20 August, 2021

Կախաղանից Առաջ. Արամ Արամեանի Նամակը

Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին
Ահա այն նամակը, որ Արամ Արամեանը, իր ձերբակալումից քիչ յետոյ, գրել է բանտից սահմանագլխի մեր կօմիտէներից մէկին: Տպագրում ենք առանց փոփոխման, բաց թողնելով մի քանի անուններ միայն:

Կարինի բանտը, 30 յուլիս 1896

Ձեռբակալւելու օրիցս ճիշդ մի ամիս յետոյ, յուլիս 2-ին ես վերջապէս մի կերպ ձեռք քցեցի մատիտի մի կտոր, և ահա շտապում եմ գրել ձեզ: Շտապում եմ ասի՝ որովհետև կարող է պատահել, որ այս ժամը, կամ րոպէն ինձ համար վերջինը լինի... Բայց սաստիկ պաշարւած է միտքս, հազար ու մի հոգսեր, ընկերների մաշող կարօտը, անցեալ, քաղցր յիշատակները, ևայլն, խառնիխուռն տակնուվրայ են անում յիշողութիւններս:

Գանկումս կատարեալ փոթորիկ է տիրում... Երևակայեցէք մի րոպէ թրքական բանտ, հաղորդակցութիւնից զուրկ վիճակ, բացարձակ առանձնութիւն և այնուհետև ձեզ հասկանալի կը լինի հոգեկան այն դրութիւնը, որի մէջ գտնւում եմ ներկայումս: Այնուամենայնիւ ներքին մի սփոփանք, մի քաղցր մխիթարութիւն, իբրև պահապան հրեշտակ, շարունակ անբաժան է ինձանից: Իմ վիճակի ծանրութիւնը ինձ չի ընկճում, միայն նրա համար, որ ես գիտակցաբար ընտրել էի հասարակական գործունէութեան այնպիսի ասպարէզ, որտեղ իւրաքանչիւր րոպէն սպասում էր ինձ բանտ կամ կախաղան և կամ «մահառիթ սպանիչ գնդակը»: Ես ցաւում եմ, սրտանց ցաւում, որ բախտը շուտ զրկեց ինձ փշոտ ճանապարհներից, որոնց մէջ բոբիկ ոտներով ման գալ սիրելի էր ինձ, որոնց մէջ դեռ երկար, մինչև վերջին շունչս կամենում էի տանջւել, քանի չարչարւող հայ ժողովրդի համար չի ծագել նոր կեանքի նոր առաւօտ: Մուրազս մնաց անկատար: Երկինքը զրկեց ինձ հրացանը ձեռիս կռւի դաշտում ընկնելու բախտաւորութիւնից: Յիշո՞ւմ էք, թանկագին Աբրօյի վախճանի մասին ձեզ գրելիս, ընկերներիս և ինձ համար ինչ էի ցանկանում...

Պատմելուց առաջ՝ թէ ի՞նչ պատահեց ինձ, ասեմ՝ թէ որտեղ եմ գտնւում:

Խեղճ գիւղացու քրքւած տարազով նստած եմ Կարինի կեդրոնական բանտի ստորայարկ փոքրիկ խցիկներից մինի մէջ, որ կոչւում է Փօլիս: Այսպիսի տեղ դնում են այն մարդկանց, որոնց հարկաւոր է տանջել խոստովանեցնելու համար: Ուղիղ քսան օր է որ այստեղ եմ: Դրանից առաջ 10 օրի չափ վզիս մի երկար շղթայ անցկացրած՝ շան պէս կապել էին, նստացնելով մի ուրիշ տեղ, թաց գետնի վրայ: Խցիկը, որի մէջ եմ, ոչ մի տեղից լոյս չի ընդունում. միայն դռան վրայ կայ մի փոքրիկ ծակ, որ բացւած է մի մութ միջանցքի մէջ, խցի երկարութիւնը 1½ մետր է, լայնութիւնը 1, բարձրութիւնը 1½. խոնաւութիւնից օդը չափազանց ճնշող է, խոտի մի փոքրիկ կտոր, ջրի մի աման, մի հատ թիթեղէ ճրագաման – ահա՛ այն բոլորը, որոնցից կազմւած է խցիկիս կահ-կարասիքը: Իբրև մի առանձին շնորհ՝ թոյլ են տւել գիշեր ու ցերեկ վառ պահել ճրագը, որի արձակած ծուխը աւելի հեղձուցիչ է դարձնում օդը: Դուռը միշտ փակ է: Բնական կարիքների համար 1-2 րոպէով դուրս են տանում 24 ժամում երկու անգամ, առանց թողնելու, որ մէկի երեսը տեսնես: Հայհոյանքի չափ չկայ: Այժմ զգում եմ՝ թէ բանտարկւողների համար ինչ մեծ բարիք կարող է համարւել մարդասէր, քաղցրաբարոյ և քիչ թէ շատ կրթւած մէկի բանտապահ նշանակւելը: Ինչե՜ր ասէք, որ չեն թափում խեղճ բանտարկեալների գլխին, մանաւանդ քաղաքական յանցանքով նստածների գլխին:

Ինչ որ է՝ այս վիճակում դարձեալ մի մխիթարութիւն ունեմ. կողքիս դրացին  Ա...ցի Գ.... է: Լաւ է. գաղտնի խօսակցում ենք և մխիթարում միմիեանց: Դրսի հայ բանտարկեալների հետ էլ սկսել ենք գաղտնի հաղորդակցութիւն, այնպէս որ հնար ունենք օրական 1-2 անգամ տոմսակներ փոխանակելու: Ի՞նչ էք ասում, բարեբախտութիւն չէ՞: Ամիսը լրանում է և դեռ այստեղ ենք. թէ երբ դուրս կը հանեն բանտարկեալների մէջ, այդ միայն ալլահը գիտէ, այն ալլահը, որի շլնքին փաթաթել ամէն բարի և չար սիրումեն հաւատացեալ մարդիկ: Իմ նախորդ նամակներից ձեզ յայտնի է, որ տեղի ունեցած իրազեկ մատնութիւնների շնորհիւ Խան-Աբազում սկսւել էին խիստ խուզարկութիւններ. լաւ ապագայ չէին գուշակում, և հէնց դրա համար էլ գրել էի վերջին նամակը’’ խօսքերը: Դեժբախտաբար այդպէս էլ եղաւ: Իսկ առաջ քան ձերբակալւելս, Կարինում բռնւում է իմ մի նամակը, և նամակատարս ճշդիւ յայտնում է, թէ ո՞րտեղից և ո՞ւմից է վերցրել նամակը և թէ որի՞ն պիտի տայ: Այս յայտնութեան վրայ կառավարութիւնը իսկոյն ձերբակալում է նամակի հասցէով Ա...ցի Գ....-ին և հեռագրով հրաման է ուղարկւոմ Հասան-Գալէի գայմագամին անմիջապէս գնալ և խուզարկել Քէօփրի-քէօյի ասւած գիւղը...

. . . . . . . . . . . . . . . . . .

Դժբախտութիւնը նրանումն է եղել, որ տանողը ուղարկողի և ստացողի անունները յայտնել է ճշդիւ իհարկէ իր անձը ազատելու համար:

Յուլիսի 2-ին, երեքշաբթի օրը, բոլորովին հանգիստ նստած տանը, Քէօփրի-քէօյում, մենք ձեր հասցէին նամակներ էինք գրում: Առաւօտից ի վեր թէև Ալայ-բէկը «ղըրսերտար»ների խմբով, թւով 4050 ձիաւոր, եկել էին գիւղ, բայց գիւղացիք վստահեցնում էին, որ դրանք ոչ մի առանձին նպատակով չեն եկած և շւոտով կը գնան. ես էլ «արխէին» շտապում էի վերջացնել նամակներց: Յանկարծ մտնում է գիւղ գայմագամը 8-10 ձիաւորներով՝ առաջիները արդէն շրջապատում են գիւղը: Ինձ լուր տւին այն ժամանակ, երբ թէ կտուրները, թէ գիւղի բոլորտիքը և թէ փողոցները պահապան զօրքերով բռնւած էին: Ես, իհարկէ, ընդհատեցի գրութիւնս, նամակների ծրարը պահեցի և ինքսկ ամեցայ դուր գալ փողոց, գոնէ այնտեղ բռնւելու համար:

Տան տէրերը և կանայք լալով աղաչում էին, որ դուրս չգամ. ասում էին՝ տները չեն խուզարկելու, հանդերը պիտի խուզարկւեն. այս ևայլն առարկութիւնները ինձ արգելեցին ուղղակի. ես պահւեցայ տանը մի անկիւնում. մօտիս փոքրիկ ատրճանակը 5 փամփուշտներով յանձնած լինելով, բոլորվին անզէն էի. Ասենք զէնք լինէր էլ՝ տան մէջ արձակելը կարող էր շատ աղետաբեր լինել տանեցիների համար: Ոչ ոք տեղեկութիւն չունէր թէ նամակը բռնւած է և թէ նամակների ցուցմունքով ամէնից առաջ այդ տունը պիտի խուզարկւի: Յանկարծ ներս թափւեցին մի 15-20 հոգի զինեալ արջեր և սկսեցին հայհոյելով խուզարկել տունը: Այլևս հասկանալի է. ինձ հանեցին դուրս և թևերս կապած տարան գայմագամի ներկայութեան: Որքան զզւելի, նոյնքան ծիծաղելի էր այդ անասունների ունեցած քէֆը: Ինձ հետ ձերբակալեցին տանուտէրին և մի ուրիշ երիտասարդի՝ տարբեր պատճառով: Այս էլ ասեմ, որ մի շաբաթ դրանից առաջ, նոյն գիւղում, արտի ջրի վրայ կռւում են երկու հոգի և մինը գնում է Հասան-Գալէ և հակառակորդին պատժելու համար աջուձախ մատնութիւններ է անում: Հէնց այսխիստ խուզարկութիւնները սրա  և ուրիշ մատնութիւնների հետևանք էր: Էն է ինձանից բաւականացած խուզարկութիւնը դադարեցրին և պէտք է ճանապարհ հանէին ինձ, մէկ էլ տեսնեմ մի ուրիշ հայ էլ բերին:

. . . . . . . . . . . . . . . . . .

Եղանք չորս հոգի. մեզ կապեցին իրար և խառնեցին առաջ: Ինձ մօտ եղած 38 ոսկի գումարը քամարիս մէջ առանձնապէս պահել էի թագ կացած տեղումս: Չգիտեմ գտա՞ն զինւորները և վերցրին թէ ոչ. դեռ գիւղից դուրս չեկած Ֆ...-ին մի կերպ լուր ուղարկեցի այդ մասին. գուցէ յաջողի նրան տիրանալ այդ գումարին: Չորրորդ ձերբակալւածի մօտ էլ 4 ½ ոսկի կայ եղել քսակում. բռնող ոստիկանը, ընդունւած սովորութեան համաձայն, իւրացրել էր, ինչ որ գայմագամի ներկայութեանը ուրացաւ: Ի՜նչ արած:

Յուզիչ էր Քէօփրի-քէօյից դուրս գալը. անկասկած մեր վերջին հայեաքը գիւղի վրայ՝ թափանցում էր գիւղացիների սիրտը և յուզում նրանց զգացումները: Եղան թերևս մարդիկ, որոնց մտքից անցկացաւ ուժով մեզ ազատել, բայց այն փաստը, որ դրանով ամբողջ գիւղը սրի և կրակի ճարակ կը դառնար, նրանց ակամայ ետ էր կանգնեցնում: Մեր խմբի տղերքն էլ վաղ առաւօտից անզէն ցրւած գիւղացիների հետ հանդերը, բոլորովին անտեղեակ էին եղած անցուդարձից:

Վերջապէս այդ օրը երեկոյեան ժամը 6-ին մեզ հասցրին Հասան-Գալէի բանտը: Սաստիկ յոգնած էինք մտրակի և «ղոնտաղի» հարւածների հետքերը կապոյտ ակոսներով երևում էին իմ և միւսների մարմինների վրայ:

...Առաջին հարց ու փորձին ես ասացի, որ պարսկաստանցի եմ, Թաւրիզ քաղաքից, անունս՝ Աշոտ Պետրոսեան:

Առաջին գիշեր Հասան-Գալէի բանտում անցկացնելուց յետոյ՝ հետևեալ օրը 25 հեծեալ զինւորներով մեզ ճանապարհ հանեցին Կարին, հետիոտն, կէս օրւայ սաստիկ տաքին: Մարդավայել վարմունք մի՞թէ կարելի է սպասել դրանցից: Ձիաների արագ քայլերի հետ ամբողջ ժամանակ մեզ չարչարելուց յետոյ, վերջապէս երեկոյեան ժամը 6-ին 25 ձիաւորով հանդիսաւորապէս մուտք գործել տւին քաղաք: Պէտք էր տեսնել՝ թէ ինչ ցնծութիւն և գազանային հրճւանք նշմարելի էր այդ ողորմելիների երեսին, կարծես Կարսի ամրութիւնները գրաւած՝ յաղթական փառքով յետ էին դառնում:

Փողոցները լի էին միմիայն թիւրք հանդիսատեսներով:

Մեզ առաջինը ներկայացրին նահանգապետին, որի մօտ իմիջի այլոց նկատեցի և մեր տխրայիշատակ Ազրայէլին*: Պինդ բանտի ճռնչող դռները բացւեցին մեր առաջ և այնուհետև այլևս իրար երես չենք տեսել: Այս բոլորը մի կողմ, ես սաստիկ ջարդւած էի, ոտներս ուռել և կաշի էին թողել տրեխներիս վատութեան պատճառով: Ոտներից բթամատների եղունկները պոկ եկած. մնացածներն էլ մինչև օրս ցաւում են: Ամառւայ բարակ շորերի մէջ, բոլորովին քրտնած, ես այդ գիշերը քնել անգամ չկարողացայ: Բանտապահս, մի կատարեալ ցածիանոս հրէշ, շղթան պարանոցս անցնելիս՝ էլ հայհոյանք չմնաց որ չթափեց գլխիս մի քանի ուժգին ապրակների հետ: Ի՜նչ արած, ես միայն իմ բախտն էի անիծում... Հետևեալ գիշեր արդէն տարան ինձ ոստիկանապետի մօտ հարցաքննութեան: Այնտեղ էլ Ազրայէլը – այդ օձ արարածը – այնտեղ էին և Կարինի յայտնի ոստիկանները: Պատասխանելով հարցերին՝ ես ասացի որ անունս Աշոտ Պետրոսեան է, թաւրիզեցի եմ, գնում եմ, ս. Կարապետ ուխտի, հազիւ մի օրւայ եկած եմ եղել Քէօփրի-քէօյի, որ պատահմամբ եմ գտնւել տան մէջ, որ անցագիրս կորցրած լինելու պատճառով «ղաչաղ» անցել եմ սահմանը Քէօփրի-քէօյի վրայից, որ գրել կարդալ չգիտեմ և այլն և այլն: Շատ կանոնաւոր: Եթէ Ազրայէլը չլինէր, նրանք ինձ չէին ճանաչի. երևակայեցէք ամէնից շատ ինձ տեսնող ոստիկան Ալին ինձ ընդունեց Ղարա-Մելիքի հետ եկած չահէլ ռուսաստանցիներից մինի տեղ: Յանկարծ Ազրայիլ ասւած թզուկը ինչ որ փսփսաց քօմիսէրի ականջին և ահա փոխւեց տեսարանը:

–Դու Արամ Արամեանը չե՞ս, հարց տւին:

Ես ուրացայ:

Այնուհետև արդէն դիմեցին զօրեղ միջոցի: Երեք անգամւայ ընդհատումներով մտրակի մօտ 50-60 հարւած տեղացին կռնաիկ վրայ և ս վերջապէս նկատելով, որ ուրանալը բոլորովին զուր պիտի լինի, ինձ ճանաչողները բազմաթիւ, կարող են հաստատելու համար մինչև անգամ քաղաքի մէջ էլ ման ածել, Ազրայէլի՝ «Դու Արամը չե՞ս, ինձ չես ճանաչում» թափած խօսքերից մանաւանդ ընկճւած, խոստովանեցի Արամը լինելս. և այնուհետև սկսւեց բուն հարցաքննութիւնը: Ես համարեա ուշաթափ ընկայ մի աթոռի վրայ և թէև խնդրեցի, որ քննութիւնը յաջորդ օրւան թողնեն, լսող չեղաւ: Ինձ համար վերին աստիճանի ծանր և ճնշող էր այն հանգամանքը որ ես դատւում էի իմ երէկւայ ընկերոջ առաջ. Երէկւայ յեղափոխական Ազրայէլը, ոստիկան քօմիսէրի փայլուն համազգեստի մէջ, դաւաճանելով ամէնահասարակ պարտականութիւններին, ամէն միջոց գործ էր դնում բանալու մեր բոլոր գաղտնիքները: Իբրև գործին ծանօթ անձնաւորութիւն, նրա տւած հարցերը քիչ էր մնում ինձ դնէին անել դրութեան մէջ: Ո՞րտեղ եմ եղել մինչև բռնւած օրս, և որո՞նց ճանաչել եմ Կովկասում, որո՞նց Բասենում, որո՞նց Կարինում. ո՞վքեր են ընկերներս. Կարէկցեանին ինչի՞ եմ սպանել և այլն: – Ահա հարցեր, որոնց շուրջը դառնում էին մնացեալները և որոնց համար երկու անգամ նորից մտրակի հարւածներ տեղացին ինձ վրայ: Մի քանի գիշեր տեղի ունեցող հարցաքննութիւնների ժամանակ ես յայտնեցի որ ես Արամն եմ, Կերեկցեանի սպանողը՝ անձնական պատճառներով. որ նամակը իմս է. որ Թաթուլ իմ կեղծ անունն է. որ Կովկասում ոչ ոքի չեմ ճանաչում, բացի փախստական կարնեցի Փնջոյեան եղբայրներից. որ ես յեղափոխական եմ, անդամ Հ. Յ. Դաշնակցութեան. որ այդ կազմակերպութեան կեդրօնը Վիեննա է, օրգանը «Դրօշակ», որի նպատակն է... (ճիշդ ինչպէս ծրագրում կայ). որ ես այդ կազմակերպութեան անունից գալիս էի յեղափոխական գործերի համար. որ Դաշնակցութեան ծանօթացել եմ Վիեննայից եկած Յովակիմեան Մուրատ անուն մէկի միջոցաւ. որ ուրիշ ընկերներ չունեմ հետս. որ առաջին անգամ լինելով՝ ոտք եմ դրել այս հողը և հէնց երկրորդ օրում ձերբակալւել, որ Կարինում և շրջակայքում ոչ ոքի չեմ ճանաչում. որ ինձ այս ափը անցկացողներն եղել են մի յոյն և երկու հայ վալադներ (մի ոևէ անուն). որ դրանց երեք ոսկի վարձ եմ տւել և այլն: Առհասարակ այնպիսի հարցեր, որոնցից խոյս եմ տւել, «չգիտեմ», «չեմ ճանաչում» ասելով շարունակ: Նամակը կարող էի ուրանալ, բայց մտածեցի, որ դա առիթ կը լինէր նոր ձերբակալուիթւնների և մերկացումների, աւելի լաւ համարեցի ուղղակի իձն վրայ վերցնել շատ բան:

Գործը այժմ փոխադրւած է ոստիկանութիւնից նախնական դատարան. երկու անգամ էլ այդտեղ հարցաքննեցին ինձ և դեռ չի վերջացել:

Այստեղ արդէն աւելի համարձակ և կանոնաւոր դրի յեղափոխութեան նպատակի, միջոցների և պատճառների վերաբերեալ խնդիրները: Մեղադրում են ինձ, որ իբր թէ 150 հոգով անցել եմ այս կողմը, որ Շաքիր փաշային սպանելու համար Խնուս եմ գնացել և այլն: Ես իհարկէ բոլորովին հերքեցի: Հարցեր տւին նաև ինչ որ վանեցի Ատոմի, կարնեցի Արշակի, Սէրտարի, մշեցի Մելքոնի, Ասատուր Յովոյի և այլոց մասին: Ես ասացի որ ոչ մէկին չեմ ճանաչում:

Ինչպէս երևում է Խնուսից էլ մատնութիւններ եղել են մեր մասին:

. . . . . . . . . . . . . . . . . .

Հաւանաբար 2-3 ամսից կըտան մեր վճիռը: Ենթադրում եմ, որ ես կախաղանի կամ 101 տարւայ բանտարգելութեան կ'ենթարկւեմ: Ոչինչ: Կամք Յեղափոխութեան օրհնեալ լինի... Առայժմ շտապեցէք փող հասցնել մեզ, որովհետև ապրուստի և անմիջական կարիքների համար փող չունենք. հաւանական է, որ քիչ փողով անմեղները ազատւեն, ինձ էլ, ջահնամ ու գեօռ, ինչ ուզում են թող անեն: Կերեկցեանի գործը դատարանում փոխեցի, որպէսզի քաղաքական յանցանք դառնայ բոլորովին: Ասացի, որ այդ տէռօրը կատարել է ռուսաստանցի Տիգրան Օքոյեանը և ես յանուն բարեկամութեան և ուրիշ պատճառներով (այնտեղ մանրամասն է ասւած) ինձ վրայ առնելով փախել եմ...

Առհասարակ իմ քննութիւնների մէջ ես բռնել եմ այսպիսի մեթօդ – կամ բոլորովին ուրանալ և կամ անխուսափելի հարկի առջև տալ գոյութիւն չունեցող կամ մեռած մարդկանց անուններ: Լուր են տալիս ինձ, որ զանազան տեղերից, ինչպէս նաև Վանից նամակներ են հասել. կարգադրեցի որ շուտով հասցնեն ձեր ձեռքը. իսէր Աստուծոյ, շտապեէք Հանդակերտի և Խան-Արազի ահամր մարդիկ ուղարկել. Գործեր շատ կան անելիք: Մեր իշտը, տառապանքը կը կրկնապատկւի, եթէ մեզնից յետոյ ոչ ոք լինի մեր տեղը բռնող: Համարձակներից Մ.... ազատ է, նա կը շարունակէ պահպանել յարաբերութիւն մինչև յարմար մինը ուաղրկելներդ: Անտարակոյս գործեցի և տիրող դրութեան վերաբերմամբ մեզ էլ չէք զրկի տեղեկութիւններից: Բանտային կեաքում թանկ արժեն դրանք:

Յուսալից ենք, որ շուտով պայթող շարժումներ կըգան բանտի խորքերում դղրդացնել և մեր սիրտը: Ա՜խ, որքան անբախտ ենք. մի՞թէ անգութ երկինքը այսպիսի կրիտիկական, այպիսի ծանր րոպէում, մեզ պիտի քցէր թշնամու ճանկը:

Այսպէս ուրեմն, թանկագին ընկերներ և ընկերուհիներ, երևի մեզ վիճակւած կը լինի շուտով մեր գաղափարների համար կախաղանի վրայ տալ մեր վերջին ունեցածը կամ մօայլ բանտում տանջւել երկար. Կը լինի՞ առիթ նորից գրելու – այդ չգիտեմ... Մնա՜ք բարով, աւել պակաս հալալ արէք: Կտակում  ենք ձեզ մեր վրէժը և այն գործը, որի համար մենք պատրաստ ենք կռւել մինչև վերջը: Վստահ եղէ՛ք, ձեր ընկերները ունեն բարոյական արիութիւն համարձակ քայլերով դիմելու դէպի կախաղան՝ որը անկասկած վաղ թէ ուշ մեր հետևորդներին կը բարձրացնի դէպի ցանկալի վերածննութիւն...

Այնագ կարօտով համբուրում եմ բոլորիդ և ցանկանում յաջողութիւն ձեր գործին, ուժ ձեր բազուկներին: Եթէ մի օր երկինք բաց աչքերով նւիրի մեզ բախտաւորութիւն՝ տեսնելու մեր գաղափարների յաղթանակը, կարմիր օրերում, զւարթ արշալոյսին՝ մեզ էլ յիշեցէք... Մահկանացուների մէջ մեզ կը համարենք ամէնաերջանիկը:

*Դաւաճան Տիգրան Գէորգեան խնուսցի, այժմ ոստիկան:

Թաթուլ
«Դրօշակ» - Հոկտեմբեր 1899
Թիւ 9 (100)