Վան, 25 ապրիլի
...Ապրիլ 17-ին, գեղեցիկ ձիերիս մէջքին թռանք վեց ընկերներով, ու արիւնով ողողւած նւիրական հայրենիքի լեռներ ու հովիտներ տեսնելու բուռն տենչով քշեցինք դէպի սահման: Ըստ երևոյթին, թշնամին մեզ լրտեսել էր սկզբից իսկ, որովհետև հազիւ մի քանի ժամ անցած՝ քրդեր նշմարեցինք:
Առաւօտեան անձրև սկսեց և հետևեալ գիշերը մեր ձիերի ոտքերի հետքերը ձգւեցան լանջերի ու հովիտների մէջ: Նախորդ գիշերւայ քրդերը հաւար էին տարած եղեծ գիւղերը և ահա մեր ճանապարհին երևացին վեց զինւած քրդեր, որոնք ուղղակի գալիս էին դէպի մեզ: Հեռուից ձայն տւինք, և դուրս եկաւ, որ մեր ծանօթ քրդերն են: Նրանք լսել էին, թէ աւազակներ են անցել, և այդ պատճառով մեզնով հետաքրքրւել էին: «Եթէ գիտենայինք, որ դուք էք, սկի կըգա՞յինք», յայտնեցին նրանք: Եւ դրա հետ միասին խորհուրդ տւեցին մեզ՝ առաջ չգնալ, ասելով, թէ շատ քրդեր արդէն մեր առաջը կտրել են:
Սակայն ո՞վ յետ կը դառնար: Որոշել էինք, ինչ էլ լինի, առաջ գնալ: Եւ ծանօթ քրդերի «բարի երթով» ճանապարհ ելանք: Այդ գիշերը հատ-հատ ձիաւոր քրդերի միայն պատահեցինք. մի քանի գնդակներ փոխանակեցինք միմեանց հետ, ու նրանք անհետացան շուտով:
Մեր ճանապարհը անցնում էր մի գիւղի վերևից: Գիւղի պահապանները նկատեցին մեզ. հաւարը ընկաւ և ճանճերի նման թափւեցին: Նրանց մէջ կային և զինւորներ, որոնցից մէկը յանդգնութեամբ հասաւ մեր խմբապետին և բռնեց ձիու սանձը: Խմբապետի հաշտարար խօսքերն ու խորհուրդները զուր անցան. զինւորը պոկ չէր գալիս, իսկ ահագին խուժանը հասնում էր մեզ արդէն և սպառնում: Խմբապետը համբերութիւնն ու յոյսը կտրած՝ հրացանի խողովակը ուղղեց զինւորի կրծքին և արձակեց. զինւորը գլորւեց (վերջը իմացանք, որ հարիւրապետ է եղել), մենք առաջ անցանք:
Արշալոյսին մեզ ձգեցինք Լիմ գիւղի վերևի սարը: Թշնամին հետևում էր մեզ: Հաւարը փրթել էր ամեն կողմ: «Դէ՛ տղերք ջան, գործ բացւեց», ասաց խմբապետը ժպտալով: «Դէ՛, քեզ մատաղ, մօսին ջան», բացականչում էին ընկերներս ու գգւում հրացանը խողովակները:
Մենք պաշարւած էինք չորս կողմից 2-3 հարիւր քիւրդերով, և 35-40 ձիաւորներով: Իջանք մեր ձիերից, յանձնեցինք ընկերներից մէկին, որը նրանց տարաւ ձոր, և դիրքեր բռնեցինք, հեռադիտակով թշնամու շարժումները դիտելով: Արևը բարձրացաւ: Յափշտակւած գեղեցիկ լեռների տեսքով, ազատութեան երգեր էինք մրմնջում... իսկ սրտերիս մէջ վրէժն ու զայրոյթը պայթել էր ուզում:
Վերջապէս հովիւները նկատեցին մեր ձիերը: Քրդական հաւարը սկսւեց արձակւած մի քանի գնդակների հետ: Թողինք որ մօտենան: Ձիաւորները սրարշաւ գալիս էին, բայց երբ մեր գնդակները գլորեցին մի քանիսին՝ ստիպւեցին կանգնել: Նրանք էլ դիրքեր գրաւեցին: Եւ որքա՜ն տարբերութիւն թւի: Մեզանից իւրաքանչիւրին 40-50 հոգի էր ընկնում և մարթինիի ու բէրդանի գնդակները վժվժում էին մեր շուրջը: Մենք գնդակ չէինք արձակում զուր տեղ, պահելով այդ վճռական րոպէին, քանի որ թշնամիները շարունակ առաջ էին նետւում յիմարաբար:
Ազատւելու յոյսը քիչ կար «Սիրտերդ պինդ պահեցէք, փամփուշտ շատ կայ. կեցէէ՜ Դաշնակցութիւն», գոչեց ընկերներից մէկը: Եւ նոր կատաղութեամբ գոռացին մեր մօսինները: Ապահովաբար մեր ձիերը վտանգի մէջ էին այժմ: Թշնամին աշխատում էր գրաւել նրանց. մենք դժւար դրութեան մէջ էինք – ձիերին պաշտպանէինք թէ՞ մեզ:
Մեր ձիապահ ընկերը արդէն սանձերը թևերն անցրած՝ աջ ու ձախ գնդակներ էր արձակում. մնում էր մի վճռական քայլ անել: Մեզանից մի քանիսը նետևեցին դէպի բեռները և գնդակների տարափի տակ ինչ կարելի էր բարձրացրին դէպի մեր դիրքը: Ձիերից մէկը խրտնեց ու անցաւ թշնամու ձեռքը. մեր ձիապահ ընկերն էլ հասաւ մեզ: Այդ ժամանակ ձիերը փոխանակ թշնամուն թողնելու, լաւ համարեցինք մեր ձեռքով սպաննել, ու այդպէս էլ արինք:
Այդ միջոցին մեր ընկեր վանեցի ՅՈՎՀԱՆՆԷՍԸ, տաքացած՝ դուրս նետւեց դիրքից և ճակատ առ ճակատ կանգնեց թշնամու դիմաց: Շատ չանցած՝ քաջը թշնամու գնդակին զոհ գնաց: Մենք համբուրեցինք մեր թանկագին ընկերոջ արիւնլւայ գլուխը, առինք հրացանն ու փաշփուշտները և մարմինը պատսպարելով քարերի մէջ, նետւեցինք թշնամու շղթայի վրայ յաջողութեամբ ճեղքեցինք ու անհետացանք: Մի քանի ժամ վերջ Վանից հարիւրից աւելի զինւոր էին հասել, բայց մեր հետքը արդէն կորած էր...
Սարսափը ահագին է. թշնամին տրամադիր է կարծել, որ մենք 100-150 հոգի ենք եղել:
Այժմ բոլորս ապահով մեր ուզած տեղը, ընկերների մօտ ենք: