27 February, 2022

Ո՞վ Էր Գասպարը Եւ Ո՞րտեղից Ու Ինչպէ՞ս Սկսեց Իր Աշխատանքները

Ձախին՝ Ստեփան Թադէոսեան (Սամսոն) եւ Գասպար Յակոբեան
Իննուսնական թուականի վերջերին՝ Ատրպատականում, հայ հասարակական կեանքը «Մեծ Գործի» գաղափարական աշխատանքները, գտնւում էին իրենց ամենաթոյլ շրջանում: Արմենական և հնչակեան կուսակցութիւնները արդէն դադարել էին որևէ աշխատանք կատարելուց և այլեւս չէին ներկայացնում կազմակերպուած կուսակցութիւնը, իսկ նրանց մնացորդները խարխափում էին անորոշութեան մէջ:

Հ. Յ. Դաշնակցութիւնն էր 1897 թուի սահմանագլխի «Մեծ ակտից» յետոյ, երբ բոլոր գործող տարրերը հարկադրուած եղան թողնել իրենց դիրքերը և քաշուել Կովկաս, «Սրբազան Գործի» ասպարէզը, այդ շրջանում մնաց ամայի: Սակայն դեռ իրենց դիրքերում կանգնած մի քանի ընկերներ, իրենց բեղուն աշխատանքով կարողացան հետզհետէ լքուած դիրքերը ամրացնել, խաղաղուած գործը աշխուժացնել, ոչ միայն «Մեծ Գործի» գաղափարական ասպարէզում, այլև հասարակական-մշակութային կեանքում: Այսպիսի աշխատանքներից մէկն էր Թաւրիզի Հայկազեան-Թամարեան դպրոցի ուսուցչական խնդիրը, որ դրական պահանջ էր դառել հասարակութեան համար: Նրա նախկին տեսուչ, Եղիա Սուսանեանի, ամբողջ երկու տարուայ անպտուղ ու թոյլ գործունէութեան շնորհիւ, դպրոցը մնացել էր ստուերի մէջ, հասարակութիւնից կտրուած ու անհետաքրքիր: Նոր ուսուցչական կազմի խնդիրը օրուայ հարց էր դառնում և Հ. Յ. Դաշնակցութիւնը, որոշեց նորից ձեռք առնել դպրոցը, որ մինչ այդ անուշադիր էր, իր ունեցած հսկայ աշխատանքների շնորհիւ: Մի շարք խորհրդակցութիւններից յետոյ, հանգուցեալ Թորոսի (Գալուստ Ասլանեանի) առաջարկութեամբ որոշուեց բանակցութիւններ սկսել, յայտնի մանկավարժ Տիգրան Ռաշմաճեանի հետ, որ այդ ժամանակ պաշտօնավարում էր Երեւանի թեմական դպրոցում: Այս խորհրդակցութիւնները տեղի էին ունենում 1898 թուի ապրիլին:

Ռաշմաճեանից դրական պատասխան ստանալուց յետոյ, սկսւեց բանակցութիւն նորընտիր հոգաբարձութեան հետ, որի նախագահն էր ողբացեալ բժ. Կարապետ Փաշայեանը, և որի ջերմ աջակցութեան շնորհիւ,ռ Ռամշաճեանի աշխատանքները եղան փայլուն: 1898-99 ուսումն. տարուայ սկզբին, Հայկազեան-Թամարեան դպրոցը ղեկը արդէն գտնւում էր Ռաշմաճեանի եւ իր խմբի ձեռքին:

Խումբը կազմուած էր ընտիր ուժերից.– Տիգրան Ռաշմաճեան տեսուչ, ուսուցիչներ՝ հանգուցեալ Յովնան Դաւթեան, տիկ. Յորտանս Դաւթեան (Յովնանի կինը), Մարտիրոս Յարութիւնեան, Արշակ Մեհրաբեան, օր. Հռիփսիմէ Փուղինեան, Միքայէլ Զարաֆեան և տեղացի ուժերից Սեդրակ Յարութիւնեան և Գէորգ Չիլինգարեան: Այս խումբը հետագայ տարիներում փոփոխութեան է ենթարկւում և աւելանում են բժ. Կ. Փաշայեան, Հաբէթ Խաչատրեան, Դարբինեան ամուսիններ, Երուանդ Ֆրանգեան և ուրիշներ: Մեր նպատակից դուրս է կանգ առնել այս խմբի կատարած հինգամեայ աշխատանքների վրայ, որ այնքան ծանօթ է պարսկահայ եւ մանաւանդ Թաւրիզի հայ հասարակութեան:

Սակայն աւելորդ չենք համարում ասել, որ այդ խումբը, յանձինս իր տեսուչ Ռաշմաճեանի, ոչ միայն կերպարանափոխեց, կենդանացրեց դպրոցը, այլև մեծ ազդեցութիւն ունեցաւ Թաւրիզի հայ հասարակական կեանքի յառաջդիմութեան վրայ:

Այդ շրջանը Թաւրիզի դպրոցական և հասարակական կեանքի պատմութեան էջերում արձանագրուած է որպէս ամենափայլուն շրջան և համարձակ կերպով կարելի է որակել այն «ոսկէ շրջան» անունով:

Դպրոցը, որ երկդասեան էր, աստիճանաբար բարձրացաւ մինչև վեց դասեան միջնակարգ դպրոցի: Երկրորդ դասարանից այդ խմբի բախտաւոր աշակերտներն էին՝ Արմենակ Մկրտչեան (Գերասիմեան), Սահակ Ստեփանեան, Գասպար Յակոբեան, Արմենակ Աւթանդիլեան, Միքայէլ Ստեփանեան, Լեւոն Գրիգորեան, բժ. Արմենակ Աւթանդիլեան, Գրիգոր Ոսկանեան եւ Արսէն Դանիէլեան, որոնք դաստիարակուած իրենց սիրելի ուսուցիչների բարձր գաղափարներով, բարոյական վեհ սկզբունքներով, քայլեցին դէպի ժողովրդական կեանքը եւ մինչեւ այսօր, ամբողջ 39 տարի նրանց պարսկահայ կեանքի թէ դպրոցական, թէ հասարակական եւ թէ գաղափարական ասպարէզում գործում են առանց յոգնելու՝ ղեկավարի դեր ստանձնած:

Արմեն Գերասիմեանը և Սահակ Ստեփանեանը կարճ կեանք ունեցան, սակայն բեղուն, անարատ, հարւոստ կենաք, սկսած Սալմաստից, Խոյ-Մակուից մինչև Նոր Ջուղա: Իսկ վերջերս էլ բախտի դաժան հարուածից, միանգամայն անսպասելի, փետրուարի 28-ին հողին յանձնեցինք, սրտի մռմուռով, խեղդող հեկեկանքներով մեր սիրելի Գասպարին և նրա թարմ շիրիմը, գարնան ցողի նման, ողողեցինք մեր արցունքների վճիտ կաթիլներով:

Խամրեց, թոռոմեց այդ բեղուն, հարուստ կեանքը՝ կանաչ հովտում ծլած ծաղկի նման:

Սակայն ո՞վ էր Գասպարը և ո՞րտեղից ու ի՞նչպէս սկսեց իր գործունէութիւնը:

Համեստ, մինչեւ իսկ աղքատիկ ընտանիքի զաւակ էր:

Փոքր հասակից, թոթովող լեզուի հետ, ճաշակեց կեանքի դառնութիւնները և նրա մանուկ հոգու խորքում աստիճանաբար դարբնուեց դաժան կեանքի դէմ մաքառելու հաստատուն բնաւորութիւնը. նրա զգայուն սրտի մէջ զարգացաւ կարեկցութիւն դէպի թշուառը եւ ատելութիւն՝ դէպի անարդարութիւնը, բռնութիւնը, որոնք աւելի պայծառացան, աւելի հիմնաւորուեցին դպրոցում:

1908 թուի դպրոցական ամավերջի հանդէսին, Ռաշմաճեանը բազմաթիւ հանդիսականների ներկայութեամբ, հոգու մի առանձին բերկրանքով, վստահ իր աշակերտների ստացած դաստիարակութեան և կրթութեան վրայ, փայլուն ճակատով տուեց աւարտական վկայականները և հայրական գուրգուրանքով ասաց վերջին խօսքը, ու իր սաներին յանձնեց հայ հասարակութեան:

Օ՜, որքան յուզումնալից և միևնոյն ժամանակ գաղափարական էր այդ րոպէին Հայ ցեղի կեանքը:

Բացուած էր գործունէութեան ընդարձակ ասպարէզ – հայ բզկտուած ցեղի դարաւոր կապանքների ջախջախման ասպարէզը: Աշխատողներ էր հարկաւոր, անկաշառ, մաքուր ու անբիծ աշխատողներ, և Ռաշմաճեանի սաները, լի գաղափարական բուռն զգացմունքներով, վառվռուն տենչերով, գործելու, աշխատելու վսեմ ցանկութեամբ բեռնաւորուած, դիմեցին դէպի գաւառները, դէպի բուն ժողովուրդը, դէպի նրա անարատ գիրկը, ամոքելու, սփոփելու նրա դարդն ու վիշտը, օգնելու Մեծ ու Սրբազան Գործին և ապագայի սերունդները պատրաստելու: Դրանց թւումն էր և մեր սրելի Գասպարը, հազիւ 18 տարեկան բոլորած, պատանեկան վառ յոյսերով:

Նա քայլեց, քայլեց դէպի Սալմաստ, այդ Մեծ Գործի, աշխոյժ աշխատանքի եռուն դարբնոցը, ուր իբրև ուսուցիչ հաստատուեց Մահլամ գիւղում:

Մեծ ու գեղեցիկ էր գիւղը. (10 տուն) նա իր խիտ ծառաստանով, կանաչազարդ դաշտերով, ընդարձակ հորիզոնով ձգուել էր պատմական Ղարնիարուղ լեռան ստորոտում և տնքում էր իր յետամնացութիւնը:

Այնտեղ էր, լեռան միւս կողմը, լեռների կոյտերի մէջ թառած՝ անիրաւութեան, յափշտակութեան և աւազակութեան վարժուած դրկիցը՝ քիւրդը: Քանի՜-քանի անգամ գիւղը դառն հևքով տոկացել է այդ անպատիժ չարիքին: Սակայն պէտք էր վերջ տալ: Եւ այդտեղ, այդ գիւղում հաստատուեցին ժողովուրդի պաշտպանները, գաղափարի մարտնչողները: Անցեալ ունէին նրանք, կեանքի դաժան պայմանների բովից անցած, լեռներ էին կտրել, ձորեր թողել, փորձուած ու կտրիչ: Եւ յափշտակիչ դրկիցը այլևս չերևաց այդ կողմերում, գիւղը հանգստացաւ:

Ահա յս գիւղում հաստատուեց մեր սիրելի Գասպարը, անմիջապէս դպրոցական նստարանից բարձրանալով:

Ծանր էր աշխատանքը. նա պէտք էր այդ չը կոփուած ժողովրդին, որի համմար ուսուցիչը դեռ տիրացուի արժէք ունէր, իսկ դպրոցը «մաքթաբի», նա պէտք է ցոյց տար դպրոցի արժէքը ու նշանակութիւնը, ուսուցիչի դերը, նրա դիրքը ու արժանիքը: Նա պէտք է յետղաշրջէր դպրոցի այդ աղէտաւոր վիճակը և կանգնեցնէր նրան իր բարձրութեան վրայ:

Նա պէտք է գիւղի հասակաւորներից, «աղսախկալներից» ընտրուած, և տգիտութեան մէջ խարխափող հոգաբարձութեան հետ վարուէր այնպէս, որ նրանք ընդառաջ գնային իր պահանջներին դպրոցի բարձրացման խնդրում, առանց ընդհարումների, առանց դժգոհութիւնների. նա պիտի գիւղի այդ «ինքնակալ-իշխանների» հետ վառուէր այնպէս, որ չը տուժէին հասարակական աշխատանքները, պաշտպանուէին աշխատող գիւղացու շահերը և թուլանար նրանց ինքնակալական ազդեցութիւնը:

Նա պէտք էր, գիւղի պաշտպան գաղափարի մարտնչողներին, որոնք շատ անգամ խառնւում էին հասարակական և դպրոցական խնդիրներին, որի համար չունէին հարկաւոր պատրաստութիւնը և շատ անգամ իրենց միջամտութեամբ բարդացնում էին խնդիրները. ցոյց տար նրանց թերի ըմբռնումը և աստիճանաբար այնպէս չէզքոացնէր նրանց միջամտութիւնը, որ չը վիրաւորուէր այդ զէնքի մարդկանց շոյուած ինքնասիրութիւնը:

Ահա այն դժուարին ու բարդ պայմանները, ուր ոտք դրեց դեռ ևս պատանի Գասպարը ու սկսեց իր աշխատանքը: Նա մի զարմանալի հաւասարակշռուած ու խոհուն գործելակերպով, դիտող ու խորանալու ընդունակութեամբ, իր նախագծած հաստատուն ուղիով, լի ու լի հասաւ իր նպատակին: Եւ իր կատարած աշխատանքների ժամանակ ոչ միայն ամենափոքր դժգոհութիւն անգամ չառաջացաւ, այլև գիւղը անխտիր սիրեց իր «ջահել և խելօք վարժապետին», սիրեց նրան, տեսնելով նրա մէջ գործչին վայել բարձրութիւն և երկրորդ ուսումնական տարուայ համար պայմանաւորուեց:

Երկրորդ տարին նա դպրոցական աշխատանքների հետ առաջ տարաւ նաև Մեծ Գործի գաղափարական աշխատանքը: Նա մի կողմից դասախօսում և ոգևորում էր խմբերին և ժողովուրդի մէջ առաջ բերում հետաքրքրութիւն և նպաստաւոր տրամադրութիւն, միւս կողմից դիտում ու ծանօթանում կենդանի գործի հետ և այսպիսով նրա խորաթափանց հոգու ծալքերում արմատ ձգեցին Մեծ Գործի գաղափարական ծիլերը, որ հետագայում աւելի զարգանալով, ամրանալով, ճիւղաւորուեց և դառաւ պարսկահայութեան, մասնաւորապէս Ատրպատականի հայութեան գերազանց ղեկավարը ամէն, ամէն ասպարէզներում:

Այպէս աշխատեց ու պայքարեց նա, պարտքի գիտակցութեամբ լցուած ու ընկաւ իր իդէալների իրականացման կէս ճանապարհին:

Օ՜, որքան երկար է այդ շարանը՝ անվերջ, անսկիզբ: Անգութ տառապանք, որ փաթաթուած հայ ժողովրդի բեռնաւորուած շլինքին, հնձում ես դաժանօրէն, անկշտում, առանց յագենլու:

Վերջ պիտի լինի՞... այս խորհրդաւոր հարցն է շշնջում նրա սերնդի ականջներին, որին այդ Սրբազան շարանը թողել է իր կտակը...

Մարեցիր և դու, իմ սիրելի Գասպար, չեմ սգում, արցունքներ չունիմ ողբալու, շարանը մեծ է... Մարեցիր և լռեց քո հմայիչ լեզուն, ժանգոտես քո կախարդող գրիչը, դադարեց և քո խորհող միտքը:

Ծանր տպաւորութեան տակ, յուզուած սրտի թռթռոցով գրում եմ այս տողերը քո յիշատակին. անսպասելի էր, ես չէի, որ պիտի գրէի այս ողբալի տողերը...

Հանգիստ քո տառապած ահիւնիդ, իմ վաղաթառամ երիտասարդ ընկեր...

Խորին Վշտով՝ Սամսոն
1932 թ. մարտ 14-ին,
Թաւրիզ

 «Ալիք» Թեհրան
17 Ապրիլ 1932
Բ. Տարի, Թիւ 4 (52)