27 January, 2024

Արամն Ու Իր Ընկերները

Ձախէն աջ՝ Իսաջան Առաքելեան, Վանայ Իշխան (Նիկոլ Տէր Պօղոսսեան), Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննէսեաան), Կոստի (Կոստեայ Համբարձումեան, Թորգոմ (Թուման Թումեանց), Մենակ (Գէորգ Առստամեան)

Արամի աւագ եղբայրները, պարապում էին զանազան գործերով. մէկը նրանցից ծառայ էր ռէալական դպրոցում, միւսը ձիեր էր պահում եւ վարձով տալիս. չնայած իրենց աննախանձելի նիւթական դրութեան՝ եղբայրները Սարգսին (Արամի իսկական անունը) տալիս են Շուշիի թեմական դպրոցը: Սարգիսը աչքաբաց էր, նա թէ դպրոց էր յաճախում եւ թէ տանը ծառայում, կատարելով զանազան տնային գործեր: 

Ծանրաբեռնուած լինելով տնային աշխատանքներով մինչեւ չորրորդ դասարան դպրոցում աչքի չէր ընկնում: Բայց շուտով դրութիւնը փոխւում է: Աշակերտութեան մէջ սկսւում է մի արտակարգ շարժում, կազմակերպւում են խմբակներ, տրւում են ներկայացումներ եւ Սարգիսն անճանաչելի է դառնում: Իսկոյն ի յայտ է բերում նա իր կազմակերպական ընդունակութիւնները. նա ոչ միայն դառնում է իր դասարանի խմբակի աչքի ընկնող անդամներից մէկը, այլ եւ ինքը ստորին դասարանցիներից խմբակներ է կազմում եւ պարապում նրանց հետ: Այդ խմբակները կուսակցական բնոյթ չունէին. նրանց գլխաւոր նպատակն էր զարգացում ձեռք բերել:

Թեմական դպրոցի ուսուցչական խումբն այդ ժամանակ չափազանց խղճալի էր. նա ըստ մեծի մասին բաղկացած էր թեմականաւարտներից կամ ճեմարանաւարտներից եւ այդ դեռ բաւական չէ, չնչին բացառութեամբ կղերականներ էին, ֆարաջաւոր թէ պիճակաւոր, գլուխ ունենալով կղերականութեան յայտնի գաղափարախօս Արշակ Տէր Միքէլեանին: Աշակերտութիւնը շատ դժգոհ էր ուսուցիչներից եւ իր հոգեկան ու մտաւոր պահանջների բաւարարութիւնը ստանում էր դպրոցի պատերից դուրս՝ աշակերտական այդ խմբակներում: Ուսուցչական խմբի մէջ կար մի անձնաւորութիւն միայն, որին աշակերտութիւնը հաւատ էր ընծայում, այդ Արշակ Չիլինգարեանն էր. նա կոչումով մանկավարժ էր եւ ուսուցչութիւնը միայն դաս տալու մէջ չէր գտնում, նա լինում էր յաճախ խմբակներում, խօսում, ոգեւորում էր աշակերտներին, ճանապարհներ էր ցոյց տալիս ինքնակրթութիւնն ու զարգացումն առաջ տանելու համար: Յաճախ կազմակերպում էր նա նաեւ էքսկուրսիաներ դէպի շրջակայ գիւղերը եւ գործնականապէս ցոյց տալիս, թէ ինչպէս պէտք է ուսումնասիրել ժողովրդի կեանքը եւ նիստն ու կացը. նա ժողովրդասէր էր եւ ամենքի մէջ ներշնչում էր ժողովրդասիրութիւն: Առանձնապէս կապւած էր Չիլինկարեանի հետ Սարգիսը, նա շատ յաճախ էր լինում նրա մօտ եւ միշտ Սարգսի հետ էր Չիլինկարեանը գնում այս կամ այն խմբակը խօսելու կամ ոգւեորելու: Պէտք է ասել, որ Չիլինկարեանի ազդեցութիւնը շատ մեծ էր Սարգսի վրայ եւ Սարգիսը շատ բաներով էր պարտական նրան: Աշակերտական խմբակների աշխատանքը կանոնաւոր եւ ինտենսիւ կերպով առաջ էր գնում. վերջը աշակերտութիւնը կարիք զգաց մի օրգանի. Հիմնւեց «Կոկոն» ամսագիրը: Դա մի հաստ ամսագիր էր, բազմազան բաժիններով: Գիտութիւնը, հրապարակախօսութիւնը, պատմութիւնը, քննադատութիւնը, բելլետրիստիկան, բանաստեղծութիւնը, նկարչութիւնը եւ երաժշտութիւնը բոլորն էլ տեղ ունէին «Կոկոնի» մէջ: Նրա խմբագրական մարմնի նախագահն էր Թուման ԹՈւմեանը (Թորգոմ), որն արդէն աւարտել էր դպրոցը: «Կոկոնը» լուրջ ամսագրի տպաւորութիւն էր թողնում դրական ճաշակ ունեցող ընթերցողներից շատերն այն կարծիքն էին յայտնում, թէ «Կոկոնը» ամենայն իրաւունքով կարող է մրցել տպագրւող ամսաթերթերի հետ:

«Կոկոնին» աշխատակցում էր եւ Սարգիսը. նա գրում էր քննադատականներ եւ նա քննադատում էր ոչ թէ մեր յայտնի գրական դէմքերը կամ գործերը, այլ «Կոկոնի» սկսնակ գրողներին: Նրա քննադատականները կարդացւում էին մեծ հետաքրքրականութեամբ:

Անհամբերութեամբ սպասում էին նրա գնահատման մանաւանդ «Կոկոնի» աշխատակիցները: Իր քննադատականների մէջ Սարգիսը երեւան է հանում գրական հոտառութիւն, ըմբռնողութիւն եւ ճաշակ: Սա խիստ չէր իր գնահատումների մէջ, բայց եւ հեռու էր շռայլ գովաբանութիւնից. նա թէպէտք ինքն էլ սկսնակ էր, բայց փափկանկատ էր դէպի սկսնակները. այդտեղ իսկ երեւում էր նրա կազմակերպչական շնորքը: «Կոկոնին» աշխատակցում էին Արսէն Տէրտէրեանը, Ալեքսանդր Ծատուրեանը (Ալէքսանդր Ռուբէնին), Սիմէօն Նարինեանց եւ այլն, որոնք այսօր էլ շարունակում են իրենց գրական գործունէութիւնը աւելի հասուն ու առնականօրէն: «Կոկոնի» աշխատակիցների մէջ, սակայն կային մի շարք անուններ, որոնք այլեւս չկան, բայց որոնց մենք այսօր Սարսի մասին խօսելիս չեն կարող չյիշել. այդ անուններն են՝ Թուման Թումեան, Իսաջան Առաքելեան, Գէորգ Առստամեան, Իշխան եւ Հայրապետ Մուսայէլեան: Սրանցից իւրաքանչիւրն ունի մի հերոսական պատմութիւն: Թուման Թումեանը (Թորգոմ) դպրոցն աւարտելուց յետոյ զինւորական ծառայութեան է մտնում եւ պահեստի սպայի կոչում ստանում. նա մի կարճահասակ, նիհար, ջլուտ երիտասարդ էր, ֆիզիքապէս թոյլ, բայց հոգեպէս խրոխտ ու անվեհեր, բնաւորութեամբ շիտակ ու անկեղծ, վերին աստիճանը ընկերական, շնորհալի հռետոր եւ կազմակերպական աչքի զգայուն հոգին նրան ուղղում դէպի սահմանից այն կողմը տառապող հայութեան գիրկը. նա կազմակերպում է մի խումբ եւ փորձում զինւած անցնել սահմանը, սակայն դժբաղդաբար այդ նրան չի յաջողւում եւ սահմանի վրայ սահմանապահ կոզակները ամենատմարդօրէն սպանում են նրան ու նրա խմբի անդամներից մեծ մասին: Իսաջան Առաքելեանը նոյնպէս փոքրահասակ, ու նիհար մի երիտասարդ էր, աշակերտական շրջանում պատմաբանի հռչակ էր վայելում, ունէր արտակարգ յիշողութիւն եւ էականը երկրորդականից տարբերելու մեծ ընդունակութիւն:

Ամենքիս կարծիքն էր, որ նա ապագայում պէտք է դառնայ աչքի ընկնող պատմաբան. բայց նա էլ դպրոցն աւարտելուց յետոյ Թորոգմի նման իր հայեացքն ուղղում է դէպի սահմանի միւս կողմը եւ մի օր մենք լսում ենք, որ Իսաջանը սպանւել է Կարսում ռումբեր պատրաստելու ժամանակ: Գէորգ Առստամեանը գիրուկ էր մարմնով, առողջադէմ, վերին աստիճանի կայտառ, ժիր, զբաղեցնող. օժտւած էր հռետորական ձիրքով, եւ «Կոկոնի» մէջ գրում էր հրապարակախօսական յօդւածներ եւ չնայած նրան, որ ունեւոր էր եւ կաորղ էր շարունակել իր ւոսումը, բայց իր ընկերներից յետ չմնաց, նա էլ գնաց տանջանքի ու տառապանքի աշխարհը՝ խաչը ուսին: Շատ չանցաւ, լսեցինք, որ նա եւս նահատակւել է: Այնուհետեւ գալիս են Իշխանը եւ Հայրապետ Մուսայէլեանը, որոնք կրտսերներից էին: Իշխանը կրակոտ, խնդավառ, զինւորական իր էութեամբ, Հայրապետը սառը, լրջմիտ եւ գիտնական: Իշխանը դպրոցն աւարտելուց յետոյ հետեւում է իր աւագ ընկերներին, գնում է Վան եւ դառնում Վանի աչքի ընկնող հասարակական գործիչներից մէկը. շրջանի զինւորական ամբողջ կազմակերպութիւնը նա է առաջ բերում եւ երեւան հանում զինւորականի մեծ շնորհք: Հայրապետ գնում է արտասահման զինւելու գիտական էրուդիցիայով, որպէսզի աւելի պատրաստւած ծառայի իր ժողովրդին: Եւ վերադառնում է այնտեղից գիտնականին վայել պատրաստութեամբ, խոնարհութեամբ եւ համեստութեամբ: Հայրապետն իր գործունէութեան ասպարէզ է ընտրում դպրոցն ու գրականութիւնը: Բայց թէ մէկը եւ թէ միւսը երկար կեանք չեն ունենում: Իշխանին սպանում են սուլթանի վարձկանները պատերազմի սկբնական շրջանում. իսկ Հայրապետը մեռնում է բծաւոր տիֆից ներկայ ծանր տագնապալից օրերում, երբ նրա նման գործիչների կարիքն այնքան զգալի է:

Այդ շրջանին է պատկանում նաեւ Կոստիան: Նա ռէալական դպրոցի աշակերտ էր, բայց շատ մօտ թեմականի աշակերտութեան, առանձնապէս Սարգսի: Կոստիան միջահասակ էր, ոսկրոտ, լայն թիկունքով, ժիր, սրախօս, կատակաբան, ձեռներէց, սուր յիշողութեամբ, վերին աստիճանի ժողովրդասէր, եւ յանդուգն իր ձեռնարկների մէջ: Կոստիան եւս բազմատանջ տաճկահայի դատին էր նւիրաբերել իրեն, քանիցս նա անցել էր Տաճկաստան խոշոր ձեռնարկներով եւ վերջն էլ նահատակւեց այդ ժողվորդի հետ:

Ահա այդ շրջանում է անցկացնում Սարգիսը իր դպրոցական կեանքը եւ զարմանալի չէ, որ նա էլ նետւում է դժոխքի աշխարհը՝ Տաճկաստանը: Այդ շրջանից մնացել էր միայն Սարգիսը եւ այսօր անագորոյն մահը նրան եւս քաշեց յաւիտենականութեան գիրկը. նա նոյնպէս չկաորղացաւ տեսնել Հայաստանի ազատագրումը, այն ինչին ձգտում էր նա եւ ինչի համար զոհւեցին նրա ընկերները: Նրանք չտեսան այդ ազատագրումը, բայց թող ազտ Հայաստանը չմոռնար նրանց յիշատակը:

Նիկ. Սարգսեան
«Յառաջ», Թիֆլիս
Կիրակի, 23 Փետրւարի 1919
Առաջին Տարի, Թիւ 35