«Եզակի անհատ», «ուխտւածը», «սքանչելի մարդ», «անվեհեր մարտիկ», «գործի մարդ», «անկեղծ ու ազնիւ», այսպէս է բնորոշւում Սիմօնը այն բազմաթիւ յօդւածներում, որ հրատարակեց «Հորիզոնը» նրա մահւան առթիւ: Հիացումի ու պաշտամունքի խօսքեր էին, որ տեղացին դէպի Թիֆլիս աշխարհի չորս ծայրից: Եւ հակառակ բռնապետական կարգերի՝ հայ աշխատաւոր ժողովուրդը անօրինակ հանդէսներով դէպի գերեզման առաջնորդեց իր սիրեցեալ զաւակին...
Այսօր այլեւս չկան հին բռնութիւնները, Սիմօնի բաղձացեալ ազատութիւնը իրողութիւն է դարձել եւ կարելի է առանց երկուղի, անկաշկանդ զգացումներով ասել այն խօսքը, որ շղթայւած էր ցարիզմի իշխանութեան տակ: Եւ հայ աշխատաւորութիւնը կը փութայ թափօրներով ու սգահանդէսներով արտայայտելու իր անխարդախ սէրը դէպի հայ ազատագրական պայքարի ամենահոյակապ դէմքերից մէկը:
Սիմօն Զաւարեան... Ո՛չ մի հնարաւորութիւն չկայ, գոնէ մօտաւոր ամբողջութեամբ, այս յօդուածում պատկերացնել նրա կեանքն ու գործունէութիւնը: Այնքան բազմակողմանի է նա ու բեղմնաւոր: ԱՅնքան յուզումնալից է նրա կեանքը եւ հարուստ երանգներով:
Սիմօնը ծնւել է 1867 թւին Լոռու Այգեհատ գիւղում: Իր կրթութիւնն սկսւել է նոյն գիւղում՝ մօր խնամատարութեան տակ: Աւարտել է Թիֆլիսի ռէալական դպրոցը և ապա՝ Մոսկւայի Պետրովսկայա համբաւաւոր ճեմարանը: Թէ միջնակարգ և թէ բարձրագոյն վարժարանում նա աչքի է ընկել իր ընդունակութիւններով և ազնիւ սրտով: Նրան հաւասարապէս սիրում էին և ընկերները և ուսուցիչները:
Կովկաս վերադառնալով՝ նա նւիրւում է գիւղատնտեսական և հասարակական գործունէութեան, ուսումնասիրում է երկիրը, ժողովրդի տնտեսութիւնը և դառնում է ԿՈվկասի Գիւղատնտեսական ընկերութեան ամենագործօն անդամներից մէկը:
Աշակերտական նստարանից սկսած Սիմօնը ջերմ հետաքրքրութիւն էր ցոյց տալիս դէպի հասարակական գործերը: Դեռ աշակերտ՝ նա մասնակցել է յեղափոխական խմբերին, ազդւել է ռուսական նորոդնիկներից և Ածրունու ու Ռաֆֆու շրջանից: Ուսանողական տարիներին նա աւելի է մօտենում ռուս յեղափոխութեան, և երբ վերադառնում է Կովկաս, արդէն կազմակերպւած աշխարհայեացքի տէր անհատ էր՝ պատրաստ գործելու և զոհւելու իր սիրած ժողովրդի համար:
Կովկասում սկսւում է նրա անգնահատելի դերը հայ յեղափոխական շարժման մէջ: Հ. Յ. Դաշնակցութեան առաջին քայլերը համակւում են նրա շնչով ու մտքով. Դաշնակցութեան առաջին ծրագիրը արդիւնք է նրա ու Ռոստոմի միացեալ մտայղացումներին: Դաշնակցութիւնը նրան է պարտական իր իդէալիզմի, իր անսպառ եռանդի ու լաւատեսութեան խոշոր մասով: Սիմօն, Քրիստափոր ու Ռոստոմ – ահա այն երրորդութիւնը, որոնց ուսերի վրայ է առաջացել Դաշնակցութիւնը:
Սիմօնի կեանքը – դա Դաշնակցութեան կեանքն է: Արտասահման, Ռուսաստան, Կովկաս, Տաճկա-Հայաստան, Պոլիս, Կիլիկիա – բոլոր վայրերում հնչել է նրա ոգեշունչ խօսքը և ամեն տեղ նա թափանցել է իրերի խորքը, ուսումնասիրել գիտնականի լրջութեամբ և իր եզրակացութիւնները հանել է միայն կեանքի փաստերից: Կիլիկիայում նա պտտեց համիդեան ռեժիմի ամենամռայլ օրերին, անցաւ գիւղ ու քաղաք և անսպառ նիւթ հաւաքեց այդ երկրի ուսումնասիրութեան համար:
Նա իր հինգ մատի պէս ճանաչում էր Կովկասը, նրա տնտեսական, ազգագրական և տեղագրական պայմանները: Նրա հաւաքած նիւթերն ու կատարած հետազօտութիւնները այսօր էլ շատ հարցերի վերաբերմամբ եզակի են և միակ աղբիւրը, որից կարող է օգտւել մեր կեանքն ուսումնասիրողը:
Հապա Տաճկա-Հայաստանը...
Մուշն ու Սասունը նրա ներշնչումների անսպառ աղբիւրն էին: Մանկան պէս տարւել էր նա պարզունակ
սասունցիով, իր ամբողջ յոյզերն և ապրումները նրան էր նւիրել: Եւ այն ժամանակ, երբ ուրիշները
փարթամ քաղաքներում հանգիստ կեանք էին որոնում, նա՝ աղքատիկ – ընդամենը վեց ոսկի
ամսական – Մշում դպրոցական տեսչի պաշտօն էր վարում և հետիոտն պտտելով դաշտի ու լեռների
գիւղերը՝ խաւար ու բախտահալած ժողովրդին լաւագոյն ապրելաձևեր էր սովորեցնում, վառ ապագայի
յոյսերով ոգևորում... Եւ սակայն գտնւեցին մարդիկ,– նրանք այսօր նրան «ընկեր» անւանելը
իրենց համար պատիւ են համարում,– որոնք ցեխ շպրտեցին նրա վրայ և լպրծուն բամբասանքով
ու քսու ամբաստանութիւններով աշխատեցին վարկաբեկել նրա անբիծ անունը հանրութեան աչքին:
Կեանքի վերջին տարին Սիմօնը Պոլսումն էր: Յոգնած և ուժասպառ՝ նա չէր ընկճւում ձախորդութիւններից: Նա շարունակում էր իր ճգնաւորի կեանքը: Հարւածում էր կեղծիքն ու մեծամտութիւնը: Դատապարտում էր եսն ու շռայլութիւնը: Հասարակական գործչից պահանջում էր իդէալիզմ ու անձնւիրութիւն: Եւ ինքն արդէն համակ զոհողութիւն էր: Բիւրեղի պէս մաքուր իր զգացումներով, հազւագիւտ սրտի տէր՝ նա լոյս ու ջերմութիւն էր տարածում իր շրջապատում: Նա վառւում էր մոմի պէս, և բոլորի աչքի առջև այրւեց, վերջացաւ:
Նրա յանկարծական մահը սրտի պայթիւնից – 1913 թ. հոկտեմբեր 14-ին, երբ Պոլսի Համալ-Բաշի փողոցով բարձրանում էր դէպի «Ազատամարտի» խմբագրատուն- շանթի պէս հարւածեց բոլորին: Նրա մահը մի աղէտ համարւեց մեր կեանքի համար՝ որ համատարած սգի մէջ ձգեց հայ ժողովուրդը: Եւ չգտնւեց մի անկիւն, որ նրա յիշատակը չյաւերժացնէր, որ իր արցունքի կաթիլը չխառնէր ընդհանուրի լացին:
Այսօր, ազատութեան ու վախի այս օրերին, Սիմօն Զաւարեանի իդէալիստ ոգիին առանձնապէս մեծ կարօտն ունինք ամենքս և ջերմութեամբ կենդանացնում ենք նրա պայծառ յիշատակը մեր սրտերում: ինչպէս առաջ, այսօր էլ նա շարունակում է մեզ համար մնալ առատ աղբիւրը կենդանի ներշնչումների: