01 May, 2022

Վանայ Սարգիս. Շամիլ (Սարգիս Բարսեղեան. 1875-1915)

Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին
«Մեր կազմակերպութեան նպատակը եղել է, ինչպէս ես հասկանում եմ, ոչ թէ հովանաւորել ամեն հայի կամ խմբի, կամ հատւածի, բաւական է, որ նա հայ է, այլ՝ հայ ազգի այն տարրերին, որոնք կազմում են հայ ազգը բնորոշող կոմպակտ մասսան (միակտուր զանգւածը), ահա թէ ինչո՛ւ առաջարկում եմ ինքնապաշտպանութեան գործը կազմակերպել ոչ թէ բոլոր վայրերում, այլ՝ այն վայերում միայն, որոնք նշանակութիւն կարող են ունենալ իբրեւ ապագայ ընդհանուր յեղափոխական շարժման աղբիւրներ եւ նեցուկներ, եւ այդ գործը կապել անպայման Դաշնակցութեան մարմինների հետ»:

Հ. Յ. Դաշնակցութեան Դ. (4րդ) Ընդհանուր Ժողովի նիստերից մէկի ընթացքում եւ ինքնապաշտպանութեան գործի հետագայ ծրագրումի համար առաջադրուած այս կեցւածքը, իր ներքին զօրութեամբ եւ պայծառամտութեամբ կարող է, անտարակոյս, լաւագոյնս պատկերել ուրւագիծը սակաւախօս, բայց միշտ խորաթափանց այն նւիրեալի, որ ծնւեց 1875ին, Գետակ գիւղում (Գանձակ), 8 տարեկանին իսկ կամաւոր արձանագրւելու սրբազան տենդից բռնւած Պետրոս Օտապաշեանի հայաբոյր երդիքի տակ:

Աւազանի քիչ ծանօթ անունով Պօղոս Օտապաշեանն է նա, որ Հ. Յ. Դաշնակցութեան կենսապարգեւ ջրերի մէջ վերամկրտւելուց յետոյ կոչւեց Սարգիս Բարսեղեան, ապա՝ Շամիլ, Կոլոտ (Կարճ) Սարգիս եւ Վանայ Սարգիս՝ իր բազմաթիւ ծածկանուններից կապելով այնքան բազում առաքինութեանց եւ բազմազան զոհաբերութեանց «հայաստանօտ» վկայագիրը, իրաւութեան փառքը, գաղափարապաշտ գործիչի անձնուրաց յիշատակն ու դասը:

Սարգիս Բարսեղեանը, այլ խօսքով՝ մէկը մեր պատմութեան բացառիկ ծնունդներից, որ միշտ վեր մնաց իր անձից եւ միշտ մաքուր պահեց Հայաստան Աշխարհի Ճշմարտութիւնների նւաճման նւիրաբերւած իր մաքրամաքուր ձեռքն ու հոգին՝ միշտ անսալով իր ողջ էութիւնը դարբնած Գաղափարի Ուժի ձայնին եւ, այդ իսկ պատճառով, իրաւա՛մբ, դարձաւ լուռ եւ աներեւոյթ «թթխմորը յեղափոխական կառուցւածքի», Ռուբէնի պատկերաւոր բացատրութեամբ:

Կարճ ու կտրուկ՝ Քրիստափորի սքանչելի ձեռակերտը, որ համալսարանական ուսումը կիսատ ձգելուց յետոյ, դարձաւ ահաբեկչ Կովկասի մէջ, ապա՝ Վան, Կարին, Պոլիս՝ յեղափոխական եւ քաղաքական աշխատանքների կազմակերիչ, բարձրագոյն մարմնի անդամ, բայց միշտ մնալով նոյն ծանրախոհ դերւիշը, որ «ոչ մէկ փայլ ունէր, ըստ երեւոյթին՝ հասարակ ուժ կը թւէր, բայց ըստ էութեան՝ ամեն ինչ էր»:

Երեւութապէս մի սովորական գործիչի տպաւորութիւնը ձգող, բայց էապէս ամէն ինչի վերածւելու ի վերուստ արժանիքով օժտւած այս եզակի նւիրեալի յեղափոխական կենսագրավէպը սկսւում է մի ծուռ միջադէպով, երբ «ապագային հայի պատիւը պաշտպանելու» տեսլականից հրդեհւած երիտասարդ ուսանող կրակում իր դասընկերոջ՝ Յարութիւն Պետրոսեանի վրայ, ի տես վերջնի անձնասէր ընթացքին եւ նրա մենամարտի հրաւէրին ընդառաջելով:

1899-ին, ուսումը շարունակելու համար ճամբայ եկած փախստական երիտասարդը Լօզան է արդէն: Հակառակ իր երիտասարդ տարիքին՝ «հասուն մարդու, ժողովրդի մարդու խոհականութիւն» մատնող մռայլ, ամօթխած, բայց խորապէս պրպտող ու հարցասէր ուսանողը գրաւում է Քրիստափորի անվրէպ ուշադրութիւնը եւ ընկնում է նրա առինքնող հմայքի տակ:

Քրիստափորի կոփած վաղւայ յեղափոխականն է այլեւս, որ 1901-ի վերջերում իր մեծ ուսուցչի հետ անցնում է Կովկաս՝ «Փոթորիկ»ի ծրագրին իր մասնակցութիւնը բերելու համար: Յեղափոխական իր առաջին քայլը հազիւ առած՝ մատնւում է Շուշիի մեծահարուստ Ժամհարեանի կողմից եւ, ձերբակալւելուց յետոյ, փոխադրւում է Գանձակի բանտը:

Բանտում հանդիպում է իր վաղեմի ընկերոջ՝ Յարութիւն Պետրոսեանին, որ ինքը եւս ձերբակալւել էր՝ մի ցոյցի մասնակցած լինելու պատճառով: Գաղափարի մարտիկները ողջագուրւում են եւ, ազատ արձակւելուց յետոյ, Յարութիւնը ծրագրում է Սարգիսի փախուստը:

Նիկոլ Դումանի խումբէն մաս մը, որ անցաւ սահմանը Սասունի օգնութեան, եւ կռուի բռնուեցաւ Ռազիի մէջ (10 Յունիս 1904)ին:
Վերի շարք ձախէն աջ՝ Ռուբէն Տէր Մինասեան, Վանայ Սարգիս, Քիւրտ վալադ Մստօ, Վանեցի Աւտօ (Նահատակուած Ռազիի կռիւի ընթացքին)
Նստած՝ Նիկոլ Դուման, կողքը կանգնած՝ Թադէոս Ամիրեան (Դատաշ)
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան Հիմնադրամին
Սարգիս Բարսեղեան ազգանունով մի պարսկական անցագիր ձեռք բերած յեղափոխականը, այնուհետեւ, իր բոլոր ուժերով նետւում է Հայ Ազատագրական Շարժման հրեղէն ընթացքի մէջ: 1904-ին միանում է Սասնոյ օգնութեան փութալու համար ճամբայ ելած Նիկոլ Դումանի խմբին, որ, սահմանապահ զինւորների եւ քիւրտ ցեղախմբերի հետ բուռն բախումբեր ունենալուց յետոյ, ստիպւում է վերադառնալ Պարսկաստան (Ռազիի կռիւը):

1905-ին, Կոմսի հետ անցնում է Նախիջեւանի շրջանը, ապա՝ Երեւանի մէջ հայ-թաթարական կռիւներին մասնակցելուց եւ մի շրջան Պարսկաստանից զինամթերք փոխադրելու դժւարին գործը յաջողութեամբ պսակելուց յետոյ, անցնում է Վան, ուր եւ մաս է կազմում շրջանի պատասխանատու մարմնին՝ Արամի, Իշխանի, Կողբեցի Տիգրանի, Համազասպ Բաղէշցեանի եւ այլ նւիրեալների հետ:

Հ. Յ. Դ. Վասպուրականի Կեդրոնական Կոմիտէ (1906)
Կողբեցի Տիգրան, Վանայ Իշխան, Համազասպ Բաղէշցեան (Սալման)Արամ Մանուկեան, Վանայ Սարգիս, Մալխաս (Մալխասը ԿԿ-ի անդամ չէր)
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան Հիմնադրամին

Եւ Լեռնապարը դառնում է մի անսպառ գործադաշտ ջղուտ, ընկերասէր եւ գործելու անհուն տենդով յեղափոխական ասպարէզ նետւած Սարգիսի համար, ուր եւ երեւան է գալիս իր վարչական ու կազմակերպչական արտակարգ տաղանդը:

Շրջանի ողջ հայութեան եւ բոլոր ընկերների սէրն ու յարգանքը նւաճած այս տիրական դէմքը, Սահմանադրութեան հռչակումից յետոյ, նւիրւում է կազմակերպչական աշխատանքների՝ միաժամանակ յաջողութեամբ պսակելով քաղաքական – յարաբերական դժւարին պարտականութիւններ: Հակառակ իթթիհատական դաւադիր պատասխանատուների հետ կապ պահելու եւ հասկացւելու դժւարին պարտականութեան՝ Սարգիս Բարսեղեանը, շնորհիւ իր խորաթափանց դատողութեան՝ միշտ էլ յաջողում է յարգելի դարձնել Հ. Յ. Դաշնակցութեան տեսակէտները:

1914ին Կարնոյ մէջ գումարւած Հ. Յ. Դ. Ընդհանուր Ժողովը նրան ընտրում է Հայաստանի Բիւրոյի անդամ եւ իրեն է վստահում Պոլսի կուսակցական եւ հանրային կեանքը վարելու ճակատագրական պատասխանատւութիւնը:

Ռուբէնը եւ Սարգիսը Երկիր են հասնում մեծ Աղէտը նախորդած ընդհանուր անորոշութեան օրերին եւ տենդագին լծւում են կազմակերպչական աշխատանքների: Բայց դէպքերի արագասոյր եւ գահավէժ ընթացքը հիմնովին շրջում է կացութիւնը եւ յեղափոխական շարժման բարոյական հասկացողութիւնը մարմնաւորած այս նւիրեալը դառնում է Մեծ Եղեռնի առաջին նահատակներից մէկը՝ սերունդներին կտակելով իր արեան իսկ գնով իր հաւատքը սրբագործող գաղափարապաշտ առաքեալի աւանդը:

Ս. Կիրակ
«Ալիք», Թեհրան
Հինգշաբթի, 6 Մայիս 1982
Թիւ 94 (12,948)