Չէ կարելի միաժամանակ վատ մարդ, բայց և այնպէս լաւ Հայ լինել: Անկարելի է անհատի համար, առանց կեղծիքի անձնական կեանքում նիւթակրօն, իսկ ազգային գործերում գաղափարապաշտ լինել: Նա, որ իրեն զգում է որպէս «ժամանակաւոր շունչ և կենդանութիւն առած մեքենայ», չէ կարող հասարակական ասպարէզում երևան գալ որպէս կենդանի հոգեկանութիւն: Նա, որ որպէս մարդ իտէալականացնում է նիւթն ու նրանից բխող բաւականութիւնները, որ կեանքի նպատակը համարում է կրաւորական հաճոյքները, որպէս Հայ չէ կարող լինել անձնւէր, արի, հայրենապաշտ:
***
Նախ մա՛րդ: Դա նշանակում է զգալ իր հոգու մէջ ներկայութիւնը որևէ բարձր բարոյական իտէալի: Դա նշանակում է իր էութեան մէջ զգալ անվերջ բոցավառումն այդ իտէալի սրբազան կրակի:
Իտէա՛լ եւ աննւազ ձգտում է դէպի այդ վերջինը,– ահա թէ ի՛նչն է մեզ իրաւունք տալիս մարդ կոչւելու:
Կենդանի արև՛, որ այրում է ներքուստ և լուսաւորում է ու ջերմացնում իր հոգևոր շրջապատը:
Այդ դէպքում միայն մարդս դադարում է մնալ այն տխուր արարածը, որի ճակտին ծանօթ բարոյագէտի զայրոյթը «կենդանի դիակ» անունն է դրօշմել:
Նազովրեցին կուսուցանէր, թէ մարդուս մէջ ապրող հոգին աւելի արժէ քան ողջ աշխարհը:
Նոյնը,– գեղեցկագոյն բանն այս աշխարհում նկարագիրն է, վսեմ ու ազնւական:
Իտէալ, իտէալապաշտութիւն,– դա միակ միջոցն է, որի շնորհիւ տգեղ ու տկար հոգիներն ու նկարագրերը կը գեղեցկանան, կը բարձրանան, կը փարթամանան:
Անիմաստ ու դատապարտելի է մարդկային կեանքը, եթէ դա ծառայութիւնը չէ իտէալի, կատարումը բարոյական պարտականութեանց:
«Երկու բան լցնում է իմ հոգին միշտ նոր հիացումով ու յարգանքով – աստղալից երկինքը՝ գլխիս վերև, բարոյական օրէնքը՝ սրտիս մէջ», ասել է մեծ իմաստասէրը:
Նոյնը,– «Վարւիր այնպէս, որ կարողանաս ասել ամեն մէկին՝ վարւիր ինձ պէս»:
Եղիր իտէալիստ, երիտասա՛րդ ընթերցող, քանզի նիւթապաշտը դառնում է մարդ-մեքենայ, կոկորդ ու ստամոքս միայն. իսկ նմանը և՛ ապրում է, և՛ չի ապրում, իսկ նմանը աւելի անասուն է քան մարդ:
Եղիր իտէալի ընդունակ և բաւական մի համարիր իմացականութեամբ զարգացումը, որ առանց սրտի կրթութեան, աշխարհի չարիքները մեղմացնելու փոխարէն, աճեցնում է յաճախ:
Եղիր ընդունակ՝ ինքնանորոգումի ճամբով սատար հանդիսանալ հասարակութեան բարոյական վերանորոգումին, խորապէս գիտակցելով, թէ միակ մարդը, որին կարող ես բարձրացնել – դու ինքդ ես: Սկսիր քեզնից: Եւ իմաստունի հարցին, թէ «ի՞նչ կուզէիր լինել կեանքում,– յանուն ճշմարտութեան թոյնի բաժակը դատարկելու դատապարտւած Սոկրա՞տը, թէ ճշմարտութիւնից դուրս ապրող խոզաբարոյ մի էակ»,– դու պատասխանիր՝ առաջինը:
Արտաքին երջանկութիւնը, զոր խելագարօրէն կը փնտռեն այն բոլորը, որոնց կեանքի նպատակը հաճոյքներն են և ոչ բարոյական պարտականութիւնների կատարումը – խաբուսիկ երջանկութիւն է, որ չը պէտք է լինի առարկան քո ձգտումների: Դու պիտի չճանաչես երջանիկ լինելու մի այլ միջոց, քան ցեղիդ և նմաններիդ համար աշխատելն ու տառապելը:
Քո երջանկութիւնը – ծնունդ իմաստութեան – պիտի լինի յանուն ցեղային իտէալի զոհաբերւողների գերագոյն երջանկութիւնը, քանզի մարդս տէրն է միայն իր զոհաբերածի և դա է միայն նրա արժէքը, և ոչ թէ այն կարողութիւնները, որոնցից իրենից զատ ոչ ոք է օգտւում:
Քեզնից դուրս չկայ և պիտի չը փնտռես երջանկութիւն:
Փնտռածդ երջանկատու ըղձանոյշը ապրում է մի խորհրդաւոր դղեակում, – որ քո սիրտն է, բաժանելով հարեւանութիւնը խիղճ կոչւած աստւածութեան:
Քո երջանկութիւնը պիտի լինի ծառայել ժողովրդի երջանկութեան: Իսկ դա նշանակում է, որ նա պիտի թողնի փողոցն իր բազմապիսի հրապոյրներով: Նա պիտի յետ մղէ այն բոլոր նիւթակրօն և անասնացուցիչ վարդապետութիւնները, որոնք տկարացնում են մեզ որպէս հայ մարդ:
Իսկ դա նշանակում է, որ դու պիտի չնմանւես այն սերունդներին, որոնք կորչել են առանց ազգային օգտակարութեան, ինչպէս խոռոչներում ընկած արևի ճարագայթը: Որոնք գոյութիւն են ունեցել, բայց չեն ապրել: Որոնք չեն թողել մի բան, որ ապրէր իրենցից յետոյ:
Դու բարոյապէս ազատ չես՝ դառնալու սերունդը անասնօրէն երջանիկ դատարկապորտների, որովհետև և ոչ մի ժամանակ քո ժողովրդի գոյութիւնն այնքան լուրջ կերպով վտանգւած չէ եղել, որքան այսօր: Ինչպէս և երբեք քո ժողովուրդը այնքան հրամայողաբար չէ զգացել կարիքը մի ուխտւած և հերոսական սերնդի:
Եղել են սերունդներ, որոնք իրենց կեանքը, վատնել են խաբէական «կրկներևոյթների» կամ «թիթեռնիկների» յետևից վազելով:
Ահա թէ ինչո՛ւ եմ ասում քեզ, վերցրու խաչդ և հետևիր ինձ: Այո՛, քո սերունդը պիտի լինի խաչակիր: Իսկ այդպիսին դառնալու համար, պէտք է որ քո ամեն մի օրը լինի ճերմակ քարով նշանակելի օր: Պէտք է որ քո կեանքը լինի բարոյական լրջութիւն, գրաւչութիւն և առողջութիւն: Իսկ այդպիսին լինելու համար՝ ապրի՛ր չմեռնելու, մեռի՛ր ապրելու համար: Կեանք նւիրիր բաների, որ չեն մեռնում:
***
Կուզէի, որ դու, հայ երիտասարդ, իւրացնէիր ինքնաճանաչութիւնը՝ որպէս ոյժի, յաղթանակի և բարձր երջանկութեան ամենակարճ և ամենաստոյգ ճամբան:
Ծանի՛ր զքեզ:
Գիտցիր,– ասում է այդ պատգամը, գիտցի՛ր, որ մարդս գաճաճ է իր ներքին հսկայի բաղդատմամբ:
Ծանի՛ր զքեզ:
Կուզէի որ իմաստասիրական այդ հրամայականը քանդակւած լինէր մեր դպրոցական շէնքերի ճակտին, ապա և մեր աշակերտութեան ուղեղի մէջ:
Այն ողորմելիօրէն տկար էակը չէ մարդը, որպիսին ճգնում է զայն ներկայացնել նիւթապաշտական կարճատես գիտութիւնը: Նա գրեթէ ամենակարող է, երբ գիտակցում է, թէ իր մէջ թաքուն ուժերի մի ամբողջ ծով կայ, որից ազատօրէն օգտւում է ինքնաճանաչ անհատը:
Դու աւելի ուժեղ ես, քան կարող ես երևակայել և զգալ քեզ:
Դու օժտւած ես անսպառ հոգեկան ուժերով, որոնց մեծագոյն մասը, անինքնաճանաչութեան հետևանքով շարունակում է մնալ քնած վիճակի մէջ և անօգտագործելի:
Ինքնաճանաչ լինել – ասել է՝ կարող լինել ցանկացած վայրկեանին գործի դնել այն բոլոր ուժերը, որոնց տէրն ես – իմաստութիւն, սէր, աշխատունակութիւն, և այլն:
Ինքնաճանաչութեամբ կարելի է դառնալ մագնիսական մի ամպ, որ չէ խորտակւում և ո՛չ մի ուժից:
Ո՞վ չի զգացել երբեմն իր մէջ կորովի յանկարծակի ծովացում: Ո՞վ չէ ունեցել երբեմն հանճարեող ներշնչումներ, յայտնութիւն, պարզատեսութիւն:
***
Մարդս այն է, ինչ որ կամ ինչպէս որ մտածում է իր մասին: Անինքնաճանաչը, որ իրեն կենդանի մեքենայ է համարում և ոչ աւելին, դատապարտւած է ապրելու և գործելու իր տկար «ես»ի աղքատիկ միջոցներով: Նմանի համար չեն աշխարհ զարմացնող մեծագործութիւնները: Նմանը, անընդունակ վերանորոգումի կուրօրէն մասնակցում է իր ամենօրեայ թաղման: Աստիճանական անձնասպանութիւն է նմանի կեանքը:
Իսկ նա որ գերագոյն երջանկութեան հասնելու համար՝ ձգտում է տիպար կատարելութեան, նա՛ որ գիտէ թէ բոլոր մարդիկ կատարելութեան կատարելիութիւններ են, նա կասէ ձեզ – ընդունեցի՞ր մի բանի անհրաժեշտութիւնը, նշանակում է որ այդ բանը ոչ միայն կարելի է, այլև կիսով չափ արդէն կատարւած:
Ուրեմն, եղի՛ր ինքնաճանաչ, երիտասա՛րդ բարեկամ, հաւատա թաքուն ուժերիդ և օգնութեան կանչիր քո ներքին մարդուն, որ աւելի Աստուած է քան տկար արարած, որպէսզի աշխարհը չկարողանայ սահման դնել քո հոգու աւիւնին, թափին, թռիչքին:
Ծանի՛ր զքեզ:
Նոյնացիր քո ներքին մարդու հետ և դու պիտի զգաս քո մէջ ծովացումը հոգեկան նորանոր ուժերի. դու պիտի դառնաս աւելի քան զօրեղ և ապա պիտի կարողանաս կապել բախտի անիւը և քաշ տալ ցանկացածդ ուղղութեամբ: