28 April, 2022

Եղիշէ Իշխանեան (1888-1975)

Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

«Ալիք» Օրաթերթը գուժեց մահը վետերան ընկեր, յայտնի յեղափոխական, հասարակական գործիչ Եղիշէ Իշխանեանի, Նիւ Եորքում:

Ծնւել է Ղարաբաղի կենտրոն Շուշի քաղաքում, իսկ հայրը՝ Իւան-բէկը (ռուսական պետական պաշտօնեայ) Ղարաբաղի Խաչէն գաւառի Ղշլաղ գիւղից էր, վերաբնակւած Շուշի:

Եղիշէն պատանի տարիքից մտնում է Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը եւ դպրոցականների մէջ աչքի ընկնում իր գործօն մասնակցութեամբ, մանաւանդ աշակերտական խմորատիպ գաղտնի շաբաթաթերթ հրատարակելու եւ ցրելու աշխատանքներում, շուտով դառնում է այնքան վստահելի, որ ընդունում են կուսակցութեան զինապահեստներում աշխատելու...

Ռուսական հոտառու ժանդարմերիայի հետապնդումները, հալածանքներն անտանելի էին դարձել, ուստի իրարու ետեւից տեղի էին ունենում ոստիկանապետների ահաբեկումներ...

Զէնքերի յայտնաբերում, ղեկավարների ձերբակալում, խմբական ձերբակալումներ, կասկածելիներ բանտարկելը սովորական էր դարձել:

Հայրը՝ Իւան-բէկը, Եղիշէին ուղարկում է հեռու Ռուսաստանի մայրաքաղաք Պետերբուրգ, ուր եւ մտնում է համալսարանի գիւղատնտեսական ճիւղը:

Այդ օրերին ռուսական գիտական միտքը հակապետական անվախ քարոզչութեան էր դիմել. յեղափոխական ալիքը տարածւել էր ամբողջ Եւրոպական Ռուսաստանի համալսարաններում...

Եղիշէն անմասն չի մնում նաեւ այդտեղ: Ռուս յեղափոխականների հետ շփւելով, կապեր ստեղծելով, նրանց ձգտումների եւ մտայնութեան ծանօթ Եղիշէն վերադառնում է Ղարաբաղ ու լծւում ընդյատակեայ վտանգաւոր գործին, միշտ ղեկավարի դերում, միշտ ենթակայ վտանգների, միշտ նետւելով բանտէ-բանտ:

Դժւար է Եղիշէի ընդյատակեայ գործի մասին գրել. նախ՝ տարածուն է եղել նրա գործունէութեան շրջանը եւ ի բնէ կոնսպիրատոր լինելով, միայն այն կարող էիր իմանալ, ինչ որ քեզ կարգադրում էր. միւս գործերի մասին լուռ էր եւ կարծես ուրիշ ոչինչ չէր անում. իր կատարած գործերի մասին ինքը կարող է միայն գրել... Զինատար խմբերի աշխատանքներում, լեռից գահավիժելով, վնասւում է ողնաշարը, ուստի մինչեւ մահ մնաց սեղմնիրանի (կորսետ) մէջ կապուած:

Ինձ գրած իր վերջին նամակում յիշատակում էր, որ «Յուշերս դասաւորելու վրայ եմ եւ կը յանձնեմ Հ. Յ. Դաշնակցութեան արխիւին»:

Իր յուշերը սկսել էր գրել դեռեւս 1926 թ. Թաւրիզում. իսկ Թեհրանում վերջացրած (դեռ չխմբագրուած) իր հետ տարաւ Ամերիկա: Հարուստ յուշեր պիտի ունենայ. մինչեւ Ռուսաստանի, Կովկասի ու Պարսկաստանի (Սալմաստ-Ղարաբաղ) անկիւնները ճանաչւած յեղափոխական գործիչ էր:

Մեր ընտանիքները սերտ կապ ունէին իրար հետ. հայրս Իւան-բէկի ընկերներից էր. Եղիշէն՝ քեռիներիս հետ. իր քոյրը՝ Համեստը, իմ կուսակցական խմբումն էր, որ Սիբիրի աքսորավայրերում իր քրոջ՝ Հայկանոյշի հետ տասնամեակներ տառապելուց յետոյ, վերադառնում են Տաշկենտ եւ 3-4 տարի յետոյ մեռնում:

Յաճախ 3-4 հոգուց բաղկացած մի խումբ պարոններ Եղիշէի հետ գիշերները հաւաքւում էին մեր տունը (քաղաքի կենտրոնից հեռու, Քամու-ջրաղաց թաղ) եւ ես պատանի, տանիքի վրայ պառկած պահակութիւն էի անում, շրջուն պահակների ոտնաձայն լսելիս ներքեւ յայտնելու համար:

Դէպքերից մէկը: Մի օր, յայտնի Մածուն Խէչօն (հօրեղբօրս տղան՝ Գրիգոր Միրզաբէկեանը, հայ-թրքական ընդհարումներին Վարանդա գաւառի հրամանատարը), որ խիստ հետապնդւում էր ոստիկանութեան կողմից, աշնան մի մութ երեկոյ յատնւեց մեր տանը, մի փոքրիկ մարդու հետ (հետագային իմացայ որ այդ փոքր մարդը տէրրորիստ Սաքօ-Եապոնն է եղել (Համբարձում Սարգսեան). քիչ յետոյ եկաւ նաեւ Եղիշէն. մեծ քեռիս քրոջս ուղարկեց մեր բարեկամ կօշկակար Երւանդին ասելու՝ «զգոյշ». Երւանդը եւս պահեստապետ էր. նա գիտէր այդ գաղտնի բառի իմաստը. նա պիտի բարձրանար իր տան տանիքը եւ դէպի մեր տուն եկող շարժումներին հետեւելով, վտանգ նկատելիս բաթրի լոյսի շարժումներով ազդանշան տար. իսկ ես, ուշադիր նրա ազդանշանին, պիտի հետեւէի: Շուտով բաթրի լոյսի շարժումները երեւացին. իջայ ներքեւ քեռուս յայտնելու, բայց ուսուցչուհի մայրս խոհանոցի պատշգամբում նստած՝ հրեշտակի պէս հսկում էր այդ վտանգաւոր ժողովին: Ճանապարհը թեք էր եւ խճոտ, ժանդարմների գամած կօշիկների ձայնը առնելով, իսկոյն յայտնում է Եղիշէին, երեքն էլ մեր տանիքից անցնում են փայտահատ Արտեմի փայտի տանիքի վրայ, այնտեղից էլ՝ անյայտանում:

Քիչ յետոյ մեր դարպասի դուռը ուժգին ծեծել սկսեցին. մեծ քոյրս այդ րոպէին դիտմամբ ռուսերէն երգ էր երգում, հայրս իջաւ կողպէտը բացեց ու մի ահարկու սպայ վեց ժանդարմով հօրս ձերբակալած՝ վերեւ բարձրացան. նոյն վիճակին մատնեց նաեւ Նիկոլայ քեռուս (որ նոյնպէս պահեստապետ էր, բայց մինչեւ վերջ էլ բանկի մեծ պաշտօնեայ լինելով՝ մնաց աննկատ). Բոլոր սենեակները քարուքանդ արին, գրադարանի գրքերը թերթեցին, պատերը մուրճով ծեծեցին, եւ ոչինչ չգտնելով՝ հօրս ու քեռուս առան գնացին: Նոյն գիշերը սոյն խմբին ձերբակալելու համար, յանկարծակի մի քանի տներ խուզարկել էին: Հայրս ու քեռիս առաւօտեան տուն եկան:

Անցան տարiներ. Սաքօն, Եղիշէն եւ միւս քեռիս՝ Համբարձումը Շուշւայ անառիկ բանտում էին. եւ ես նրանց ճաշ էի տանում:

Բանտապետը ռուս ժանդարմական մի սպայ էր, չեչոտ դէմքով, դաժան, յեղափոխականների հալածող մէկն էր. հետագայում նա նշանակւեց Շուշու հայկական մասի ոստիկանապետ, եւ շատ չարիք գործեց... Սա Եղիշէին մի արծաթէ ծխատուփ էր նւիրել, վրան ռուսերէն փորագրւած՝ «Յաւիտենական բանտի անդամ Եղիշէ Իշխանեանին»:

Յեղափոխութեան լուրն առնելով՝ ամենաառաջին ռուս պաշտօնեան եղաւ, որ ծպտւած Ռուսաստան ուզեց փախչել, բայց նոյն Եղիշէի կարգադրութեամբ էլ Ասկեարան-Աղդամ ճամբին ահաբեկւեց դաշնակցական վրիժառուների ձեռքով:

Եղիշէն նաեւ հմուտ քարոզիչ էր. պարզ ու յստակ էր նրա խօսքը եւ համոզեցուցիչ. յեղափոխութեան նախօրեակին էր եւ Շուշու ռուսական Պենզեսկի գումարտակը դեռ չէր լուծւել, բոլոր կուսակցութիւններից  քարոզիչներ էին մտնում զօրանոց:

Եղիշէն գնում էր գործնական բնոյթ կրող դասախօսութիւնների. բացատրում էր հայութեան բացառիկ պայմանները թրքութեան մէջ, որ թրքութեան թշնամանքը աւելի է շեշտւել, բացատրում էր թէ հայերը միշտ «ռուսների կողմնակիցներ» են համարւել, ուստի ռուսների զօրքերի հեռացումով՝ հայերի համար պիտի ստեղծւէր վտանգաւոր դրութիւն. «դուք գնում էք, բարով հասնէք ձեր ընտանիքներին, բայց մեզ էլ առանց զէնքի մի՛ թողէք», ասում էր Եղիշէն ռուսներին:

Եղիշէի նպատակն էր, որ զէնքերի մի մասը թողնեն հայերին եւ խօսք էլ տւել էին, բայց հետագայ կարմիր զօրաբանակի (11րդ) արտակարգ գոմիսար Արմենակ Ղարագեօզեանի գրգռութիւնները, ամբոխավարական քարոզչութիւնը հրապարակային մի բազմամարդ միտինգում այնտեղ հասցրեց, որ բոլոր զինւորները վազեցին դէպի զօրանոց ընդդէմ հայերի զէնքի դիմելու... «Պագրոմ» (ջարդ-կողոպուտ) գոռում էին նրանք. միւս կողմից թիւրքերն էին պատրաստւել օգտւելու առիթից... Իսկոյն հայ մարտիկներն իրենց դիրքերը շտապեցին ընդդէմ թիւրքերի, իսկ Եղիշէն դոկտ. Աւետիս Աւետիսեանի հետ շտապեց զօրանոց, կանխելու վերահաս վտանգը՝ պագրոմը:

Եղիշէն յաջողեց նաեւ այս վտանգաւոր գործում. պատի՜ւ իրեն, Շուշին այդ օրը փրկւեց մահու վտանգից:

Եղիշէն նաեւ սպառնացել էր, ցոյց տալով զօրանոցի դիմաց ամրակուռ շէնքերը, ուր շտապել էր դիրքաւորելու հին մարտիկ Չիչեան Ասատուրը: «Այս ամրակուռ շէնքերի արանքով, մեր մարտիկների ռումբերի սարսափից մէ՛կդ կենդանի չի մնայ, բարի ճանապարհ եւ հանգիստ մնացէք», ասել էր Եղիշէն ռուս զինւորներին:

Երեք օր հա՛յ մարտիկները դիրքերում պատրաստ մնացին, մինչեւ ռուսական գումարտակի մեկնումը, որի հետ եւ մեկնեց հայութեան չարիք՝ Արմենակ Ղարագեօզեանը:

Եղիշէն ձեռնարկեց նաեւ պատերազմի յարմար տարիներին Շարաֆխանէից, ռուսական պահեստներից զէնք բերել Ղարաբաղ, բայց միայն մի քանի բեռ տեղ հասաւ. այնուհետեւ գահավիժւող անցքերը արգելք եղան: Նա զինապահեստներից դուրս գալիս՝ «սըխ կացէք» բառով էր բաժանւում:

Ռուսական մեծ յեղափոխութեան բռնկումով, Ղարաբաղը թրքական լայն գօտիով շրջապատւած լինելով, հնարաւոր չեղաւ զէնք ու ռազմամթերք ստանալ. ահա՛ այդ օրերին նորից Եղիշէն էր որ ձեռնարկեց Գանձակ-Շուշի լեռնային դժւարին ու վտանգաւոր ճանապարհով զէնք բերել տալ:

Երբ սկսւեց Բագուի հերոսամարտի նահանջը թրքական կանոնաւոր ուժերի ճնշման տակ, Շուշին վտանգւեց եւ հայկական թաղամասի ամբողջ երկայնքով հրամանտարական շրջանապետներ նշանակւեցին, ընդհանուր հրամանատարութեամբ կապիտան Արտաշէս Վարդապետեանի: Եղիշէն համարեայ ամէն գիշեր երեւում էր դիրքերում. եւ Եղիշէի ու Արտեմ Թումեանի նախաձեռնութեամբ էր որ հիմքը դրւեց զինագործարանի, Տուլայի զինագործարանում աշխատած ինժիներ Սուրէնի ղեկավարութեամբ:

Բագուի անկումից յետոյ, տաճկական բանակը Ղարաբաղ-Շուշի խճուղիով առանց ընդհարման մտաւ Շուշի 1918 թ. Սեպտ. 26ին հայկական թաղամասում զինւորական կենտրոններ ստեղծելով. զինւորական դրութիւն յայտարարեցին. ժամը 5ից, ո՛չ մի լոյս, ձայն, տնից տուն ո՛չ մի շարժում. անսաստողը իսկոյն կը գնդակահարւէր...

Այնուհետեւ սկսեցին ձերբակալել քաղաքում մնացած (ամբողջ գաւառները չէին ենթարկւել) բոլոր աչքի ընկնող գործիչներին, զինւորականներին, մարտիկներին թւով 300 հոգի: Զինւորների մեծ մասը հեռացաւ գաւառ:

Դաշնակցութեան ղեկավար եւ Արեւելեան Բիւրոյի ներկայացուցիչ՝ Հայրապետ Մուսայէլեանն ու Եղիշէն եւս բանտում էին: Այդտեղ էին նաեւ սոցիալ-դեմոկրատ եւ Էս-Էռ կուսակցութեան ղեկավարները: Բոլշեւիկները ազատ հրապարակի վրայ էին...

Տաճիկներն այնուհետեւ ձեռնարկեցին Ղարաբաղի ողնաշարը հանդիսացող Վարանդա գաւառի գրաւման, բայց ուղարկւած զօրամասը Մամնա գիւղի մօտ շրջապատւելով քաջարի հայ մարտիկներից՝ միանգամայն բնաջնջւեց եւ 1918 թ. Հոկտ. 18ին երկու թնդանօթներն եւ ութ գնդացիրները գրաււեցին: Քաղաքի թիւրքերը սարսափի մատնւելով՝ ստիպում են տաճիկներին հայերի նկատմամբ զգուշաւոր լինել...

Այդ ճակատամարտից յետոյ տողերիս գրողը հրահանգ ստացաւ, մտնել Շուշի եւ ճիշդ լուրերով վերադառնալ գաւառ. քաղաքը շրջապատւած էր, կապ չկար:

Շուշին գաւառներից խոր անդունդներով է բաժանւած, իսկ արեւելեան կողմից ամուր ու բարձր բերդի պարիսպներով. կարծես հսկայ մի տուփ է՝ օդի մէջ կանգնած, բոլոր վտանգաւոր մագլցւելիք անցքերին քաջածանօթ էի. քանի՜ քանի պատանիներ գրազի գալով զոհ էին գնացել, գլորւելով անդունդ:

Ժայռերի ծերպերով, արանքներով մագլցելով գիշերանց քաղաք մտայ եւ, չնայած ժամը 5ից զինւորական դրութիւն էր եւ քաղաքը լո՜ւռ բանտի էր վերածւած, ո՛չ մի լոյս, ձայն, արգելւած էր, բայց բակէ-բակ, պատնէշէ-պատնէշ անցնելով, միւս օրը թագնւած շրջանապետ քեռուս՝ Միքայէլի մօտ հասցրի ինձ:

Մի քանի օր յետոյ նոյն քեռուս հետ առեղծւածօրէն ձերբակալւելով, աշնան իրիկնադէմին, 1918 թ. Հոկտ. 25-ին, տաճկական զինւորներով շրջապատւած՝ հայկական թաղամասի միջով տարան թիւրքական թաղամասի մօտ գտնւող նախկին ռուսական ամրակուռ բանտը եւ, դիպւածով, երկուսիս հրեցին Եղիշէի խուցը: Խուցերի դռները կողպելու ժամանակ էր, Եղիշէն, գլուխը փաթաթած դրսից ներս մտնելով, շատ սովորական եւ կշտամբանքի ձեւով ասաց.

–«Չէի՞ք կարող խուսափել, իսկ դու,- ինձ դառնալով,- գաւառն էիր, ի՞նչպէս եղաւ»:

Դռները կողպւեցին: Այժմ կարող էինք զրուցել: Եղիշէն միակն էր բանտարկւածների մէջ, որին շատ էին տանջել, ծեծել, գլուխը վէրքերից փաթաթւած էր, մէջքն ու ոտքերը ուռած, կապտած...

