17 March, 2022

Քրիստափոր Միքայէլեան

Մահը խլեց մեր շարքերից մեր սիրելի վետերաննի, մեր անզուգական գործիչ-ընկերոջ: Քրիստափոր Միքայէլեանը՝ անխոնջ քարոզիչն ու մարտնչողը, զոհ գնաց մի դժբախտ, անողորմ պատահարի...

Ծանր, սասանեցուցիչ աղէտի դիմաց՝ գրիչը հրաժարւում է երկար աշխատելուց .– մենք միայն յետոյ մանրամասն կը գծենք մեր մեծ նահատակի ամբողջական դէմքը, յետոյ միայն կը պատմենք հանգամանօրէն այդ հարուստ ու արգասաւոր կեանքը, կ'ասենք, թէ ի՛նչ էր նա «Դաշնակցութեան» համար, հայ յեղափոխութեան համար, հայ ժողովրդի համար:

Նա «Դաշնակցութեան» անձնաւորումն էր, նրա մէջ, կարելի է ասել, կենտրօնանում էր մեր կազմակերպութեան ամբողջ պատմութիւնը իր բոլոր յուզիչ մանրամասներով:

Նա հանդէս է գալիս կազմակերպութեան արշալոյսին, տասնուհինգ տարի սրանից առաջ, մասնակցում է նրա հիմնադրութեանը եւ վարպետ ձեռքով կռում է նրա ճակատագիրը: Եւ նա կուսակցութեան առաջնորդն էր տասնուհինգ տարուց ի վեր. նա կուսակցութեան ուղեկիցն էր, նրա զարգացման բոլոր շրջաններում, անընդհատ փորձութիւնների բովում, յաջողութիւնների ու տագնապի օրերում...

Ամէն անգամ, երբ ազատութեան գործը կաղում էր, երբ ռէակցիան լաց ու վհատութիւն էր տարածում ամէն տեղ հայրենի երկրում, երիտասարդութիւնը նրան էր միշտ դարձնում իր վշտոտ հայեացքը, նրանից սպասում էր նոր խրախուսանք, նոր մարտահրաւէր: Եւ նա իր կարող ու ազդու խօսքով, տոկուն, յարատեւ քարոզներով սեղմում էր ցրւող շարքերը, մղում էր ուժերը դէպի կռիւ ու զոհողութիւն:

«Դրօշակ» 1905, Թիւ 4

Ոչ մէկը հայ յեղափոխական դէմքերից չէ ունեցել այնպիսի տիրական ազդեցութիւն երիտասարդութեան վրայ, ոչ մէկը չէ վաստակել այնքան ընդարձակ եւ այնքան խոր ժողովրդականութիւն Ռուսահայաստանում: Ե՛ւ ինտելիգենցիայի, ե՛ւ ամբոխի մէջ, ե՛ւ ուսանող երիտասարդութեան մէջ, ե՛ւ նոյնիսկ բուրժուա հասարակութեան մէջ – բոլոր շրջանններում Քրիստափորը ունէր պատկառոտ ունկնդիրներ, որոնց առջեւ նա արծարծում էր իր նւիրական պաշտամունքի նիւթը՝ թիւրքահայոց ազատութեան դատը:

Նա մարմնացած զգայնութիւն էր այդ րոպէներին, եւ չէր կարելի լսել նրան առանց յափշտակութեան: Պարզ, անպաճոյճ էր նրա պերճախօսութիւնը, առանց կեղծ պաֆօսի ու արհեստական շեշտերի. բայց նա միշտ եռում էր մի սուրբ կատաղութեամբ, նրա ձայնը դողում, նրա  տանջւած, առաքեալի դէմքը ցնցւում էր խօսելու միջոցին, նա ինքն ապրում էր հայկական ճգնաժամը...

Հրապուրիչ էր նա այդ վայրկեաններին... Հակառակորդութիւնը, ցած կրքերը իսպառ լռում էին, դահլիճը ելեքտրականանում էր եւ բոլորն էլ, համախոհ ու հակառակորդ, պատկառանքով խոնարհւում էին հռետորի գերող անձնաւորութեան առջեւ:

Ի՞նչ էր այդ թովիչ ազդեցութեան գաղտնիքը.

–Հերոսի բարոյական բարձրութիւնը:

Նրա լայն զարգացումն ու դրութեան խորունկ ծանօթութիւնը դարձնում էին նրա խօսքը հեղինակաւոր ու համոզիչ, բայց նրա բարոյական հմայքն էր, որ այնպէս մղթայում էր ունկնդիրներին, որ տիրանում էր բազմամարդ լսարաններին, որ զինաթափ էր անում ամենաանզուսպ հակառակորդին անգամ...

Ահա թէ ի՛նչ էր մեր Քրիստափորը. ահա թէ ո՛ւմ կորցրեց Հ.Յ. Դաշնակցութիւնը: Ազնւութեան ու այլասիրութեան մի տիպար, անխախտ, երկաթէ համոզմունք, անվախ, յանդուգն մաքառող – ամէն տեղ, ուր նա երեւում էր, ոգեւորութիւն ու ահւատ էր տարածում, ամէն տեղ, նոյնիսկ խոպան ու անապատացած միջավայրերում՝ նա ծաւալում էր մի ճոխ ու բեղմնաւոր գործունէութիւն:

Անզուգական իր կազմակերպչական տաղանդով՝ նա վարպետութեամբ կարողանում էր շահագործել իրեն հանդիպած բոլոր ուժերն ու գործօնները, կարողանում էր ուղղել նրանց դէպի իդէալը – հայկական ազատութեան գործը:

Անհաշտ ու անողոք ներքին ու արտաքին թշնամիների դիմաց՝ նա մի հաշտարար ոգի էր իւրայինների շրջանում: Քանի՜ ընդհաուրմներ է նա խաղաղացրել, քանի՜գժտութիւններ է հարթել ընկերների մէջ՝ իր բարոյական հեղինակութեամբ...

Ամբողջապէս գաղափար դարձած մի առաքեալ էր նա, մի «դէրվիշ», ինչպէս ոմանք անւանում էին նրան. նիւթական կարօտութիւնն ու զրկանքները ոչինչ էին նրա համար, եւ այդ միշտ երիտասարդ, միշտ թարմ, կենսալի քարոզիչը մէկ հոգս միայն ունէր՝ կազմակերպութեան բարգաւաճումը, որի համար կրեց երկարատեւ հալածանք ռուս կառավարութեան կողմից, բանտ ու աքսոր:

«Դաշնակցութիւնը» հպարտ էր իր Քրիստափորով: Չկայ մի դրւագ կուսակցութեան պատմութեան մէջ, չկայ մի բանավէճ ծրագրային կամ տակտիկի խնդիրների մասին, չկայ մի ձեռնարկ, գաղափարական մի կռիւ, ուր մաասնակցած չլինի մեր վետերանը, ուր նա թողած չլինի իր բնորոշ կնիքը, ուր նա հարթած չլինի ճանապարհները:

Սակայն նա միայն կուսակցութեան մարդ չէր: Նա մարդ էր բառիս բովանդակ նշանակութեամբ: Նա խոր յարգանք էր վայելում Կովկասի ե՛ւ ռուս ե՛ւ վրացի յեղափոխականների շրջաններում. Իսկ երէկ րնա դամբարանի մօտ ողբում էին նրան՝ մակեդօնական շարժման ամենահռչակաւոր պարագլուխները: Ո՛չ, Քրիստափորը չէր պատկանում միմիայն Հայութեան...

Նա սօցիալիստ էր իր աշխարհայեցութեամբ, իր զգացումներով ու տեմպերամենտով, իր ամբողջ կեանքով. բայց  նա եւ հայրենասէր էր բառիս ամենավեհ նշանակութեամբ: Նրա հեռաւոր իդէալն էր՝ սօցիալիստական կազմակերպութիւնը համայնական սկզբունքների, ազգերի եղբայրութեան խարիսխի վրայ. նա մինչեւ անգամ ընդնշմարում էր ապագայի մառախուղի մէջ մի այնպիսի դրութիւն, ուր իսպառ ջնջւած կը լինին ազգայնական առանձնայատկութիւններն ու խտրութիւնները, բայց նա եւ գիտէր միաժամանակ, որ իւրաքանչիւր մարդ-քաղաքացի պիտի աշխատէ իր հարազատ միջավայրում, պիտի ձգտէ իր սեփական ազգը բարձրացնելու...

Նրա սիրտը արիւնոտում էր իր տես մահաշունչ իրականութեան, ուր հայ ժողովուրդը ստիպւած է կռւել – եւ ո՜րպիսի անբաւ զոհողութիւններով – ոչ թէ քաղաքական ու սօցիալական ռէֆօրմների համար, այլ ամենատարրական մարդկային իրաւունքները ձեռք բերելու համար եւ ամենասուրբը բոլոր իրաւունքներից – ապրելու իրաւունքը...

Նա գիտակցում էր պատմութեան չարաշուք տնօրինութիւնը, նա անխռով դիմաւորում էր հայութեան բաժին՝ սեւ, անօրինակ իրականութեան եւ շարունակ կոչ էր անում հայ ինտելիգենցիային, յորդորում էր նրան դաւաճանութեան սպառնալիքներով՝ կանգնած մնալ քաղաքացիական պարտքի բարձրութեան վրայ, ըմբռնիլ պահանջներից ամենահրամայականը, խնամել վէրքերից ամենացաւոտը, չձգել մի ամբողջ արիւնլւայ ժողովուրդ ի սաստ ճակատագրի:

Նա ինքը գնաց արեան ու զոհողութեան ճանապարհով, նա ինքը գահավէժ սլացաւ դէպի կեանքի յորձանուտ հոսանքը, ուսկից դարձ չկայ... եւ ընկաւ կէս-ճանապարհին, շանթահարւած անարգ պատահարից...

«Դրօշակ» 1905, Թիւ 4

Ընկա՜ւ մեր հին առաջամարտիկը պարտաճանաչ զինւորի մահով, գործի, կռւի հնոցում, գլուխը հպարտ բարձրացրած, որպէս մի դարաւոր կաղնի, անակնկալ կայծակից խորտակւած... Եւ այժմ նա հանգչում է այնտեղ, ուր միայն կարող է հանգչել անխոնջ, մոլեռանդ աշխատաւորը...

Մնաս բարեա՜ւ անմոռանալի ընկեր եւ առաջանորդ. Կանգնած սգաւոր գերեզմանիդ առաջ՝ քո զինակիցները կարող են կոչել քեզ. «Դու զուր չ'աշխատեցիր, զուր չկռւեցիր»: Կազմակերպութիւնը, որին քո լաւագոյն ուժերը տւիր, այսօր արդէն ամւոր է, անսասան, նւիրւած ժողովրդի ազատագրութեան գործն, տոգորւած այն անշէջ, սրբազան կրակով, որով դու ինքդ էիր բոցավառւած: Այն հարիւրաւոր ու հազարաւոր երիտասարդները, որոնց ուսուցիչն ու ներշնչողն էիր դու, յաւէտ կը պահեն քո մեծ յիշատակը իրենց սրտերում եւ ի կատար կ'ածեն այն նւիրական գործը, որ քո պաշտամունքն էր եւ քո կտակն էր:

Մնաս բարեա՜ւ, տարաբախտ ընկեր. բռնակալութեան ճանկերում սեղմւած՝ քեզ սիրուղ ու գուրգուրող երիտասարդութիւնը խուլ հեկեկանքներով միայն արձագանք տւեց քո մահւան բօթին: Հանգչի՛ր խաղաղութեամբ օտար երկնքի տակ, մինչեւ որ հայրենի խեղդուկ մթնոլորտը փոքր ինչ թարմանալով՝ երախտապարտ սերունդը տանէ, ամփոփէ քո նշխարները իրենց արժանի սրբավայրում – հայկական վերածնութեան ռահվիրաների շարքում: Պատի՜ւ յիշատակիդ, բազմատանջ ընկեր: Թո՛ղ քո վեհ դէմքը գերեզմանից էլ շարունակէ ազդել ու ոգեւորել հայ մատիկներին եւ թող բռնակալութիւնը, որի դէմ դու կռւեցիր ընկերներից հետ ստօյիկեան անսասանութեամբ, եւ որը միշտ ձգտում է խեղդել քո Գործը արեան հեղեղների, մարդկային սպանդանոցների մէջ, – թող նա գիտակցէ միանգամ ընդմիշտ, որ Քրիստափորներ ծնող ժողովուրդը երբէք չի մեռնի...

«Դրօշակ» - Ապրիլ 1905
Թիւ 4 (157)