Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Այդ փառաւոր մահւան առջեւ, որ լուսաշող եկաւ պսակելու Սաղաթէլի մատաղ ճակատը – իբր տրամաբանական անողոք լուծումը նրա ձգտումների – հիացումի եւ յարգանքի խորին զգացումը միայն իր տեղն ունի:
Կարճ եղաւ իր կեանքը եւ համեստ: Բայց որքա՛ն սփոփիչ ու խրատական է այդ կեանքը մեր հասարակութեան համար, ուր այնքա՛ն բազմաթիւ են Սաղաթէլի վիճակակիցները...
Համադանի մի բարեկեցիկ ընտանիքի զաւակն էր Սաղաթէլը: Նրա հայրը, որ քաղաքի ազդեցիկ եւ պատկառելի դիրքի տէր մարդկանցից էր, տալիս է իր որդուն Համադանի մէջ հնարաւոր եղած լաւագոյն կրթութիւնը: Բայց դա չի գոհացնում պատանի Սաղաթէլին. եւ նա 1893-ին անցնում է Թէհրանի բողոքական միսիօնարների դպրոցը, ուր երեք տարուց աւարտում է իր ուսման շրջանը: Ուսուցիչները, տեսնելով Սաղաթէլի բազմակողմ ընդունակութիւնները, մի քանի անգամ խնդրում են նրա ծնողներին թոյլ տալ իրենց որդուն արտասահման գնալ եւ իր ուսումը կատարելագործել, բայց նրանք մերժում են այդ առաջարկը, դժւարելով բաժանւել իրենց սիրելի զաւակից:
Սաղաթէլը հնազանդելով իր ծնողքին, վերադառնում է իր ծննդավայրը, եւ պաշտօնով մտնում Պարսից կայսերական բանկը: Շատ չի անցնում եւ նա շուտով փոխադրւում է նոյն հիմնարկութեան Թէհրանի գլխաւոր տունը:
Այնուհետեւ բաց էր իր առջեւ առեւտրական ասպարէզը, որ փայլուն ապագայ էր խոստանում նրան... բայց դա չէր հրապուրում նրան, նա տարբեր զգացումներ ունէր, ուրիշ կարգի հոգսեր վրդովում էին նրա հոգին: Դեռ պատանեկութեան հասակից նա հետաքրքրւում էր իր հեռաւոր արիւնակիցների դառն վիճակով. Նրանց տառապանքը մաշում էր նրա սիրտը. եւ նա միջոց էր որոնում օգնութեան հասնելու օսմանցի հային, մեղմելով նրա զրկանքները, պաշտպանելու նրան իր հարստահարողների դէմ: Իր այդ բուռն փափաքը դրդեց նրան ծանօթանալու Դաշնակցութեան տեղական նորակազմ խմբի հետ, եւ կարճ ժամանակում նա սկսաւ եռանդուն աջակցութիւն ցոյց տալ հասարակաց գործերին, յեղափոխական տեսակէտից: Բայց այդ գործունէութիւնն էլ բաւականութիւն չի տալիս նրա հոգուն, եւ վրէժխնդրութեամբ լի ոգով դէպի իր ազգի հալածիչները, նա ներկայանում է Դաշնակցութեան խմբի ներկայացուցչին իբրեւ կամաւոր: Իզուր է վերջինս աշխատում նրան համոզել, որ յետ կանգնի իր յանդուգն դիտաւորութիւնից, բացատրելով նրան ֆէդայական չարքաշ կեանքի դժւարութիւնները, որոնց համար պատրաստւած չէր նա կանխօրէն: Նա ամբողջ մի ամիս փորձութեան է ենթարկւում. ո՛չ ծնողաց լաց ու կսկիծը, ո՛չ ազգականների աղերսը, ո՛չ ընկերների խնդիրքը եւ ո՛չ սիրած օրիորդի արտասուքն են կարողանում գէթ մի րօպէ կաշկանդել նրա անվեհեր հոգին. նա վճռել էր իր նահատակւած եղբայրների վրէժը լուծել եւ այնպէս մեռնել... Անընդհատ անցնելով աւելի քան հազար վերստ, հասնում է նա այնտեղ, ուր խմբւում էին Դաշնակցութեան կամաւորները յուլիս 24-ի արշաւանքից առաջ: Այդտեղ նրան աւելի մօտ ընկերները կրկին աշխատում են յետ պահել նրան, եւ վերջապէս որոշում են վերադարձնել տալ նրան իր քաղաքը:
Սաղաթէլը սպառնում է ինքնասպանութիւն գործել. գործի ղեկավարները տեսնելով նրա անզուսպ եռանդը եւ վախենալով, որ նա իր սպառնալիքը կիրագործի, էլ չեն հակառակում եւ վերցնում են նրան իրենց հետ:
Այդ անփորձ պատանին, որ փափուկ կեանքի էր միայն սովոր, առանց տրտնջալու համբերութեամբ կրում է իր զինւորի բեռը, ուրախ-զւարթ քայլում է ընկերների հետ, կարծես ցոյց տալու համար թէ նրանք սխալւած էին իր մասին:
Եւ արդարեւ, այդ քսանամեայ երիտասարդը, որին ընկերները դժւարանում էին առաջնորդել կռւի դաշտը, հմուտ զինւորականի սառնասրտութեամբ կռւում է իր ընկերներից մէկին օգնութեան գնացած ժամանակ, Արաուլ լեռան ամէնաստորին դիրքում, որը պաշտպանում է այնքան ժամանակ, որքան հարկաւոր էր միջոց տալու վերջին կամաւորին լեռը բարձրանալու: Բայց դիրքը վտանգի է ենթարկւում, սկսւում է երկուստեք կատաղի կռիււ, ամէնակատաղին ամբողջ արշաւանքում եւ չնայած շուտափոյթ օգնութեան, այլեւս անկարելի է լինում այդ դիրքում պաշտպանւել: Այդ ժամանակ մինչդեռ կտրիճ երիտասարդը, պատասխանելով թշնամու հարւածներին, աւելի բարձր դիրքերն էր դիմում, ստանում է երկու վէրք, մէկը կողքից, միւսը ոտքից. բայց նա դարձեալ չի ընկճւում եւ կռւելով շարունակում է վեր բարձրանալ: Թշնամին ժամանակ չի տալիս վէրքերը դարմանելու, արիւնը առատ հոսում է, մինչեւ որ ուժասպառ եւ արիւնաքամ նա հասնում է լեռան գագաթը, ուր մի-երկու ժամից յետոյ աւանդում է իր վեհ հոգին, ընկերների տաք համբոյրների տակ:
Հանգի՜ստ ոսկորդներիդ, հերոս տղայ, դու եղար պարսկահայ առաջին ինտէլիգէնտ նահատակը Սուրբ Գործի համար եւ պարսկահայը պարծենում է քեզնով: Դու յաւերժացրիր քո անունը եւ քո վսեմ մահով պարտք ես դնում ընկերներիդ վրայ, լուծելու իրենց վրէժի վրէժը. հանգիստ քեզ «անհանգիստ» հայրենասէր, քո յիշատակդ չի մնայ անյետ, ո՛չ էլ թափած արիւնդ՝ ապարդիւն...