Իմ աչքերիս առաջ կանգնած են երեք անձնաւորութիւն, նրանք այլեւս չկան – մեռած են. նոցա ստւերն է այդ, նոցա ուրւականը. կանգնած են աչքերիս առաջ եւ ինձ հանգիստ չեն տալիս – հալածում են: Աշխատում եմ մոռանալ. աշխատում եմ մի ուրիշ բանի մասին մտածել, բայց ի զուր. նոքա հետս են ու հետս, եւ հաւատացած եմ, որ միայն ես չեմ, որ այդ մեռած ստւէրների հալածանքի առարկան եմ:
Ո՞վ են դրանք, որ իրենց յաւիտենական հանգիստը թողած՝ ապրողներիս հոգեկան խաղաղութիւնն են խանգարում. ի՞նչ են ուզում, ի՜նչ...
Լարում եմ ուշադրութիւնս, կրկնապատկում եմ աչքերիս ոյժը ու գրգռւած աչքերովս տարօրինակ, անսովոր փոփոխութիւն եմ տեսնում այդ ինձ լաւ ծանօթ դէմքերի մէջ: Ահա Բաբկէն-Սիւնին – նա է. ես այդ լաւ եմ տեսնում – բայց նա ամբողջը չի, նրա մի մասն է այդ... նրա մարմնի կտորները Օտօման բանկի սրահումն են դէս ու դէն ցիրուցան եղած: Ի՞նչ է այդ, մտածում եմ ինքս ինձ – «Ազատութի՜ւն» հասնում է ականջիս մի ինչ որ աներեւոյթ ձայն եւ ես պարզ, որոշ տեսնում եմ, թէ ինչպէս Բաբկէն-Սիւնին ռումբերը ձեռքին «Ազատութի՜ւն» պոռալով, Օտօման բանկն է մտնում... ինչպէս նա այրւած, խորովւած թոֆերով իր նպատակին համարեա թէ հասած՝ սանդուխների առաջ ծունկ է չոքում եւ ապա մի վայրկեան եւս ու նրան մարմնի կտորները ռումբի պայթումից պիտի դէս ու դէն շպրտւեն... Ա՜հ... Բաբկէնը հայ ազգի անդաստանի վրայ... Այս ի՞նչ տարօրինակ սերմ է, որ նա սերմանեց հայ երիտասարդութեան, հայ ժողովրդի սրտի մէջ եւ մի՞թէ այդ սերմը ապառաժ քարի վրայ է ընկած – եւ մի՞թէ սրանից յետոյ եւս Բաբկէնները հազւագիւտ պիտի լինին, ինչպէս եզական էր Պոլսի վերաբերմամբ ինքը Բաբկէնը...
Բայց սոքա ո՞վ են, այս երկուսը: Սամաթիացիք սրանց արեւովն են երդւում, սրանց քաջութեանը զարմանում: – Երբ առիւծացած Գնունին պատուհանին էր մօտենում ու գլուխը թափահարելով ահարկու ձայնով անէծքներ թափում տաճիկ բռնակալութեան դէմ – պաշարողները սարսափահար անկիւններն էին քաշւում: Ո՛չ մի եւրոպացի չէր մտածում այդ ժամանակ առիւծներին օգնութեան գնալու... 18 ժամ անընդհատ 4-5 հոգով Սամաթիան պաշտպանեցին, ամբողջ տաճիկ բանակին դէմ կանգնեցին, հարիւրաւոր աւազակներ «խաղաղութեան» բերին ու Եւրոպան անիծելով՝ իրենց կեանքին վերջ դրին: Մեռնելու էին գնացել – մեռան, բայց թէ ի՜նչպէս. մեռան դիւցազնին վայել մահով:
Երբ ամեն ինչ սպառեցաւ եւ ոչ մի միջոց չէր մնացել կռիւը շարունակելու, մէկը... թոյն ընդունեց, միւսը՝ րէվօլվէրի վերջին գնդակը իր բերանն ուղղեց... մի փոքր թոյն ու ժանգոտած փամփուշտ – ահա թէ ի՜նչ է մնում հայ յեղափոխականին, հա՛յ ժողովուրդ...
Չեմ կարող շարունակել. Աչքերս մթնում են, հոգիս խաւարում. Բաբկէն, Գնունի, Սուրէն, Սուրէն, Գնունի, Բաբկէն... ամեն մէկը իր տարբեր մահով անընդհատ աչքիս առջեւն են: «Ազատութի՜ւն» կը պոռան սառը գերեզմանից. «գո՜րծ» կը շշնչեն նրանց փակ բերանները...
Թո՛ղ այդ նւիրական «Գործը» արձագանք գտնի մատաղ հայ սրտերում, թո՛ղ հայ հերոսների այդ երեք ներկայացուցիչների յիշատակը հայ յեղափոխականներին նորանոր անձնուրաց գործերի առաջնորդէ, թո՛ղ այդ անունները ոգեւորեն նոցա, որոնք ընդունակ են ոգեւորւելու.. Նոքա սուրբ են, նւիրական են այժմ մեզ համար...