Բանկ Օթոմանի դիւցազնավէպի յղացողը, կամզակերպող ոգին եւ առաջին զոհը եղաւ այս սքանչելի երիտասարդը՝ Բաբգէն Սիւնին, բուն անունով Պետրոս Փարեան, ծնուած եօթանասնական թուականներին Ակնի Բինկեան գիւղացի չքաւոր մի ընտանիքում: Իր ընտանիքի եւ պատանեկան կեանքի մասին տեղեկութիւն չունենք:
Յայտնի է միայն, որ մանուկ հասակից նա պանդխտել էր Պոլիս եւ նախնական ուսումը ստանալով թաղային դպրոցում, 1887ին մտնելով Կեդրոնական վարժարանը՝ յաջողութեամբ աւարտել: Կենտրոնականում ուսանելիս 6 ամիս բանտ էր նստել փախստական մի ընկերոջ պատճառով: Միջանակարգ կրթութիւնը լրացնելուց յետոյ՝ մէկ տարի ծառայել էր նաւի վրայ, ապա մտել էր ուսանելու Ազապ Գափուի նաւային վարժարանը՝ նպատակ դնելով նաւապետ դառնալ եւ այդ միջոցով ծառայել յեղափոխութեան:
Դեռ Կենտրոնականի աշակերտ՝ Բաբգէնը արդէն տարուած էր հայրենասիրական-յեղափոխական գաղափարներով: Բարձր իմացականութեամբ եւ ուժեղ կամքով օժտուած, խնդավառ ու տպաւորուող, բայց եւ գործնական մտքի տէր, յամառ աշխատող, պարզ ու ժուժկալ, ընկերական եւ անկեղծ, երիտասարդ՝ նա ամբողջ էութեամբ նուիրուեց հայրենիքի ազատութեան «սուրբ գործին»: Իր միջավայրը, մեծ մասամբ, գաւառական պանդուխտները եւ երիտասարդութիւնն էին որոնց մէջ մեծ հմայք եւ ազդեցութիւն ունէր եւ իր քաղցր բնաւորութեամբ սիրուած էր ամէնքից: Անհուն ատելութիւն էր տածում դէպի թուրք բռնապետութիւնը՝ այդ «հոտած լէշը», որի հանդէպ լեցուն էր անսահման վրէժի զգացմունքով:
1892ի վերջերը Պոլիս էր եկել Յ. Իւսուֆեանը, իբրեւ Հ. Յ. Դաշնակցութեան ներկայացուցիչ: Շատերի հետ նրա մոգական ազդեցութեան տակ ընկաւ եւ Բաբգէնը: Շուտով նա արդէն ղեկավար էր նաւային ուսանողներից կազմուած «Սիւնիք» խմբի, իսկ 1895ին՝ Պոլսի Կենտ. Կոմիտէի անդամ և Իւսուֆեանի անմիջական գործակից՝ Ա. Վռամեանի հետ: Նա այլեւս հանգիստ չունէր. աշխատում էր գիշեր ու ցերեկ. կազմակերպում էր, քարոզում, զբաղուած էր զէնքի գործով, դրամի հանգանակութեամբ վտանգաւոր ահաբեկումների ղեկավարութեամբ, Կենտր. Կոմիտէի թղթակցութիւններով արտասահմանի եւ գաւառական մարմինների հետ, կազմակերպական ներքին աշխատանքներով: Այլեւս մինչեւ մահ նա մնաց ղեկավար դիրքերում, իբրեւ Պոլսի Դաշնակցութեան ոգին ու շարժիչ ոյժը: Մինչեւ Բանկ Օթոման, Պոլսի Հ. Յ. Դաշնակցութեան մէջ ո՛չ մէկ կարեւոր գործ տեղի չէ ունեցած, որին մասնակից եղած չլինէր Բաբգէն Սիւնին:
Յ. Իսուֆեանը բարձր կարծիք ունէր Բաբգէնի մասին: «Դրօշակ»ի խմբագրութեան գրած իր 1895, Նոյեմբ. նամակում, օրինակ, նա հիացումով է խօսում նրա մասին. «Բաբգէն Սիւնի Ազատորդիի (Սարգիս Մինասեանի) ընկերն է, բայց բոլորովին հակառակ նկարագրի տէր: Համարձակ, մարտնչող, յանդուգն, կրակոտ եւ բաւական զարգացած, առողջ գաղափարների տէր, ամենալաւ գործիչ կարող է լինել մօտ ապագային: Շատ համակրելի տիպ է, բնիկ գաւառացի, ամենամաքուր երիտասարդ մը: Բայց ափսոս որ աւելի չէ կարդացած. այժմ կարդալու ժամանակ չունի, որովհետեւ ամբողջապէս կլանուած է գործունէութեամբ»:
Յ. Իւսուֆեանը հեշտութեամբ մարդկանց հաւանող մէկը չէր. ընդհակառակը, խիստ էր եւ անողոք ինչպէս իր անձի, այնպէս եւ ուրիշների հանդէպ: Եթէ վարպետը իր աշակերտին այսպիսի գովեստ էր շնորհում, նշանակում է, որ Բաբգէնը լիովին արժանի էր դրան:
Նա «ամբողջապէս կլանուած է գործունէութեամբ»: Բայց առաւելապէս նրան գրաւում էին մարտական գործերը՝ զէնք, ռումբ, ահաբեկում: Մանաւանդ՝ ահաբեկումը: Նա ոգեւորուած էր ոստիկանութեան պետ Նազըմին «ճամբելու» որոշումով: Եգիպտացիի հետ ուսումնասիրում էր «հրէշի»՝ Սուլթանի ահաբեկման ծրագիրը: Նա եղաւ գլխաւոր ընդվզողը Արփիարեանի դէմ, իբրեւ թրքական գործակալի: Մի շարք ահաբեկումներ կատարուեցին նրա անմիջական ղեկավարութեամբ: Կեանքի հետ էր խաղում եւ կեանքը այլեւս արժէք չունէր նրա համար:
Ամէն անգամ, երբ խորհուրդ կը տայի իր առողջութեանը հոգ տանիլ, գրում է նրա մասին Վռամեանը, «Է՜հ, կ'ըսէր, պ. Նախագահ, ապրածս մէկ կամ երկու տարի է, ոչ աւելի»: Ինքզինքը միշտ կը կարծէր յառաջապահ գունդին մէջ եւ իր մահը միշտ անխուսափելի կը կարծէր»:
Իբրեւ «յառաջապահ գունդի» զինուոր, 1896 թ. Գարնանից Բաբգէնը բուռն թափով նետուեց Բանկ Օթոմանի գործի մէջ: Առաւելապէս նրա ջանքերի շնորհիւ իրականացաւ այդ հերոսական ձեռնարկը: Նրա սրտակից ու գործակից Վռամեանը վկայում է, որ «առանց անոր, Պանքայի գործն ալ դժուար կը յաջողէր»:
Բաբգէն Սիւնիի անունը կապուած է Բանկ Օթոմանի դիւցազնամարտի հետ: Նա եղաւ այդ վիպական գործի կազմակերպիչ ոգին, ընդհանուր ղեկավարն ու ներշնչողը: Եւ նա եղաւ առաջին զոհը, երբ Օգոստոս 14ին ատրճանակներով եւ ռումբերով զինուած դաշնակցական մարտիկները մտան Օսմանեան Կայսրութեան կենտրոնական դրամատունը: Բաբգէն Սիւնին, իբրեւ վերջապահ, քաջալերում եւ առաջնորդում էր ընկերներին: Թշնամու մի գնդակ զգետնեց նրան եւ ձեռքի ռումբի պայթումից կտոր-կտոր եղաւ նրա մարմինը, Բանկի սանդուխների վրայ:
Թշնամին խուճապի մատնուած՝ յետ քաշուեց՝ որ հնարաւորութիւն տուեց բոլոր տղաներին ներս մտնելու:
Բանկի գործի ղեկավարներից Հրաչը տուել է վերջին պատկերը Բաբգէնի նահատակութեան. «Դիմացս կը տեսնեմ Բաբգէն Սիւնին սոսկալի վիճակի մէջ՝ զգեստները պատառոտած, այրուած, երկու ձեռքերը դաստակներէն կախուած, մսերը փրթած, դէմքը արիւնած, եւ մարմինը ընկած էր... Երեք ժամ առաջ ողջ-առողջ էր եւ տղայոց հրահանգներ կուտար. դեռ կը զգայի երկար գրկախառոնութեան անուշ տպաւորութիւնը: Դեռ քիչ առաջ էր, որ «Ազատութիւն» կը պոռար ներս մտած ատենը»...
Բաբգէն Սիւնիի եղերական մահը մեծ կորուստ եղաւ ոչ միայն Պոլսի, այլեւ ընդհանուր Դաշնակցութեան համար. նա «ամենալաւ գործիչ կարող էր լինել մօտ ապագային»...