Նա ասաց. «Յեղափոխութիւնից յետոյ ընդայատակեայ գործողներից ջրի երես են ընկել եւ զինապահեստներն են պահանջում. հերթը ձեզ էլ կը հասնի, սը՛խ կացէք»:

Երրորդ օրն էր, որ բանտում էինք, երբ Եղիշէին նորից տարան չարչարելու. երկու տաճիկ ասկեար երբ նրան բերին, ոտքի վրայ կանգնել չէր կարողանում... քեռիս ու զինւոր Սարգիսը, իսկոյն թեւերից բռնելով իր անկողնու վրայ պառկեցրին:

Հայ բանտարկեալներին բանտի վերին յարկում էին պահում, միանգամայն կտրւած արտաքին աշխարհից, թիւրք բէկերից էինք լուր ստանում, որոնց տաճիկները բանտ էին հաւաքել, չարչարելով ոսկի դրամ էին պահանջում. սրանք խիստ դժգոհ էին տաճիկներից:

Ինձ առանձնացրել էին Եղիշէից եւ քեռուցս. երրորդ օրն էր, որ հայ բանտարկեալներին հաց, ճաշ չէին տալիս եւ խուցերից աւելորդ հացերն հաւաքեցին, որ մեր տներից էին բերւում: Բանտում կոտորած էր սպասւում. իմ դասընկեր (ինձնից մեծ էր տարիքով) Ղարաղզլաղեցի Սայադին կախեցին, որովհետեւ զինւած էր ձերբակալւել, զինւած էի բռնւել նաեւ ես...

Սարսափը բանտում աւելի սաստկացաւ... ինձ քննելու ժամանակ, տաճիկ գնդապետ Հասան էֆենդին ուժգին հարւածեց գլխից, շշմած գետին ընկայ... թիւրքերի մասում գտնւող չորս թախտի վրայ առանց անկողնի ու ծածկոցի պառկած էի քանի օր. մէկ էլ ինձ մօտ մտաւ, մութ խուցը, Սայրալուեցի Թէյմուր բէկը եւ ուրախ-ուրախ յայտնեց՝ «Փա՜ռք Աստծոյ, ազատւեցիք. անգլիացիները քաղաք մտան. օսմանցիները փախչում են եւ բանտի հսկողութիւնը յանձնել են Ադրբէջանին»: Եղիշէին դեղ էին տանում, որի վրայ նոյն Թէյմուրի մատիտով գրեցի, որ անգլիացիները քաղաք մտան: Եղիշէն կախաղանից ազատւեց:

Եւ իսկապէս մեր դրութիւնը միանգամայն փոխւեց, խուցերի դռները ցերեկները բաց էին եւ խումբ-խումբ հայ բանտարկեալները երաշխաւորութեամբ ազատեցին. իսկ թիւրքերին՝ հէնց առաջին օրը:

Եղիշէն բանտից ազատւելով, նորից լծւեց գործի, նորից իբրեւ ղեկավար թէ՛ հայկական ներքին ճակատում եւ թէ՛ Ադրբէջանի հետ յարաբերութիւն պահելու, մշակելու գործում:

Հայաստանի կառավարութեան հրահանգով Եղիշէն գործուղղւում է Զանգեզուր-Ղարաբաղ. բայց Ղուշչի Բիրակ Բազարչայ լեռնանցքում յարձակման ենթարկւեով թիւրքերից, վիրաւոր՝ ապաքինւում էր Ղուշչի Բիրակում. վերջին օրերի խնամողը տողերիս գրողը եւ համալսարանաւարտ Ներսէս Մահտեսի Բաբայեանն էինք:

Երբ Հայաստանի կառավարութիւնը (1920 թւին) որոշում է վերագրաւել սովետներից Զանգեզուր-Ղարաբաղը, արտակարգ կառավարութեան անդամ է նշանակւում նաեւ Եղիշէն, միւս անդամներն էին՝ Գերասիմ Բալայեան, Ներսէս Մահտեսի Բաբայեան, Զախար Եօլեան, Արշակ Շիրինեան (դեռ չգիտէին որ Շիրինեանը պիտի կացնահարւի) եւ Յովակ Ստեփանեանը:

1921 թւի Հայատանի Հանրապետութեան անկումից յետոյ, բազմահազար տարագրութեան հետ էր նաեւ Եղիշէն....

Յեղյեղուկ ու պատասխանատու այդ ժամանակշրջանին, Հայաստանի տարագիր կառավարութիւնն եւ Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրօն նորից Եղիշէին են վստահանում գործերը եւ այդ շրջանի բոլոր գործերը կապւած են Եղիշէի անւան հետ: Հետապնդւեց, յարձակման ենթարկւեց, բայց վէրքը թեթեւ լինելով՝ ապաքինւեց: Մասնակցել է պատասխանատու մարմինների ու ժողովների:

Թաւրիզից-Թեհրան, «Ալիք» օրաթերթի հիմնադիրներից, եւ վերջը՝ Նիւ Եորք... ուր դասաւորում էր իր վաղուց գրի առնւած հարուստ յուշերը: Իր ծերութեան տարիքում այնքա՜ն պարզ էր յիշողութիւնը, այնքա՜ն մանրատառ ու գեղեցիկ իր գրութիւնները:

Շիտակ էր իր բնաւորութեամբ եւ տոկուն. իբր բառիս բուն իմաստով յեղափոխական ղեկավար, մանաւանդ Թաւրիզում բազմահազար յուսահատ ու անելի մատնւած տարագիրների մէջ իր խօսքը՝ իր նկատողութիւնները համոզիչ եւ ընդունելի էին բոլորի համար:

Այդ մտաւորական ղեկավարը բառիս բուն իմաստով ընչազուրկ էր. իր տարագրութեան օրերին ձմռան ցրտերին միայն եւ ընդմիշտ նոյն անձրեւանոցը ունեցաւ ուսերին:


Ազիզ ընկեր, դեռ մինչեւ օրս յիշում ու յուզւում եմ քո երգը մելամաղձոտ, սովորած ռուս յեղափոխականներից ռուսական բանտերում. «Այս տեղ սւին եւ գնդակ, իսկ այն տեղ սրբազան ազատութիւն»... Բանտարկեալի տխուր երգը, որ այնքա՜ն ապրումներով կերգէիր բանտում, երբ մահւան ճիրաններում էիր գտնւում:

Երբ Էս-Էռ Արշաւիր Քամալեանը եւ սոցիալ դեմոկրատ իրաւաբան Մանդինեանը յիշելով իրենց ընտանիքները հեկեկում էին բանտում, քո սառնարիւն նայւածքդ եւ մի երկու ժողովրդական բառը բաւական էր լինում, որ այդ ճանաչւած մտաւորականներն իրենց զսպէին: Մի օր բանտի միջանցքում Մանդինեանը ասում էր Հայրապետին. «Այս մարդը մեծութիւն է»: Այո՛, մեծութիւն էիր շա՜տ-շատերից չճանաչւած. կամ՝ լսածներով ճանաչւած:

Սիրելի ընկեր, դու բեմերի վրայ չերեւացիր, բայց նրանց շունչ ու ընթացք տւող եղար. դու Շուշու ուսանողութեան սիրած գաղտնի քարոզիչն էիր. սիմւոլն էիր, դու յարգւած էիր նոյնիսկ կրքոտ հակառակորդներից, դու Ղարաբաղի նւիրւածների հնոցում աչքառու նւիրւած էիր նրանց շարքերում. դու քո տոկուն նւիրումով շատերին վարակեցիր:

Ո՛վ անիծւած ճակատագիր. հայկական ազատագրական շարժման ա՛յնքան իր մասնակցութիւնը բերած Եղիշէն իր մահկանացուն կնքեց իրեն համար խորթ՝ հեռու Ամերիկայում: Քեզ ո՞վ ճանաչեց Նիւ Եորքում. քո յուղարկաւորութիւնը մեծ թափօրի բնոյթ պիտի կրէր Ղարաբաղում:

Հ. Յ. Դաշնակցութիւնը քեզնով կորցնում է հին սերունդի ամենագնահատելի ընկերներից մէկին...

Թող որ այս թռուցիկ վերյիշումները քո յեղափոխական աշակերտի կողմից յարգանքի վերջին տուրք համարւի:

Եւ թող որ օտար հողը թեթեւ գայ վրադ, տարագիր ընկեր:

Վանբէկ
«Ալիք», Թեհրան
Հինգշաբթի, 12 Յունիս, 1975
ԽԵ. Տարի, Թիւ 127 (11,005)
Շաբաթ, 14 Յունիս, 1975
ԽԵ. Տարի, Թիւ 128 (11,006)