Դեկտեմբերի 8-ի առաւօտեան ժ. 9-ին տեղական ընկերներն ու հասարակութիւնը, նւագախմբի ուղեկցութեամբ դիմեցին ընկ. Ա. Ահարոնեանի բնակարանը:
Հետզհետէ հաւաքւող բազմութեան ուղեկցութեամբ ու նւագածութեամբ՝ մէջ առած պաւիրակութեան նախագահ ընկ. Ահարոնեանին կանգնեցին Հ. Յ. Դաշնակցութեան տան առաջ, ուր խմբւել էր մեծ բազմութիւն:
Պաւիրակութեան նախագահը մնաս բարովի մը զգացւած ճառ ասաց, որով նա դիմեց հայ ժողովրդի աշխատաւոր դասին, նրա ղեկավար քաղաքական հոսանքներին և գոհունակութիւն յայտնեց հայ աշխատաւորութեան հերոսամարտի, նրա աշխատանքի համար: Շեշտեց նաեւ որ մեծ յոյսեր չպէտք է կապել իր առաքելութեան հետ, բայց ինքը գնում է այն վառ հաւատով, որ գալու է, անշուշտ այս անգամ մեր ժողովրդի համար այն ցանկալի օրը, որին ձգտել է նա իր անձնազոհութեամբ ու տառապանքով, Քրիստափորի ու Սիմէոնի պատգամներով, Հ. Յ. Դաշնակցութեան ղեկավարութեամբ:
«Համբուրում եմ բոլորիդ ճակատները, վերջացրեց իր խօսքը ընկ. Ահարոնեանը, համբուրում եմ ձեր պայծառ աչքերը, որոնց մէջ տեսնում ենմ իմ ցեղի արշալոյսը, որը ծագելու է երբէք չթառամելու համար:
Կեցցէք դուք, կեցցէ՛ հայ ժողովուրդը»:
Ծափերով և ուռաներով ծածկւեց ընկ. Ահարոնեանի ճառը:
Բարի երթ մաղթեց ընկ. Գ. Շահինեանը, շեշտեց, որ ճիշտ է, մեծ յոյսեր չպէտք է կապել պատւիրակութեան մեկնումի և վերադարձի հետ, որովհետև նա գործ պիտի ունենայ թակագիրների ու պահակների հետ, բայց վստահ ենք, որ եթէ շատ բան չբերէ մեզ համար, բայց և չի դաւաճանի հայ աշխատաւորութեան դատին և պայքարին:
Պարտաւոր էք յայտնել ու պահանջել, որ մենք ցանկանում ենք մեր իրաւունքը, մեր արդար արեան հատուցումը... Հայ ժողովուրդը պէտք է ունենայ իր հայրենիքը, որ կարողանայ և՛ աշխատել, և՛ ստեղծագործել, և՛ պայքարել, յանուն աշխատանքի ազատագրման:
Ժամը 11-ին ընկ. Ահարոնեանը օթոմոբիլով ուռաների և ծափերի տակ, նւագածութեան ուղեկցութեամբ մեկնեց կայարան:
Պատւիրակութեան Կազը
Դեկտեմ. 3-ի նիստում Հայաստանի Խորհրդարանը քննում էր Եւրոպա՝ համաձայնութեան պետութիւնների մօտ պատւիրակութիւն ուղարկելու խնդիրը:
Շնորհիւ մեր պարլամենտի իւրայատուկ կազմի, Խորհրդարանի մեծամասնութիւնը իրեն հարկադրւած զգաց պատւիրակութեան կազմը, ընտրութիւնը, առաքուը եւ նրան տրւելիք հրահանգները վերապահել կառավարութեան, մինչդեռ աւելի ցանկալի կը լինէր, որ դա կատարւէր Խորհրդարանի կողմից:
Կառավարութիւնը արդէն ընտրել է պատւիրակութիւնը եւ ուղարկել: Նախագահն է Աւետիս Ահարոնեանը, իսկ անդամները՝ Միքայէլ Պապաջանեան եւ բժ. Համազասպ Օհանջանեան:
Վերոյիշեալ նիստում պարլամենտի ձախակողմեանները արտայայտեցին իրենց կարծիքը պատւիրակութեան անելիքի մասին եւ առաջարկութիւն մտցրին նաեւ պատւիրակութեան կազմի մասին: Նոցա կարծիքով պատւիրակութեան կազմը պիտի լինէր հինգ հոգուց, որոնցից մի մի հոգի իւրաքանչիւր ֆրակցիայից՝ դաշնակցական, հայ ժողովրդական, սոցիալ դեմոկրատ եւ սոցիալիստ յեղափոխական, բացի այդ մի նախագահ էլ դաշնակցական:
Պատւիրակութեան այսպիսի կազմին մեր ֆրակցիան երբէք չէր կարող իր համաձայնութիւնը տալ, քանի որ դրանով մեր պարլամենտը՝ այդ քառանկիւնի անիւը, փոքրացած դիրքով տեղափոխւում էր Եւրոպա եւ ստեղծում էր դարձեալ մի մարմին, որի մէջ պատասխանատու եւ գործի ամբողջ բեռը իր ուսերին տանող կուսակցութիւնը չունէր մի ապահով մեծամասնութիւն: Պատւիրակութեան մէջ պիտի հրապարակ գային այն բոլոր անպտուղ դեմագոգիական վէճերը, որոնք իշխում են պարլամենտում. նոյն անպատասխանատու փոքրամասոնւթիւնը պիտի անվերջ վիճէր եւ յետոյ, ապագայում քննադատութեան իրաւունքը իր ձեռքին պահելու համար, ամենավճռական խնդիրներում կամ պիտի բացասական ձայն տար կամ ձեռնպահ մնար:
Ապա, տարօրինակ էր, որ ձախակողմեան կուսակցութիւնները չուզենալով իրենց համեստ ուժերի համեմատ դեր վերցնել կառավարութեան մէջ, մեծամեծ պահանջներ առաջադրելով՝ չըմտան կառավարութեան լծի տակ, մնալով անպատասխանատու քննադատողի դերում. այժմ, երբ որոշւում է այդ նոյն պետութեան բաղդը, ուզում են վճռական դեր խաղալ: Երկու ձախակողմեան կուսակցութիւններն էլ բարոյական իրաւունք չունին մասնակցելու այդ պատւիրակութեան: Նախ էսէրները իրենց յամառ օրիէնտացիայով, որ բոլորովին անվայել է այդ կուսակցութեան սկզբունքներին, իր տրամաբանական եզրակացութեամբ յանգում է մի փոքր ազգի իրաւունքի ժխտման՝ իր երկրի տէրը եւ կարգադրողը հանդիսանալու. եւ ապա, նամանաւանդ, էսդէկները, որոնք շարունակ ծաղրել են հայութեան դատը, նրա վարելու եղանակը եւ յատկապէս պետութիւններին դիմելու սիստեմը: Եւ ահա, այժմ, երբ հնչում է վճռական ժամը, առանց խոստովանելու իրենց սխալները, ուզում են այդ նոյն պետութիւնների մօտ գնալ իբրեւ հայցողներ:
Մի հանգամանք, որ ըստ երեւոյթին ձախակողմեանների պահանջին գրաւչութիւն էր տալիս, դա այն էր, որ Եւրոպայի այժմեան պայմաններում բուրժուական կառավարուլիւնների հետ միաժամանակ, ո՞վ գիտ, գուցէ նրանցից էլ աւելի, մանր ազգերի վիճակի կարգաւորման գործում դեր է խաղալու սոցիալսիտական ինտերնացիոնալը, եւ իբր թէ մեր պարլամենտի ձախակողմը կարող էր այդ տեսակէտից օգտակար լինել: Բայց բանը նրանումն է, որ ինտերնացիոնալում տեղ չունին ոչ մեր սոցիալ դեմոկրատները եւ ոչ էլ սոցիալսիտ յեղափոխականները. այնտեղ ներկայացուցիչներ ունին միայն այդ կուսակցութիւնները, իբրեւ Ռուսաստանի կուսակցութիւններ: Նոյնիսկ վրաց սոցիալ-դեմոկրատիան, որ նորերումս անջատւեց ռուսականից, դեռ նոր պիտի դիմում անի եւ տեղ ստանայ իբրեւ մի անկախ երկրի սոցիալիստական կուսակցութիւն. մեր տնաբոյս սոցիալ դեմոկրատների մասին Եւրոպայում գաղափար անգամ չունին, մանաւանդ թէ Ռուսաստանի սոցիալ դեմոկրատիային եւ նրա հետ էլ նրա հայ անդամներին ճանաչում են իբրեւ թշնամիներ հայ դատի:
Մինչդեռ միակ հայ սոցիալիստական կուսակցութիւնը, որ ճանաչւած է ինտերնացիոնալի կողմից իբրեւ Հայաստանի կուսակցութիւն եւ ինտերնացիոնալի բիւրօյում տեղ ունի, դա Հ. Յ. Դաշնակցութիւնն է: Նրա ներկայացուցիչներին են ճանաչում այնտեղ՝ ինտերնացիոնալում եւ դաշնակցականներն էին, որ աշխատում էին աշխարհի նշանաւոր սոցիալիստներին հետաքրքրել մեր ժողովրդի դատով եւ այդ ուղղութեամբ որոշ արդիւնքի հասել են: Այդ կողմից կարելի է կատարելապէս վստահ լինել. Եթէ մեր դատի համար ինտերնացիոնալը պիտի նշանակութիւն ունենայ, միայն դաշնակցակններն են, որ կարող են այդ ուղղութեամբ դեր խաղալ:
Պատւիրակութեան այս կազմը, որ ընտրել է կառավարութիւնը, ստեղծւած պայմաններում, միակ գործունակն է եւ միակ բարոյական իրաւատէրը՝ լինելու այդ դերում:
Մ.
«Զանգ» Երեւան
Կիրակի, 15 Դեկտեմբերի
1918
Բ. Տարի, Թիւ 80