Կռւով ապրեց, բայց կռւով չմեռաւ...
Քառասուն տարիք լրացրել էր, երբ երկար հիւանդութիւնից յետոյ, Գաղթաշէնում (Թադէոս Առաքեալի վանք, Թադէի վանք) մեռաւ Ախպէրը:
Ախպէրը կամ Յարութիւնը բնիկ մոկացի էր: Իր հօր տունը գեղջկական մի համեստ ապրուստ ունեցող տներից մէկն էր. հացի խնդիրը չէր նեղում նրանց, դրա համար էլ ազատ էին տան տղերքը, ազատ էր Յարութիւնը, որ իր ընկերների մէջ ամէնէն ճարպիկ ու կռւարարն էր ճանաչւում: Մոկաց լեռնցին հէնց փոքր ժամանակից վարժւած կռւի, մինչեւ մեծանալն էլ չմոռացաւ այդ արհեստը: Երբ հասակն առաւ՝ սկսեց շարունակ կռւել թշնամի քրդերի դէմ, ու միշտ յաջողւում էր նրանց նեղը ձգել: Այդ կռիւներն ու ղալմաղալը յառաջ էին գալիս միմիայն իւրաքանչիւրը իր «եսը» պատշպանելու համար. ուրիշ նպատակ չկար որ զօռ էին տալիս յանկարծ իրենց չօմախին ու խէնչալին. այդ դատարկ «ես»ն էր, որ նրանց մէջ լեցնում էր իրար դէմ վրէժխնդրութիւն ու վառում նրանց ոգին:
Արդէն նա երիտասարդ էր ու ամուսնացած, երբ դիմեց քաղցր դժոխքին. պանդխտութեան ցուպը ձեռքն առած՝ մեկնեց դէպի Պօլիս ու Իզմիր. այդ տեղեր նա մնաց մի քանի տարիներ. այդ տեղերում գտնւած ժամանակ նա օգտւում է տեղական ազատ շրջաններից ու միշտ վառ է պահում իր վրէժխնդրութիւնը դէպի թշնամին: Այդ տեղերն էր, որ անուս Յարութիւնի ականջին էր կաթում Հայաստան ու Հայրենիք անունը, նրա քաշած տառապանքը, նրան շրջապատող ու տանջող թշնամիները: Նա հասկացաւ, որ թշնամին թշնամի է՝ որտեղ որ էլ նա լինի, հասկացաւ միանգամայն որ պէտք էր կռւել այդ ընդհանուր թշնամու դէմ շարունակ մինչեւ կ'ազատւի նրա ճանկերից Մայր Հայրենիքը: Այդ տեղ յեղափոխական ոգին արմատ ձգեց նրա սրտում:
1890 թւականին էր, որ նա թողնում է Իզմիրի ու Պօլսի շրջանը եւ շտապում իր հայրենիք – մոկս: Մոկսում Յարութիւնը մի խանութ է բաց անում ու սկսում է առեւտրով պարապել: Առեւտուրը պատճառ է լինում նրան շարունակ յաճախել Վան քաղաք, ուր Յարութիւնը դիւրութիւն կ'ունենայ իր յարաբերութիւնը պահպանել յեղափոխական Արմէնական խմբակների հետ: Անցնում է երկու երեք տարի, նա կը տեսնի ուրիշ մարդոց, որ գործով ու կամքով աւելի մօտ էին իր սրտին, ուստի եւ համակրում ու միանում է նրանց հետ, թողնելով Արմէնականներին:
Այդ կուսակցութիւնը Դաշնակցութիւնն էր:
Ախպէրը այնուհետեւ դաշնակցական էր. 1894 եւ 95 թւականներին շարունակ քաղաքումն է լինում: Իր այդ երթեւեկութեանց ժամանակ մի անգամ ուշանում է սովորականից դուրս. անցնում է մի քանի օր եւ գիւղացիք լսում ու տեսնում են, որ Ախպէրը եկել է զինւած մի խումբ ընկերներով: Դա առաջին անգամն էր, որ ֆէդայիների խումբը զինւած մտնում էր Մոկս: Առաջ էլ Յարութիւնը միշտ կռիւներ էր ունեցել դրացի քրդերի հետ ու քանի քանի անգամներ էլ տեղական բանտը մտել ու դուրս եկել, միեւնոյն տեսակի կռիւներ էլ ունեցել էր շատ անգամ իր դրացի հայերի հետ եւ ծեծել ու վիրաւորել էր նրանց, բայց յեղափոխական դառնալուց յետոյ նա իր ուժերը միմիայն լարեց ընդհանուր թշնամիի՝ թիւրք ու քրդի դէմ:
Յեղափոխական շարժումների տաք օրերն էր. Ախպէրն այլեւս բաց էր թողել իր առեւտուրն ու գործը, հրացանը ձեռքին գիշեր ու ցորեկ կռւի մէջ էր միշտ Մոկս, Վան ու Շատախ. առաջնորդում էր այս ու այն խմբին, ապրում անմահ Պետօյի հետ եւ մասնակցում նրան պատահած կռիւներում: Նա ներկայ էր 96 թւականի Վանում եղած Դաշնակցական խմբում, որ ընդհարում ունեցաւ բազմաթիւ զօրքերի հետ, այնտեղից դուրս եկած խումբը կռւով շարունակեց իր ճանապարհն մինչեւ Պարսկաստան: Ճանապարհին բռնւեց Կէմի կռւին, ներկայ էր Բողոս քեսանի նշանաւոր կռւին էլ, եւ այսպէս շարունակ կռւելով Ախպէրը հասաւ Սալմաստ եւ միացաւ տեղական խմբին: Սալմաստում նա վայելում էր ընկերների յարգանքը եւ ունէր նրանց վրայ մեծ ազդեցութիւն: Իր ունեցած բազմաթիւ համակրողների հետ արշաւանքի հարցի մէջ Ախպէրը նրա ամենամեծ հակառակորդներից մէկն եղաւ. նա եւ իր ընկերները չէին համոզւում արշաւանքի ծրագրին եւ պահանջում էին խմբով անցնել երկրի ներս. սակայն, ընկերասիրութիւնը եւ դիսցիպլինը վերցրին վեր եւ հակառակորդները համաձայնեցան կազմակերպութեան ընդհանուր որոշումին:
1897 թւականն էր, դաշնակցական խումբերը բուռն ոգեւորութեամբ դիմում էին դէպի Առավուլը: Արշաւանքին չհամակրող Ախպէրը Առավուլի տաք կռւում այնքան կրակ է կտրում, որ այելւս չի ուզում յետ նահանջել իր ընկերների հետ, ոգեւորւած կանչում է նրանց ու խնդրում շարունակել ճանապարհը մինչեւ Վան: Բայց որոշումը մնաց անփոխարինելի եւ խումբը յետ նահանջեց անվնաս:
Սալմաստում սկսւեցին խուզարկութիւնները, կռւից վերադարձողները սկսան ցրւիլ՝ որը դիմեց իր հայրենիք, որը թագնւեց կամ հեռացաւ: Այդ ժամանակն էր որ Ախպէրը զինւած մի խմբով դիմեց դէպի սահման, երկիր, բայց կոտորածը վրայ տւեց, ամէն բան տակն ու վրայ եղաւ, յեղափոխականների համար սկսւեց նոր շրջան: Ախպէրն էլ երկիրը մտնելու միտքը թողած, ընկերներին ցրւեց եւ փակւած մնաց մի խուլ անկիւնում, զբաղւելով աւելի համեստ, բայց ոչ պակաս կարեւոր գործով. նա անդադար ընկնում էր այս ու այն կողմ, միշտ նոր նոր միջոցներ էր հնարում երկրի ինքնապաշտպանութեան գործին նպաստելու համար:
Շնորհիւ իր բնական խելքի, համբերող ու տոկուն բնաւորութեան ու իր ստանձնած գործին գիտակցաբար վերաբերւելուն, Ախպէրը կարողանում էր մեծ ազդեցութիւն ձեռք բերել ոչ միայն հայդուկների, այլ եւ իրենից անհամեստ աւելի կրթւած ընկերների վրայ: «Ախպէր» անունն էլ աւելի քան յարմարւում էր նրան եւ մի տեսակ նահապետական բնաւորութիւն էր տալիս իր դիրքին:
Ախպէրը այն ուժերից էր, որոնց վիճակւած է ուրիշներին տանել իրենց յետեւից՝ գիւղում լինել ռէս, կռւի դաշտում խմբապետ: Նրա սրտի մէջ եռող կրակը թոյլ չէր տալիս նրան գոհ լինել խաղաղ գործունէութիւնից եւ վերջին տարիների ընթացքում Ախպէրը միշտ դժգոհ էր, միշտ ախ էր քաշում եւ երազում՝ երբ է գալու այն օրը, երբ նա կը մտնի երկիր զէնքը ձեռքին, երբ կը լսէ շուրջը գնդակների վըզվըզոցը, ընկերների խրախուսանքը եւ թշնամու աղիողորմ ձայները...
Բայց իզո՜ւր... Իր ցանկացած բախտին չ'արժանացաւ Ախպէրը, իրեն վայել մահով չմեռաւ կտրիճը:
Երկար փակւած մնալը, աննպաստ պայմանների տակ ապրելը հետզհետէ թուլացրին նրա լեռնական ամուր կազմւածքը եւ մատնեցին նրան ծանր հիւանդութեան, որին զոհ գնած յունիսի 25-ին չորեքշաբթի առաւօտը:
Դաշնակցութիւնը այսպիսով կորցրեց իր ամենաթանկագին կռւող ուժերից մէկն էլ: