Բաւականանում ենք տալով միմիայն նրա գործունէութեան գլխաւոր շրջանները:
Քեռին ծնուել է 1858 թ. Կարինում: Նա արհեստով մի համեստ կօշկակար էր, որմով եւ հայթայթում էր իր օրուայ ապրուստը:
1890 թ. Կուկունեանի խիզախ արշաւանքին միանում է 28 տարեկան վառվռուն Քեռին եւ այդ ժամանակուանից սկսւում է նրա ալեկոծ գործունէութիւնը:
1895 թ. նա անցնում է Տաճկաստան՝ Բասէնի հովիտը եւ երկար ժամանակ անձնատուր է լինում Երկրի ինքնապաշտպանութեան գործին:
1903 թ. նա կրկին անցնում է Տաճկաստան, այս անգամ արդէն դէպի հպարտ Սասունը՝ որտեղ Անդրանիկը օրհասական կռիւ էր մղում հազարաւոր կանոնաւոր զօրքի դէմ:
1905 թ. սկսւում հայ-թրքական ընդհարումները, այս անգամ մենք Քեռուն տեսնում ենք Զանգեզուրի եւ Շարուրի լեռներում ու ձորերում հայ ժողովրդի պատիւը պաշտպանելիս:
1908-09 թ. Քեռին արդէն Պարսկաստանումն էր, Եփրեմ Խանի մօտ, պարսիկ սահմանադրականների կողքին, նրանց ղեկավարը:
1914 թ. սկսւում է ռուս-թուրքական պատերազմը եւ Քեռին, իբրեւ հայ կամաւորների Դ.րդ գնդի ղեկավար, սլանում է պարտերամի դաշտը:
Նարիման, Սարիղամիշ, Թափարէզ, Արաղա, Վան, Ուրմիա, Ռէվանտուզ – այս բոլոր տեղերի կռիւներուն Քեռին իր խմբով մեծ մասնակցութիւն է ունեցել:
Եւ ահա Ռէվանտուզի տակ, թշնամիի յարձակման ժամանակ, վիրաւորւում է Քեռին, որտեղ եւ կնքում է իր մահկանացուն:
Փա՜ռք Ընկածներին
Քեռին էլ ընկաւ.
Քեռին էլ ընկաւ եւ մենք որբացանք: Որբացանք մենք, որովհետեւ մեր սակաւաթիւ Քեռիներն են, որ վտանգի ժամանակ ծառանում են թշնամու դիմաց, արիւն են թափում, արիւն հոսեցնում, որով եւ սրբագործում հայ ժողովրդի արուռն ու նամուսը:
Վտանգի ժամանակ... անիծուած ճակատագիր՝ բայց ե՞րբ հայ ժողովուրդը վտանգի մէջ չէ եղել:
Դարերի ընթացքում մեր նամարդ դրացին ալանն ու թալանն իրան արհեստը դարձրած միշտ յարձակուել է, միշտ թալանեթ է, միշտ լլկել է մեր սրբութիւնները, իսկ այդ բոլորի դիմաց մեր Քեռիներն են իրանց ճուտիկներով միշտ արթուն հսկել, բողոքել, կռւել, սպաննել, սպանուել...
«Հորիզոն», Թիֆլիս. Չորեքշաբթի, 25 Մայիսի, 1916, Թիւ 117, 118 |
Ի՞նչերս չես քաշել քո երկարատեւ գոյութեան ընթացքում:
Եւ ինչո՞ւ համար:
Մարդավայել ապրել ես ուզել, էս քամբաղդ աշխարհւոմ, Արեւի տակ մի տեղ ես ուզել:
Քեռին էլ մեռաւ քո Արեւի համար:
Յիշենք հայդուկ վրիժառու քեռուն Հայաստանի լեռներում, Սասնոյ ձորերում, զուլումի տարիներին յիշենք ժողովրդի արուռ-նամուս Քեռուն – հայ թուրքական օրհասական կռիւներում Շարուրի եւ Զանգեզուրի լեռներում:
Յիշենք Եփրեմ Խանի աջ թեւ ազատատենջ Քեռուն՝ պարսիկ սահմանադրականների կողքին:
Մեր առաջն է վերջապէս հայկական գնդի ղեկավար Քեռին՝ հայ ժողովրդի բաղդը դարբնելիս:
Մօտենում է հայ ժողովրդի ազատութեան արեւածագը:
Մարտիրոս ժողովրդի հազարաւոր սիրասուն զոհերը, իրանց վէրքերի բերանով հատուցումն են պահանջում:
Անէծք, վրէժ, հատուցումն – ահա Քեռու վերջին կամքը:
Վաղը Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանոցում Զաւարեանի եւ Նիկոլի կողքին, մի համեստ թումբ էլ կաւելանայ: Փոքրիկ ժողովրդի մեծ զաւակն է հանգչելու այնտեղ:
Այնքան մեծ սիրտ, մեծ հոգի ունեցող, այնքան հոգու բարձր թռիչք պարունակող մի մարմին, ինչպէս պիտի կարողանայ տեղաւորուիլ նեղ, սառը գերեզման:
Ծունկ չոքենք, երկուղածութեամբ գլուխ խոնարհենք մեզնից հեռացող, ընկած Քեռու եւ իր ճուտիկների թարմ շիրիմների առաջ:
Ծունկ չոքենք եւ աղօթենք:
Փա՜ռք ընկածներին...