Ղարաղշլաղի աւերումից յետոյ, թուրքերն այնքան սրտանպդեւցին, որ իջան եայլաղներից իրենց լքած գիւղերը եւ կրկին փակեցին խճուղին, այնպէս որ երթեւեկութիւնը կրկին Դարաբասի լեռնային դժւարին ճամբովն էր կատարւում: Սեպտ. 27-ին այդ ճամբով երրորդ պատգամաւորութիւնն եկաւ Գորիսից, Զանգեզուրի Ազգային Խորհրդի կողմից՝ խնդրելով շուտափոյթ օգնութիւն:
Եկողները առաջարկեցին Անդրանիկին երկրորդ անգամ հիմնաւորապէս մաքրել Աղուտի եւ Վաղուտին, այլ եւ բանալ խճուղին: Աստւած չանի, ասացին պատգամաւորները, եթէ Բուն Զանգեզուրի հայ ժողովուրդը մէկ օր հարկադրւած լինի նահանջելու դէպի Հայաստանի Հանրապետութեան սահմանները, Սիսիանի վրայով Դարալագեազ, եւ Աղուտին փակ պահէ նրա միակ կարճ խճուղին, այն ժամանակ նահանջողները մէկ-մէկու կոխկռտել կարող են ձորերի ճամբին, իսկ շատ շատերը կը գլորւեն ձորերն ու անդունդները: Պատգամաւորները նմանապէ յայտնեցին, որ աշխոյժ յարձակումները Գորիսի շրջանի հայկական գիւղերի ուղղութեամբ բացատրւում է տաճկական ուժերի ժամանումով Կարեագին: Սիսիանն անպաշտպան չթողներլու համար, Անդրանիկը կարգադրեց Սասունցիներին եւ Եապոնին, որ գան Սիսիան եւ մնան մի առժամանակ այնտեղ. կարգադրեց նաեւ, որ Սիսիանից 100 զինւոր գնայ Գիւմրիւ-Գժաձորին օգնութեան: Բուն Սիսիանի ինքնապաշտպանութեան համար որոշւեց զէնքի տակ առնել 25-31 տարեկան երիտասարդներին: Այդ նոր վաշտերը գրաւեցին անմիջապէս Բազարչայ-Գիւմրիւ-Գժաձոր -Բունունիս -Թազագիւղ -Ախլաթեան -Ալիլու ռազմագծերը: Զօրահաւաքը տեղի ունեցաւ տենդային արագութեամբ, բոլոր գիւղերում, երեք օրւայ ընթացքում: Սիսիանի տեղական նորաստեղծ գումարտակի հրամանատար կարգւեց փոխ-գնդապետ Հայկ Գրիգորեանը, որ Նախիջեւանցի մի բարեխիղճ եւ քաջ սպայ էր:Սեպտ. 28-ին հարւածող Զօրամասը՝ Անդրանիկի ղեկավարութեամբ՝ Սիսիանից Ուչ-Թափալարով շարժւեց դէպի Գորիս: Աղւոտին եւ Վաղուտին դարձեալ դիամդրեցին նրան: Շուշու գնդի դաշտային թնդանօթները որոտացին, հարւածելով թուրքերին, որոնք շուտով թողին իրենց տները եւ քաշւեցին ձորն ի վայր, Ուրուտի (Որոտնայ) վանքը եւ համանուն գիւղը: Զօրամասը գիշերեց բաց դաշտում. Գորիսից եկան սուրհանդակներ, որոնք նամակ բերին Անդրանիկին, որով յայտնւում էր, թէ թուրքերն արդէն գրաւել են հայկական Խոզնավար գիւղը, եւ խնդրւում էր շտապել օգնութեան:
Զօրամասը Սեպտ. 29-ին Գորիսի մօտերքումն էր, Շաքար-Ջուր կոչւած վայրում, երբ հասան նոր սուրհանդակներ եւ աւետեցին, թէ թուրքերը 15 վերստ նահանջել են: Ձիաւորներն արագացրին ընթացքը: Երեկոյեան զօրամասը Գորիս մտաւ ուրախ հրացանաձգութեամբ. տեղացիք մեծ հանդէսով դիմաւորեցին մարտիկներին:
Սեպտ. 30-ից մինչեւ հոկ. 10-ը մենք պարեցինք անորոշ եւ տարտամ վիճակ. մեր գլխաւոր, եթէ չասեմ միակ անելիքն էր՝ ինքնապաշտպանութեան կազմակերպումը: Որքան՞ զէնք եւ ռամամթերք կայ, որքա՞նն է անհատական: Քաղաքում գտնւած բոլոր ռազմամթերքի պահեստները հարկաւոր էր միացնել եւ ենթարկել կենտրոնական մէկ իշխանութեան, տեղական երիտասարդներին զօրակոչի ենթարկել, կազմել կանոնաւոր վաշտեր, որոշել դիրքերը եւ կարգաւորել զինւորների եւ ձիերի ուտեստը:
Ձմեռը մօտենում էր. Երեւանից դէպի Դարալագեազ ու Ղարաբաղ տանող ճամբաները շուտով ծածկւելու էին ձիւնով: Այդ օրերին Երեւանից հասնում են Գորիս երեք սպաներ, եւ երկու ծանօթ հասարակական գործիչներ՝ փոխ-գլխապետ Ստեփան Սարգսեան, փոխ-գլխապետ Մելիք-Հուսէյնով, սպայ Ռուբէն Նարինեան. հասարակական գործիչներից յիշում եմ միայն Կոստիա Աթայեանին: Դրանից բերած թերթերից տեղեկացանք, որ Սեպտ. 14-ին տաճիկները գրաւել են Բագուն եւ Միանան ու Թաւրիզն էլ գտնւում են տաճիկների ձեռքում: Այդ լուրերի ազդեցութիւնը շատ ուժեր էր. լաւ է, որ առաջ չէին ստացւել, եթէ ոչ կարող էին վատ ազդել թէ Անդրանիկի եւ թէ մանաւանդ ժողովրդի վրա եւ գուցէ այն ժամանակ տեղի չունենային Հրթօքիւզի, Ջօմարտլուի եւ Արաւիւսի, ինչսէպ եւ Աղուտու եւ Վաղուտու վերջին արշաւանքները, որոնք այնքան բարերար եղան Սիսիանի եւ Զանգեզուրի համար՝ թէ քաղաքական-ռազմական եւ թէ տնտեսական-հաղորդակցական տեսակէտից:
Վերոյիշեալ հինգ հոգու Գորիս գալը մեծ կասկածների եւ մտատանջութեան մէջ ձգեց Անդրանիկին, մանաւանդ որ նրանք եկել էին Երեւանի Հանրապետական կառավարութեան կողմից եւ որոշ առաքելութեամբ: Յայտնի է, որ Անդրանիկն անձնական դրդապատճառներով գժտւած էր Հանրապետութեան մարմնացումը հանդիսացող Արամի եւ այլոց հետ, խռոված էր եւ Հ. Յ. Դաշնակցութիւնից, սակայն աշրունակում էր իր պաշտամունքը Քրիստափոր Միքայէլեանի եւ Սիմոն Զաւարեանի հանդէպ. մեծ յարգանքով էր վերաբերւում Ռոստոմին եւ պատրաստ էր միշտ նրա խօսքը կատարելու: Ինքն էլ շարունակում էր այն գործը, որ տասնեակ տարիներից ի վեր վարում էր Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ հայ ժողովրդի ինքնապաշտպանութեան գործը:
Իր կասկածների մէջ Անդրանիկն այնքան հեռու էր գնացել, որ ենթադրում էր նոյն իսկ, թէ իրեն ահաբեկելու համար են եկել Երեւանից:
Տրւած բացատրութիւնների վրա՝ նա հանգստացաւ, եւ նոյն իսկ Երեւանից եկած հիւրերի հետ միասին ճաշեցինք եւ խմեցինք Հայաստանի հանրապետութեան, Անդրանիկի ու Հ. Յ. Դաշնակցութեան կենացը: Այդ օրը Անդրանիկի աչքերում նշմարեցի արտասուքի կաթիլներ:
Թերթերի լուրերից յետոյ ըստ երեւոյթին, շատ ան փոխւել էր դէպի լաւը, քանի որ Դարաբասի շրջանային կոմիսար Դաւիթ Տէր-Մկրտչեանը հաղորդում էր, թէ Շխլարի թուրքերը հեռանում են շրջանից եւ խնդրում են հայերից օգտւել իրենց ցանքերից եւ տներից, միայն չայրել: Ուրիշները հաղորդում էին, թէ Նորսի սարերից թնդանօթի ձայներ են լսւում եւ իբր թէ թուրքերը քաշւում են Նախիջեւանի շրջանից ու այրում են հայկական գիւղերը. ենթադրւում էր, թէ անգլիացիք Թաւրիզի վրայով առաջանում են դէպի Ջուլֆա-Նախիջեւան:Միւս կողմից էլ երբեմն-երբեմն Ղափանից եւ Մեղրիից լուր էինք ստանում, թէ թնդանօթի ձայներ են լսւում Պարսկաստանի ուղղութեամբ: Անհրաժեշտ էր նկատւում, որ նման պարագաներում Զօրամասը տեղափոխւէր Սիսիան եւ հետեւէր շրջանի անցուդարձերին: Հոկտ. 10-ին որոշւեց անցնել Սիսիան, բայց յետաձգւեց, որովհետեւ Տեղ գիւղից հեռախօսով յայտնեցին, որ Շուշուց պատւիրակութիւն է եկել:
Նախ քան պատւիրակների Գորիս գալը, հեռախօսով յայտնեցին, թէ դաշնակիցները գրաւել են Բուլղարիայի մայրաքաղաք Սօֆիան եւ բուլղարներն անջատ հաշտութիւն են կնքել. յոյները մասնակցում են պատերազմին ի նպաստ դաշնակիցների. վերջինները պաշարել են Մեցը: Այս լուրերը շատ լաւ տպաւորութիւն թողին մեզ վրա, բայց դժբախտութիւն էր, որ պաւիրակութիւնը Շուշուց էր գալիս, տաճիկների կողմից, սպիտակ դրօշակով, հետեւապէս ինչոր մի խորհրդաւորութիւն կար: Երեկոյեան դէմ, Հոկ. 11-ին, Շուշուց եկողները հասան Գորիս: Երեք հոգի էին՝ Մուշեղ Զաքարեան, Բ. Եւ Ս. Բ.՝ երեք կուսակցութիւնից՝ դաշնակցական, սոցիալ դեմոկրատ եւ Ժողվորդական:
Դ. Տարի, Թիւ 4