Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Մշեցի էր, ծնւած 1875-ին: Տասնումէկ տարեկան հասակում թաղական դպրոցն աւարտելով, նա ուղարկւում է Միացեալ Ընկ. Մշոյ Ներսէսեան վարժարանը, ուր ցոյց է տալիս մեծ սէր դէպի ուսումը, իր ընդունակութեամբ սիրւում է ուսուցիչներից եւ աւարտումին արժանանւմ է ոսկէ խաչ մրցանակի: Բայց ահա տարիներ անցնելով՝ մի ուրիշ սէր գալիս է բռնելու նրա ամբողջ էութիւնը,- զէնքի սէրը:
Ամէն գարնան
հրացանը ձեռին՝ նա մի քանի աանգամ պտոյտի էր գնում լեռները, որսում էր, կամ վարժութիւններ
էր անում: Այդ հասակում արդէն ուժեղ, յաղթանդամ Վաղարշակը մի քանի անգամ ընդհարումներ
է ունենում քրդերի ու թիւրքերի հետ: Մի անգամ ինքը միայնակ կռւում է ութ քրդերի դէմ.
երեքի գլուխն է պատռում, մէկի թեւն է կոտրում: Քրդերը ատում էին նրան եւ շարունակ սպառնում:
Մի օր որսորդութեան միջոցին էր, որ մեր քաջը պատահմամբ ծանօթացաւ Արաբօյի ընկեր՝ ալիզանանցի Լեւոնի հետ: Վերջինս ներշնչեց նրան հայրենիքի թշնամիների դէմ կռւելու գաղափաը, որ այն ժամանակ փոքրաթիւ անհատների սեփականութիւն էր միայն: Վաղարշակի շուրջը ամէն ինչ դեռ մրափում էր եւ անգամ իր ուսուցիչները բացարձակապէս ընդդիմանում էին զէնք կրելու նրա սովորութեան: Մի օր Առաքելոց վանքից վերադարձին, հանդիպելով իր դասատուներից երկուսին, փորձում է սպանել նրանց,- ընկերը արգելք է լինում: 1892-ին աւարտում է դպրոցը եւ աւելի ազատ է զգում իրեն: Նոյն տարւայ նոյեմբերին, եղբօր հետ միասին ուխտի են գնում Սբ. Աղբիւրիկ վանքը, Խաս գիւղի ուխտաւորների հետ: Գիւղից 2-3 ժամ հեռու, անտառը մտած պահուն, յանկարծ լոյս ընկաւ խութեցի Առզայ անուն յայտնի աւազակ քիւրդը, իր երկու ծառաներով: Ժողովուրդը սոսկումից ուզեց անմիջապէս ետ դառնալ, այնքա՜ն քրդի անունը սարսափ էր տարածել ամէն տեղ: Տեսարանը տխուր եւ վրդովեցուցիչ էր. – հարիւրաւոր մարդիկ սոսկում էին երեքի առաջ: Վաղարշակը չկարողացաւ համբերել եւ երկու ընկերներով դիմեց դէպի քրդերը, որոնք այդ տեսնելով՝ փոխեցին ճանապարհը: Բայց նկատելով, որ զինւած հայերը սպառնական հետեւում են իրենց, քիւրդ աւազակը, դէն ձգելով հրացանն ու գլխարկը, եկաւ յարգանքով բարեւեց տղաներին, նստեց նրանց հետ, «բարեկամացաւ»: Ուխտաւորների բազմութիւնը շւարած մնաց այդ անսովոր տեսարանի առաջ... Քիւրդը ճանապարհ դրեց նրանց մինչեւ վանքը, նոյնիսկ հայերի պահանջին վրայ՝ յետ բերեց մի մշեցի հայից նոր կողոպտած իրեղէնները: Զէնքի հրաշագործ ազդեցութիւնն էր...
1893-ին Տամատեանի ձերբակալումը եւ հետեւեալ տարւայ Սասունի կռիւներն ու աղէտները աւելի արծարծեցին Վաղարշակի մէջ կռւելու տենչը: Մի ընկերոջ հետ՝ նա մի քանի անգամ անաջող փորձեր արեց՝ ոչնչացնելու դաւաճան Տէր Բարսեղին եւ սաստիկ վշտացած էր, որ Դաշնակցութեան տէռօրիստները եկան խլեցին իրենից այդ փառքը:
Մեծ կոտորածների շրջանում Վաղարշակ մէկն էր այն փոքրաթիւ երիտասարդներից, որոնք զէնքը ձեռին, միշտ պատրաստ էին մնում՝ պաշտպանելու իրենց եւ ժողովրդին: Մուշը եւ շրջակայ գիւղերը ընդհամէնը մի երկու տասնեակ զոհեր տւին. թշնամին չմօտցաւ, կարծելով, թէ այնտեղ կայ մեծ քանակութեամբ զէնք ու կռւող ուժեր:
«Դաշնակցութիւնը», իր ուժերի համեմատ, առաջ էր տանում երկրի մէջ «գործի պրօպագանդը», կազմակերպում էր զինատար ու զինավարժ խմբեր՝ ժողովրդի պաշտպանութեան համար: Վաղարշակը մտաւ այդ խմբերից մէկի մէջ: Խումբը կենդանի կապ էր պահպանում Սերոբի հետ, իսկ սրա եղերական մահից յետոյ, օժանդակում էր Տարօնի առիւծի ցիր-ցան ձագուկներին:
1900-ից Վաղարշակը իր ընկերներով անընդհատ յարաբերութեան մէջ էր Անդրանիկի եւ Սասունի հայդուկների հետ, բաժանում էր նրանց վշտերն ու ուրախութիւնները, կրած ձախորդութիւններն ու յաղթանակները...
Այդ բոլորի մասին նա մանրամասն տեղեկագիր ներկայացրեց «Դաշնակցութեան» վերջին Ընդհանուր Ժողովին – ուր եկել էր իբրեւ պատգամաւոր, - պատմեց երկար, բերանացի կերպով, խմբերի եւ իր տասնամեայ յեղափոխական գործունէութեան ուշագրաւ, յուզիչ դրւագները:
Առաքելոց վանքի նշանաւոր կռւի նախաձեռնողներից եւ գլխաւոր մասնակցողներից մէկն էր Վաղարշակը: Սրտի անհուն կսկիծով դիտում էր նա, թէ ինչպէս ժողովուրդը յուսահատութիւնից օրթօդօքսութեան գիրկն էր դիմում: Հաւատափոխութեան, կամաւոր ու ակամայ ազգուրացութեան համաճարակը հանգիստ չէր տալիս նրան եւ Անդրանիկի ու մի քանի ընկերների հետ վճռեցին ոեւէ յանդուգն քայլով ցնցել մահացնող մթնոլորտը: Անդրանիկի հետ միասին նա վարեց բանակցութիւնները, ձեւակերպեց տեղական յեղափոխականների նւազագոյն պահանջները, որոնք ժամանակին հրատարակւեցին «Դրօշակ»-ի եւ եւրոպական թերթերի մէջ: Ընթերցողը յիշում է այդ փոքրիկ, սրտառուչ դիւցազներգութիւնը, ուր մի բուռն հայ ապստամբներ, ձմրան սառնամանիքներին վանքում ամրանալով, կռւելով ու պաշարւելով՝ ի վերջոյ աջողում են կտրել թշնամու շղթան եւ անյայտնաալ դէպի լեռները...
Եւ այդպիսի շատ ուրիշ փորձութիւններից ճողոպրեց մեր հերոսը, որպէս զի յետագայում արժանանար աւելի փայլուն մի ճակատամարտի, որ նա մղեց սքանչելի արիութեամբ եւ որը յաւերժացրեց նրա սիրելի դէմքը հայ յեղափոխական տարեգրութեան մէջ: