Ետնանկարը՝ Կայծակ-Վաղարշակ զինակից ընկերներով Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
(Կռւին մասնակից զինւորի պատմածը)
7 յունիս, 1904
Երկիրը երկունքի մէջ էր եւ օգնութեան էր հրաւիրում իր զգայուն, կրակոտ զաւակներին: Տանջւում էինք բոլորս, լսելով մեր կտրիճ ընկերների խիզախ ու արիւնոտ ընդհարումները քուրդ ու տաճիկ բարբարոսների հետ Սասունուշ, Դաշտում, Խուլբ ու Խփանք գաւառներում. մեզ համար էլ հանգիստ չկար, կեանքը դժոխք էր եղել, կերած խմածներս՝ լեղի:
Վրէժխնդրութեամբ վառւած, երբ լսեցինք, որ մեր նախկին ընկեր Կայծակը – Վաղարշակ Բաղդասարեան – հեծելախմբով պէտք է երկիր անցնի, դիմեցինք կազմակերպութեան եւ ընդունւեցինք «Դժոխք» խմբի մէջ, իբրեւ զինւոր: Մեր ուրախութիւնը չափ ու սահման չունէր: Ամբողջ խմբի միակ փափագն էր, եթէ հնարաւորութիւն լինի, անցնել մինչեւ երկրի խորքերը, իսկ եթէ ոչ՝ կռւել հէնց Բասենում, հայ ժողովրդի այն դահիճների դէմ, որոնք ֆէդայու ուժն ու յանդգնութիւնը մի քանի անգամ արդէն չափել ու զգացել են:
Մայիս 31-ին Դ. գիւղում, ամբողջ խումբը, որ 29 ձիաւորներից էր բաղկացած, հաղորդւեց եւ դրօշակի, սրի ու խաչի վրայ վերջին անգամ երդւեց՝ մինչեւ արեան վերջին կաթիլը կռւել թշնամու դէմ, միշտ բարձր պահելով հայ յեղափոխական դրօշի պատիւը... Վերջացնելով երեկոյեան ընթրիքը, հրաժեշտի համբոյրներ տւինք մնացող ընկերներին, որոնք այքնա՜ն նախանձում էին մեր բախտին: Այդ գիշեր մի քանի անակնկալ պատահարներ մեզ ստիպեցին մտնել հայկական Պ. գիւղը եւ մի քանի օրով յետաձգել խմբի Թիւրքիա անցնելը: Վերջապէս յունիս 6-ի գիշերը, 29 հոգուց բաղկացած խումբը ռուսական սահմանապահների մօտից անցաւ, առանց նկատւելու, սակայն տաճկականի մօտից անցնելիս՝ նկատւեց թիւրք պահապաններից, որոնք «Ո՞վ էք» պոռալով, կրակեցին մեզ վրայ, իսկ մենք մեր մաուզեր ատրճանակներով պատասխանելով՝ առաջ սլացանք ու կորցրինք մեր հետքը: Դեռ չորս ժամ էր մնում մինչեւ լուսանալը, գիշերով անկարելի էր հասնել այն լեռը, որը նախապէս որոշւած էր իբրեւ կայան:
Առաջնորդների խորհրդով եւ խմբապետ Կայծակի կարգադրութեամբ՝ խումբը լուսաբացին բարձրացաւ Խորում եւ Զիվին գիւղերի մէջտեղը գտնւող պատմական հին բերդի փլատակները եւ երեք մասի բաժանւած՝ բռնեց ստորոտի եւ գագաթի դիրքերը: Մի մասը, 13 հոգով, Խաչիկի տասնապետութեամբ գտնւում էր գագաթի դիրքում, իսկ ներքեւի դիրքերում տեղաւորւած էին մեր 16 ընկերները, որոնց պաշտպանութեանն էին թողնւած ձիաները, վրայի բոլոր ռազմամթերքով: Այդ ռազմամթերքից մեզ հետ, վերեւում, ունէինք միայն վեց հատ ռումբ եւ մեր վրայի փաշփուշտներն ու հրացան-ատրճանակները:
Լուսաբացին, լեռան շուրջը գտնւող հովիւներ նկատեցին մեզ եւ հաւար ձգեցին մօտակայ քրդական գիւղերը: Առաւօտեան ժամը 5-ից սկսած՝ հարիւրներով զինւած քրդեր հաւաքւեցան մեր շուրջը եւ մեր հանդիպակաց դիրքերը բռնելով, ժամը 6-ից սկսւեց կռիւը: Մինչեւ կէսօրւայ ժամը 12-ը մօտաւորապէս երկու հազար քուրդ ու թիւրք զինւորներ էին հաւաքւել արդէն մեր շուրջը, բայց եւ այնպէս չէին յանդգնում առաջ շարժւել. կրակում էին այնքան հեռւից, որ գնդակները նոյնիսկ չէին հասնում մեր դիրքերին: Մեր խմբապետը շարունակ մի դիրքից միւսը անցնելով, սիրտ էր տալիս տղայոց: Ժամը 12-ից յետոյ զօրքերի եւ խուժանի թիւը կրկնապատկւեց. սիրտ առած՝ նրանք հետզհետէ մօտեցան մեզ եւ կռիւը տաքացաւ: Այդ ժամանակ խմբապետը մեր դիրքում էր եւ այլեւս անկարելի էր միւս դիրքերը անցնել: Թշնամին կարկտի պէս գնդակ էր թափում. բայց մենք առանց զոհ տալու՝ կռւում էինք եւ կանգնեցնում թշնամու առաջ ընթանալը: Ժամը 1-ն էր, երբ առաջին անգամ քրդերը մեծ բազմութեամբ միաժամանակ դուրս թռան իրենց դիրքերից եւ վազեցին դէպի մեզ: Մենք խմբապետի եւ տասնապետ Խաչիկի-Նշանի (Միքայէլ Ժամկոչեան, ակնեցի) կարգադրութեամբ՝ մեր հրացանների միահամուռ որոտով գետին տապալեցինք յարձակւողների առաջին շարքերից մի քանի տասնեակ հոգի եւ մնացեալները յետ փախչելով՝ նորից մտան քարերի ու բլուրների ետեւը:
Նկատելի էր, որ թշնամու բանակում մեծ իրարանցում էր տիրում. ըստ երեւոյթին, մեր մօսինները նրանց մէջ առատ հունձ էին անում: Կէս ժամ անցած՝ քիւրդ ու թիւրք զօրքերը միատեղ, նորից գոռում-գոչիւններով, մեծ բազմութեամբ դուրս թռան իրենց դիրքերից եւ խիզախօրէն նետւեցին դէպի մեզ: Այս անգամ էլ մեր միահամուռ կրակը յետ մղեց թշնամու բազմութիւնը:
Նոյն միջոցին ներքեւի դիրքերում գտնւած մեր ընկերները կատաղութեամբ կռւում էին քիւրդ ու տաճիկների մի այլ բազմութեան դէմ, որոնք նոյնպէս իրանց անաջող յարձակումներով, բացի զոհեր տալուց, ուրիշ ոչ մի նպատակի չէին հասնում: Մեր ոգեւորութիւնը անսահման էր: Եւ իրար խրախուսելով շարունակում էինք կռիւը, երբ յանկարծ նկատեցինք, որ քրդերի մի բազմութիւն, հեռաւոր քարափների տակից սողալով, բաւական մօտեցել է մեզ: Տասնապետ Խաչիկի նետած երկու ռումբերը եւ մեր գնդակների տարափը բազմաթիւ դիակներ փռեցին գետին, իսկ մնացածները քարափից ցած թափւելով՝ փախուստի դիմեցին:
Կէս օրից յետոյ ժամը 6-ն էր, երբ ստւար բազմութեամբ, նորից նոյն քարափների ետևով՝ յարձակում գործեցին մեզ վրայ: Այս անգամ էլ մեր նետած չորս ռումբերը եւ մօսինի շեշտակի գնդակները աւելի մեծ հարւած տւին թշնամուն: Եւ երբ նա սարսափած, փախուստ էր տալիս մեզնից 60-70 քայլ հեռաւորութեան վրայ, մենք անկարող եղանք զսպել մեր ոգեւորութիւնը, միատեղ դուրս թռանք ամուր դիրքերից եւ ատրճանակներով ու դաշոյններով հասանք փախչողների ետեւից. դիակների վրայից անցնելով՝ անխնայ գլորում էինք մեր ձեռքն անցնողին... Բայց յանկարծ նկատեցինք, որ 3-4 հարիւր տաճիկ զինւորներ, աջ թեւից հասել էին մեր թողած դիրքերին: Այդտեղ ամրացած՝ նրանք մեր ետեւից սկսեցին կարկտի պէս գնդակ թափել: Պատկերը փոխւեց: Երեք կողմից շրջապատւած էինք զօրք ու քիւրդերով: Նրանց գնդակներից ընկան տասնապետ ԽԱՉԻԿԸ, ԵՂԻԱԶԱՐԸ, ՆԱՏՕՆ, մշեցի ԳԵՒՈՆ, ալէքսանդրօպօլցի ԱՐԱՄԸ և ԽԱՉՕՆ. իսկ մենք 6 հոգով, խմբապետի կարգադրութեամբ, կռւելով յետ նահանջեցինք դէպի ներքեւի դիրքերը: Այդ միջոցին երկու ոտքից վիրաւորւելով՝ ընկաւ մեր քաջ խմբապետը, «Տղայք, կռւեցէք եւ լուծեցէք մեր ընկերներու վրէժը», գոչելով: Նոյն ժամուն ընկաւ նոյնպէս զինւոր ՎԱՀԱՆԸ–(Ազիզ) մշեցի ԲԱՂԴԱՍԱՐԸ, ալէքսանդրօպօլցի ԱՐՇԱԿՆ ու ՄԱՏԹԷՈՍԸ, իսկ ես թեթեւ վիրաւորւելով, գանձակեցի Յակովբի հետ իջայ վարի դիրքերը:
Վարի դիրքերում մեր 16 ընկերները գնդակահարել էին իրենց ձիերի մեծ մասը, իսկ իրենք իջել դիրքերից աւելի ներքեւ դէպի ձորը եւ կռւելով առաջ էին գնացել առանց մի դիակ թողնելու դիրքերում: Թէ այդ 16 ընկերներից ո՞վքեր էին սպանւել եւ ո՞վքեր ազատւել, անհնար էր իմանալ, որովհետեւ մինչեւ արեւի մայր մտնելը, դեռ եւս ձորից լսւում էին հրացանձգութեան ձայներ:
Գանձակեցի Յակովբը, որ ինձ հետ էր, չ'ուզենալով քարերի ետեւ դիրք բռնած կռւել, հրացանը ձեռքին առաջացաւ քրդերի վրայ եւ դարանամուտ քրդերից բռնւեց: Իսկ ես մենակ մնացած, շարունակեցի կռւել: Քրդերը գոռում էին, որ անձնատուր լինեմ, բայց մի՞թէ ֆէդայու համար գոյութիւն ունի «անձնատուր լինել» բառը:
Այդ ծանր րոպէին մի միտք յղացաւ իմ գլխում.– հողի մէջ ծածկեցի երկու ռումբ, վրան հաւաքեցի այդ դիրքում մնացած խուրջինների փամփուշտներն ու ուրիշ մթերքները եւ հրացանս բարձրացնելով կանչեցի քրդերին, որ եթէ չխփեն, անձնատուր կը լինեմ, աւելացնելով որ գան հրացանս առնեն: Յիսունի չափ քրդեր ուրախ ու համարձակ դիմեցին դէպի ինձ: Ես վառեցի ռումբերի երկար պատրոյգը եւ գաղտուկ վազեցի հեռուն գտնւող քարի ետեւ թագնւեցայ: Քրդերը հասան ռազմամթերքին եւ մինչդեռ իրար հետ կռւելով խուրջինները իրար ձեռքից քաշքշում էին, ռումբերը պայթեցին եւ փոշին, ծուխն ու մարդկանց դիակները իրար խառնւեցին...
Այդ իրարանցումից օգուտ քաղելով աւելի հեռացայ եւ մի փոսի մէջ հրացանը ձեռիս, մաուզէր ատրճանակը մօտս՝ պատրաստ սպասում էի թշնամու խուզարկուներին: Ոչ ոք չեկաւ ինձ մօտ եւ ես թէեւ այդ կողմերին անծանօթ, սակայն սահմանի լեռներին նայելով երկու գիշեր մենակ ճանապարհ շարունակելով, մի հրաշքով կարողացայ անվնաս, զինւած անցնել սահմանը: Մեր շուրջը եւ դիրքերի վրայ փռւած թշնամու դիակների ու վիրաւորների թիւը բաւական մեծ էր. ինձ թւում է, մինչեւ 4-5 հարիւր: Սահմանագլխում լսեցի, որ իմիջի այլոց սպանւել են մի բինբաշի (Քեօթակի), 2-3 իւզբաշի եւ 2-3 միւլազիմ:
Արդեօ՞ք ուրիշ տղաներ էլ ոեւէ հրաշքով ազատւած են թէ ոչ, առայժմ յայտնի չէ: Պէտք է նկատել, սակայն, որ ներքեւի դիրքերում գտնւած 16 ընկերների մէջ կային 2-3 բասենցի լաւ վալատներ եւ քանի որ նրանք դիրքերում ոչ մի դիակ չթողած մտել էին ձորը եւ այնտեղ կռւել, հաւանական է, որ նրանցից ազատւող եւ Բասենի հայ գիւղերը գնացողներ լինեն: Սահմանը անցնելուց յետոյ, լսեցի, որ մի բասենցի վալատ էլ կռւի ժամանակ թփերի տակ թագնւելով դարձեալ հրաշքով ազատւել եւ անցել է Կովկաս:
Սահմանագլխի ռուս պաշտօնեաները հեռագրով յայտնել են Կարսի նահանգապետին եւ վերջինս էլ կառավարչապետին՝ «Դժոխք» խմբի ընդհարման մասին, աւելացնելով, որ դրանք Անդրանիկի խմբից են եւ Մուշի դաշտում կռւելուց յետոյ՝ ուզեցել են անցնել Ռուսաստան-Կովկաս: Այդ «մանկական» զառանցանքի վրայ հիմնւած՝ իշխան Գօլիցին կարգադրել է կրկնապատկել խստութիւնները, որպէս զի խռովութիւնը չ'անցնի դէպի Կովկաս:
«Դրօշակ» - Յուլիս 1904
Թիւ 7 (148)