Բուն Զանգեզուրի շրջանի կարգապահութիւնը, որ Անդրանիկի հեռանալուց յետոյ խանգարւած էր, կրկին վերականգնւում էր: Ղափանի ներկայացուցիչները հաստատեցին, թէ տակաւին Մեղրիումն են գտնւում հարւածող զօրամասից անջատւած երրորդ գումարտակի հրամանատար բժիշկ Բօնապարտեանը եւ ձիաւորների հարիւրեակի հրամանտար Ջէբէջին իրենց տղաներով: Բարեբախտաաբր, Մեղրիի շրջանն էլ անձնատուր չէր եղել, չնայած որ թիւրքերը քանիցս դիմել էին: Մի անգամ նոյն իսկ տաճիկները ցանկացել էին խաբել հայերին եւ առաջարկել էին բանալ Օրդուբատից դէպի Զանգիլան տանող ճանապարհը, սակայն,հ այերը իբր պատասխան այդ առաջարկին, ուղարկել էին մի փամփուշտ:
Հոկտ. 19-ին արդէն բաւարար ուժերով գրաւած ենք ինքնապաշտպանութեան կարեւոր կէտերը. Ուտեստը նոյնպէս կանոնաւորուած է, իսկ պահեստի ուժերը ենթադրածից աւելի շատ են: Անդրանիկը այդ օրը անձամբ մեկնեց Քարաշէն գիւղը, ուր պահեստի ուժերն էին կենտրոնացած:
Քարաշէնը, աշուղների այդ պատմական գիւղը, Գորիս-Տեղ խճուղուց քիչ հեռու է ընկած, ձորի մէջ. գիւղի տների մեծ մասը քարաշէն է, կան եւ այնպիսիները, որոնք պատ չունին, ուղղակի լերան ծոցի մէջ բացւած ծակեր են, որոնք վերածւել են տների. մի տեսակ քարանձաւներ: Այդպիսի շատ տներ կան եւ Հին Գորիսում: Ճակատների բոլոր գիւղերը հեռախօսով միացած են Գորիսի հետ, որ, այդպէս ասած, ռազմական գերագոյն կայանն էր: Գորիսից այդ օրը Արշակ Շիրինեանը հեռախօսով յայտնեց Անդրանիկին, թէ Դաշնակիցները գրաւել են Չաթալջան, ապա Երեւանից Գորիս է գալիս գլխապետ Պ.-ն, իսկ Սիսիանից թուրքերը անակնկալ կերպով հեռանում են...
Քարաշէնում կազմւեցին պահեստի Ա., Բ. եւ Գ. վաշտերը: Անդրանիկը մեկնեց Տեղ գիւղը: Խճուղուց երեւում է մի խոր ձոր ոչ շատ հեռւում՝ Զաբուղը, ապա պարզ երեւում է Մարքից սարը, որ իշխում է շրջակայքի վրա. երեւում է Հագարուի ձորը, Մարքիզի միւս կողմում. Բարձրութեան վրա երեւում է խճուղին, որ տանում է դէպի Ղարաղշլաղ գիւղը: Երեւում են լեռները եւ վանքը, իսկ հարաւում փռւած են Զանգելանի դաշտն ու պատմական Փայտակարն – Ղարադաղի լեռները, Արաքսի աջ ափին, Պարսկաստանում:
Տեղն էլ ձորի մէջ է. տները նոյն տեսակ են շինւած, ինչպէս եւ Քարաշէնում. փողոցները՝ ցեխոտ, ջուրը՝ սակաւ: Գլխապետ Պ. ներկայացաւ եւ հաստատեց Շիրինեանի հաղորդածները: Բայց օրքան քաղաքական արտաքին լուրերը սրտապնդիչ էին, նոյնքան ցաւալի էին տեղական ներքին հաղորդագրութիւնները: Գողթն գաւառի Բիստ, Նասրվան, Փարակա եւ Ռամիս գիւղերից բացի՝ շրջանի միւսհ այկական գիւղերը ընդունել էին տաճիկների իշխանութիւնը, զինթափ էին եղել եւ վատ վիճակումն էին: Թիւրքերը պաշարել էին գիւղերը եւ պահանջում էին տուգանք, պարէն, աղջիկ եւ այլն: Օրդուբադում նստող Խալիլ պէյը 87,000 ռուբլի տուգանք էր գրել Ցղնայի վրա, որից 65,000 ստացել էր գոհարեղէններով եւ այլն, որ Ագուլիսն էր յանձնե. նմանապէս թշնամուն էին յանձնել հրացանները, փամփուշտները եւ ատրճանակները:
Հոկտ. 21-ին Ղարաբաղից կարեւոր լուրեր հասան: Խծաբերդ գիւղից երեք սուրհանդակներ եկան, որոնք գրութիւն էին բերել Դիզակի շրջանի հրամանատար Արտեմ Լալայեանից: Ըստ այդ գրութեան՝ Շուշին անձնատուր էր եղել տաճիկներին առանց մի գնդակ արձակելու. քաղաք էին մտել տաճկական եւ թրքական միացեալ ուժերը, 1500 զինւոր, 4 թնդանօթ եւ 12 գնդացիր: Ղարաբաղի գւիղերը չեն ենթարկւել տաճիկերին եւ Ճարտար գիւղի շրջանում կռիւ կայ:
Երկու օրից յետոյ հասան նոր սուրհանդակներ. Շուշուց բացի՝ բոլոր շրջանները՝ Դիզակ, Վարանդա, Խաչեն, Ջրաբերդ եւ Լեռնային Գանձակն ու Գարտմանը չէին ենթարկւել տաճիկներին: Գնացինք Կոռինձոր սահմանային քաջարի գիւղը, ուր գալիս էին Խծաբերդի վրայով Ղարաբաղի սուրհանդակները. գիւղը շատ էլ մեծ չէ, գտնւում է ձորի մէջ, բաղկացած 120 տնից: Այդտեղից անցանք Խնձորեսկ. ճանապարհը բաց դաշտի միջով է. հայաբնակ շրջանը թուրքաբնակ մասից բաժանւում է մի ձորով, որից դէնը երեւում են թրքական դիրքերը:
Խնձորեսկի ծայրում, հարաւ – արեւելեան կողմը, մի մատուռի մօտ, գտնւում է մի համեստ գերեզմանաքար, որի վրա պարզ գրւած է՝ Մխիթար սպարապետ Գանձակեցի: Անդրանիկը եւ մի քանի սպաներ ու պաշտօնեաներ միասին դիմեցինք դէպի քաջարի նահատակի օթեւանը, ուր մի քահանայ օրհնեց սպարապետի մամռապատ գերեզմանը, որ 1729 թւից ի վեր անխօս քարոզիչ է հայրենասիրութեան եւ վեհ քաջութեան...
Հոկ. 26-ին հեռախօսը ձայնեց Տեղ գիւղից, թէ Ղարաբաղից նոր սուրհանդակներ են հասել: Երկւո ժամից յետոյ նրանք արդէն Գորիսումն էին: Մէկը Հարար գիւղացի մի առնական ծերուկ էր, որ Ղարաբաղի բարբառով համով-հոտով պատմում էր, թէ ինչպէս Ղարաբաղի շրջանները չեն ենթարկւել Օսմանլուին եւ թէ ամենքը փափագում են,ո ր Անդրանիկ փաշան ոտք դնի Ղարաբաղ: Երբ Անդրանիկը հարցրեց, թէ ի՞նչ կուզէ իբր վարձատրութիւն իւր վտանգաւոր ճամբորդութեան համար, նա պարզօրէն պատասխանեց. «Մի հատ մօսին, եթէ աղան (Անդրանիկը) կամենայ»:
Այդ պատկառելի ծերունին նամակների փոխարէն հանդարտօրէն մեկնեց իր ձեռքի գաւազանը, առանց մի խօսք ասելու: Եղիշէ Քաջունին անմիջապէս քանդեց գաւազանի ծայրը եւ միջից հանեց նամակները, որոնք շատ կարեւոր էին: Վարանդայի հրամանատար Սոկրատ Բէկը հաղորդում էր Անդրանիկին, թէ տաճիկները ինչպէս մտան Շուշի, իսկ «շրջանը զինաթափ չեղաւ, Վերին ու Ներքին Ճարտար գիւղերը մերժեցին տաճիկների վերջնագիրը, որից յետոյ Շուշուց 400 զինւորներ 4 թնդանօթով եւ 6 գնդացիրով յարձակւեցին այդ շրջանի վրա, բայց բոլորն էլ ընկան կազմակերպւած ծուղակի մէջ, կոտորւեցին, գերւեցին, եղան եւ փախչողներ. թնդանօթներն էլ, ինչպէս եւ գնդացիրները ընկել են հայերի ձեռքը, միայն փչացած վիճակում»:
Սոկրատ Բէկը յայտնում էր նոյնպէս, որ ընդհանուր Ղարաբաղը վճռած է կռւել մինչեւ վերջ եւ այդ նպատակով արդէն կազմակերպւած են շրջանների հրամանատարութիւնները, որոնք կարող են հանել մինչեւ 15,000 զինւած մարտիկներ, միայն թէ զօրավար Անդրանիկը շարժւի դէպի Շուշի:
Գաւազանի միջից դուրս եկաւ եւ մի գրութիւն, ուղղուած Դիզակի հրամանատար Արտեմ Լալայեանից զօրավար Անդրանիկին, որով հրաւիրում էր գալ իր շրջանը եւ խոստանում էր ամէն ինչ հայթայթել:
Այսպիսով ուրեմն արշաւանքը դէպի Ղարաբաղ օրերի խնդիր էր դառնում: Բայց պարզ երեւում էր, որ Անդրնաիկը այնքան էլ չի շտապում դէպի Ղարաբաղ. նախկին հայդուկը այժմ զգուշաւոր զօրավար էր դարձել. բացի դրանից նա մի գաղտնի ատելութիւն էր տածում դէպի ղարաբաղցիները ա՛յն չարաբաստիկ օրից ի վեր, երբ Էրզրումի տակ մի խումբ ղարաբաղցի զինւորներ, վարակւելով իրենց ռուս ընկերներից, «դէպի տուն» էին գոռացել եւ Անդրանիկի մարտակոչերին պատասխանել էին մի համազարկով, թէպէտ օդի մէջ, բայց ուղղւած դէպի Սասնոյ հերոսը...
Ա. Շիրինեանի եւ ուրիշների յորդորներով, Անդրանիկը վերջ ի վերջոյ, տեղի տւեց եւ սկսեց պատրաստւել արշաւանքի: Կարգադրեց, որ Սիսիանից Գորիս փոխադրւեն Շուշու վաշտը եւ գնդապետը: Զօրքերը կեդրոնացան Գորիսում՝ կազմակերպելու համար փառաւոր արշաւանք դէպի Ղարաբաղի մայրաքաղքը: Չնայած ստեղծւած խանդավառ մթնոլորտին, Անդրնաիկը այնուամենայնիւ տատանւում ու ձգձգում էր, որ ուրիշ դէպքում բնաւ յատուկ չէր նրան: Զօրամասի բոլոր վաշտապետները գրաւոր դիմում արին Անդրանիկին, որ անյապաղ արշաւէ դէպի Ղարաբաղ, բայց նա շարունակում էր ձգձգել: Անդրնաիկը երկու կէտի պատասխան էր ուզում գրաւոր կերպով: -1) Վստահ լինել, թէ ամբողջ Ղարաբաղի հայ ազգաբնակութեան ցանկութիւնն է, որ Ադնդրանիկը Զանգեզուրից օգնութեան երթայ Ղարաբաղի ժողովրդին: 2) Արդեօք Զանգեզուրի ժողովուրդը ուզո՞ւմ է ամէն միջոցներով, մարդով, ռազմամթերքով ու գրաստներով օգնութեան երթալ Ղարաբաղին: Ի զուր համոզում էին նրան, թէ արդէն այդ երկու կէտերի պատասխանները ձեռքի տակ ունի գրաւոր, քանի որ Սոկրատ Բէկի եւ Արտէմ Լալայեանի նամակները պարզ արտայայտում են Ղարաբաղի զինւած ժողովրդի կամքը: Նմանապէս, Անդրանիկի համար լոյսի պէս պարզ էր, որ Զանգեզուրի համայն հայ ժողովուրդը ջերմօրէն ցանկանում է, որ այդ արշաւանքը սկսւի որքան կարելի է շուտ: Ազգային Խորհուրդն էլ նոյն տեսակէտն էր պաշտպանում եւ յորդորում էր օր առաջ սկսել արշաւանքը. յապաղումը կարող է ճակատագրական հետեւանք ունենալ: Այդ մասին կան կենդանի վկաներ, ինչպէս՝ Ազգային Խորհուրդի նախագահ բժ. Միքայէլ Պարոնեանը, Անդրանիկի զօրամասի բժիշկ Ռուբէն Տէր-Ստեփանեանը եւ անձնական քարտուղար Եղիշէ Քաջունին:
Կամակոր Անդրանիկը գրեց Ղարաբաղ, որպէսզի նման կարեւոր եւ պատասխանատու քայլի համար արտայայտւի ժողովուրդը իր ներկայացուցիչների միջոցով եւ հրաւէրն անհատական բնոյթ չկրէ: Տեղի ունեցաւ եւ Զանգեզուրի համագումարը, որ, ի հարկէ, որոշեց ամէն կերպ օգնութեան հասնել Ղարաբաղին:
Հոկ. 31-ին Զանգեզուրի Համագումարի որոշումները եւ այլ կարեւոր հրահանգներ ու տեղեկութիւններ գրւեցին կտաւի վրա, որ կարւեց հագուստի մէջ, որպէսզի սուրհանդակները տանեն Ղարաբաղ: Օրէց-օր Շուշուց եկողների թիւը շատանում էր: Տեղ գիւղից հաղորդում էին, թէ 13 հոգի զնգեզուրցիներ են հասել այնտեղ, ԳՈրիս գալու համար:
Նոյեմբ. 1-ին Շուշուց դուրս եկած զանգեզուրցիները Գորիս հասան եւ հաղորդեցին, թէ Պոլիսը գրաււած է, եւ Գերմանեան էլ զինաթափ է եղել: Տաճիկների կորուստները Ղարաբաղում, Մսմնայի ձորում, իրական են: Շուշում ձերբակալւած են կարեւոր գործիչները եւ բանտն են նետւած: Տաճիկների տրամադրութիւնը խիստ ընկած է. Թիֆլիզից Շուշի փոստն աշխատում է, բայց տաճիկները վերջին փոստի թելերը հայերին չեն յանձնել:
Երեւանից էլ այդ օրը նամակ ստացւեց, ըստ որի Խալիլ փաշան յետ է կանչել Գանձակում գտնւող Նուրի փաշային. միւս կողմից էլ Վրաստանը վերջնագրով պահանջում է Հայաստանից՝ մինչեւ Շահալի յանձնել իրեն...
Նոյ. 8-ին պատահաբար Երեւանից եկող մի Սիսիանցի նամակներ եւ տեղեկութիւններ է բերում. յայտնի դարձաւ մեզ համար, որ տաճկական դահլիճը Պոլսումընկել է եւ Տաճկաստանը զինադադար է կնքել:
Բանից դուրս եկաւ, որ Դաշնակից ներկայացուցիչները արդէն Վլադիկավկազ են հասել եւ այնտեղից շուտով կը գնան Թիֆլիզ: Գերմանական զօրքերը սկսել են հեռանալ Վրաստանից. իբր թէ Ռուսաստանը չի ճանաչել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը եւ եօթ օր միջոց է տւել տաճիկներին քաշւելու մինչեւ 1914 թւի սահմանները...
Նոյ. 9-ը սգի օր էր ամենքիս համար. տեղի ունեցաւ Ոսկան Ստեփանեանի թաղումը: Քեմախ գաւառի Բագառիճ գիւղացի, Ռումանեայից եկած մի կամաւոր, համակրելի եւ շատ եռանդուն երիտասարդ, որ իր անոյշ բնաւորութեան շնորհիւ սիրւած էր զինակիցների կողմից: Գնդացիր – զօրամասի հրամանատարներից մէկն էր եւ Սիսիանումն էր գործում, ուր խիստ մրսեց եւ ծանր հիւանդ վիճակում եկաւ Գորիս: Այստեղ թէպէտ բժշկական օգնութիւն հասցրին, բայց արդէն ուշ էր. անողոք հիւանդութիւնը խլեց Ոսկանի ծաղիկ կեանքը: Դէպի Ղարաբաղ կատարւելիք մեծ արշաւանքի մեր անդրանիկ զոհն էր: ԱՅդ օրը եկեղեցում եւ գերեզմանատանը ասեղ ձգելու տեղ չկար...
Նոյմբ. 11-ն է, սակայն լուրերը Ղարաբաղից ուշանում են: Պարզւեց, որ տակաւին ծերուկ սուրհանդակը նստած է Կոռինձորում, որովհետեւ Հազրուի ձորի խիտ մշուշը արգելք էր հանդիսացել ճամբայ ընկնելու: Անհամբեր են բոլոր շուշեց սպաները, խմբապետներն ու զինւորները. բոլորի ցանկութիւնն է օր առաջ հասնել օգնութեան Ղարաբաղին, որ կռւախնձոր էր դառնալու Հայաստանի եւ Ադրբէյջանի միջև: Մեր հայրենակիցներից խմբապետ Աղաջանը եւ տեղակալ Արշակ Բալասանեանը յանձն առին անցնելու Ղարաբաղ իբր սուրհանդակներ:
Նոյեմբ. 15. սպասողական վիճակը ջղայինացնում է Անդրանիկին էլ, եւ նա այդ օրը կազմակերպեց արհեստական տագնապ. իբր թէ լուր է ստացւել, որ տաճիկները առաջանում են Ղարաղշլաղի կողմից դէպի Տեղ գիւղը: Անդրանիկը հրաման է արձակում, որ տասը րոպէում բոլոր զօրամասերը թողնեն Գորիսը եւ կազմ ու պատրաստ մեկնեն Տեղ: Զօրքը շտապում է կատարել հրամանը, իսկ ժողովուրդը մնացել է շւարած եւ չի իմանում, թէ ինչ անակնկալ է այդ: Զօրամասը իր բոլոր հրամանատարներով, ղեկավարութեամբ Անդրանիկի, անմիջապէս քաղաքից աճապարեց դէպի Տեղ եւ մի քիչ յետոյ երգ ու տաղով վերադարձաւ Գորիս: Ամենքը ուրախացան եւ հասկացան բանի էութիւնը:
Նոյեմբ. 16-ը դարձաւ բնական տագնապի օր. Խնձորեսկ գիւղում բանակ դրած հեծելազօրի երրորդ հարիւրեակի խմբապետը 10 ձիաւորով հետախուզութեան էր դուրս եկել դէպի թրքական դիրքերը. թուրքերը յարձակւել էին ձիաւորների վրա, եւ կռիւ էր սկսւել, որի հետեւանքով Կռինձորից հեծելազօրի երկրորդ հարիւրեակը եւ զօրքի երկրորդ վաշտի մի մասը դիմել էին կռւի վայր: Այս լուրը չափազանցւած ձեւով հասաւ Գորիս, եւ Անդրանիկն անմիջապէս օժանդակ ուժեր ուղարկեց Խնձորեսկ: Դրութիւնը շուտով պարզւեց, երբ արդէն կռիւը դադրած էր:
Նոյեմբ. 21-ին, վերջապէս, լուր հասաւ, որ Ղարաբաղ գնացածները վերադարձել են, միայն այնտեղ մնացել է տեղակալ Արշակը: Սուրհանդակները գրաւոր հրաւէրներ են բերել Ղարաբաղ արշաւելու. թղթերը ստորագրել են Խամսայի մելիքների յաջորդները՝ զինւորական մեծ ու փոքր խմբապետ – հրամանատարները, բայց Անդրանիկը գրութիւնների մէջ որոշ հակասութիւն գտաւ. մէկ գրութեան մէջ ցանկութիւն է յայտնւում, որ Անդրանիկն անմիջապէս շարժւի դէպի Ղարաբաղ. իսկ միւսով, արիւնահեղութիւնից խուսափելու համար, խնդրում է տասն օրով յետաձգել արշաւանքը: Նկատի ունենալով Վարանդայի (մեծ շրջանի) հրամանատար Սոկրատ Բէկ Մելիք-Շահնազարեանի առաջարկութիւնը 10 օրով յետաձգելու արշաւանքը, որպէսզի նա քաղաքագիտօրէն գրաւէ Շուշին, ապա հրաւիրէ փաշային գալու Ղարաբաղի մայրաքաղաքը, առանց արիւնահեղութեան, Անդրանիկը յարմար դատեց յետաձգելու գործողութիւնները տասն օրով: Դրան բացարձակապէս դէմ էին ղարաբաղցի սպաները:
Նոյեմբ. 27-ն է. տասն օրւայ պայմանաժամից արդէն 9 օր է անցել, բայց լուր չկայ Ղարաբաղից, եւ չգիտենք, թէ խաղաղ բանակցութեան ճամբով խնդիրն ի՞նչ եզրակացութեան է հասցրել Սոկրատ Բէկը: Անհրաժեշտ է կենտրոնացնել զօրամասերը Տեղ գիւղում, որ վերջին կայանն է. պայմանաժամը լրանալուն պէս, այդտեղից առաջ կը շարժւեն մեր զօրքերը: Անդրանիկի եւ նրան երնթակայ զօրամասերի մեկնումը Գորիսից հրաժեշտի բնոյթ էր կրում. Գորիսի Հայ Կանանց Միութիւնը գործել էր կարմիր մետաքսից մի դրօշակ, ոսկեթել բանւածքով, «Հայկական Առանձին Հարւածող Զօրամաս» վետառութեամբ: Գորիսից դւորս գալուս առաջ կատարւեց դրօշակի օրհնութեան եւ նւիրման արարողութիւնը: Տեսարանը խիստ յուզիչ էր. Գորիսի հրապարակում բոլորւած է զօրամասի քաջարի հեծելագունդը, շրջապատւած ժողովրդի խուռն բամզութեամբ. մի անկիւնում դրւած է սեղանը. Գալիս է հերոս Անդրանիկը, հաւաքւում են եկեղեցական դասը, Ազգային Խորհրդի անդամները եւ բոլոր աստիճանաւորները: Հանդիսաւոր կերպով բերում են դրօշակը՝ կարմիր, ոսկեթել ծոպերով եւ վերտառութիւնով: Պատշահաւոր արարողութիւնից յետոյ՝ Կանանց Միութեան ներկայացուցիչը դրօշակը ներկայացնում է Անդրանիկին մի հակիրճ ճառով՝ յայտնելով նրան երախտագիտութիւն եւ մաղթելով կատարեալ յաջողութիւն: Անդրանիկը զգացւած եւ խրոխտ ձայնով իր շնորհակալութիւնն է յայտնում: Նա ասում՝ «Մինչեւ հիմա շատ դրօշակներ նւիրւած են, որոնք բոլորն ալ նշան եղած են արիւնի, աւերի, ջարդի եւ դժբախտութեանց: Կը մաղթեմ որ այս դրօշակը լինի վերջինը եւ բերէ յաջողութիւն ու խաղաղութիւն: Կոչ կընեմ բոլոր հայերուն, մասնաւորապէս զանգեզուրցիին՝ լինել արի, պաշտպանել իր իրաւունքը եւ կռւել ազգի ազատագրութեան ու իր կեանքի, պատւի ու ինչքի պաշտպանութեան համար: Ահա՛ միակ ուղին ամէն մի պարտաճանաչ հայու. կեցցե՛ն այդ պարտաճանաչ կռւողները»:
Հուռռաներով եւ որոտընդոստ ծափահարութիւններով ժողովուրդը ճանապարհ դրեց սիրած հերոսին, որ իր հեծելազօրքով սրնթաց յառաջացաւ դէպի խճուղին՝ առջեւից ծածանեցնելով նոր ստացած կարմիր դրօշակը...
Մութն
ընկել էր արդէն, երբ հասանք Տեղ մեծ գիւղը, որի գրեթէ բոլոր տներն ու մարագները լեցուն
էին արշաւանքին մասնակցող զինւորներով: Չորս հարիւր ղարաբաղցիներից եւ գանձակեցիներից
բաղկացած զօրամասն էլ տեղաւորւեց խճուղուն կից երեք-չորս մարագներում:
կը շարունակուի...
Դ. Տարի, Թիւ 5