Երէկ, փետրւար 29ին, հողին յանձնեցինք սիրելի Յովսէփ Մովսիսեանին:
«Հայրենիք» ամսագրի ընթերցողները քաջածանօթ են Սարգիս Կուկունեանի արշաւախմբին մասնակցող Յովսէփ Մովսիսեանին, որի յուշերը լյոս տեսան ամսագրի 1933 դեկտեմբեր ամսից մինչեւ 1935 ապրիլ ամիսը՝ «Յուշեր Կուկունեան արշաւախմբից» խորագրով:
Հանգուցեալը ծնւել է 1870-ին Թաւրիզում: Հայրը՝ Գաբրիէլ Մովսիսեան, արհեստով հիւսն էր և յաճախ պանդխտում էր Թիֆլիս: Փոքրիկ Յովսէփը թաւրիզեցի հռչակաւոր «Նանա Բաջու» Տէր Թոդիկեան վարժարանում գրել կարդալ սովորելուց յետոյ՝ փոխադրւել է «եկեղեցու դպրոցը», նոյն թաղում, ուր սակայն, չկային Տէր Թոդիկեան մեթոդները, որովհետև հոգաբարձու էր Միրզա Ասատուրը, որ ֆրանսագէտ էր և հասարակութեան մէջ համբաւ ունէր իբրև խելացի և պատւաւոր մտաւորական:
Տարրական ուսումը չաւարտած՝ Յովսէփի հայրն ընտանիքով փոխադրւում է Թիֆլիս, ուր Յովսէփը յաճախում է Ներսիսեան դպրոցը և Գրիգոր Շահբուդաղեան անուն հայրենասէր ուսուցչի ձեռքի տակ շարունակում է իր ուսումը, բայց ուսումը դեռ չլրացած, ծնողները Յովսէփին հանում են դպրոցից և դնում արհեստի՝ մի դերձակի մօտ: Այս վարմունքի պատճառը, անուղղակի կերպով, Յովսէփի աւագ եղբօր՝ Ռաֆայէլի ընթացքն էր. համակւած լինելով ժամանակակից յեղափոխական տրամադրութիւններով՝ նա տարւել էր գրքերով, ժողովների էր մասնակցում և ուշ գիշերին տուն գալիս: Յովսէփի ծնողները խորհում են, որ գրքերն ու դպրոցն են իրենց երեխային «փչացնողը» ուստի և Յովսէփին հանեցին դպրոցից, որպէսզի նա էլ միւս եղբօր ճամբով չգնայ:
Ագուլեցի զոկ ուստա Խաչին իր վարպետն էր: Այս խանութն այն ժամանակ շատ էր յաճախում նրա հայրենակից Ստեփան Թադէոսեանը՝ մեր այժմեան տարէց ընկեր Սամսոնը, որի հետ և ծանօթանում է Յովսէփը: Ահա թէ ինչպէս է նա բնորոշում իր վարպետին: «Վարպետս, ուստա Խաչին, ագուլեցի էր, զոկերին յատուկ ժլատութեամբ և կծծիութեամբ օժտւած: Ժուժկալ էր և ամբողջ օրն ինձ քարոզում էր դրամ դիզել. «Փողն է գիտութիւն, քաջութիւն, անուն և պատիւ: Փող ունիս՝ մարդ ես, փող չունիս՝ ոչնչութիւն»... Ահա՛ նրա խօսքերը»:
Սակայն մարդկային ամէն արժանիք դրամով չափող «ուստա Խաչիների» վատշուէր հոգեբանութիւնն անզօր է լինում վարակելու գաղափարական խմոր ունեցող պատանի Յովսէփի հոգին, որ օրը օրին կարդում էր Րաֆֆու եւ Պատկաեանի ազատաշունչ գրուածքները եւ տոգորւում տաճկահայ ճնշուած ու տառապող եղբայրների ազատելու գաղափարով:
1888 թւին Յովսէփը ներկայ է լինում Րաֆֆիի թաղմանը, որ ուժեղ տպաւորութիւն է թողնում իր հոգու վրայ: Այնուհետև նա ձգում է ուստա Խաչիին և այլ գործ փնտռում: Մինչ այդ՝ յաճախում է աշտարակցի Յովհաննէս Չալաբեանցի խանութը, ուր յաճախում էին այդ օրերի հերոսները՝ 18 խոհարարներ, որոնք «վարդապետի» (Խաչատուր) առաջնորդութեամբ անցել էին Տաճկաստան՝ Մուշ, որտեղ տաճիկներից ձերբակալուելով՝ աքսորուել էին Կովկաս:
Մի շարք հայ ուսնաողներ Թիֆլիզում ժողովներ էին գումարում խոնարհ խաւերի հետ եւ հարց դնում, թէ ի՞նչ ձեւով կարելի է օգտակար լինել թրքահայ ժողովուրդին: Ուսանողները պատրաստակամութիւն էին յայտնում մասնակցելու շարժմանը, միաժամանակ կոչ անելով միանալ իրենց հետ: Ահա՛ այս հաւաքոյթները, ապա նաեւ խոհարարների գնալ-վերադառնալը ու նաեւ անձնական ծանօթների եւ ընկերների ոգեւոր եւ խանդավառ մթնոլորտը մղում են Յովսէփին գաղափարական այն ջրապտոյտի մէջ, ուր հետագայում տասնեակ հազարաւորներ պիտի նետուէին. «Այդ հաւաքոյթներն ու անկեղծ վերաբերմունքն իմ մէջ ամրացրին ցանկութիւն՝ Տաճկահայաստան մեկնել, ի մօտոյ ծանօթանալ թրքահայերի վիճակին, օգտակար լինել նրանց եւ վերադառնալ իբրեւ փորձուած յեղափոխական»,– ասում է նա իր յուշերի մէջ:
Թիֆլիսից միայնակ մեկնում է Ալեքսանդրապոլ: Ճամբին նրան միանում է ղարաբաղցի Աբրահամը՝ ազդուած Վ. Փափազեանի «Ենիչէրի» պատմուածքից, որ Յովսէփն էր կարդացել՝ ուղեկիցներին զբաղեցնելու եւ քարոզելու նպատակով: Ալեքսանդրապոլում էլ նրանց միանում է բիթլիսցի Յովհաննէսը՝ Մուրատ կեղծանունով:
Այստեղից Յովսէփն այցելում է Անիի աւերակները, որ մի տեսակ՝ իւղ է լեցնում նրա հայրենասիրական կրակի վրայ: Ապա ցրտերի պատճառով Աբրահամի եւ Մուրատի հետ ձմեռն անց է կացնում Կարսի շրջանի գիւղերում՝ չարչիի խայտաբղէտ արկղը ուսին, կասկած չյարուցելու համար:
Գարնանը ծածուկ անցնում են սահմանը եւ մերթ հիւրընկալուելով, մերթ թագնուելով եւ արկածների հանդիպելով գնում հասնում են Մանազկերտ: Այստեղ Յովսէփն ու Մուրատը ընդհարւում են եւ բաժանւում: Յովսէփն ուղղւում է դէպի Մուշ՝ Ս. Կարապետ, ուր իր աւագ եղբայրն արդէն երկու տարուց ի վեր իբրեւ ուսուցիչ գտնւում էր՝ Սապահգիւլեանի հետ:
Մի կարճ միջոց այստեղ մնալուց յետոյ, եղբօր ստիպմամբ վերադառնում է՝ Մուշից մինչեւ ռուսական սահմանը ճամբան ոտքով կտրելով եւ արկածների հանդիպելով: Այս ճամբորդութեան ընթացքին բազմաթիւ առիթներ է ունենում Տաճկահայաստանի գիւղերում մնալու, գիշերելու, եւ, հետեւաբար, հայ գիւղացու նիստ ու կացին, կենցաղին, վիշտ ու ցաւերին եւ ստրկական վիճակին ի մօտոյ ծանօթանալու, որ այնքան մանրամասնօրէն նկարագրել ենք իր յուշերի մէջ:
Թիֆլիզ վերադառնալով՝ Յովսէփն իր գործը վերջացած չի համարում: Նա լրջօրէն խորհում է մարտական խումբերով նորէն երկիր մեկնել՝ տաճկահայ եղբայրներին ազատելու համար թիւրքական լծից: Այստեղ է ահա, որ 1890 թուին նա առաջին անգամ հանդիպում է Եփրեմին, որ այնուհետեւ վեց տարի շարունակ պիտի դառնար իր տառապանքի ընկերը:
Այդ օրերին Թիֆլիզում կազմակերպւում էր հայ յեղափոխականների Դաշնակցութիւնը, որ այնուհետեւ պիտի կոչուէր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, պիտի վարէր հայ ազատամարտը եւ հայ ժողովուրդի ճակատագիրը:
Թիֆլիզում, Եփրեմի հետ, միանում է Աբրահամ Դաղէթցուն, որ տասներկու տարիքում մարդ սպաննելով՝ դարձել էր փախստական-աւազակ: Անվախ, խիզախ եւ արագաշարժ, մահուան աչքերի մէջ անվեհեր նայող այս Աբրահամը լինում է Յովսէփի եւ Եփրեմի զէնքի առաջին ուսուցիչը: Այդ օրերին է ահա, որ հանդիպում են Յակոբ «Սարկաւագին», սա էլ իր հերթին այս երիտասարդներին ներկայացնում է Սարգիս Կուկունեանին, որ Պետերբուրգի ուսանող էր, բայց եկել էր արշաւախումբ կազմելու՝ Տաճկահայաստան անցնելու եւ տառապող հայերին ազատելու: Իրենց զէնքերը Կուկունեանին յանձնելով Թիֆլիզում՝ տղաները մեկնում են նախ՝ Ալէքսանդրապոլ, ապա այնտեղից՝ Սարիղամիշ՝ մինչեւ որ Կուկունեանը կը գար եւ կ'արշաւէին դէպի «աւետեաց երկիրը»:
Կուկունեանի արշաւանքը ձգձգւում եւ ուշանում է, իսկ տղաների համբերութիւնը օրը օրին հատնում: Ձգձգման պատճառն համարւում է Սարկաւագը, որ եւ տուժում է իր կեանքով: Կուկունեանն ինքը կողմնակից էր անմիջական արշաւի, բայց մի կողմից՝ Դաշնակցութինը յորդորում եւ հրահանգում էին չշտապել եւ միառժամանակ յետաձգել: Կուկունեանի ուշացման հետեւանքով Դաղէթցի Աբրահամը զոհ է գնում՝ ցարական ոստիկաններից հետապնդուելով եւ սպաննուելով:
Վերջապէս խումբը պատրաստւում է արշաւելու: 120-150 հոգու չափ՝ տարբեր վայրերից՝ Տաճկահայաստանից, Ռուսաստանից եւ Պարսկաստանից հաւաքուած մի խայտաբղէտ բազմութիւն, որոնց բոլորին, սակայն, միացնում էր մի ընդհանուր գաղափար՝ տաճկահայ եղբայրների ազատագրումը տաճիկ բռնակալութիւնից: Այդ պատմութեան մէջ էին հետագայում յեղափոխական ականաւոր դէմքեր դարձած մարտական ու մտաւորական դէմքեր՝ Ստեփան Ստեփանեան (Բալաջան), Ռուբէն Դերձակեան, Արշակ Գաֆաֆեան (Քեռի), Եփրեմ (պարսկական յեղափոխութեան հերոսը), եւ այլն:
Կուկունեանի Խմբի Սիբիր Աքսորուածները Կարմիր շրջանակով՝ Արգամ Պետրոսեան (Յովսէփ Մովսիսեան) |
Խումբը Չուրակի ուղղութեամբ շարժւում է դէպի Տաճկաստան: Ճամբին հանդիպած քուրդ եւ տաճիկ խողխողւում են վրէժի ծարաւով լեցուած արշաւողների ձեռքով: Խումբ առաջ էր շարժւում որպէս վրէժի մի հեղեղ, որպէս մի լաւայ, որ իր ճամբին փոշիացնում է ամէն կեանք եւ խոչընդոտ: Մի գիշեր Ֆախր Գեօլի մօտ մնալուց յետոյ խումբը շարժում է դէպի Կաղզուանի տակ՝ Արաքսի ափը, բայց այստեղ անցորդ քրդեր նկատում են եւ Կաղզուանի պրիստաւին լուր տանում զինուած խմբի մասին: Խումբը զէնքերը մի կողմ դրած հանգստանալիս է լինում հայկական Խաթ գիւղի այգիներում, որ կոզակները շրջապատում են, մի-երկու հոգու սպանում, իսկ մեծ մասին բռնոտում են եւ տանում Կաղզուանի բանտը, 1890 թուի սեպտեմբեր 26-ին:
Կաղզուանում նախնական քննութեան ենթարկելուց յետոյ տղաներին տանում են Կարս եւ փակում Ղարադաղի բանտում:
Այստեղ Սարգիս Կուկունեանը դառնում է Յովսէփի եւ Եփրեմի ուսուցիչը՝ հայոց լեզու, թուաբանութիւն, քերականութիւն, ռուսերէն եւ հայոց պատմութիւն աւանդելով:
1888 թ. մինչեւ 1934 թ. Յովսէփի կեանքը անցնում է մէկը միւսից յուզիչ դրւագների մէջ. փոթորկայոյզ կեանքը մէկ նետում է նրան Թիֆլիս, մէկ Մուշ, մէկ Սիբիր, մինչև որ երկար թափառումներից յետոյ հանգիստ է առնում Իրանում, նախ Թաւրիզում և ապա անցնում է հարաւ գործ գտնելու:
1934 թւին, շարունակում է պ. Ամուրեանը, Յովսէփը մեկնեց Հարաւային Իրան աշխատանք գտնելու Անդրիրանական կառուցւող երկաթուղագծի վրայ. «Չեմ ուզում որևէ մէկի վրայ ծանրանալ նիւթապէս»– ասում էր 65 ամեայ այդ ծերունին, որ դեռևս ամուր էր կազմւածքով, թէև կարող էր հանգիստ ու անաշխատ կեանք վարել՝ շնորհիւ իր հասունացած զաւակների, բայց նախընտրեց աշխատանքը, որ և կարճ միջոցում հարաւի անտանելի կլիմային միացած, քայքայեց իր առողջութիւնը: Երբ 1935ի աշնանը մի օր, երեկոյեան դէմ, անցնում էի փողոցով, մի անդնդային ձայն անունս կանչեց: Յետ նայեցի՝ Յովսէփ Մովսիսեանն էր, կմախքացած, ոյժերն ու կենսունակութիւնը սպառւած, մօրուքը երկարած: Նոր էր դուրս եկել հիւանդանոցից, գնում էր սափրիչի մօտ, բայց դժւարութեամբ էր քայլում. սրտի լայնացումից արդէն փլել էր առողջութիւնը: Այնուհետև մի անգամ միայն հնարաւորութիւն ունեցայ այցելելու իրեն, մի երկու անգամ էլ հանդիպեցի փողոցում, բայց արդէն բարեկամիս երգը երգւած էր. 1936ի փետրւար 27ին յաւիտեան փակեց իր աչքերը Յովսէփ Մովսիսեանը՝ Կուկունեան արշաւախմբի մասնակիցներից և Եփրեմի մօտ ընկերը: