14 October, 2021

Զինակիր Խմբի Կռիւը

Հոկտեմբերի 13-ին Սալմաստի Ս... գիւղից ճանապարհւեց դէպի երկիր մի ձիաւոր զինակիր խումբ, յայտնի Փոխիկի խմբապետութեամբ: Խումբը բաղկացած էր 15 հոգուց: Պետօյի, Վարդանի և Խանասօրի արշաւանքի ժամանակներից մնացած հայդուկներ էին, որոնք երկար տարիներից ի վեր բնակւում էին Սալմաստում և որոնց գործունէութեան շրջանը Սալմաստն էր իր շրջապատի լեռներով:

Սասունի հերոսական կռիւները, երկրի մէջ տառապող ժողովրդի լացն ու կոծը, ընկերների օգնութեան կոչերը, չէին կարող չ'ազդել կռիւների սովոր հայդուկների վրայ:

Ֆէդայու մարտասէր ոգին նոր թափով և եռանդով յարութիւն առաւ նրանց սրտերում, և նրանք շարունակ դիմումներ էին անում՝ իրենց երկիր ուղարկելու, որպէս զի իրենք էլ հայրենիքի Ազատութեան գոնէ իրենց մասը տան:

Երբ խումբը կազմ և պատրաստ էր, տեղական ներկայացուցիչը համառօտակի յիշեցրեց տղաներին, թէ ինչի՛ համար են նրանք գնում, ի՛նչ պարտք ունին կատարելու և ապա աջողութիւն ու բարի ճանապարհ մաղթեց:

Հետեւեալ օրը խումբը հասնում է Կօթուրի մօտերը, սահմանագլխից երկու ժամւայ ճանապարհ դէպի ներս. տղաները շտապում են, բայց չեն կարողանում հասնել որոշւած դիրքերը, և յանկարծ տեսնում են, որ ձորի մէջ շրջապատւած են թշնամուց: Անարգ մատնութիւնը արդէն լարել էր իր որոգայթը: Խումբը նախօրօք մատնւած էր, և կռիւը անխուսափելի էր:

Մամադ բէկ և Սադըմ բէկ ցեղապետները շրջապատում են ձորը, տղաները հազիւ հազ կարողանում են իրենց ձգել դիրքերը: Հաւարտը բարձրանում է, հետըզհետէ թշնամու թիւը ստուարանում: Մինչև կէսօր տղաները կռւում են կատաղաար, մեծ ոգևորութեամբ, բայց երբ կէսօրւայ մօտերին հասնում է զօրքը (մէկ թաբուր), գալիս են այլ ցեղապետներ իրենց կռւողներով, Պարսկաստանի Կօթուրի քրդերը և թշնամու թիւը անցնում է 2000-ից, այն ժամանակ մերոնք նկատում են, որ այլևս ոչ մի յոյս չունին ոևէ կերպ իրենց կեանքը փրկելու. որոշում են մինչև վերջին շունչը կռւել անհամեմատ ուժի դէմ: Կէսօրը անցնում է. տղաներից ոմանք ընկնում են, խմբի ուժը հետզհետէ նւազում է: Արևը մայր մտնելու միջոցին քրդերը միահամուռ ուժով յարձակում են գործում, և տղաները ամբողջ օրը կռւած, թուլացած, վերջին ուժով կրակ են թափում թշնամու վրայ և ընկնում իրենց բռնած անյարմար դիրքերում. ընկնում են քաջին յատուկ մահով, երբէք թիկունք չդարձնելով թշնամուն, ընկնում են կռւելով Հայրենիքի համար, Ազատութեան համար:

Պատմում են շէկ մազերով, կարճահասակ մի ֆէդայու մասին (Մահլամում ապրող Յակովբն է), որ այդպիսի կռւող երբէք չեն տեսել քրդերն ու զօրքերը: Րոպէապէս դիրքից դիրք փոխւելով, դիմադրում է բազմաթիւ մարդկանց, պաշտպանում է ընկերների դիրքերը: Խմբի վալադ քիւրդ Մստօն վիրաւոր ընկնում է իր դիրքում. նա հաւաքում է իր վերջին ուժերը՝ կռւողին վայել հպարտութեամբ հրացանը ջարդ ու փշուր է անում, որպէսզի իր պաշտելի կրակ ու բոց արձակող ընկերը ողջ-ողջ թշնամու ձեռքը չ'անցնի: Մստօյին ռնում են կենդանի. ինչպէս պատմում են, նա միայն ասում է «խնայեցէք ինձ»: Բայց որովհետև նրա շրթունքները ոչ մի խոստովանք չեն արտասանում ջան-ֆիդայիների մասին, հանում են նրա ատամները, կտրում են գլուխը և այդօրինակ տանջանքներով նահատակում յեղափոխական քիւրդ վալադին:

Թշնամուց սպանւել են 37 հոգի, վիրաւորւել՝ 18:

Յարգանք և փառք ձեզ, անվեհեր քաջեր, սիրելի ընկերներ...

«Դրօշակ» - Ապրիլ 1905
Թիւ 4 (157)