01 December, 2021

Յակոբ Վարդանեան. Ճարտար, Մուրադ Խան

Սալնոյ Ձոր կրկին ցաւալի կորուստ մը ունեցաւ քաջարի Յակոբի նահատակութեամբ: Այդ երկիրը, հակառակ տաճիկ կառավարութեան բարբարոս և խժդժալի հալածանքներուն, միշտ ունեցաւ իր քաջարի զաւակները, որոնք դիւցազնական կռիւներով հայ յեղափոխութեան վարկը միշտ բարձր պահեցին և տեղական ժողովրդեան ամէն խաւերու մէջ յեղափոխական գաղափարը տարածեցին: 

Յակոբ մինն էր այդ հերոսներէն, և երբ մանրամասն աչքի առջև բերւի իր յեղափոխութեան համար ըրած ծառայութիւններն ու զոհողութիւններն, իր 45 տարեկան հասակին մէջ յեղափոխական խանդն ու աւիւնը, չի կարելի յարգանքով չի յիշել իր անունը և չդասել զինքը այն ազնիւ անձերու կարգը, որոնք ժողովրդեան ծոցէն կ'ելնեն, անոր ծոցին մէջ կ'ապրին և հոն կը զոհեն իրենց կեանքը՝ իրենց նամուսը պաշտպանելու և իրենց ազգը ազատելու միակ սևեռուն գաղափարով, առանց ուսման և գիտութեան նշոյլն իսկ ունենալու:

Ութը տարիներէ իվեր Յակոբ կը գործէր հայ յեղափոխական Դաշնակցութեան դրօշակին տակ, թէ զինւոր էր, թէ սուրհանդակ և թէ կազմակերպող: Սասնոյ կռիւներէն վերջ, երբ Թաթուլ .......................... Յակոբն էր որ ուղևորական պարկը շալակը, բեռնաւորւած թերթերով և նամակներով՝ առանձինն կը վազէր հոս և հոն և յուսահատ ժողովրդեան յոյս ու հաւատք կը ներշնչէր: Բաղէշէն-Կարին, Կարինէն-Բագրևանդ-Տարօն, Խնուս, սահմանի կօմիտէներ ամէնքը զինքը կը ճանչնային և կը գնահատէին իբրև անձնուրաց թանկագին ընկեր:

1897-ին իր խմբապետութեամբ 66 հայդուկներով անցաւ Խլաթ և հոն Նէմրութի գլուխը յանձնեց զէնքերն Աղբիւրի և Գուրգէնի: Նոյն րոպէին ներկայ եղող ընկեր զինւորներն մինչև հիմա իսկ եռանդալիր խանդաղատանքով կը յիշեն հայկական այդ զինահանդէսն, ուր Յակոբի և Աղբիւրի, այդ երկու հօրեղբօրորդիներու խումբերն, Գուրգէնի խումբին հետ հրացանի որոտներով զիրար ողջունեցին և ընկերական տաք համբոյրներով զիրար ողջագուրեցին:

1898-ին դարձեալ Յակոբն էր, որ 66 զինւորներով անցաւ նոյն գծով, և «Դրօշակ»-ի համարները կարդացողներն անշուշտ կը յիշեն այն դիւցազնական կռիւը, զոր մղեց այդ խումբը՝ Այնթափի դաշտէն մինչև Խլաթ: Ճարտար հոտ կորսնցուց իր միակ եղբայրը և պատերազմի տաք միջոցին իր այդ կորուստով կ'ոգևորէր իր ընկերները՝ չվախնալ մեռնելէ և կռւիլ ցմահ:

98-էն վերջ նա մնաց Խլաթ: Բոլոր ժողովուրդը զինքը կը սիրէր և կը յարգէր: Աղբիւրի մահը թէև պահ մը ընկճեց զինքը, սակայն յեղափոխական գաղափարով ոգևորուած Մուրատ-Խանը, անկարելի էր որ վհատէր, նոր թափով տարաւ.... այն ներքին չարիքները, որ գործի յառաջացման արգելք կը լինէին: Ահա այդ թափին մէջ էր որ նոյեմբերին Ջրհոր գիւղը, առանձինն պաշարւած քիւրդերու և զինւորներու վոհմակէ մը, մեռաւ իբրև քաջ հայդուկ՝ 4 զինւոր սպաննելէ վերջ:

Աղբիւրի ընտանիքը Յակոբի մահով տօնեց Աղբիւրի, անոր եղբայր ռէս Մխօյի և Աղբիւրի որդի Յակոբի նահատակութեան տարեդարձը: Ահա ընտանիք մը արժանի ամէն յարգանքի և պաշտման: Երանի՜ այդ ընտանիքի մայրերուն, որ այդպիսի հերոսներ կը ծնին, և փա՜ռք այն ժողովրդեան, որ այսպիսի ընտանիքներ կը սնուցանէ իր ծոցին մէջ:

«Դրօշակ» - Օգոստոս 1901
Թիւ 6 (117)