(Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան թանգարան-հիմնադրամին) |
Արեւելեան եւ Հայաստանի Բիւրօների կողմից Հ.Յ. Դաշնակցութեան 9-րդ ընդհանուր ժողովի հանդիսաւոր նիստը բաց է անում ընկ. Աղբալեանը հետեւեալ ճառով.-
Ընկերներ,
Հինգ տարի է անցել 8-րդ ընդհանուր ժողովից, եւ այդ հինգ տարւայ ընթացքում հայ ժողովրդի եւ դաշնակցութեան կեանքի մէջ կատարւել են մեծամեծ դէպքեր, որոնց հաշիւն այս ընդհանուր ժողովին պիտի տրւի այստեղ. պիտի տրւի հաշիւ այն դերի մասին, որ խաղաց մեր կազմակերպութիւնը այդ հինգ տարւայ ընթացքում, հայ ժողովրդի ճակատագրի տնօրինութեան մէջ. պիտի ճշտւեն ու գնահատւեն կատարւած գործերը եւ ապագայի նոր գործունէութեան համար գծւեն նոր ուղիները:
Հեռու վայրերից իրար անծանօթ, բայց միմիանց վաղուց հարազատ այս ընկերները թէեւ ապրելով տարբեր վայրերում, բայց տոգորւած են եղել նոյն ձգտումներով, գործել ու աշխատել են նոյն նպատակների համար, առաջնորդող գաղափարները եղել են միեւնոյնը: Սրանց տեսնելիս ակամայ միտքս են գալիս հրէայ բանաստեղծի խոսքերը «անցանք մենք ընդ հուր եւ ընդ ջուր», բայց չեմ կարող շարունակել եւ ասել, «եւ հասնել զմեզ ի հանգիստ», որովհետեւ թէեւ հինգ փոթորկոտ տարիներ են անցել մեր գլխով, բայց չի կարելի ասել, որ դաշնակցութեան մղած պայքարն արդէն վերջացած է. ընդհակառակը պայքարը դեռ շարունակւում է եւ թւում է թէ թշնամին դեռ իր կռիւը շարունակում է. իրերի դրութիւնը դիտելով մեր թշնամին աւելի յամառ դեռ մեծ թափով տրամադիր է շարունակելու:
Մենք մեր վերջացած գործի հաշիւը չէ, որ պիտի ներկայացնենք այստեղ, այլ մեր տեւական ու կատաղի պայքարի համար է, որ պիտ' պատրաստւենք: Մեր ներկան համեմատած անցեալի հետ չի կարելի համարել անմխիթար եւ մեր ուժերը պակաս զօրաւոր չեն, քան առաջ:
Հինգ տարի առաջ դաշնակցութիւնն ու հայ ժողովուրդը չունէին իրենց ձեռքում ոչինչ քաղաքական կամ իրաւական մի բան. կային քաղաքական տենչեր ու ապրումներ, որոնց համար զոհաբերւում էին շատ թանկագին կեանքեր, բայց ոչ մի իրական բան չկար նրանց ձեռքում:
Սակայն այսօր կայ մի քաղաքական կազմակերպութիւն՝ Հայաստանի Հանրապետութիւն:
Ճիշտ է, փոքր են դեռ եւս մեր երկրի սահմանները, համեմատած այն պահանջների հետ, որ ունի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, բայց եւ վստահ ենք, որ այս իրերի այսօրեայ կազմակերպութիւնը, այս մեր հանրապետութեան ստեղծելն ու տեւականութիւնն ինքնին գրաւական են, որ մենք պիտի հասնենք մեր տենչանքներին:
Այսօր մենք ունենք մի յենարան, մի քաղաքական կերպարանք, թէեւ քաղաքական կացութեամբ հայ ժողովուրդը մի անկերպարան զանգւած էր, այսօր նա իր քաղաքական կերպարանաւորման շրջանի մէջ է:
Մեր փոքրիկ հանրապետութիւնն այնքան աղքատ, այնքան տանջւած ու օղակւած թշնամիներով, ամուր յենարան է մեր ապագայ ճիգերի. սա մի ծիլ է, որ այնքան խնամքով տնկել է հայ ժողովուրդը, ոռոգել է իր արիւնով եւ մեր պարտականութիւնն է խնամել ու փայփայել այդ ծիլը, որ դառնայ հաստարմատ ծառ:
Հինգ տարի առաջ հայ ժողովուրդը, դաշնակցութիւնը, մեր մտքերն ու տենչերը թաղում էինք հողի մէջ, այսօր նրանք ծլել են, արդիւնք են տւել, պէտք է գուրգուրենք:
Մեր ապագան այս րոպէին անստոյգ է, որովհետեւ աշխարհի բախտը հզօրներն են տնօրինում, որոնք աւելի մեծ են եւ ուժեղ քան մենք. բայց մեր պատմութիւնը, մանաւանդ այս հինգ տարւայ պատմութիւնը ցոյց է տալիս, որ հայ ժողովուրդը եւ կազմակերպութիւնը համաշխարհային պատմական շարժման գործոններից մէկն է եղած, թող այս գիտակցութիւնը թափանցի բոլոր դաշնակցական խաւերում, նրանք պիտի զգան ու գիտակցեն այդ եւ պատասխանատու զգան:
Որքան սակաւարժէք մեծերի, հզորների հանդէպ այնուամենայնիւ կարեւոր գործոններ համաշխարհային շարժման մէջ, մադկութեան առաջ:
Մեր կուսակցութեան վարած քաղաքականութիւնից կախւած կլինի եւ հայ ժողովրդի ապագան, մեր հմուտ գործելակերպից պիտի կախւած լինի թէ որ ուղղութեամբ պիտի առաջ վարենք հայ ժողովուրդը, թէ ինչ ձեւով կգնահատենք այս հզօր ուժերի խաղերից մասամբ կախւած է մեր ժողովրդի բախտը:
Այսպիսով ուրեմն դաշնակցութեան 9-րդ ընդհանուր ժողովը պիտի նկատենք մեր գործունէութեան ընթացքում որպէս մի կայան, կարեւոր դեր խաղացող մի համախմբում հայ իրականութեան մէջ. մեր այս ժողովը պիտի դիտւի ոչ որպէս վերջացած գործունէութեան մի հաշւետւութեան վայր, այլ մեր սկսելիք գործերից մէկը. այս օրը սկսած մեծ գործի սկիզբն է միայն: Եւ այս կարեւոր կայանից մի յետադարձ հայեացք նետենք մեր անցրած ճանապարհի վրա, մեր վարած գործունէութեան վրա եւ տեսնենք թէ ինչ գործունէութիւն են ունեցել մեր ընկերները այս հինգ տարւայ ընթացքում:
Այս հինգ տարիները արիութեան, տառապանքի, մեր լարած ճիգերի եւ արեան տարիներն էին եւ Դաշնակցութիւնը հայ ժողովուրդին այս հինգ տարւայ ընթացքում ներկայացել է որպէս մի կամաւորական շարժում: Բոլոր նրանք որոնք մոտիկից գիտեն կամաւորական խումբերի գործունէութիւնը, շատ լաւ գիտեն, որ նրանց շնորհիւ մենք կարողացանք մի իրաւունք, մի հիմք ձեռք բերել դաշնակիցների համաշխարհային այս յաղթանակի օրերին, իբրեւ այդ մեծ յաղթանակի աջակցողներ՝ փոքրիկ դաշնակիցներ: Գնահատեցին մեր ջանքերը, մեր վարած կռիւը այս համաշխարհային մեծ պայքարում եւ այդ գնահատականը հիմք դարձաւ մեր այսօրուայ իրաւունքին: Այնուհետեւ այդ հինգ տարւայ ընթացքում մեր կազմակերպութեան գործն է եղած կազմակերպել երկրի ինքնապաշտպանութեան գործը, մեր ժողովրդի ֆիզիքական գոյութեան պաշտպանութեան գործը եւ յետագայ գարշելի կոտորածների ժամանակ, հերոսական կռիւներ է մղել եւ երբեմն գաղթի ճանապարհը բռնել հայ ժողովրդի ֆիզիքականը պահելու համար:
Ապացոյց մեր ասածների Վանի, Սասունի ապստամբութիւնները:
Հինգ տարւայ ընթացքում մեր գործնէութիւնը տարածւել է նաեւ Արտասահմանում, ուր մեր ընկերները պաշտպանել են հայի դատը եւ Դաշնակցութիւնն այդ պաշտպանութեան գործում ունեցել է իր ակտիվ եւ ղեկավարող դերը, եւ այդ աշխատանքի շնորհիւ է, որ ստացել է համազգային գոյն: Դաշնակցութեանը վիճակւած է եղել ռուսական յեղափոխական շարժումներին Կովկասում եւ այլուրեք կատարելու իր խոշոր դերը: Նա, իբրեւ յեղափոխոխական կուսակցութիւն կատարել է իր պատկառելի դերը այս հինգ տարւայ ռուսական յեղափոխական շարժումների ընթացքում, միշտ աշխատելով պաշտպանել ռամկավարական շահերը, ընդհանուր դեմօկրտական յեղափոխական մի ճակատ: Անշուշտ պատմութիւնն ապագայում պիտի վկայէ որ Դաշնակցութիւնն ամեն տեսակի անջատողական շարժման մէջ եղել է վերջինը: Հակառակ էր նա Ռուսաստանից անջատւելուն, հակառակ էր նախ Կովկասի անջատման, սակայն բռնազատւած ուրիշներից եւ ստեղծւած դժւարին պայմաններից, Դաշնակցութիւնն ստիպուած եղաւ այդ ռամկավար ընդհանուր ճակատը թողնել: Եւ մեր հարեւանների բռնած դիրքի շնորհիւ մեզ վրա ընկաւ արեւելեան ճակատի եւ հայ ժողովրդի պաշտպանութեան կազմակերպման գործը եւ այն ժամանակ, երբ թիւրքական արշաւը պիտի ոտնակոխէր մեր երկիրը, մենք էինք, որ ինքնապաշտպանութեան ծանր բեռը միայնակ մեզ վրա վերցրեցինք: Մեզանով էին շահագրգրւած թշնամիները, եւ այդ ծանր ու հսկայ պայքարում մի անկազմակերպ ու փոքր ժողովրդով հսկայի նման ծառացանք կազմակերպւած պետութեան ու զօրքի դէմ, օրհասական ճիգերով ապահովելով մեր ժողովուրդը եւ Հայրենիքը:
Բնական է, մենք չէինք կարող յաղթութիւն տանել, բայց այդ կռիւների ընթացքին հայ ժողովուրդը եւ Դաշնակցութիւնը ցոյց տւին հոգու արիութիւն, կորովի քաջութիւն եւ մինչեւ վերջը զէնքը վայր չդրին թշնամու դէմ կռւելու համար:
Իրերի բերումով այնպէս պատահեց, որ մեր քաղաքական միութիւնները եւ հարեւաններն աստիճանաբար մեկուսացրին մեզ եւ մենք մնացինք միայնակ կատաղի պայքարի ճամբին, չորս կողմից բարձրացած թշնամիների դէմ որ մինչեւ այսօր էլ դեռ շարունակւում է. իսկ այդ բոլոր ժամանակի ընթացքում ղեկավարի պարտականութիւնը եւ պայքարի բովանդակ գործը ծանրացել էր Դաշնակցութեան վրա:
Դուք այս ժողովի ընթացքում կը ծանօթանաք մանրամասն այդ պայքարում թափած ճիգերին եւ աշխատանքներին, որ հանդէս բերեց Դաշնակցութիւնը:
Վերջապէս Դաշնակցութեան վրա է ընկել մեր նոր հանրապետութեան կազմակերպման դժւարին գործը. մի այնպիսի պայմաններում եւ ժամանակում, երբ մեր ժողովրդի մեծագոյն մասը թափառիկ է եւ անօթի, մերկ ու անօթեւան, հիւանդութեան եւ սովի ճիրաններին ենթակայ, կատարեալ բացակայութիւն պաշտօնի բեղունակ մարդականց, կտրւած մտաւորական կենտրոններից:
Այսօր դուք տեսնում էք Դաշնակցութիւնը հասել է այն աստիճանի, որ ունի իր կեանքում պարլամենտ եւ կառավարութիւն:
Գուցէ ձեզանից շատերը կասկածում են, որ ես համառօտակի ուրւագծեցի հայոց պատմութիւնը եւ իսկապէս վաղուց ի վեր Դաշնակցութեան պատմութիւնը նոյնացւած է հայոց պատմութեան հետ, որովհետեւ Դաշնակցութեանն է յարել հայ ժողովրդի ահագին մեծամասնութիւնը եւ բոլոր իրոք ռամկավար, կենդանի ու անձնւէր տարրերը:
Եւ զարմանալի չէ, որ Դաշնակցութեան պատմութիւնն այլ բան չէ, քան հայոց պատմութեան մի համառօտումն:
Համառօտակի թւեցի այն խոշոր ձեռնարկութիւնները, որ վարել է Դաշնակցութիւնն այս հինգ տարիների ընթացքում եւ այն յաջողութիւնները որին նա հասել է այսօր, բայց այս բոլոր յաջողութիւնների ընթացքում ունեցել ենք շատ թանկարժէք կորուստներ եւ մահեր. պէտք է յիշատակել համառօտակի նաեւ մեր այն ընկերներին, որոնք հինգ տարւայ ընթացքում զոհ գնացին արիւնոտ աշխատանքի եւ պայքարի ժամանակ:
Զոհերի առաջին զոյգը Վռամեանն ու Իշխանն են, որոնք ներկայանում են որպէս արիասիրտ գործիչներ, կազմակերպչական եւ քաղաքական աշխատանքների մէջ, որոնք եղան սկսնակները վերջին շրջանի գործունէութեան: Նրանք միաժամանակ բացին այն ճանապարհը թանկագին կորուստների որ ունեցանք մենք յետագայում: Սրանց հետեւում են ականաւոր գործիչներ՝ Զարդարեան, Ակնունի, Խաժակը, Վարուժանը, Սիամանթոն, զանազան ասպարէզներում, բայց միշտ միեւնոյն նպատակին ձգտող այդ մեծ մտաւորականները, որոնց կորուստը համազօր է տաճկահայ մտաւոր կեանքի գլխատման:
Սրանց մահւանից յետոյ թիւրքական բռնակալ քաղաքականութեան դէմ այլեւս չի նկատւում հակազդեցիկ մի ուժ, գոյութիւն չունի այլ եւս կուսակցական հրահանգիչ մարմին եւ ամեն մի շրջան իր սեփական ուժերի վրա յենւած առաջ է տանում կազմակերպչական դերը:
Մեր կամաւորական գնդերից արժէքաւոր զոհերն են Քեռին ու Խէչօն: Այս կարմիր ճանապարհին, իբր մի առանձին տիպ յիշողութեանս մէջ վերարտադրւում է Կ. Համբարձումեանի դէմքը որի անցեալ Ռայոնական ժողովի մէջ ընկերները զոհեցին Հայաստանին, որովհետեւ նա ընտրւած էր որպէս ռուսական Սահմանադիր Ժողովի պատգամաւոր, իսկ ընկերները նրան Հայաստան ուղարկեցին ասելով «Մենք քեզ զոհում ենք Հայաստանին»:
Ապա Շահխաթունեանը դաշնակցութեան իդէալների ձեւակերպողը, որքան նրանք վերաբերում են ռուսապատկան Հայաստանին, թէեւ ձեւակերպողներից էր նաեւ ամբողջական Հայաստանի իդէալի, որը իբրեւ միտք մտած է Դաշնակցութեան մէջ:
Վերջապէս վերջին շրջանի մեր զոհերիցն է եւ Արեւելեան բիւրոյի անդամ Ընկեր Կարճիկեանը որ ռուսական յեղափոխութեան շրջանին ներկայացնում էր մեր կուսակցութիւնն այլ ազգութիւնների քաղաքական կուսակութիւնների մօտ եւ որ այնքան աշխատանք թափեց մեր այս հանրապետութեան կազմւելու նախօրեակին:
Այնուհետեւ պէտք է յիշատակել մեծագոյնները մեր ընկերներից՝ Արամին եւ Ռոստոմին: Արամի անունը կապւած է Վանի պաշտպանութեան եւ Կովկասի, մասնաւորապէս Հայաստանի հանրապետութեան ստեղծման հետ, իսկ Ռոստոմի անունը դաշնակցութեան հետ: Այս վերջին շրջանում չկայ մի անուն, որ այնքան բազմակողմանի ընդունակութիւններով, յատկանիշներով եւ արժանիքներով երախտիք ունենար Դաշնակցութեան մէջ, քան Ռոստոմը:
Մեր ժողովրդական հերոսների մէջ իբր մի առանձին ուրոյն տիպարներ կայանում է Մուրադ, որի համար տեղը կարեւորոթիւն չունէր, այլ գաղափարը, իր հարազատ ժողովրդի կեանքի ապահովութիւնը: Նա այնտեղ էր, ուր վտանգ կար. այս նոյն կարգին է պատկանում եւ Եփրեմը, որոնց համար գործունէութեան վայր էր, ուր որ հայ ժողովուրդը վտանգւած, ուր որ նա նեղւած ու տանջւած էր: Եւ հարիւրաւոր, հազարաւոր անհռչականներ, բայց թանկագին կեանքեր որոնք զոհւեցին Դաշնակցութեան համար եւ որոնց շնորհիւ Դաշնակցութիւնը հասաւ այսօրւայ յաջողութեանը:
Այս բոլոր ընկերները, բոլոր հերոս մարտիկները, որոնք չկան այսօր, որոնցից շատերը պիտի նստած լինէին այստեղ՝ մեզ հետ, յիշատակելով բոլոր նրանց որոնք իրենց կեանքը զոհաբերեցին ժողովրդին ե՛ւ Դաշնակցութեանը, որոնք եղան տիպարներ յետագայ սերունդների համար, յոտնկայս յարգենք այդ բոլոր խնկելի հերոս նահատակների յիշատակները: (Պատգամաւորներն ու հասարակութիւնը ոտքի են կանգնում):
Այժմ մենք հաւաքւելով այստեղ հաշիւ պիտի տեսնենք մեր անցեալ գործունէութեան եւ գծենք մեր ապագայ նոր ուղին: Թէ ինչ կլինի հետեւանքը, այդ ցոյց կտայ ապագան, բայց ես կուզէի մատնանշէի մի քանի գծեր, ուրւագծել այն շրջանակը, որի մէջ պիտի ընթանայ իններորդ ընդհանուր ժողովի գործունէութիւնը:
Ընկերներ, ձեր աշխատանքի ընթացքում չպիտի մոռանաք, որ մենք պատմութիւն ունենք, պատմական մի ուժ ենք, սկսնակներ չենք, այլ երեսնամեայ պատմութիւն ունենք: Մենք չենք ներկայացնում իբրեւ մի անպատասխանատու ոյժ, այլ մի ոյժ ենք որ ընդունակ է դէպքեր յառաջացնելու. հետեւապէս ունի եւ պատասխանատւութիւն: Տասն եւ հինգ տարի է արդէն, որ զանազան վայրերում շառաչում է Դաշնակցութեան անունը, նրա գործիչներին ճանաչում են Ռուսաստանում, Պարսկաստանում, Տաճկաստանում եւ այլ երկրներում: Մեր կազմակերպութիւնը հայ ժողովրդի կամքն է, հայ ժողովրդի իրաւասուն Դաշնակցութիւնն է: Ուր որ վտանգւած է տեսնում հայ ժողովրդի դատը, Դաշնակցութիւնն այնտեղ է կանգած իբր նրա արթուն ու հաւատարիմ պաշտպան:
Մեր երեսնամեայ պատմութեան ընթացքում կատարել ենք մի քանի հիմնական գործեր, որոնց վրա յենւած ենք այսօր, եւ որով երբէք չենք կարող ջնջել մեր յիշողութիւնից: Այդ գործերից առաջինն այն է, որ Դաշնակցութիւնն առաջ է բերել հայ ժողովրդի մէջ ազգային միւութիւն, մի բան, որ մինչեւ այդ չի եղել հայութեան մէջ: Մի խօսքով, Դաշնակցութիւնը շատ խոշոր ազդեցութիւն է ունեցել հայ կեանքի վրա: եւ այսօրւայ ժողովը ներկայացնում է իրենից ոչ միայն մեր կազմակերպութեան եւ ժողովրդի այստեղի շահերը, այլ ամեն տեղ ցրւած ընդհանուր հայութեան շահերը: Այս գիտակցութեամբ պիտի բոլորս տոգորւած լինենք: Մեր կազմակերպութիւնը միշտ հանդիսացել է հայ ժողովրդի պաշտպան եւ բոլոր երեւոյթներին նա նայել է հայ ժողովրդի շահերի տեսակէտից: Այս ոգին մենք պարտական ենք պահել եւ աւելի ու աւելի խտացնել ու խորացնել մեր մէջ:
Երկրոդ մեծ գործը, որ կապւած է Դաշնակցութեան հետ, հայ ժողովրդի կերպարանքի ամբողջացումն է, ռազմական ոգու զարթումը, որի համար հայ ժողովրդը պարտական է բացառապէս Դաշնակցութեան: Դաշնակցութիւնը կազմակերպելով հայ ժողովրդի զինական ոյժերը դարձրել է նրանից այնպիսի մի պատկառելի ոյժ, որի հետ հարեւանները հաշիւ են տեսնում:
Երրորդ մեծ գործը որ կատարել է Դաշնակցութիւնը, դա համաժողովրդական կենդանի ու կարող ուժերի կազմակերպման մեծ գործն է. այսպիսի կազմակերպութիւն, այսպիսի մեծ ծաւալով երբէք չի ունեցեր հայ իրականութիւնը: Հայ ժողովրդի կեանքում ոչինչ չի կարող կատարւել առանց Դաշնակցութեան: Այն ձեռնարկութիւնը, ուր չկայ Դաշնակցութեան մատը, վիժման է դատապարտւում: Եւ այս աշխատանքների շնորհիւ է, որ Դաշնակցութիւնը կարողացել ու կարողանում է համախմբել հայ ժողովրդի բոլոր կարող ու կենդանի ուժերը մի ընդհանուր նպատակի շուրջը:
Չորրոդ մեծ գործը այն համերաշխութիւնն է, որին շարունակ ջատագով է եղել Դաշնակութիւնը հարեւան ժողովուրդների վերաբերմամբ: Համերաշխութիւն, որ չի յառուցում անհաւասարակշրութիւն, չի մտցնում կողմերի մեջ դիմազրկում եւ յոխորտանք, նոյնիրաւ համերաշխութեան է ձգտում միշտ Դաշնակցութիւնը, որի համար սակայն ստիպւած է պայքարել քանի դեռ շրջապատը չի համոզւած թէ գործի ունի նոյնիրաւ մի ժողովրդի հետ:
Ահա այս մեծ աշխատանքն են, որ կատարել է Դաշնակցութիւնը իր երեսնամեայ գործունէութեան ընթացքում: Եթէ մենք այսօր հանդիսանում ենք հայ ժոողովրդի ճակատգրի վարիչներ, ապա ուրեմն մենք պատասխանատու ենք այդ ճակատագրի համար: Պատասխանատու ենք իրար դէմ, իբր միեւնոյն կազմակերպութեան անդամներ: Դաշնակցութիւնը պատասխանատու է հայ ժողովրդի, ուրեմն եւ մարդկութեան առաջ, քանի որ նա դարձել է պատմական մի ոյժ եւ խոշոր դեր է կատարում հայ ժողովրդի իրական կեանքում:
Պատասխանատւութեան այս զգացումով է որ պիտի սկսւի եւ փակւի այս ժողովը. Կուզէի որ պատասխանատւութեան այս զգացումը տոգորէր բոլորիս նոր ուղիների որոնման եւ քննութեան ժամանակ: Անցեալ գործունէութիւնը քննելիս պիտի լինենք արդար, ապագայի համար՝ չափազանց զգոյշ, քանի որ մեր վրայ է ընկնում հայ ժողովրդի բախտի տնօրինման ծանր գործը:
Վստահ եմ, որ այս ոգով պիտի տարւեն իններորդ ընդհանուր ժողովի բոլոր աշխատանքները. ուստի եւ Արեւելեան եւ Հայաստանի բիւրօների կողմից ողջունում եմ ձեզ ազատ Հայաստանի մայրաքաղաքում: (Բուռն ծափահառութիւն):