Այն հսկայական ու արիւնոտ տրագեդիան, որ ռուս կառավարութեան կամքով և թաթար ժողովրդի շնորհիւ այժմ ալեկոծում է մեր դժբախտ երկիրը, ընդհանուր չարիք լինելուց զատ՝ նաև բազմաթիւ մանր ու մեծ աղէտաւոր անցքերի մի անհատնում շղթայ է: Ո՞վ կարող է երբևիցէ հաշւի առնել արցունքի կաթիլները, որոնք թափւում են մոռացութեան ու խաւարի մէջ, ո՞վ կարող է չափել մութ ցաւերի խորութիւնը, որով տապակւում են այնքան աւերակ ու անյայտ հոգիներ վատաբախտ երկրի մի ծայրից միւսը:
Անհատների ցաւը, ինչպէս և նրանց կրած զոհը սովորաբար մոռացւում է ամբողջութեան մէջ, մնում են միայն այն պայծառ դէմքերը, որոնք հրապուրիչ առանձնութեամբ բարձրանում են տառապանքի մրրկայոյզ ծովի մակերևոյթից վեր, փայլ են տալիս խեղդող իրականութեանը և բնորոշում են անցքերն ու ժամանակ ո՛չ միայն իրանց կեանքով, այլ և մահով:
Այդպիսի մի դէմք էր Մարգար Ժամհարեան, որին վիճակւած էր իր ծննդավայր՝ Շուշին, վերջնական աւերից ու անարգանքից ազատելու պայքարի մէջ՝ ընկնել թաթար մարդասպանների գնտակից: Այդ անունը՝ Մարգար Ժամհարեան՝ շատ քիչ էր ծանօթ հայ հասարակութեան լայն խաւերին. նա սիրելի էր միայն շատ մօտիկ ընկերների, զինակիցների, համախոհների նեղ շրջանում, ուր նա մի առանձին մուտք ու թովչութիւն ունէր: Եւ սակայն երբ յանկարծական ու կանխահաս մահը եկաւ մշուշապատելու նրա ուխտւածի հայեացքը, եկաւ և կնքելու այդ կարճատև, բայց հարուստ ու խիզախ գոյութիւնը գերագոյն պայքարի վայրկեանում. նա անցաւ թողնելով իր ետևեում՝ մի դատարկութիւն, որ էլ չեն կարող լցնել ո՛չ խորին կսկիծն ու ցաւը, ո՛չ ընդհանուր արցունքն ու ափսոսանքը:
Ուխտւածներից մէկն էր նա, որոնցով այնպէս հարուստ է մեր նորագոյն արհաւրալից կեանքը: Դեռ փոքրիկ դպրոցական, մի անգամ ուսուցիչը նրա խիզախ ու ըմբոստ բնաւորութեան համար ասաց՝ «Մարգար, դու կախաղանի վրայ կը մեռնիս». անողորմ մարգարէութիւն, որ փոխւեց ու այնպէս վաղ իրականացաւ թաթար խուժանի գնդակների տարափի տակ: Պատանեկան հասակից նա ջերմ հայրենասէրի և ուժեղ ռազմասէրի տեմպերամենտ էր ցոյց տալիս: Րէալական դպրոցը աւարտելուց յետոյ, նա, կարծես կանխատեսելով խռովայոյզ ապագան, անցաւ Պետերբուրգ և կամաւ մտաւ զինւորական ծառայութեան ու դարձաւ ենթասպայ: Այնուհետև մենք նրան տեսնում ենք Գերմանիայում, ուր երկու տարի սովորում է հասարակական գիտութիւններ. բայց հայ ժողովրդի մէկը միւսին յաջորդող դժբախտութիւնները չեն թողնում հանգիստ այդ երիտասարդի ուժեղ և յափշտակւող հոգին. նա կիսատ ձգեց ուսումը, վերադարձաւ Կովկաս:
Հայաստանն ու տառապող հայութիւնը մօտիկից տեսնելու տենչը այնքան մեծ էր նրանում, որ արդէն այդ ժամանակից նա Թիւրքիա անցնող հայ կամաւորներին միանալու լուրջ մտահոգութեամբ է բռնւած: Սակայն միևնոյն ժամանակ Կովկասում շնորհիւ Գօլիցինի հայակեր քաղաքականութեան, շշմեցնող արագութեամբ հարւածները թափւում են ռուսահայ ժողովրդի գլխին, արիւնագամ անելով այնքան սրտեր, զայրոյթով ու թոյնով լցնում այնքան հոգիներ:
Սկսւում է ժողովրդական շարժումը և ըմբոստների առաջին շարքումն է Մարգարը այդ անհաւասար կռւի մէջ, որ մի բուռն հայութիւնը ստիպւած էր մղել ռուս ոճրագործ ադմինիստրացիայի հրէշաւոր կամայականութիւնների դէմ: Եւ վերջին 2, 3 փոթորկոտ տարիներում շատ քիչ կան վտանգաւոր յեղափոխական ձեռնարկներ, սկսած խոշոր տերրօրներից մինչև իւրայիններին պատժելու խիզախութիւնը, որոնց այսպէս թէ այնպէս մասնակցած չը լինի այդ հազւագիւտ երիտասարդը: Նա մարմնացած խանդ է, գաղտնի ժողովների ոգին ու կենդանութիւնը. ծայրայեղ համարձակութիւնը վտանգի առաջ մղումն էր տալիս ամենազգոյշներին անգամ, իսկ իր գործնական խելքը, միացած բացարձակ գաղտնապահութեան իր համեստութեան և պարզութեան հետ, նրան դարձնում էին յեղափոխութեան լաւագոյն, անփոխարինելի գործիչներից մէկը: Նա սիրելի էր ամենքին ո՛չ միայն իբրև աչքի ընկնող յեղափոխական ուժ, այլ և իր հազւագիւտ քնքոյշ բնաւորութեան համար: Չարիքի հանդէպ ամենաանողորմ ծրագիրներ կազմող Մարգարը երեխայի զգայնութիւն ունէր: Արդարև, քիչ անգամ արտաքին ձևերի մի փոքր կոշտ պարզութեան, լեզւի խստութեան տակ ծածկւած է լինում միայն նուրբ ու զգայուն հոգի:
Եւ երբ հայ ժողովրդի գոյութեան սպառնացող վտանգը դիմագրաւելու համար կազմւում է ինքնապաշտպանութեան Ռազմիկ Կօմիտէն՝ Մարգարը նրա ամենագործունեայ, ամենաըմբոստ անդամն է: Նրա կեանքի այդ շրջանը մի կատարեալ փոթորիկ է, նա դադար ու հանգիստ չ'ունի, նրա բնակարանը բոլոր պայքարողների, բոլոր ազատասէր ոգիների ժամադրավայրն է. իր յանձն առած դերին կապւած վտանգները նրան և ո՛չ մի վայրկեան չեն ընկճում, ժպիտն ու կատակները շրթունքին, հեգնութեամբ թուլութեան առաջ միշտ պատրաստ, նա շարունակում է իր ընկերներին մղել դէպի ամենավտանգաւոր ձեռնարկներ, մինչև կը յաղթանակի արդարութիւնը, մինչև կը խորտակւի բռնութիւնը, որ աւաղ, նրան վիճակւած չէր տեսնել:
Սկսւեցին Կովկասի թաթարական բարբարոսութիւնները: Ռուս կառավարութիւնը մի դժոխային ծրագրով ամբողջ թուրքութեան հետ կանգնեց հայութեան դէմ: Մարգարը չը կար, նա Բագւի փետրւարեան անցքերից առաջ արդէն ճանապարհւել էր Թիւրքիա: Այնտեղի հայութիւնը տեսնելու նրա հին երազը մի բախտաւոր դիպւածով իրականացել էր: Նա այցելեց Կարին, Մուշ, Բիթլիս և պատրաստւում էր Սասուն անցնել, երբ թիւրք կառավարութիւնը փակեց ճանապարհը: Մարգարը նորից Կովկասումն է, ուր արիւնը հոսում է և աւերածն ու մահն է իշխում: Երևանի, Նախիջևանի դէպքերից յետոյ հերթը Շուշիինն էր, ուր թուրք և ռուս ագենտները ծրագրում էին հայերի ջարդը: Մարգարը յայտնւեց Շուշում. պէտք էր կազմակերպել հայրենի քաղաքի ինքնապաշտպանութեան գործը. թաթար խուժանը կամաց-կամաց դառնում էր յանդուգն և անամօթ: Փոթորիկը մօտ էր և նա պայթեց օգոստոսի 17-ին: Կովկասեան և ո՛չ մի քաղաքում հայ թուրքական ընդհարումը այնքան կատաղի և այնքան արիւնահեղ եղաւ, որքան Շուշում. Մարգարն իր խմբով երկու օր շարունակ հրաշքներ գործեց և ի վերջոյ զոհ գնաց իր վաղեմի համարձակութեանը, երբ քշելով թիւրքերին, խիստ առաջացաւ նրանց թաղերը, և ընկաւ, հերոսի մահով, գնդակը ճակատից ընդունելով:
Ընդամենը քսանութ
տարեկան էր նա և... էլ չը կայ:
Արտասւելի հակասութիւնը կեանքի... Մի դժբախտ թաթար, նախնական ու արիւնարբու բնազդներով հարուստ մի խաւար գլուխ ամբոխային խենթ կատաղութեան վայրկենում խլում է մի գոյութիւն, որ ամբողջապէս յոյս է ու էներգիա, հաւատ ու արիութիւն, իդէալ ու յարատև ճիգ մեծ գաղափարների համար, որոնք հաւասարապէս թանկ պիտի լինէին ե՛ւ հային ե՛ւ թուրքին: Այսպիսով թաթարական համայնատարած եղեռնի մէջ այդ մահը ինքնին մենակ մի մեծ եղեռն է, ինչպէս և ցաւագինօրէն յուզիչ մի պատկեր հայի և իր բարբարոս ու արիւնարբու հարևանների մէջ յեղյեղւող հրէշաւոր պայքարի:
Մեր կրած զոհերի մեծութիւնը թող աւելի բուռն, աւելի ուժգին դարձնէ մեր մղելի պայքարը: Ի՞նչ անենք. պատմական ճակատագրի հայ ժողովրդին շպրտած մարտահրաւէրն է, որից խուսափել անկարող ենք: Հին վիհն է այն, ուր թաղւել են այնքան գեղեցիկ գոյութիւններ և նրանց յետևից նա, Մարգար Ժամհարեան: Յաւիտենական յարգանք քեզ, ըմբոստ և ազնիւ հոգի, տառապող ժողովրդի դու արիասիրտ ու ազնիւ զաւակ: