(Մահւան 30-րդ տարւան առիթով)
12 Յունիս 1929 թ.
«Երեսուն տարի առաջ հեռո՜ւ հայրենիքէն, այս օտար երկնքի տակ, հողին յանձնեցինք մեր անվեհեր մարտիկներից մէկին, Խնկոյին:
Խնկոյի մահով հայ մարտական սերունդը կորցնում է իր լաւագոյն հայդուկներից մէկին»:
Խնկոն ծնւած է 1884-ին, Երեւանի նահանգի Բաշգեառնի գիւղում, մի շատ համեստ ընտանիքի ծոցում:
Նա միջահասակ էր, հանդարտ բնաւորութեամբ, միշտ ժպիտը երեսին:
Դպրոց չէր տեսած: Մի քիչ գրել կարդալ էր սովորել հայ-թաթարական կռիւների ժամանակ Ագուլիսում (Գողթան գաւառ) Գէննի Քալանթարեան անունով մի յարգելի տիկնոջ մօտ: Վերջերս հազիւ էր ստորագրում իր անունն ու ազգանունը:
Պատանեկութեան տարիները անց է կացրել որպէս հասարակ մշակ, գլխաւորապէս իր քեռիների մօտ, արածացնելով նրանց տաւարներն ու ոչխարները:
Խնկոյի հայրենասիրական և ազատաշունչ տենչերը շուտով երեւան եկան: 18-19 տարեկան էր, երբ նւիրւեց հայ-ազատագրութեան գործին՝ մտնելով Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը և անդամակցելով իրենց գիւղի «Վրէժ» խմբին իբրեւ պարզ զինւոր:
Կարճ ժամանակի մէջ Խնկոն դարձաւ խմբի բոլոր անդամների սիրելին՝ իր համեստ եւ քաղցրաբարոյ բնաւորութեան շնորհիւ: Զինավարժութեան եւ նշանառութեան մէջ առաջինն էր:
1904-ին մասնակցեց «Մօսուն և Զօռի» մեծ արշաւախումբին, որի մէջ շուտով աչքի ընկաւ իր քաջագործութիւններով, հակառակ իր երիտասրդ լինելուն:
Հարկ եմ համարում, որպէս ականտես, պատմել մի դրւագ այս քաջագործութիւններց.–
«Զնկլներ» կոչւած բարձունքների վրայ կռւի էինք բռնւած թշնամու հետ: Յուլիսեան արևը խիստ վառում էր, իսկ մենք ջուր չունէինք: Ծարաւը սաստիկ նեղում էր ամենքիս: Մեր կեցած տեղից ոչ այնքան հեռու, եղեգնապատ մի ձորակ կար, որտեղից կարելի էր ջուր բերել, բայց ձորակը շատ մօտիկ էր թշնամուն, և վտանգաւոր էր այնտեղ գնալ:
–«Ես պիտի գնամ ջուր բերելու, ինչ կուզէ թող լինի» – բացականչեց յանկարծ Խնկոն եւ հակառակ ընկերներու պնդումներուն, որ այդպիսի խենթութիւն չանի, առաւ տասնեակի տկճորն ու ջրամանները եւ դիմեց դէպի ձորակը: Ջուրը բերելու ժամանակ թշնամին սկսեց համազարկեր տեղալ Խնկոյի վրայ, բայց նա մերթ յետեւը պատսպարւելով եւ մերթ կրակ բանալով թշնամու վրայ, ազատւեց վտանգից եւ ջուրը մեզ հասցրեց «Մենք անկեղծ զինւոր ենք» երգելով, որ իր սիրած երգն էր:
Այս արշաւախմբից կենդանի մնացած զինւորներից երեք հոգի, որոնցից մէկը Խնկոն էր, հետները բերին կռւի դաշտից 2-ական հրացան: Նահատակւած ընկերների հրացաններն էին դրանք և Խոշխաբար գիւղում յանձնեցին մեր կազմակերպութեան ներկայացուցիչին:
1905-ին, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Խնկոն գործում էր Գողթանում գործող խումբերի մէջ: Այդ ժամանակներում նա, ի կատար ածելով պատկան մարմինների ահաբեկման որոշումը, սպանեց մի թաթարի, որ մեր ընկեր բժ. Լեւոն Աթաբեկեանից սպառնալիքով դրամ էր պահանջել:
Այս կռիւներում Խնկօն գործում էր Դրոյի եւ Չոփուռ Արսէնի խմբերում:
1906-1909 Խնկոն Պետական զինւորական ծառայութեան մէջ էր գտնւում ռուսական զօրքի մէջ: Ծառայութիւնը վերջացնելուց յեոտյ նորէն հայրենի գիւղը վերադառնալով Խնկոն ամուսնացաւ եւ տեղափոխւեցաւ Երեւան, ուր զբաղւում էր փականագործութեամբ:
1914-ին Խնկոն, զինւորակոչութեան ենթարկւելով, ուղարկւեց գերմանական ճակատ: Սակայն, Դրոյի դիմումների շնորհիւ, վերադարձաւ այնտեղից և մտաւ հայ կամաւորական երկրորդ գունդը, որի մէջ մնաց մինչեւ պատերազմական գործողութիւնների վերջը:
Անկախութեան շրջանին եւս Խնկոն, որպէս քաջ մարտիկ, մասնակցութիւն բերաւ բոլոր կռիւներուն, որոնք մղւում էին Հայաստանում, մեր երիտասարդ Հանրապետութիւնը ներքին եւ արտաքին թշնամիների դէմ պաշտպանելու համար:
Հայաստանի խորհրդայնացումից յետոյ, Խնկոն, չկարողանալով հանդուրժել բոլշեւիկեան բռնաւորների սխրագործութիւններին, փախստականի կեանք էր վարում հայրենի լեռների վրայ: Փետրւարեան ապստամբութեան օրերին նա մի քանի զինակիցների հետ, վար իջաւ լեռներից՝ թեւ ու թիկունք հանդիսանալով բոլշեւիկների դէմ պայքարի մտած հայ ժողովուրդին: Խնկոյի մարտական ընդունակութիւնները ամենամեծ չափով երեւան եկան այս կռիւների ժամանակ: Նրա առաջնորդութեամբ էր, որ Բաշգեառնեցիների խումբերը ջարդ ու փշուր արին բոլշեւիկների զինւորական ուժերը, եւ նրա խիստ գործօն մասնակցութեամբ էր, որ փրկութեան կոմիտէն, Ղամարլուի տակ, մօտ երկու ամիս, փակած պահեց բոլշեւիկեան զօրամասերին եւ ազատեց Երեւանը կարմիր գազանների խժդժութիւնից:
Երբ ապստամբութիւնը ռուսական սւինների ուժով ընճւեց, Խնկոն նախ, իր զինակիցների հետ միասին, քաշւեց Լեռնահայաստան եւ ապա անցաւ Պարսկաստան, բաժանելով բոլշեւիկեան սարսափներից խուճապահար ժողովուրդի տարագրութեան տանջանքները:
Տարագրութեան մէջ էլ վերջացաւ նրա կեանքը, զոհ դառնալով ինքնաշարժ մեքենայի չարաղէտ մի արկածի:
Կենդանութեան օրով Խնկոյի շրթերից չէր բաժանւում «Մենք անկեղծ զինւոր ենք» երգը, որ ամենավտանգաւոր կռիւների ժամանակ էլ նա շարունակ երգում էր: Իսկ մահւան ժամին նա մի կսկածլի մրմունջ ունէր իր շրթունքներին.–
«Ափսոս, ֆէդային այսպէս է վերջացնում իր կեանքը եւ ոչ թէ պատերազմի դաշտում կուրծք տալով թշնամուն»...
Գլխահակ ծունկի գալով շիրմիդ առջեւ խոնարհւում եւ մաղթում եմ հանգստութիւն՝ ոսկորներիդ՝ սիրելիդ իմ Խնկօ: