25 July, 2022

Արիստակէս Զօրեան. Կարօ (1871-1897)

Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Էլի՜ մի զոհ...

Ի՞նչ փոյթ սակայն... զո՞հի առջեւ միթէ պիտի ընկճւէք դուք, ընկերներ: Հայաստանի տարաբախտ մայրերին մէկն էլ աւելացաւ. հեկեկում է նա՝ որդեկորոյս մայրը, եւ նրա սիրտ կտրատող հառաչանքների հետ ձեր ողբը եւս հնչում է, ընկերներ: Թանկագին, անմոռաց Արիսի մահն է, որ ողբում էք:

Լացէ՛ք, այդ արցունքները պարծանքով կը լցնեն ձեր սիրտը. այդ մահը նոր կեանք կը տարածէ, նոր սիրտ ու խրախոյս կը ներշնչէ ձեզ: Հպարտութեամբ դիտում էք դուք, թէ ինչպէս ձեր զինւոր-եղբայրները հայրենիքի պատիւը պաշտպանելով, զէնքը ձեռքին դիւցազնաբար մեռնում են հարազատ հողի գրկում...

Ծնւել է Կարօն Գողթնի Ցղնա գիւղում (Ագուլիսի մօտ) 1871 թւին: Ընտանիքի սիրւած ու գուրգուրւած այդ զաւակը դեռ մանուկ հասակում կամքի ուժ էր ցոյց տալիս: Վճռականութիւնը, յանդգնութիւնն ու անկախութեան հակումը նրա բնորոշ գծերն էին: Վախն ու փոքրոգութիւնը, վհատութիւնն ու վարանումը օտար էին նրան: Լիակատար ներդաշնակութիւն ենք տեսնում նրա ամբողջ կեանքի մէջ. խօսքը միշտ գործ էր նրա համար:

Ահա՛ երիտասարդական աշխուժով լի 26 տարեկան Կարօն է պատկերանում ձեր առջեւ Խանասօրի մարտադաշտում, ուր սլանում է նա անդադար մի դիրքից միւսը, ամէնքին քաջալերելով, ամէն տեղ օգնելով նեղն ընկած ընկերներին:

Այո՛, արիւնալից Խանասօրում այս աներկիւղ երիտիասարդը հազարաւոր քրդական գնդակների տակ մարտնչում էր անվեհեր, այն միջոցին, երբ ընկերները թախանձագին խնդրում էին նրան թողնել ահաւոր դիրքը: Երբե՛ք. Կարօյի համար մահացու ամօթ էր նահանջել թշնամու առաջ:

Կռւելու է եկել նա եւ պէտք է կռւի մինչեւ արիւնի վերջին կաթիլը. դիրքը եւ թշնամու քանակութիւնը սարսափելի չէին նրան:

Կռուող ու բողոքող էր Կարօն իր կեանքի ամբողջ ընթացքում: Դուրսն էր լինում նա, թէ դպրոցում, միշտ եւ ամէն տեղ ասպետաբար թոյլերին էր պաշտպան հանդիսանում:

Սիրւած էր նա ընդհանրապէս բոլոր ընկերներից, բայց մանաւանդ տկարներից: Իսկ աւելի զօրաւորների մէջ նա շարժում էր պատկառանքի եւ յաճախ նոյն իսկ երկիւղի զգացմունք. լռիկ Արիսի հետ կատակ անելը հեշտ չէր:

Մանկութիւնից սեփականութիւն չէր ճանաչում նա: Ընկերների տրամադրութեան տակ էին լինում նրա մանկական խաղալիքները, դասական պարագաները: Եւ այդպէս մնաց նա մինչեւ կեանքի վախճանը:

«Յիշատակ ես ուզում – գրում է ընկերներից մէկը Արիսի եղբօրը Ռոստոմին. չգիտե՞ս միթէ, որ նա սեփականութիւն ունեցող չէր: Իր շինած մօսինիները – ահա՛ քեզ նրանից յիշատակ...»:

Գիւղական ուսումնարանից Կարօն անցաւ Զաքաթալի ծխական դպրոցը, այդտեղ աւարտելուց յետոյ, փոխադրւեց Թիֆլիսի Նիկողայոսեան դպրոցը, եւ այստեղից էլ մտաւ նոյն քաղաքի րէալականը:

Բայց 90 թւականի ցնցումն ու ոգեւորութիւնը եւ այն շրջանները, ուր հայ երիտասարդութիւնը պատրաստւում էր յեղափոխական գործունէութեան – այդ ամէնը առանց հետեւանքի չանցաւ Կարօյի համար: Հայրենիքի անարգւած պատիւը, ստրուկ եղբօր ազատման միտքը հանգիստ չէին տալիս նրան: Այն բնաւորութիւններից չէր Կարօն, որոնք սահմանափակւում են միմիայն պլատօնական սիրով հեռւից – ո՛չ. նա ընդունակ չէր անտարբեր ու սառնարիւն կերպով դիտելու արիւնակից եղբայրների տառապանքները: Նա չէր համակւած հայրենասիրութեան սոսկ վերացական զգացումով, նա իրական մարդ էր: Տեսնում էր նա ոտնակոխ եղած մարդկային ամենատարրական իրաւունքները, հայ ընտանիքի բռնաբարւած պատիւը, տեսնում էր այդ բոլորը եւ իր բոլոր էութեամբ ձգտում էր բողոքել այդ անիրաւութիւնների դէմ, պաշտպանել անպաշտպան եղբայրակցին:  

Անձնական երջանկութիւնը տիրող բռնակալութեան հետ չէին կարող հաշտւել Կարօյի գիտակցութեան մէջ: Միանգամ ընդմիշտ հրաժարւեց նա իր անհատական «ես»-ից, թողեց ուսումը եւ մտաւ նոր հիմնւած «Կովկաս» արհեստանոցը, ուր մէկ ու կէս տարում կատարելագործւեց զինագործութեան մէջ: Այնուհետեւ շուտով անցաւ X քաղաքը, մտաւ Դաշնակցութեան նոր հաստատւած զինագործարանը:

Ծանր ու փշոտ էր ճանապարհը, բայց Կարօն հարթեց խոչընդոտները իր աննկուն բնաւորութեան ուժով, եւ ապահովեց արհեստանոցի գոյութիւնը:

1892 խօլէրային տարին ընկերները սարսափած փախուստ տւին. բայց Կարօն մնաց իր մի ընկերոջ հետ իր գործը շարունակելու. ինքն էլ հիւանդացաւ խօլէրայից, բայց երկաթի կազմւածքը փրկեց նրան:

Խօլէրան ամէն ինչ քայքայեց, արհեստանոցը փակւելու վրայ էր, չկար նիւթական միջոց նրան պահպանելու համար. եւ Կարօն հարկադրւեց իր ընկերոջ հետ պտտիլ կովկասեան մի քանի քաղաքներ արհեստանոցի համար նիւթեր եւ նպաստ ճարելու: 1893 թիւը անշարժութեան տարին էր, ընդունելութիւնը սառն եղաւ ամէն ուրեք: Ոչ մի տեղից օգնութիւն: Յուսահատւած՝ հեռացաւ Կարօյից իր ընկերը, եւ նա մենակ մնաց, բա՛յց հաւատարիմ, ինչպէս միշտ, պարտքի զգացմունքին:

«Սկսել ենք մի անգամ, մինչեւ վերջ պիտի տանենք» գրում էր նա հիասթափւած ընկերոջ, վերջին անգամ համոզել փորձելով ու թախանձելով նրան... Բայց իզուր. եւ այնուհետեւ գրեթէ ամէն բան ծանրացաւ Արիսի վրայ: Եւ ամէն բան զոհել աչքն առած, արհամարհելով ամէն վտանգ, նա ոստիկանութեան քթին տակ սկսաւ նպաստներ ու նիւթեր ժողովել, փոխադրել եւ վերջապէս յաջողեցաւ վերականգնել արհեստանոցը, որ անսայթաք սկսաւ բարգաւաճել այնուհետեւ, Արիսի եւ իր սկսնակ ընկերոջ անդուլ աշխատանքի շնորհիւ: Նրա արտադրած հրացանները հարիւրաւոր մարդկանց կեանքը փրկեցին, իսկ իր բաժինն էլ եղաւ մի ցուրտ քրդական գնդակ, որ մի ակնթարթում անողորմաբար խլեց Կարօյին իր սիրած ժողովրդից...

1894 թւին Կարօն զրկւեց օրինական (լէգալ) կեանքի բարիքներից եւ ստիպւած եղաւ թագնւել: 1895-ին Մօսկկւայում օտարի անցագրով քիչ էր մնում, որ ձերբակալւէր, բայց ճարպիկ կերպով խաբեց ոստիկանին ու խոյս տւաւ:

Հայրենիք դառնալով նա նորից սկսաւ գործը: 1896 թւին սկիզբներին զբաղւած էր զէնքերի փոխադրութեամբ: Պարսիկները ձերբակալեցին Կարօյին եւ կամեցան հետեւալ օրն իսկ յանձնել ռուս կառավարութեան: Բայց Կարօն հեշտութեամբ անձնատուր չի լինի: Կէս գիշերին երբ պահապանները ընկղմւում են քնի մէջ, Կարօն մի հարւածով խորտակում է պատուհանի փեղկը եւ դուրս է թռչում հետն առնելով հրացանն ու կապոցը: Հարայ հրոց է բարձրանում, բայց արդէն ուշ էր, Կարօն հեռացած էր...

Նորից երեւաց նա իր սիրած գործի դիմաց, ընկերների շրջանում, նորից ձեռք առաւ մուրճը եւ սկսաւ տենդային գործունէութիւնը:

Բայց այս անգամ այլեւս ազատ չէր գործում Կարօն իր արհեստանոցում, այլ ստորերկեայ նկուղների մէջ, թագուն մնալու համար ոստիկանութեան սրատես աչքերից:


Գաղտագողի գործունէութիւնը սկսաւ կամաց կամաց ձանձրացնել Կարօյին: Նա մի քանի անգամ փորձ արաւ անցնել սահմանագլուխը եւ մտնել Օսմ. Հայաստան, բայց ընկերները միշտ յորդորում էին նրան, որ մնայ արհեստանոցում, ինկատ առնելով գործի շահերը եւ նրա մոլեգին բնաւորութիւնը:

Զիջանում էր Կարօն: Բայց երբ վերջին արշաւանքն էր ծրագրւում, նա անպայման որոշեց մասնակցել, եւ անսասան մնաց իր որոշման մէջ. ո՛չ մի ուժ, ո՛չ մի ընկերական յորդոր չէր կարող այլեւս յետ պահել նրան:

«Մինչեւ օրս ես ուրիշների համար էի հրացան պատրաստում, այժմ ես ինքս պիտի գործածեմ» այսպէս էր առարկում Կարօն:

Եւ նրան վիճակւած էր մեռնել կռւի մէջ: Այնտեղ, Խանասօրի հովտում, փայլեց Կարօյի անընկճելի, հերոսական բնաւորութիւնը:

Այդ մարդը, որ այնքա՜ն անողորմ էր բռնաւորների նկատմամբ, որ այնքա՜ն մոլեգնութեամբ մարտնչում էր այն ամէնի դէմ, ինչ որ արգելք էր լինում հայրենիքի բարօրութեան, այդ մարդը իր երկաթի կրծքի տակ ամփոփում էր մի վերին աստիճանի քնքուշ կանացի սիրտ:

Երբ Խանասօրի մէջ տղերքը առաջին անգամ գրոհ են տալիս դէպի քրդական վրանները, Կարօյի առաջին հոգսը կենդանիներն են լինում. արիւնի եւ արհաւիրքների մէջ ան ինքն է անձամբ մօտենում ու ազատում կապոտւած հորթերին գնդակների անձրեւից:

* * *

Միջին հասակ ունէր Կարօն, ուժեղ, յաղթանդամ կազմւածք: Երկու սեւ ու խոշոր աչքեր զարդարում էին նրա գունատ դէմքը, լայն ճակատը խելացի կերպարանք էր տալիս նրան, իսկ բարեսիրտ ժպիտը սակաւ էր հեռանում երեսից:

Մանուկ հասակից վարժեցրել էր նա իրեն որսորդական կեանքին, որ նրա ամէնից սիրած զբաղմունքն էր: Այդ պատճառով Կարօն հեշտութեամբ էր տանում ամէն տեսակ զրկանքներ: Մենք տեսնում ենք նրան նոյն Խանասօրի հովտում ոտով, ծանր բեռը շալակին. բացի ֆէդայու անհրաժեշտ պարագաներից, նա կրում էր նոյնպէս ծանր պայուսակը լի զանազան գործիքներով, որոնց օգնութեամբ շտկում էր Կարօն ընկերների վնասւած հրացանները, եւ փչացնում թշնամուց գրաւածները:

Ընկերները քանիցս խնդրում էին նրան ձի նստել. կտրակի մերժում էր Կարօն: Լինելով հարիւրապետի օգնական, նա նախընտրում էր ոտով քայլել, խրախուսելու համար զինւոր ընկերներին:

Արշաւանքից առաջ, երբ ներկայացւեց ծրագիրը, Կարօն յայտնեց. «Այո, մենք ձեռնարկում ենք մի շատ վտանգաւոր քայլի. բայց ինչ որ էլ լինի, թէպէտ զոհելու իսկ լինենք մեր ամբողջ ուժը, պէտք է դիմանանք, դիմադրենք մինչեւ վերջին րօպէն եւ կատարենք մի նշանաւոր գործ»:

«Ուր որ գնում էր այդ օրը Կարօն, կատաղի կռիւ էր մղւում այնտեղ» ասում են ընկերները: Աւելի ճիշդ կը լինէր ասել՝ նա գնում էր այնտեղ, ուր կռիւը կատաղի էր: Առաջինն էր նա վրանների վրայ գրոհ տւողների մէջ, եւ այն վերջիններից, որոնք Արաուլի ստորոտում ուշանում էին, երբ բանակը բարձրացած էր արդէն սարը: Այդ ծանր րօպէների մէջ Սաղաթէլի եւ իր ընկերների փրկութիւնը եւ թշնամու կորստով փախուստը ամենափառաւոր վկայութիւնն են տալիս Կարօյի անօրինակ քաջութեանն ու անձնւիրութեանը: «Թշնամու եւ իր արիւնը կարմրացրել էր նրա մոխրագոյն չէրքէզքին եւ քրտինքն ու վառօդի ծուխը սեւացրել էին նրա երեսն ու ձեռքերը: Չափազանց յոգնած էր, որովհետեւ նա թէ՛ հրամայում էր, թէ՛ կռւում եւ թէ՛ իբրեւ զինագործ սարքի էր բերում զինւորների կռւի մէջ փչացած հրացանները...» ասում է մի ականատես: Երբ հարցնում էին թէ ինչպէս է զգում իր թեւը, որ դեռ առաջին յարձակումին վիրաւորւած էր, «ոչինչ» էր պատասխանում, տեսնելով որ դեռ կարող է շարժել ու գործածել: Մինչեւ երեկոյ անընդհատ կռւում է նա եւ գիշերը, նահանջի միջոցին մնում է իր դիրքում, վճռած լինելով չհեռանալ, մինչեւ չփախցնէր յարձակողներին: Իր բնաւորութեան այդ բնորոշ կէտը եղերական մեծութեամբ երեւան է գալիս այդ վայրկենին, աւա՜ղ, իր կեանքի թելը կտրելու...

Այո՛, պատւով մեռար դու, թանկագին Կարօ, մեռար այն մահով, որը արժանի է միայն քեզ նմաններին: Դու եղէգ չէիր, որ այս ու այն կողմ է ճկւում քամու ամէն մի թեթեւ հարւածից, դու զօրաւոր կաղնի էիր, որ միայն արմատով է պոկւում:

Դու կատարեցիր կտակը այն էակի, որը քեզնով էր միայն ապրում. մինչեւ վերջին վայրկեանը ականջ էիր դնում դու ծանօթ ու քաղցր խօսքերին. «Կարօ՛, անգին Կարօ... անձդ զոհ դիր Հայրենիքի սուրբ սեղանի վրայ, Բաբկէն-Սիւնիի նման լեցւիր թունալից վրէժխնդրութեամբ, կատարի՛ր վերջին կտակս, դրանով միայն կը հանգստանան ոսկորներս գերեզմանի մէջ: Ես այնքան քաջութիւն ունեցայ, որ կարողացայ կրակի տալ իմ ետեւից բոլոր նաւերը: Այսուհետեւ դու բոլովին ազատ ես, գործի՛ր: Ների՛ր ինձ. բիւր համբոյրներ...»:

Ո՞վ ես դու, ընթերցող մօդայի ազգասէ՞ր: Եթէ այո՛ - խղճալի ես դու. դու Կարօներին չես կարող հասկանալ: Բայց գուցէ դու ալեւոր թափառական ես, պանդուխտ, տարագիր, զրկւած քաղցր հողից – մխիթարւի՛ր, Կարօները վրէժխնդիր են քեզ համար: Իսկ եթէ երիտասարդ թարմ ուժ ես դու, որը դեռ ընդունակ է ստրկութիւնն արհամարհելու եւ ազատութիւնը սիրելու, – դու կերթաս Կարօյի շաւղով: Ականջ դի՛ր նրա ձայնին. նա վրէ՜ժ է պահանջում...

«Դրօշակ» - 25 Դեկտեմբեր 1897
Թիւ 16