25 March, 2022

Պուլկարացի Գէորգ

Տաճկահայ, սեբաստացի, մօտ 27 տարեկան: Միշտ ուրախ, զւարթ, ժպիտն երեսին: Համեստ եւ վերին աստիճանի ընկերասէր: Մարտիկ-հրացանաձիգ լինելուց բացի, նաեւ մարտիկ-ռմբաձիգ էր: Այդ պարտականութիւնը կատարել է աւելի քան բարեխղճօրէն՝ կովկասեան ընդհարումների ժամանակ – Շուշում, Գանձակում եւ այլուր: 

Կատարելագործելու համար իր մասնագիտութիւնը 1907-ին ուղարկւում է Բուլղարիայի Հ. Յ. Դ. Զ. (ինվորական) վարժ.(արան)-ը, որտեղ էլ նա մնացել է որպէս օրինակելի մարտիկ, միշտ հնազանդ կազմակերպութեան դիսցիպլինին:

Վերադառնալով Կովկաս, միշտ զբաղւած է եղել ռումբերի եւ «րակէտների» վարժութիւններով: Քիչ յետոյ նա Խոյում, Սալմաստում, Ուրմիայումն է, որտեղ յաճախ մասնակցել է քրդական արշաւանքների դէմ կազմակերպւած ինքնապաշտպանութեան կռիւներում:

Պարսկական շարժումների միջոցին Թաւրիզ էր եւ մասնակցում էր բոլոր կռիւներին: «Ճգնաժամի» օրերին, երբ պատրաստւում էին վերջանական ճակատամարտի համար, նա ամբողջովին զբաղւած էր ռումբեր պատրաստելով, որոնցից մէկի պայթումը՝ հէնց իր ձեռքում, վերջ տւաւ համեստ ու սիրւած մարտիկի խոստումնալից կեանքին – 1910 թ. մարտը 25-ին:

«Դրօշակ» - Յունւար 1911
Թիւ 1 (214)