ԵՓՐԵՄ (Մահւան Քսանամմեակի Առթիւ) (1912-1932)
Իրանի խորքերէն է, որ այս անգամ կուգայ կսկծեցուցիչ լուրը:
«Սահմանադրական բանակը յաղթական. հրամանատարը սպանւած»:
Հերիք չէին Մայր-Երկրի, հայ-թրքական ընդհարումների և այլ բազմաթիւ զոհերը, այժմ էլ հայ արիւնը կը թափւի հեռաւոր Պարսկաստանի մէջ: Կարծես քիչ էին մեր ներքին, ազգային ցաւերը, այժմ էլ հայ ուսի վրա կը ծանրանայ դրացի ժողովուրդի ապագայի հոգսը...
Հոգսերի, գործունէութեան նոր ասպարէզ, գալիք զոհերի նոր շարան՝ յանուն ժողովրդապետութեան, յանուն հայի ապրած վայրերի ազատագրութեան...
Ահա չորս տարի է ինչ Պարսկաստանի մէջ հայը կը կռւի ո՛չ թէ մինակ, այլ կողք կողքի պարսիկ ազատականի հետ, կը կռւի յանուն ընդհանուր շահերի, կը կռւի՝ ինչպէս վայել է ամէն մի ազատ քաղաքացու:
Պարսկաստանի, Թիւրքիայի և Ռուսիայի հայութեան բոլոր շրջաններէ հաւաքւած մարտիկները կոտորածներին չէ որ կը դիմադրեն, այլ կը կռւին քաջաբար, յաղթութիւններ կը տանին – յարգանքի և զմայլումի զգացումներ արթնացնելով բազմաթիւ սրտերի մէջ:
Պարսիկը կը գուրգուրէ հայը, կը նայէ, կը հետևի նրան, որովհետև Հայ Յեղափոխականն է որ ձախողեց Մէհմէտ Ալիի հակասահմանադրական coup d'etatն. Թաւրիզի, Թէհրանի, Ռաշտի, Սալմաստի և բոլոր վայրերի հայ կոմիտէներն էին, որ օրինակ եղան պարսիկ ազատականներին՝ կռւել բռնութեան դէմ յարատև կերպով, կռւել զէնքը ձեռներին, արեան գնով:
Դաշնակցութեան ձեռքով մկրտւած պարսիկ ազատականը, պարսիկ հայրենասէրը, երախտագիտութիւն և ազնւութիւն կունենայ յիշելու իր ուսուցչի մատուցած ծառայութիւնը...
Հայ մարտիկները սիրելի չեն, հաւանաբար, Պարսկաստանի կորուստը դարբնող մրցակից ռուս, անգլիացի, գերման և այլ ազգերի դիւանագէտներին. բայց անոնք իսկ, այդ հակառակորդներն անգամ, որչափ էլ հակառակ լինեն հայ յեղափոխականներին, այնուամենայնիւ չեն կարող ժխտել, արհամարհել անոնց դերը: Հակառակորդներն անգամ կը յարգեն այսօր ազատականներին: Դա յիշատակալից պատմական երևոյթ է, որ ոչ ոք կրնայ ժխտել:
Իսկ ինքը հա՞յը, մարտիկների արիւնակից ու ազգակից բազմաչարչար այդ ժողովուրդը: Ինչպէ՞ս կը վերաբերի ան դէպի տեղի ունեցող Դէպքերը:
Հայը անտարակույս որ կը զմայլի այսօր, արցունքներ թափելով զոհերին և ծափահարութիւններ ուղղելով կռւող մարտիկներին: Դարևոր քնէ արթնցած ստրկութենէն նոր ոտքի կանգնած հայը կուզէ ապրել իր զաւակների լրիւ և բեղմնաւոր կեանքով: Հայը չի կրնար չուրախանալ այսօր իր երիտասարդ որդիների կենսունակութեամբ, տաղանդով, ոյժով: Նրա տրորւած սրտին թանգ է մանաւանդ քաջութիւնը, մարտիկի ոյժը, զէնքի շառաչիւնը...
Եւ զարմանալի չէ այս:
Գաղթականութենէ, կոտորածներէ, ուժեղի առաջ քծնելէ վերջ՝ առաջին անգամն է որ Նա կը յաղթէ այսօր: Կը յաղթէ ոչ միայն Ղարադաղցիներին ու Շահսևաններին, այլ և Մէմէտ Ալիին ու իր բոլոր հովանաւորներին...
Դարերի ընթացքին մէջ կռացած հայ մէջքն է որ կը շտկւի այսօր, և պէտք է որ շտկւի... արեան գնով, թանկագին զոհեր տալով, այլ ճանապարհ չկա՛, այլ կերպ չի՛ կարող լինել: Մեծ գործը կը պահանջէ նաև մեծ զոհեր. մեռած քարերն են որ չեն տառապիր՝ չուրախանալու պայմանով...
Այդ ճշմարտութիւնը լաւ ըմբռնեցին բոլոր նրանք, որ արժանապատւութեան զգացում, ազատութեան կայծ ունեցան իրենց սրտերին մէջ:
Տառապած Հայութեան աղքատիկ խրճիթների զաւակներն են նրանք, այսօր մաճը բռնած գեղջուկ, վաղը ազատութեան մարտիկ, իսկ քիչ յետոյ շղթայակապ կալանաւոր, կամ երկրի բախտ տնօրինող հրամանատար: Հալածաւա՜ծ բռնակալներէ, կեղեքւա՜ծ ուժեղներէ, նրանք համախմբւած են Գաղափարի դրօշակի տակ, գնդակի և փառքի դիմաց:
Դրանցից մին էր և պարսից սահմանադրական զօրքի հրամանատար Եփրեմը, դրանցից էին և Եփրեմի կողքին կռւող և ընկնող անծանօթ մարտիկները:
Երկարատև և բազմապիսի տառապանքներէ յետոյ, Եփրեմը մնացել էր նոյն նւիրւածն ու նոյն մարտիկը՝ ինչպէս մեծ մասը այդ տառապած ժողովուրդի ըմբոստ զաւակների:
Նրան կռւի ուղարկելիս, ողջդարձի առթիւ Դաշնակցութիւնը ուղեկցեց Եփրեմին՝ հին դիւցազնական պատւէրով.
«Կա՛մ վահանը ձեռքիդ, կա՛մ վահանիդ վրա»:
Եւ նա մնաց հաւատարիմ այդ պատգամին: Չորս տարի նա կեցած էր վահանը ձեռքին՝ միշտ էլ յաղթող, և այսօր նա պառկած է վահանի վրա... նորէն յաղթող...
Ողջո՜յն և փառք ձեզ, ո՜վ հեռաւոր, արիւնոտւած, պատնէշների վրա ընկնող մարտիկներ:
Ողջո՜յն և կամք ձեզ, ո՜վ կենդանի մնացած ընկերներ:
Ո՛ւր որ էլ լինիք դուք – կռւի դաշտի մէջ թէ շղթայակապ կալանաւոր, բահը ձեռքերնիդ մշակ թէ թափառական առաքեալ – միշտ էլ ձեզ ներշնչողը թող լինի տառապողի ազատագրութեան վեհ գաղափարը, ձեր առաջնորդը՝ դիրքերի վրա մնալու պարտաճանչութեան սուրբ սկզբունքը:
Հոգ չէ թէ մի օր վահանով կը դառնաք, միւս օր՝ վահանի վրա, արդիւնքը նոյնն է – յաղթութիւնը...
Եփրեմները, հրամանատարները կընկնին և պէ՛տք է որ ընկնին: Նրանց մահով բանակն է որ կը յաղթանակէ, Հայութեան, ամբողջ Մարդկութեան Ազատագրութեան օրն է որ կը մօտենայ...