ԵՓՐԵՄ (Մահւան Քսանամմեակի Առթիւ) (1912-1932)
Որքա՛ն լեցուն էր այդ կեանքը:
Հազիւ աղուամազ բուսած երեսին, 22 տարի առաջ, երբ Տանջանքի վաթանից «հաւարը» հնչեց, նա էլ, թոթովախօս մի յեղափոխական, այնտեղ վազեց, Կուկունեանի խմբի հետ:
Կռւի դաշտից, աւա՜ղ, բանտ նետւեց, շղթայ զարնւեց եւ իբրեւ ոճրագործ ,– ազատութեա՜ն ոճրագործ – քշւեց Սիբիր, հեռաւոր Սախալին, սառնամանիքների մէջ յեղափոխական կրակը մարելու...
Սակայն, աստւածային կրակը չի մարում: Բորբոքւած ու անհանգիստ, ինչպէս վանդակից խուսափող առիւծ, դարձաւ Տանջավայրը հարազատ ժողովրդի, ու հին Ատրպատականը իր գորածավայրը դարձրեց:
Ու այդ օրից Իրանը, երբեմնի կենտրոնը դասական անշարժութեան, եղաւ նրա աշխատանոցը, նրա մարզանքի վայրը, այն միջնաբերդը, որտեղից սլանում էր արցունք սրբելու, ըմբոստութեան դասեր աւանդելու, եւ հնչեցնելու ժողովրդի ականջին ռազմի նոր տաղերը...
Խանասորի ձորերում՝ իբրեւ անձնւէր մարտիկ, Ռաշտի մէջ՝ իբրեւ գործիչ յեղափոխական, Թաւրիզում զէնքի զարդարանքի տակ, Սալմաստի կողմերը՝ Ֆէդայու տարազով – նա չմաշւեց, չծածկւեց տարիքի ժանգով, այլ փորձի ու փորձանքի կրակով շիկացած նոր դաշտեր երազեց՝ իր բնածին տաղանդի համար: Քաղաքից քաղաք, կռւից կռիւ, ճակատամարտից՝ պարլամենտ, պարլամենտից՝ պալատ, ժողովից՝ պատերազմ – միշտ կրակի մէջ, միշտ վտանգի հանդէպ, միշտ պայքարով պատած...
Ա՜հ, որքա՜ն լեցուն էր այդ կեանքը:
Նա ինքն էր, որ կերտեց իր բարձրութեան պատւանդանը: Չունեցաւ ծագումի մեծութիւնը, որովհետեւ ծնողքը, համեստագոյն գեղջուկներ, չթողեցին նրան ոչ դիրք, ոչ կապեր, ո՛չ դրամ: Հազիւ գրագէտ, նա դիպլոմ էլ չունէր – նորագոյն վահանը աշխարհային յաջողութեան: Դպրոցը նրան տիտղոսներ չտւեց: Նրա դիպլոմը – իր տաղանդն էր: Նրա տիտղոսը՝ իր կամքը: Ու զինւած այդ տաղանդով ու կամքով, երբեմն թագնւած, երբեմն լուսաշող, նա քալեց չարքաշութեան ճամբան, եղունքներով ու ատամներով ճանկռեց քարերը, հուժկու հարւածներով կեանքի տատասկները տրորեց, բանտից պալատ հասաւ, եւ ստրուկ ծնած ձեռքերով՝ ազատութեան արձանը հրաշակերտեց...
Ու իր անունը, համեստ, աննշան, երբեմն հեգնական Եփրեմը, դարձրեց փայլը կռւող Իրանի, հպարտութիւնը՝ իր ծնող ժողովրդի:
Ահա նրա բուն մեծութիւնը...
* *
*
Եւ այդ հերոսութեան գլխաւոր էջը – Իրանի մէջ. այն երկիրը, որ պատմութեան ընթացքում եղաւ հայկական դժբախտութեանց հնոցներից մէկը, ուր երկու ցեղեր, աւելի ճիշտ՝ երկու կրօններ բախւեցին ուժգնօրէն, կայծակի սաստկութեամբ, եւ ժառանգ թողեցին արդի սերունդներին՝ ատելութիւն եւ թոյն, վրէժ ու թշնամա՜նք:
Բայց այդ չարգիլեց յեղափոխական մարտիկին, որ ծնունդ էր գաղափարի եւ ոչ թէ զինւորական վարժոցի, դուրս ցատկել ազգա-կրօնական ատելութեան շրջանից եւ սպասաւորել ազատութեան, յանուն մի հայրենիքի, ուր բոլորն են տանջւած, ընդդէմ մի բռնապետութեան՝ որից բոլորն են հալածական: Այդ դրօշին հետեւեց ե՛ւ հայ ռազմիկը, ե՛ւ մահմետական բախտիարը, ու նրա հովանու տակ կուրծք տւեցին երէկեան քուրմերի ձեռքով բաժանւած դժբախտները:
«Ստրուկ» հայը մահմետական բռնաւորների դէմ, մահմետական ու քրիստոնեայ ռազմիկներով – ահա նոր գաղափարը, սերմանւած Շահնշահի մայրաքաղաքի մէջ, ահա պատմական ժառանգութիւնը համեստ հերոսի, որ անթառամ նորութիւնն է Արեւելքի պատմութեան...
Ու տարիներ յետոյ, երբ Թեհրանի Հայոց եկեղեցու բակից հերոսի մարմինը, հիացման տաղերով կը փոխադրւի Իրանի Պանթէոնը – Ազատութեան յաւիտենական սրբավայրը – պարսիկ սերունդը, գիտակցող որդիքը այժմեան կոյրերի, ծնկաչոգ կը վերյիշէ այն Մեծ Քաղաքացին, որ գիտցաւ ո՛չ միայն կեանքը տալ, այլ այդ կեանքով հաշտութեան ճամբայ բանալ, մոլեռանդութեան աշխարհի մէջ, համերաշխութեան շէնքը կառուցանել Ատելութեան աւերակների վրա...
Հանգիստ չունեցաւ նա:
Գնաց, ուր կանչեց նրան պարտքը: Հպարտ ու սառնարիւն ընդդէմ բոլոր դաւերի ու բոլոր նախանձների, որ յատկանիշն է պալատական ու պաշտօնէական բոլոր փոքրութիւնների, – նա քալեց գնդակների տարափի տակ, բամբաասանքների միջով, քալեց անյողդողդ, օր ու գիշեր: Ու բոլոր յորդորներին մի պատասխան ունէր. «Գիտեմ, պիտի մեռնիմ, բայց պատւով մեռնիմ»:
Ու մեռաւ գեր-պատւով – պատնէշի վրա: