26 March, 2022

Քրիստափոր Միքայէլեան. ՀՅԴ Արեւելեան Բիւրօ

Այսօր, Հ. Յ. Դաշնակցութիւնը պատմութեանն է յանձնում իր հիմնադիրներից մէկի, Քրիստափոր Միքայէլեանի անունը:

Նա իր լայն հոգում կրեց իր բազմատանջ ժողովրդի ցաւը և ծաւալեց ամէն զգայուն սրտերի մէջ, ուր որ հասաւ ձայնը. ոգևորւեց իր գերի ժողովրդի ազատագրութեան գործով, հաւատաց այդ սրբազան գործի պայծառ ապագային և, որպէս մոլեռանդ հաւատացեալ, ամէն բան նւիրեց նրան:

Զրկանք տարաւ, հալածանք կրեց, բանտ նստեց, աքսոր գնաց, բայց երբեք չիմացաւ ինչ է յուսահատութիւնը և լքումը:

Մեծ հոգիներին յատուկ այդ անխորտակելի ուժով կարողացաւ անցկացնել գործի տագնապալի օրերը և հաւատ ու ոգևորութիւն ներշնչել հայոց յեղափոխութեան դրօշակին փարած տարրերին, կախարդել և կապել ամէնքին մի նւիրական կապով, որի անունն է «Դաշնակցութիւն»:

Այդ անունը պաշտում էր նա իր հոգու ամբողջ կարողութեամբ և անքուն հսկում էր, որ նա միշտ մնայ բարձր ու մաքուր:

Եւ այդպէս էլ մինչև իր վերջին շունչը պահեց բարձր ու մաքուր և եղաւ մինը այն շքեղ անուններից, որոնք ստեղծել ու աստւածարել են մի մեծ գործ, ճանապահ են ցոյց տւել մի գերութեան մէջ դեղերող ժողովրդի, և երբ որ անհետանում են աշխարհից, մնում են իրենց ժողովրդի պատմութեան մէջ որպէս աստղեր, որ ծագում են արշալոյսից առաջ...

Մեր Քրիստափորը ծնւեց 1859 թւին՝ Վ. Ագուլիսում:

70-ական թւականներին, դեռ Թիֆլիզի Ուշիտէլոքի Ինստիտուտում (վարժապետանոց) աշակերտ եղած ժամանակ յարած էր ռուսաց յեղափոխութեանը – ընդհանուր սոցիալիստական շարժումին:

1885 թւականին հայոց դպրոցների փակումը ցնցեց նրան և տւաւ առաջին զարկը դէպի ազգային վիճակը:

Դրանից յետոյ նա գնաց Մոսկւա, և այնտեղ ուսումնասիրում էր տնտեսագիտութիւն, մասնաւորապէս մարքսիզմը, միևնոյն ժամանակ դարձել էր հոգին ուսանողական մի խմբի, որի մէջ զօրեղ էր ազգային տրամադրութիւնը:

Վերադարձաւ Կովկաս:

88-89 թւականներին Կովկասում սկսել էր հսկայական շարժումը:

Եկաւ միացաւ այդ ժամանակւայ սակաւաթիւ ազգային գործիչներին և եղաւ Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիրներից և ամուր սիւներից մէկը:

90 թւի աշնանը անցաւ արտասահման որպէս «Դրօշակ»ի խմբագիր և Արևմտեան Բիւրօի անդամ:

Եւրոպա գնալով նա ահագին զարկ տւաւ եւրօպական պրօպագանդային, առաջ բերաւ հայասիրական շարժումը և հայ ուսանողական միութեան վերակազմողներից մինը եղաւ:

Եւ Դաշնակցութեան կեանքում գրեթէ չի կատարւել մի կարևոր գործ, առանց Քրիստափորի. Ինչ որ անհնար է եղել ուրիշի համար, այդ արել է նա, ինչտեղ թողել է ուրիշը, վրայ է հասել նա:

Մի անհանգիստ մարդ էր նա. ամէն տեղ, ուր յայտնւում էր, թարմութեան շունչ էր փչում, շարժում էր շուրջը, իր հմայիչ անձնաւորութեամբ կապում, միացնում էր և զարմանալի հմտութեամբ կարողանում էր ամէնքին դարձնել գործի տէրն ու ծառան:

Կենտրօնական մարդ էր ամէն ժողովում ու ամէն շրջանում, թէև միշտ պարզ ու հասարակ, միշտ ընկեր:

Նրա դուռը միշտ բաց էր և տունը միշտ լիքը, որպէս ուխտատեղի:

Այո՛, ուխտատեղի. Չէ՞ որ այնտեղ վառւում էր յեղափոխութեան անշէջ հուրը և ապրում էր ըմբոստ հրձիգը, որ ուզում էր հրդեհել մարդկանց սրտերը:

Այսօր նա իջնում է գերեզման...

Եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը այսօր խոնարհում է իր արիւնոտ դրօշակը նրա թարմ գերեզմանի առջև - նշան գերագոյն յարգանքի և պատւի:

Հ. Յ. Դ. Արեւելեան Բիւրօ
Մարտ 13|26, 1905

«Հայրենիք» Պոսթոն
Վեցերորդ Տարի, Թիւ 16 (302)
Շաբաթ Ապրիլ 22, 1905