօ Սասունիի մահով՝ հայ ժողովրդի ազատագրական պայքարի սերունդը կորցնում է իր հաւատաւոր ու վերջին ներկայացուցիչներից մէկին:
Ծնւել էր 1889-ին Սասունում, Մշոյ Սուլթան Ս. Կարապետի ուխտագնացութեան օրը: Որից իր անունը՝ Կարապետ: 1897-ին սկսել է յաճախել ծննդավայր Ահարոնք գիւղի նախակրթարանը: 1901-ին փոխադրւել է Մուշ, ուր լրացրել է Մուրատ-Մխիթարեան միջնակարդ դպրոցի վեցամեայ ընթացքը: Աշակերտել է դաւառիկ գրականութեան մշակներից Գեղամ Տէր Կարապետեանին եւ Գալուստ Անդրէասեանին:
Մուշի մէջ, 1904-ին անդամագրւել է՝ Հ. Յ. Դաշնակցութեան, որ այնուհետեւ ամբողջ 73 տարի դարձել էր իր կեանքի ամենից հարազատ միջավայրը:
1906-ին ացնել է Տիգրանակերտ, ուր մինչեւ 1908-ը վարել է ուսուցչական պաշտօն: ԸՆտրւել է շրջանի Կենտրոնական Կոմիտէի անդամ: Օսմանեան Սահմանադրութեան հռչակումից յետոյ, մեկնել է Պոլիս, ուր յաճախել է Կենտրոնական դպրոց: Աւարտելով՝ հետեւել է Պոլսի իրաւաբանական համալսարանի դասընթացքնրերին, 1909-ից 1914: Ուսանողութեան մրջանում գործօն մասնակցութիւն է բերել Հ. Յ. Դաշնակցութեան ուսանողական շարքերին: 1913-ին, մի տարի ընդմիջել է ուսումը եւ գնացել Սասուն: Վերադարձել է Պոլիս եւ 1914-ին վկայւել իրաւաբան:
Առաջին Աշխարհամարտի բռնկումից յետոյ մեկնեկ է Կովկաս, ուր իր գործօն մասնակցութիւնն է բերել արեւմտահայ գաղթականների վերաբնակեցման ու պատսպարման աշխատանքներին: 1914-ից 1914, հայութեան համար տենդայոյզ այդ շրջանում, լծւել է հանրային գործունէութեան: 1917-ին ընտրւում է Հ. Յ. Դ. Հայաստանի Բիւրոյի անդամ: Հայաստանի Հանրապետութեան ստեղծումից յետոյ, ընտրւել է հանրապետական խորհրդարանի անդամ, ապա՝ նշանակւել է Շիրակի նահանգապետ: 1921-ի Փետրուարեան ապստամբութիւնից յետոյ, մաս է կազմել Հայրենիքի Փրկութեան Կոմիտէին՝ իբրեւ ներքին նախարար:
Հայաստանի Հանրապետութեան վերջնական խորհրդայնացումով, Ապրիլ 2-ի նահանջի հետ, ինքը եւս անցել է Զանգեզուր, այնտեղից Թաւրիզ: 1922-ից 1933 գտնւում էր տեւական շարժումի մէջ՝ Պոլիս, Բուլգարիա, Ժընեւ, Ֆրանսիա, Սուրիա եւ Լիբանան: Լծւում է կուսակցական ու գաղութ. կազմակերպման տենդոտ աշխատանքի: 1923-ին ընտրւում է Հ. Յ. Դ. Պատասխանատու Մարմնի անդամ Վիեննայի խորհրդաժողովում, ու այնուհետեւ վարում է կուսակցական պատասխանատու պաշտօններ. վեց շրջան ընտրւում է Հ. Յ. Դ. Բիւրոյի անդամ, մինչեւ 1967:
1922-ից 1933 երկարող շրջանը հանդիսանում է իր ազգային – հրապարակագրական գործունէութեան ամենից եռուն շրջանը: Աշխատակցում է «Դրօշակ»ին, «Հայրենիք»ին, «Վէմ»-ին եւ օրաթերթային մամուլին: Յուշագրական եւ պատմաքննական վերլուծումներով ներկայացնում է հայ ժողովրդի պատմութեան ամենից բախտորոշ շրջաններից մէկը՝ 1914-ից 1921: Առանձին ուշադրութեան առարկայ է դարձնում հայ երիտասարդութեան ազգային-գաղափարական առողջ դաստիարակութեան հարցը: Մօտկից հետեւում է քրդական ազգային շարժումներին եւ ջատագովն է հանդիսանում հայ-քրդական բարեկամութեան ու գործակցութեան:
1933-ից յետոյ հաստատւում է Լիբանան, ուր սկսում է իր գրական-մտաւորական բեղուն գործունէութեան շրջանը, հանրային – կուսակցական ծառայութեան կողքին: Աշխատակցում է գրական հանդէսների: Համազգայինի «Ն. Փալանճեան» Ճեմարանում վարում է հայ գրականութեան դասախօսի պաշտօն: Երկար տարիներ գործում է «Համազգային»ի կենտրոնական վարչութեան մէջ: Ստանձնում է նաեւ խմբագրական պատասխանատւութիւններ: Մասնակցում է «Ազդակ Շաբաթօրեակ» գրական-մտաւորական շաբաթաթերթի խմբագրական եռանդամ մարմնին, 1944-ից սկսած: Իսկ աւելի ուշ, 1962-ից սկսած, ստանձնում է «Բագին» ամսագրի վարիչ-խմբագրի պաշտօնը՝ ամբողջ 12 տարի:
1974-ի ամառը պատահեց իր կաթւածը, որին հետեւեց մասնակի անդամալուծութիւնը, որ այնուհետեւ իրեն գամեց անկողնին: Քաղաքացիական վերջին պատերազմի տեւողութեան մնաց Զարիֆի իր բնակարանում, չբաժանւեց իր հարազատ ժողովրդից եւ նրա հետ ճաշակեց սեւ ու կարմիր օրերի ամբողջ դառնութիւնը: Իր կեանքի ընկերուհին՝ տիկ. Լօլա Սասունին կորցրել էր արդէն տարիներ առաջ: Ունի երեք զաւակներ, որոնք ապրում են Ֆրանսիայի եւ Մ. Նահանգների մէջ:
Իրենից մնում է բազմահատոր գրականութիւն, թէ՛ պատմաքննական նիւթերի եւ թէ գրական – գեղարւեստական թեմաների շուրջ: Գրական իր ստեղծագործութեանց լաւագոյն նմոյշները խմբւած են «Լեռներու խորհուրդը» (1934, Վիգէն Գլակ գրչանունով) եւ «Կեանքի յորձանուտին մէջ» (1962) անուն հատորներում: Յուշագրական իր յատկանշական գործը եղաւ «Սարերու Ասլանը» (1966): Իրեն է պատկանում խմբագրութիւնը «Պատմութիւն Տարօնի աշխարհի» ծաւալուն հատորի: Իր պատմաքաղաքական գործերի շարքում յիշատակելի են՝ «Քիւրտ ազգային շարժումները եւ հայ – քրտական յարաբերութիւնները» (1969), «Տաճկահայաստանը ռուսական տիրապետութեան տակ. 1914-1918» (1927), «Թրքահայաստանը Ա. Աշխարհամարտի ընթացքին» (1966), «Մայիսեան խռովութիւնները եւ թաթարական ապստամբ շրջանները» (1968), «Փետրւարեան ապստամբութիւնը» (1970), եւ այլն:
Չի կարելի այսքան սեղմ գծերի մէջ սպառիչ պատկերը փոխանցել հանգուցեալ մեծ ընկերոջ, որի կեանքն ու գործը յատկանշւեցին համակ նւիրումով եւ անխոնջ աշխատանքով: Ամբողջ եօթանասուն տարիների յեղափոխական մի ծառայութիւն եղաւ իր կեանքը: Հ. Յ. Դ. Ուսանողական շարժման թէ Հ. Յ. Դ. Բիւրոյի անդամ, հայ գրականութեան ուսուցիչ թէ հանրային ղեկավար գործիչ, գրագէտ թէ հմուտ հրապարակագիր, պատմաքաղաքական մտածող թէ կուսակցական տեսաբան՝ ընկ. Կարօ Սասունին տեւաբար գործեց, մտածեց ու արտայայտւեց իբրեւ հայ ժողովրդի ազատագրական շարժման անսակարկ նւիրեալը: Իր խօսքի, գրչի եւ գործի մէջ տեւաբար բաբախում էր Հայաստանը՝ իր խրոխտ վճռականութեամբ, Սասնոյ լեռների հպարտութեամբ, յեղափոխական ծառացումով:
Մասնաւորանար վերջին տասնամեակներում, երբ յառաջացեալ տարիքի բերումով ընկ. Կարօ Սասունին հետզհետէ քաշւեց պատասխանատու պարտականութիւններից, նա հաւատարմօրէն իր մասնակցութիւնը բերեց հրապարակային ամեն կարեւոր ձեռնարկի եւ կուսակցական պատասխանատու ժողովների՝ նահապետական իր շնչով Հայաստանի ազատագրութեան խորհուրդն ու Դաշնակցութեան գաղափարական պատգամը բոլորին փոխանցելու նախանձախնդրութեամբ:
Խմբագրական «ԱԶԴԱԿ»ի
Պետութիւն եւ Անկախութիւն. Դատողութիւններ Մայիս 28-ի Առթիւ |