90-ական թւականին Կովկասում արդէն սկսւել էր մի թարմ ու կենսատու հոսանք, և երիտասարդ Վիրաբը ոտով գլխով նւիրւեց այդ հոսանքին: Իր բնաւորութեան մաքրութեամբ և վեհութեամբ նա շուտով գրաւեց բազմաթիւ ընկերների սէրը եւ նրա բնակարանը դարձաւ բոլորի համար մի խորհրդարան: Վիրաբի ոգեւորութիւնը սակայն իր գագաթնակէտին հասաւ, երբ 1890 թւականին՝ Կարինի դէպքից անմիջապէս յետոյ՝ Կովկաս ժամանեց Տարօնեցի Յակոբվ սարկաւագը եւ Կուկունեանի հետ միացած՝ ձեռնարկեց մի մեծ գործ: Վիրաբը անմիջապէս միացաւ սարկաւագի խմբի հետ:
Ինչպէս յայտնի է, խմբի նպատակն էր զէնք ու մարդիկ տեղափոխել երկիր եւ հետզհետէ կազմակերպել ժողովուրդը: Բայց սահմանի վրայ հանգամանքները փոխւեցին. ռուս կառավարութիւնը խիստ միջոցների դիմեց, եւ խումբը սահմանագլխի զինւորների հետ մի ընդհարումից յետոյ՝ մասամբ ձերբակալւեց եւ մասամբ ցիրուցան եղաւ: Կաղզւանի Խառ գիւղի մօտ, 1890 թ. սեպտեմբեր 26-ին, ձերբակալւում է և Վիրաբը՝ Կուկունեանի ու խմբի հետ:
Վիրաբը իր ընկերների հետ շղթայւած էր Կարսի բանտում, մինչև 1892 թ. մայիս 7-ը, երբ սառնութեամբ լսեց այն դատավճիռը, որով դատապարտւում էր 26 ընկերների հետ 15 տարւայ տաժանակիր աշխատանքների Սիբիրի հանքերում, զրկւելով բոլոր իրաւունքներից: Թէ ինչ կը նշանակի այդպիսի մի դատավճիռ լսել, դա միայն կը հասկանայ նա՛, ով մի անգամ դժբախտութիւն է ունեցել լսելու: 1893 թւի սեպտեմբեր 22-ին Վիրաբը իր ընկերների հետ միասին փոխադրւում է Թիֆլիս, ուր բոլոր դատապարտւածները արդարութեան բարձրագոյն ատեանին բողոքել էին իրենց դէմ տրւած խիստ վճռի դէմ: Բայց ո՞ւր էք փնտռում արդարութիւն բռնակալների երկրում: Ինչպէս Թիֆլիսի դատաստանական պալատը, նոյնպէս եւ Պետերբուրգի սէնատը մէկը միւսը յետեւից հաստատեցին Երեւանի նահանգական դատարանի վճիռը: Կառավարութիւնը եւ նրա գործակալները՝ լցւած մի առանձին ատելութեամբ դէպի հայերը՝ ծածկել էին ամբողջ գործում «հայկական շարժում», «հայ յեղափոխութիւն» եւլն, ու դատապարտեցին բոլորին իբրեւ քրէական յանցաւորների, իբրեւ մարդասպանների, աւազակների:
1895 թ. աշնանը Վիրաբը 5 ընկերների հետ շղթայակապ հասնում է Զաբայկալ, 96-ին՝ Գօրնի Զիլինտօյ, և այստեղ սկսւում է նրա տաժանակիր աշխատանքը, պղնձի եւ արծաթի հանքերում:
1896-98 թւականներում հայրենիքում կատարւող դժբախտ անցքերի մասին հատ ու կտոր տեղեկութիւններ էին հասնում Վիրաբին: Դատապարտեալների այդ մութ, մռայլ վայրերում՝ որտեղից որտեղ՝ ՎԻրաբը կարողանում էր թղթակցութիւն պահել իր ազատ ընկերների հետ: Ստացած լուրերը սեղմում, պատառոտում էին նրա սիրտը, և այլեւս անկարող լինելով դիմադրել իր ներքին պահանջներին, բորբոքւած վրէժխնդրական ոգով, նա կոչում է ընկերներին՝ «մահ կամ ազատութիւն» – փախչել, թռչել, սլանալ դէպի մայր հայրենիք կամ մեռնել փշրտւած շղթաներով: Եւ երբ իր վիճակակից հինգ ընկերներից ոչ մէկը չի համաձայնւում Վիրաբի այդ յանդուգն առաջարկութեանը, նա առանց վհատելու վճռում է իրագործել միայնակ՝ ու մի գեղեցիկ օր, փշրտելով շղթաները եւ դուրս թռչելով պարսպից, մնաս բարով է ասում Գօրնիյ Զելինտօյին...
1899 թ. սեպտեմբերին էր, երբ յաջողւեց նրան ոտ դնել Կովկաս: Անյագ տենչանքով այստեղ փնտռում է Վիրաբը իր նախկին ծանօթներին եւ այնքան տանջանքներից յետոյ՝ ազատութեամբ թարմացած՝ սկսում է նոր գործ պահանջել: Իր բազմաթիւ բարեկամների թախանձանքը – Կովկասի մի ոեւէ անկիւնում առայժմ հաստատւել մի փոքր հանգստանալու համար – Վիրաբը մերժում է անպայման և երբ մի ամիս յետոյ իր եղած քաղաքում նա հանդիպում է կղզու վրայ աքսորւած իր ընկերներից մէկին, որը նոյնպէս թողնելով Սախալինը մի երկար ու արկածալի ծովային ճանապարհորդութիւնից յետոյ հասել էր Կովկաս, նա վճռում է իր անլիքը:
1899 թւի հոկտեմբեր 6-ին նրանք անցնում են ռուս-պարսկական սահմանը եւ մտնում Պարսկաստան: Ահա նոր շրջան, նոր գործիչներ, նոր ասպարէզ գործունէութեան: Վիրաբի ոգեւորութիւնը պափ չունի. նա մոռացել է այն բոլոր սարսափները ու արկածները, որոնց միջով անց էր կացել 9 տարի շարունակ: Ատրպատականի կետրօնական կօմիտէն յանձնում է նրան երկու տեսակի պատասխանատու գործեր, որոնց նա նւիրւում է ամբողջովին՝ օրէցօր աւելի եւ աւելի գրաւելով կետրօնական կօմիտէի եւ ընկերների անպայման վստահութիւնը: Սակայն վեց ամիս անգամ չէր լրացել այն օրից, երբ նա ստանձնեց այդ գործերը, եւ ահա ճակատագրի վերջին անգութ հարւածը յաւիտեան կտրեց նրա տանջալից կեանքը: Ապրիլի 22-ին, ձիով ճանապարհորդելիս, յանկարծ չար դիպւածով Վիրաբի ձին ընկնում է: Գետին փռւած ձիու հետ ինքն էլ ընկնելով՝ Վիրաբը վնասում է իր աղիքները եւ 12 օր ծանր հիւանդութիւն քաշելուց յետոյ մեռնում է մայիս 3-ին, շրջապատւած ընկերների ու իրեն պաշտողների մի փոքրիկ խմբով:
Չնայելով, որ Վիրաբի թաղումը տեղի ունեցաւ հետեւեալ օրը, մայիսի 4-ին, չնայած նաեւ այն հանգամանքին, որ կազմակերպութիւնը որոշել էր ամենապարզ ու համեստ կերպով կատարել թաղման ծէսը, բայց եւ այնպէս այդ հանդէսը անցաւ մի անսովոր փայլով: Դրանում արտայայտւեց այն ընդհանուր կսկիծը, որ պատճառել էր Վիրաբի մահը բոլոր նրան ծանօթ շրջաններում:
Մեռաւ գաղափարի անվեհեր մի զինւոր ևս: