Ամերիկայի Նիագարա Ֆոլս քաղաքում, կոյր աղիքի գործողութիւնից յետոյ, հիւանդութեան բարդացման հետեւանքով, յուլիս 9-ին մեռաւ մեր երիտասարդ գործիչ ընկերներից մէկը՝ Արտաշէս Վանարեան, բուն անունով Արտաշէս Հացագործեան:
Վանարեանի մահը անկեղծ ցաւ պատճառեց ո՛չ միայն Ամերիկայի, այլ և բոլոր ընկերներին: Երիտասարդ, զարգացած, լուսամիտ ու կայտառ՝ Արտաշէսը համակ կեանք էր ու շարժում: Լինում էր ամէն տեղ, հասարակական բոլոր խաւերում. դիւրահաղորդ էր ու ընկերական: Ճարտար լեզւով ու գրչով՝ կարողանում էր բեմից ու մամուլի էջերից խօսել ու խօսեցնել տալ. իր յայտնած մտքերը, բայց, մանաւանդ, յայտնելու ձեւը գրաւում էին հանրային ուշադրութիւն եւ, յաճախ, հակազդեցութիւն առաջ բերում: Նա իր գրիչը ծառայեցնում էր միշտ հայ աշխատաւորութեան եւ Դաշնակցութեան ի նպաստ. այդ պատճառով առանձնապէս սիրւած էր հայ գաղութների աշխատաւորական շրջաններում:
Վանարեանը վանեցի էր, Այգեստանի Նորաշէն թաղից, ծնւած 1892 թւին: Նորաշէնի թաղային ուսումնարանում էլ ստացաւ իր նախնական կրթութիւնը, ապա՝ Երամեան վարժարանում: 1909-ին, անցաւ Վանի Կենտրոնականը, ուր եւ կազմւորւեց նրա նկարագիրը: Նա մէկն էր Արամի, Սարգսի, Իշխանի շնչի տակ պատրաստւած «նոր սերնդից», Վանի երիտասարդական այն փայլուն փաղանգից, որից դուրս եկան շատ ընտիր գործիչներ, ինչպէս հանգուցեալ Բարունակ Կապուտիկեանը եւ Հմայակ Մանուկեանը: Արդէն աշակերտական նստարանի վրա Արտաշէսը աչքի ընկաւ իր ուշիմութեան եւ ցոյց տւած ընդունակութիւններով: Օսմանեան Սահմանադրութիւնից յետոյ, նա անցաւ Պոլիս ուսանելու եւ այստեղ դարձաւ Հ. Յ. Դ. Ուսանողական Միութեան ամենագործօն անդամներից մէկը՝ մասնակցելով նաեւ ուսանողական «Երկունք» ամսագրի խմբագրութեան: 1914-ին աւարտեց Պոլսի համալսարանի իրաւագիտական բաժինը: Պատերազմից յետոյ աշխատակցեց «Ճակատամարտ»-ին եւ ուրիշ թերթերի: 1919 թ. օգոստոսին տեղափոխւեց Ամերիկա գործչի պաշտօնով, որ եւ վարեց փայլուն յաջողութեամբ մի քանի տարիներ: Միաժամանակ եւ աշխատակցում էր «Հայրենիք»-ին: Առանձին հատորով հրատարակեց իր յօդւածների շարքը բոլշեւիզմի մասին, որին համոզւած հակառակորդ էր:
Վերջին տարիները Վանարեանը ունէր անձնական զբաղում. ապահովագրական ընկերութեան ներկայացուցիչ էր: Մանաւանդ աշխատանքը, սակայն, չարգելեց, որ շարունակէ կապւած մնալ Դաշնակցութեան գործին. նա մասնակցում էր կուսակցական կեանքի բոլոր արտայայտութիւներին՝ մամուլ, հրապարակային ժողովներ, դասախօսութիւն, ընկերական հաւաքոյթ, կազմակերպական աշխատանք: Կուսակցութեան նիւթական կեանքն էլ շատ մօտ էր նրա սրտին. ապացոյց այն 5000 դոլարի ապահովագրութիւնը, որ կտակեց Դաշնակցութեան:
Վանարեանի ժողովրդականութեան ապացոյց էր այն բազմամարդ յուղարկաւորութիւնը, որ կատարւեց Տիթրօիդում, յուլիս 13-ին. ամբողջ գաղութը, ե՛ւ ներկայացուցիչներ ուրիշ վայրերից եկել էին յաւիտենականութեան գիրկը ճամբելու երիտասարդ ընկերոջ: