ՅՕԴՒԱԾ 88.- Թուրքիան յայտարարում է, որ ինքը ճանաչում է Հայաստանը իբր ազատ եւ անկախ պետութիւն, ինչպէս արել են սրանից առաջ Դաշնակից պետութիւնները
ՅՕԴՒԱԾ 89.- Թուրքիան եւ Հայաստանը, ինչպէս նաև միւս պայմանագիր բարձր կողմերը համաձայնւում են Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի իրաւարարութեան յանձնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի, Բիթլիսի նահանգների Թուրքիայի եւ Հայաստանի սահմանի որոշման խնդիրը եւ ընդունել նախագահի որոշումով Հայաստանի ծով իջնելուն եւ վերոյիշեալ սահմանի յարակից բոլոր օսմանեան հողերի զինւորապէս չէզոքացման մասին պատրաստւած բոլոր տրամադրութիւնները:
ՅՕԴՒԱԾ 90.- Երբ 89-րդ յօդւածի համաձայն սահմանը որոշւելով, յիշեալ նահանգների ամբողջ հողերը կամ նրա մէկ մասը Հայաստանի փոխանցւի, Թուրքիան այժմւանից յայտարարում է թէ որոշման թւականից սկսեալ հրաժարւում է իր բոլոր իրաւունքներից փոխանցւած այդ հողամասի վրայ:
Ներկայ դաշնագրի այն տրամադրութիւնները որ գործադրելի են Թուրքիայից անջատւելիք հողերի վրայ, այժմւանից գործադրելի պիտի լինեն վերոյիշեալ հողամասի վրայ:
Հայաստանի վեհապետութեան տակ դրւած հողերի պատճառով, Թուրքիայի պարտքից իր (Հայաստանին) յանձն առնելիք մասին, ինչպսէ նաեւ օգտագործելիք իրաւունքների համեմատութիւնն ու հանգամանքը պիտի ճշտւեն ներկայ դաշնագրի 8-րդ մասի ելեւմտական տրամադրութեան 241-244 յօդւածների համաձայն:
Ի վերջոյ, ի հարկին կնքւելիք պայմանագիրները պիտի լուծեն այն բոլոր խնդիրները, որոնք ներկայ դաշնագրով չեն հարթւել եւ յիշեալ հողերի թողման հետեւանքով կարող են առաջանալ:
ՅՕԴՒԱԾ 91.- 89-րդ յօդւածի մէջ յիշւած հողերից մէկ մասը, երբ Հայաստանին յանձնւի տրւած որոշման համաձայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը տեղի վրայ գծելու համար, նոյն 89-րդ յօդուածով նախատեսւած որոշումից սկսեալ երեք ամսւայ ընթացքում պիտի կազմւի սահմանագծման մի յանձնաժողով, որի կազմութեան եղանակը յետոյ պիտի որոշւի:
ՅՕԴՒԱԾ 92.- Հայաստանի սահմանները Ադրբեջանի եւ Վրաստանի հետ պիտի որոշեն շահագրգռւած կառավարութիւնների կողմից, հաւաքական համաձայնութեամբ:
Եթէ որեւէ կերպով, շահագրգռւած պետութիւնները 89-րդ յօդւածի յիշած որոշումը տրւած պահին, չյաջողեն մի հաւաքական համաձայնութեամբ իրենց սահմանները որոշել, այն ժամանակ այդ սահմանը պիտի որոշւեի դաշնակից գլխաւոր պետութիւնների կողմից: Այս սահմանը տեղի վրայ գծելու իրաւասութիւնն եւս նրանց է պատկանում:
ՅՕԴՒԱԾ 93.- Հայաստանն ընդունում եւ համաձայնւում է գործադրել գլխաւոր դաշնակից պետութիւնների հետ կնքւելիք պայմանագրի մէջ տրւելիք տրամադրութիւնները, որ անհրաժեշտ պիտի նկատեն նոյն պետութիւնները, պաշտպանելու համար Հայաստանի մէջ ցեղային, լեզւական եւ կրօնական տեսակէտով մեծամասնութիւնից տարբեր եղող ժողովրդի շահերը:
Նոյնպէս Հայաստանը համաձայնւում է գլխաւոր դաշնակից պետութիւնների հետ կնքւելիք պայմանագրի մէջ դրւելիք այն տրամադրութիւններին երբ նրանք անհրաժեշտ կը նկատւեն փոխադրութիւնների ազատութեան եւ ուրիշ ազգերի հետ առեւտրական հաւասարութեան համար:
* * *
Համաձայն Սեւրի դաշնագրի, Թուրքիայից անջատւեցին Սիւրիան, Իրաքը, Պաղեստինը, Հիջազը, Եգիպտոսը եւ Կիպրոսը: Սեւրի դաշնագիրը դատապարտում է ցեղասպանութեան արարքը, որ կատարւեց Թուրքիայի մէջ, հայերի վերաբերմամբ: Թիւրքիան համաձայնւում է դաշնակիցներին յանձնել այն անձերին, որոնք պատասխանատու են նկատւում Օսմանեան կայսրութեան հողամասի վրայ, պատերազմի ամբողջ տեւողութեան ընթացքում գործւած ջարդերին: Այս անձերը պիտի դատւեն դաշնակիցների կողմից նշանակւած դատարանների առջեւ: Թուրքիան պիտի ճանաչի այս վերջինների իրաւասութիւնն ու հեղինակութիւնը:
Սեւրի դաշնագրի տակ ստորագրել են Բրիտանական Կայսրութիւնը, Իտալիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Բելգիան, Յունաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումանիան եւ Չեխոսլովակիան:
«Ալիք», Թեհրան
Երկուշաբթի, 12 Օգոստոսի, 1985
Թիւ 169 (13, 874)