Յունիս 6-ի գիշերն էր: Որոշած էինք, որ այդ գիշեր բոլորս էլ հաւաքւենք, որպէս զի օրհնել տանք դրօշակը: Գիշերւայ ժամը 11-ին մենք արդէն խմբւած՝ սպասում էինք: Ամբիօնի առջեւը դրւած էին դրօշակը, մօսինի հրացան եւ սուր: Դրօշակի մէկ երեսին նկարւած էր Դաշնակցութեան զինանշանը, որի վերևի մասում գրւած էին հետևեալ խօսքերը մեծ տառերով. «Վրէ՜ժ, վրէ՜ժ», իսկ ներքև՝ «Մահ կամ ազատութիւն»: Միւս երեսին մի կատաղի առիւծ հետևեալ մակագրուեամբ. «Մեղքը մերը չէ՛, անէ՜ծք դուշմանին, նա պարզեց դրօշը արիւնոտ մարտին»: Րոպէն խորհրդաւոր էր, ազդու:
Երդումը կատարւելուց յետոյ՝ առաջ եկաւ հայդուկ Սաքօն (Վանայ Սարգիսը), նախկին ուսանող, կարճ կերպով նկարագրեց երկրի դրութիւնը եւ խմբի պարտականութիւնները, եւ խօսքը ուղղելով խմբապետ Դումանին, աւելացրեց. «Մեզ այստեղ հաւաքել է ոչ միայն հայրենասիրական զգացմունքը, այլեւ մի ամբողջ ազգութեան բռնաբարւած իրաւունքի գաղափարը, եւ յանուն այդ գաղափարի՝ մենք պարտաւոր ենք ամէն բան անել»: Ապա առաջ եկաւ մի բժիշկ, ծագումով թիւրքահայաստանցի եւ մեզ մաղթեց բարի երթ...
Միւս օրը արևամտին արդէն պատրաստ էինք ճանապահւելու: Խումբը բաժանւած էր երկու մասի, որոնք իրար պէտք է հանդիպէին Ղ. (Ղոթուր) Եւ Ա. գիւղերը միացնող ճանապարհին: Մէկ տիկին վարդի փունջ էր բերել եւ իւրաքանչիւր հայդուկի փաշփուշտամանների արանքն էր դնում իր ձեռքով: Դուրս եկանք փողոց: Գիւղացիներից շատերը իմացել էին մեր այդ տեղով ճանապարհւելը եւ դուրս էին եկել բարի երթ մաղթելու:
Վերջին անգամ համբուրւում ենք եւ ապա առաջ շարժւում: Բոլորս էլ ձիաւոր էինք: Ամենից առաջ գնում էր քիւրդ վալատը Մստօն (Մուսթաֆա Ռահիմ Օղլի. յետագային սպանուած Փոխիկի խումբին հետ), վանեցի վալադ Աւտօյի հետ միասին. նրանցից քիչ հեռու երեք առաջապահներ, ապա կենտրօնը, բաղկացած տասն հոգուց. Կենտրօնից յետոյ երկու ձիաւոր, ապա ամենից վերջը մի ձիաւոր (Սարբազ Խէչօ Կարապետեան): Եթէ վալատը նկատէր ոևէ վտանգ, նա իսկոյն և եթ պէտք է յայտնէր իրեն հետևող երեք ձիաւորներին, և ինքը դառնար ու միանար կենտրօնի հետ, իբրև ամենակարևոր անձնաւորութիւն, որպէս զի նա ըստ կարելւոյն դուրս լինէր վտանգի շրջանից:
Առաւօտեան լուսածագին արդէն հասել էինք Բրդարանի ամենաբարձր լեռնավայրերին, ուր ամառւայ այդ ամսին դեռ ևս բաւականին ձիւն կար: Վալատը առաջնորդում էր բարձր լեռների վրայ գտնւող մի փոքրիկ գոգաւոր տեղ, վստահեցնում, որ այնտեղ ապահով է, և ամբողջ օրը կարող ենք անցկացնել, ձիաները արածացնել և ապա գիշերը նորից շարունակել ճանապարհը: Տեղաւորւելուց յետոյ խմբապետ Դումանը ուղարկում է երկու խումբ՝ զանազան բարձրութիւններ հսկելու: Դեռ ևս մի քանի տասնեակ րոպէ չ'անցած, յանկարծ նկատեցինք, որ ձորից ոչխարի հօտ է բարձրանում դէպի մեր թագնւած դիրքը: Ի՜նչ անել: Բռնե՞լ արդեօք հովւին և պահել մինչև երեկոյ. բայց չէ՞ որ եթէ կէսօրին ոչխարը չգնայ գիւղ՝ գիւղացիները բնականաբար կը կարծեն թէ ոչխարներները թշնամուց տարւել են, հաւար կը լինի և ուրեմն կռիւը անխուսափելի է իսկ մենք ամենևին տրամադիր չէինք կռւելու, ունենալով որոշ ծրագիր: Ուստի վճռւեց ուղղակի քրդերէն լեզւով յայտնել հովւին, որ հօտը չբարձրացնի դէպի մեր կողմը: Մի քանի րոպէ հազիւ անցաւ, միւս դիրքից էլ մարդ է գալիս և պատմում, որ բազմաթիւ ոչխարների հօտեր են գալիս դէպի իրենց: Նոյն բանը անւում է և այդ կողմի վերաբերմամբ: Հովիւները մեր ներկայութիւնը ի հարկէ յայտնում են իրենց ցեղապետներին, բայց բարեբախտաբար ոչ մի ընդհարում տեղի չէ ունենում: Մեր դիրքից աւելի բարձր լեռների վրայ երևում էին դէմքեր: Քիւրդ վալադը խորհուրդ է տալիս վերադառնալ, ասելով, որ 3 օրից յետոյ ուրիշ գծով կը ճանապարհւենք. նրա կարծիքով տեղական քրդերը արդէն լուր ուղարկած պիտի լինեն սահմանի այն կողմը, և այսպիսով աշիրէթները նախօրօք բռնած կը լինեն բոլոր ճանապարհները: Խմբապետը պատասխանում է, թէ երեկոյեան կը մտածենք, և դեռ արևը մայր չմտած, կարգադրւեց ճանապարհը շարունակել: Եւ մենք զարտուղի ճանապարհով շարունակեցինք մեր ընթացքը:
Իջնում ենք դէպի անդնդախոր մի ձոր, ուր քիչ յետոյ սկսւում է մի երկար ու նեղ կիրճ, երկու կողմից սեպաձեւ լեռներ, ներքեւում վազում է գետակը, որի եզրով մենք առաջ ենք շարժւում: Վտանգաւոր էր վայրը. բաւական է մի քանի հոգի, նախօրօք յարմարաւոր տեղեր գրաւած, որպէս զի կարելի լինի հարիւրաւոր մարդկանց ոչնչացնել: Խմբապետը նշան է տալիս, որ պատրաստ լինենք: Մօտ է կէս գիշերին: Հասնում ենք ցանած տեղերի, լսւում է շների հաջոց, որ նշան էր, թէ մօտիկ տեղերում գիւղ կայ: Ծռում ենք ճանապարհներս, կրկին անգամ դիմում դէպի լեռներ, ապա նորից դէպի ներքև՝ վտանգաւոր շաւիղներով:
Նիկոլ Դումանի խումբէն մաս մը, որ որ բռնուեսւ Ռազիի կռիւին: Վերի շարք ձախէն աջ՝ Ռուբէն Տէր Մինասեան, Վանայ Սարգիս, Քիւրտ վալադ Մստօ, Վանեցի Աւտօ (Նահատակուած Ռազիի կռիւի ընթացքին) Նստած՝ Նիկոլ Դուման, կողքը կանգնած՝ Թադէոս Ամիրեան (Դատաշ)
|
Սատանայական, դժոխային ճանապարհներ: Երբ աչքովդ տեսնում ես, թէ որպիսի՜ դժւարութիւններով են մեր հայդուկները գնացել դէպի երկիր, ի՜նչ զոհաբերութիւններ, ի՜նչ զրկանքներ են կրել, այն ժամանակ միայն զգում ես, թէ ի՜նչ խորին պատկառանքի են արժանի այդ անձնւէրները: Եւ որպիսի՜ յիշողութիւններ: Այս նոյն լեռներովն են գնացել Վարդանն ու Դումանը, Սէմէրճեանն ու Վազգէնը, Շէրօն ու Չաթօն, և ի՜նչ վտանգների, ի՜նչ կռիւների միջից անցել: Պատահել է, որ հէնց առաջին քայլից սկսւել է կռիւը եւ շարունակւել մինչեւ Վանի պատերի տակը, երբեմն մինչև Շատախ:
Բայց չշեղւենք: Առաւօտ է: Դեռ լոյսը հազիւ է բացւել և մենք արդէն տաճկական Քրդաստանում ենք. խումբը առաջ է անցել և միայն յետնապահները բաւական յետ են մնացել: Լսւում է մի ինչ որ ձայն. ոմանք կարծում են, որ հաւար են կանչում: Մենք ասպանդակում ենք ձիաները եւ հասնում ընկերներին: Խմբապետն էլ է ասում, որ ձայնը հաւարի է եւ վալադին հարցնում է մի քանի տեղերի անուն՝ դիրք բռնելու համար: Ապա կրկին անգամ առաջ ենք շարժւում, մտնում ձորը եւ երեք քառորդ ժամից արդէն հասնում ենք յարմարաւոր վայրը: Ընտրում ենք դիրքերը, խումբը բաժանւում է եռեակների: Սահմանագլխի կռիւը չէր խմբի նպատակը, բայց և այնպէս, եթէ այդ անխուսափելի էր, ցանկալի էր, որ որքան կարելի է երկրի խորքում տեղի ունենար: Խմբապետը կատակով նկատում է. «այսօր մի քիչ վառօդի հոտ կը քաշենք, իսկ վաղը աւելի լուրջ ընդհարում կ'ունենանք»: Ձորակի արևելեան կողմի բարձրութիւնները պէտք է մեր տրամադրութեան տակ լինէին, իսկ արևմտեան սարերը ազատ և թշնամին էլ այն կողմից պէտք է գար. Արևելեան դիրքերն էլ մէկ-մէկից բաժանւում էին մի ձորակով՝ հարաւային և հիւսիսային: Հիւսիսային ամենաբարձր դիրքը, որը գերիշխում էր միւս բոլոր դիրքերի վրայ, պէտք է բռնէր խմբապետի օգնական Ադաշը (Դատաշը՝ Թադէոս Ամիրեան), իր երկու ընկերներով, հարաւայինը Սարբաշը՝ (Սարբազ ԽԷչօ, Կարապետեան) իր երկու ընկերներով, իսկ մնացածները այդ նոյն բարձրութեան զանազան աստիճանների վրայ. Մստօն, վալադ Խէչօն (Դաշնակցական Խէչօ, Ամիրեան) եւ ուրիշ երկու տղաներ պէտք է ձիաները պաշտպանէին թշնամուց, մի ապահով տեղ, ձորակում:
Մինչ այդ ոչինչ ձայն չէր լսւում. կարծում էինք թէ այլևս կռիւ չի լինիլ: Բայց յանկարծ լսւեցին հրացանի ձայներ. գնդակները թափւում էին դէպի ձիաները, դիրքերից հեռացածները վազեցին դէպի իրենց տեղերը: Լսւում է խմբապետի հրամանը. «Տղե՛րք, կրակեցէ՛ք»: Նրանք, որոնք ոևէ պատճառով հեռու էին եղել ամուր դիրքերից, վազում են յարմարաւոր տեղեր բռնելու: Հրացանաձգութիւնը քանի գնում աւելի է տաքանում, ներքևից տղաները սկսում են «Կռւեցէ՛ք, տղերքը», որը շարունակաբար բարձրանում էր դիրքից դիրք եւ դառնում ընդհանուր: Հեռու դիրքերից լսւում էին երգի ուժեղ շեշտերը, ապա հրացանների որոտները:
Կռւի ամենատաք ժամանակ երևում է վանեցի վալադ Աւտօն. նա գալիս էր հեռւից, ձիաների մօտից: Եղած է 5-6 կռիւներում և ստացել է շատ վտանգաւոր վէրքեր: Ահա նա, չափազանց հաստատ քայլերով, գնդակների տարափի տակ, բարձրանում է. մենք շտապեցնում ենք, որ շուտ դիրք բռնի, բայց նա ոչ միայն չէ արագացնում քայլերը, այլ կռանում և հաւաքում է մի ընկերոջ ծոցից թափւած թղթերը և յիշատակարանը: Անսասան էր նա...
Կռիւը արևմտեան կողմից է. քրդերի մէկ մասը մեզ զբաղեցնում է նախօրօք իրենց համար ընտրած ամուր դիրքերից, որպէս զի միւս մասը իջնի գաղտնի կերպով ձորը, բռնելու մի քանի լաւ դիրքեր, և եթէ կարելի է, շրջան անել և շրջապատել մեզ նաև արևելեան կողմից: Տղաներից մէկը այդ նկատում է եւ ձայն տալիս Սարբաշին, որ զգոյշ լինի: Արդարև, չանցած մի քանի րոպէ, ձորը լցւում է քրդերով, և մի քանիսը ազատ կերպով բարձրանում են դիրքեր գրաւելու: Բոլոր կողմերից տղաները հրացանները պարպում են դէպի այդ կողմը: Մօտ երեք քառորդ ժամ տևում է հրացանաձգութիւնը և միանգամ ընդմիշտ ապահովւում է այդ կողմը:
Կանգնած ձախէն՝ Սարբազ Խէչօ Կարապետեան, Աստուածատուր Չիթչեան, Դաշնացական Խէչօ Ամիրեան, Հայրապետ Նստած՝ 2րդը Ռուբէն Տէր Մինասեան, Շամախեցի Սերոբ (Նահատակուած) Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան Հիմնադրամին |
Յանկարծ, անսպասելի կերպով, արևելեան կողմից, որը կարծւում էր թէ կը պաշտպանւի Ադաշից, երևում են քրդեր. մէկը վազէ վազ հասնում է մի մեծ ժայռի և դիրք բռնում. եթէ այդտեղ հաւաքւէին էլի մի քանիսը, մեր դրութիւնը անտանելի կը լինէր, կը մնայինք երկու կրակի մէջ: Այդ բանը նկատում է ընկերներից մէկը և իսկոյն ձայն է տալիս ձիաների մօտ եղած ազատ ընկերներին և վալադ Խէչօյին. Խէչօն հասնում է, բայց մեր տղաները դիրք չունէին: Մի քիչ հեռու լաւ դիրք կար, պէտք կար այն բռնելու, ուստի վճռւում է, որ Խէչօն կրակ բանայ, որպէս զի միւսը կարողանայ անցնել և բռնել դիրքը: Ապա նա դիրքից կը կռւի եւ Խէչօյին դիւրութիւն կըտայ իր մօտ գալու: Այդպէս էլ անում են:
Քրդերի բռնած առաջին դիրքից մօտ յիսուն սաժէն այնկողմը երևացին նոր մարդիկ, մէկը ձիաւոր: Վալադ Խէչօյի գնդակից մէկը գլորւեց, արտասանելով այս խօսքերը. «Հայր, ես ընկայ»: Այդ միջոցին քրդերից մէկը գոչում էր. «Աղա՛, մեզ բերում կոտորել էք տալիս», և կամենում էր փախչել, բայց մի քանի քայլ չարած, նա էլ ընկաւ...
Շուտով լուր եկաւ, որ մեր ընկեր Սերոբը, ենթասպայ, գնդակ է ստացել ճակատից: Նրա մահը կարծես մեզ ուշքի բերեց, և սկսեցինք հետաքրքրւել խմբապետի վիճակով. նա, օգնականը, բժիշկը և վալատ Աւտօն չէին երևում իրենց նախկին դիրքում: Քրդերը մի քանի անգամ մօտեցել էին նրանց տեղին, մենք սկսում ենք կանչել, ձայն տալ, բայց ոչ մի պատասխան: Մի ինչ որ անորոշ ծանր զգացում տիրում է բոլորիս: Արդեօք սպանւե՞լ են...
Մութը ընկնում է. տղաները կամաց կամաց իջնում են ձորակը, շարունակ լսւում է բօռի ձայնը. կռիւը արդէն շատ մօտ տարածութեան վրայ է, ընկերներից մէկը արդէն մաուզէր ատրաճանակն է գործ ածում. միջոց չտալու համար քրդերին բարձրանալու:
Խմբապետը իր հետ եղած ընկերներով չկայ. առանց նրան ճանապարհը շարունակել ոչ մի միտք չունի. եթէ խումբը ցանկանայ էլ, վալադները չեն առաջնորդի. մնում էր վերադառնալ Պարսկաստան. էլի մի քանի անգամ ձայն ենք տալիս խմբապետին և ընկերներին – ոչ մի պատասխան: Ձորը չորս կողմից շրջապատւած էր: Նախ քան ամբողջ խմբի դուրս գալը՝ հարկաւոր էր, որ հինգ հոգի բարձրանային և դիրք բռնէին, այդ հինգից Սարբաշը եւ դրօշակակիր Խէչօն ինչ որ պատճառով յետ են մնում: Իսկ երեքը բարձրանում են թէ չէ, իսկոյն և եթ հանդիպում են կանոնաւոր զօրքին և քրդերին. մի քանի գնդակ փոխանակելուց վերջը, յաջողւում է նրանց անյայտանալ թշնամուց:
Երբ մենք բարձրացանք՝ մեզնից մէկը նկատեց կանոնաւոր զինւորներին և քրդերին՝ մօտ 15-20 քայլ հեռաւորութեան վվրայ: Նրանք կրակ բաց արին. նրանց ուղղելով մեր գնդակները՝ ճանապարհ բացինք եւ իջանք աւելի ներքեւ:
Քառորդ ժամ չանցած, էլի մեզ ուղղում են գնդակների տարափ: Ահագին տարածութեան վրայ կարևոր կէտերում կանգնած են զօրք և քրդեր: Մեր ձիաները սլանում էին, և մենք երբեմն-երբեմն էինք կրակում: Մօտ երեք ժամ անընդհատ գնում էինք դէպի Պարսկաստան:
Հետևեալ օրը երեկոյեան, մօտաւորապէս ժամը երեքին պարսկական Քրդարանի բարձր լեռներից մէկի վրայ ենք: Տղաները տխուր են և մռայլ. խմբի իր նպատակակէտին չհասնելը, երկու ընկերոջ կորուստը (Շամախեցի Սերոբի եւ Վանեցի Աւտոյի) երեք ընկերների բաժանւելը, խմբապետի և միւսների անյայտ վիճակը, լցնում էին տրտմութեամբ բոլորի սրտերը: Սակայն այդ դրութիւնը յուսահատական չէր, այլ մի նոր աղբիւր այն համոզմունքի, որ կռւով, միայն կռւով կարելի է արդարութիւն հաստատել այն գեղանի, բայց դժբախտ երկրի մէջ:
Յանկարծ լսւում է քիւրդ վալատի մելամաղձոտ ձայնը. նա երգում էր ժողովրդական-յեղափոխական մի երգ, նորից յիշում ենք մեր խմբապետին, յիշում ենք բժշկին՝ (Յակոբ Զաւրիեւ) այդ աշխոյժով լի անձնաւորութիւնը, որը թողել էր խաղաղ, հանգիստ կեանքը և ընտրել հայդուկի տաժանակիր դերը. յիշում ենք միւսներին ու տխուր նստում ձիերը. մեր մտքում ցտեսութիւն ենք ասում այս վեհ սարերին և ճանապարհներս շարունակում:
Շուտով հասաւ և խմբապետը իր ընկերներով: Նոր դիրքերի մէջ կռւի բռնւած թշնամու հետ՝ նրանք աջողել էին ճեղքել թրքական շարքերը և անսովոր նեողութիւններով հասել սահմանագլուխ... (Ռուբէնը, իր «Հայ Յեղափոխականի Մը Յիշատակները» գրքի Ա. հատորին մէջ գրած է, թէ Խմբապետ Դումանին, Դատաշին եւ Բժիշկ Զաւրիեւին հանդիպած են Պարսկաստանի մէջ, Ռուբէնենց հոն հասնելուն յաջորդ օրը):
Վալադ Աւտօն կրծքից մի գնդակ էր ստացել և սպանւել: Մենք երկու զոհ տւինք՝ ՍԵՐՈԲԸ և վանեցի ԱՒՏՕՆ: Թշնամին ունեցաւ՝ 6 հոգի սպանւած, 2 վիրաւոր: