ՆԻԿՕԼ
Սպանւեց Եփրեմի հետ: Ղարաբաղի Վարանդա գաւառի Աշան գիւղից է, 27-30 տարեկան: Հայ-թիւրքական ընդհարումների ժամանակ գործել է Բագւում, Հիւսիսային Կովկասում և Ղարաբաղում: Եփրեմի զօրաբաժնի մէջ, նրա խմբապետներից մէկն էր:
Այսքանը: Այս հաճիրկ տողերն են գրում մեզ երկրի ընկերները «Դաշնակցութեան» այդ նոր նահատակի մասին: Քի՜չ բան է... Ոչ իսկ ազգանունը գիտենք այդ պարզ, համեստ զինւորի, որ ընկաւ զօրավարի հետ իր փառաւոր դիրքի վրայ, պարտականութեան դաշտի մէջ: Շա՜տ քիչ է... Ընկերների պարտքն է՝ փքոր ինչ աւելի ուշադիր վերաբերմունք ցոյց տալ դէպի մեր կտրիճ մարտիկները, որ մտնում են «երկիր», իբրեւ «վաղօրօք զոհւածներ», իբրեւ մահւան առաջնակարգ թեկնածուներ... Փոքր ինչ աւելի ուշադրութիւն՝ որպէս զի կատարած լինենք ընկերական մեր պարտքը, տւած լինենք իւրաքանչիւրին իր արժանի տեղը՝ յեղափոխական արժէքների երկայնաձիգ սանդուխի վրայ... Փոքր ինչ աւելի ուշադրութիւն՝ որպէս զի այդ խիզախ դէմքերի - և անգամ ամենապարզ, ամենաանշուք նահատակների – գործերը, նրանց առաջին քայլերն իսկ, նրանց ըմբոստ, երիտասարդական խոհերը արձանագրւին խնամքով, ընծայւին սերունդներին, հարստացնեն Հայկական Վերածնունդի թանգարանը, յուշերի եւ ապրումների յեղափոխական մատեանները...
Նիկոլ Յարութիւնեան
Դեռ վառ է երեւակայութեանս մէջ այն մեղմ ու համակրելի դէմքը, որ այնպէս աչքի էր ընկնում մեր զինուորական շարքերի մէջ:
Նիկոլը...
Մերթ հողագործ, մերթ հիւսն, ապա տերորիստ եւ վերջը պատերազմի դաշտում զինուոր եւ ամէն տեղ նոյն, միշտ բարի ու միշտ սիրելի:
Ծնուել է Ղարաբաղի Վարանդա գաւառի Աշան գիւղում 1883 թուին:
Ղարաբաղի բարձրաբերձ լեռներն ու ձորերը նրան դարձրել էին արի ու անվհատ զինուոր:
Ղարաբաղը այդ օրրանը բազմաթիւ հերոս-զինուորների, որոնցից մի քանիսը պարծանքն են եղել ամբողջ Կովկասի:
Սովորել է Աշանի դպրոցում եւ ինքնազարգացմամբ բաւական առաջ էր գնացել:
Նրա որոնող եւ դէպի բարձրը սլացող հոգին դուրս է նետւում գիւղական նեղ շրջանից եւ տարւում Բագուի քաոսային մթնոլորտը, ուսկից շատ քչերն են ազատւում բարոյապէս:
1902ից անդամ է «Դաշնակցութիւն» Բագուի խմբերից մէկի. ապա հայ-թիւրքական ընդհարումներին դուրս է գալիս կռուելու թիւրք խուժանի դէմ, մի քիչ վերջը ձերբակալւում եւ փախչում է Վլատիկաւկաս, ուր նորից մտնելով կազմակերպութեան մէջ, գործում է տերրորիստական փշոտ ճանապարհի վրայ եւ ամենաճարպիկն է լինում՝ զէնքեր փոխադրելու գործի մէջ:
1906ին, երբ արդէն խաղաղուել էր մթնոլորտը եւ լռել խօլական բաղխումների որոտը, ՆԻկոլն անցնում է Ղարաբաղ՝ նպաստելու համար ինքնապաշտպանական կազմակերպութեան եւ գիւղացիական պրոպագանդին:
Նորից մարտական շեփորումներ, այս անգամ արդէն Պարսկաստանի մէջ...
Եւ նա այնտեղ էր. այս անգամ արդէն խմբապետի դերում նա մասնակցում է բոլոր կռիւներին՝ Մազանդարան, Համատան, Քիրմանշահ եւ այդ վայրերի հետ կապուած ժողովրդական յաղթանակի փառքը յաւերժացնում է նրա յիշատակը:
Վերջը...
Մայիս 6ին ժամը 4ին Շուրիջայի մեծ յաղթանակից յետոյ, Ղուշ Թափէյում ընկաւ Նիկոլը:
Անգիտակից ու գռեհիկ խաժամուժից արձակուած մի գնդակ խլեց մեզնից մի զինուոր, որ այնքան թանկ էր մեզ՝ թէ՛ իբրեւ կռուող եւ թէ իբրեւ մաքուր յեղափոխական:
Ընկաւ նա անյաղթներից անյաղթ՝ Եփրեմի կողքին, միշտ հաւատարիմ ու միշտ աննահանջ:
Հանգի՜ստ տանջուաղ ոսկորներիդ, անմոառանալի ընկեր: