14 July, 2022

ՔԱՉԱԼ ՂԱԶԱՐ. Ղազար Քոչարեան

Ամեն անգամ երբ առիթ եմ ունենում անդրադառնալ մեր ընկերների, յատկապէս առաջին սերնդին պատկանող դաշնակցական գործիչների կեանքին ու գործին, հոգիս համակւում է խորին յարգանքով եւ ես խոնարհում եմ գլուխս նրանց մեծ գործի եւ անմոռաց յիշատակի առջեւ:

Ահա դրանցից մէկն էր, քառասուն օր առաջ մեզնից յաւերժ հեռացող, բայց միշտ անմոռանալի, դաշնակցական հին մարտիկ, յեղափոխական գործիչ ընկեր Ղազար Քոչարեանը:

Հանրանւէր, անվերապահօրէն ինքնամոռաց մի կեանք, ուր չի թրթռում անձնականութեան եւ ոչ մի շեշտ, ուր տիրում է միայն վսեմ մի գաղափարի պաշտամունքը՝ բարձր գիտակցութեամբ եւ անխախտ հաւատքով:

Հաւա՛տք իր գործի, իր ընտրած ճամբի, նրա գեղեցկութեան ու ճշմարտութեան նկատմամբ:

Հաւա՛տք պայքարի եւ ազատութեան մասին:

Այդպէ՛ս էր այս սերունդը...

Հազարաւորնե՛ր, հայոց աշխարհի բոլոր անկիւններից, մթին կիսախարխուլ խրճիթներից, քաղաքներից, յաճախ անգրագէտ, ոմանք կիսագրագէտ, համալսարանական, սակայն բոլորն էլ մէկը միւսին լրացնող, տարւած միեւնոյն գաղափարով, հայ տառաչած ժողովրդի եւ նրա աւեր «վաթան»ի, ազատութեան գաղափարով:

Հայ ժողովրդի աղեկտուր ճիչն էր, որ թունդ արձագանգեց նրանց հոգիներում, վրդովեց նրանց խիղճը եւ նետեց հերոսական, այլ անհաւասար պայքարի, մարդկային պատմութեան մէջ նմանը չունեցող մարդասպան եւ ցեղասպան մի բռնակալութեան դէմ:

Եւ նրանք, այդ հերոսները, այդ հայ մարդիկ, յեղափոխութեան սուրբ դօրշի մօտ երդւեցին կամ փրկել հայրենիքը, կամ մեռնել այդ ճամբին, նշանաբան ունենալով «Մահ կամ Ազատութիւն»ը:

Ու գնացին նրանք, հայ ֆեդայիները, մտան հայոց աշխարհի արիւն-արցունքով օծւած բոլոր անկիւնները, անցան լեռներն ու ձորերը, կիրճերն ու փապարները, գիշեր ու ցերեկ, ամառ ու ձմեռ, հասան ուր օգնութեան կանչը լսւեց, իրենց կրծքով պաշտպանեցին վտանգւած բազմութիւնները, պատուհասեցին ոճրագործներին, թալանչիներին, լլկողներին, խաղացին կեանքի ու մահւան հետ, տառապեցին բանտերում եւ ճօճւեցին կախաղանների վրայ, բայց միշտ հպարտ ու անընկճելի, վառեցին պայքարի ու ազատութեան հուրը, դառնացած հոգիների մէջ, վերակենդանացրին հերոսական անցեալի լուսաւոր էջերը, եւ ստրկացած ժողովրդից կերտեցին նոր, կենսունակ, մարտական հայութիւնը, որ նոյն ճամբով, անհնարին զոհերից յետոյ, Մայիս 28ին, դարձաւ պետական ա՛զգ թէկուզ արիւնլւիկ...

Դրանցից մէկն էր եւ հանգուցեալը՝ Ղազար Քոչարեանը:

Ծնւել է Բաշ-Գեառնիում՝ 1874ին: Պատանի հասակում զինւորագրւել է Հայ Յեղափոխութեան, մտնելով Հնչակեան կուսակցութեան շարքերը: Բայց իր վառվռուն, մասամբ յախուռն ու անհանգիստ հոգին չի գոհացել միայն ցուցական այն գործունէութեմաբ, որ որդեգրել էր Հնչակեանութիւնը՝ այդ օրերին, չի հանդուրժել գործերի այն կենտրոնացումը՝ որ կաշկանդում, դանդաղեցնում էր ամեն գործ ու նախաձեռնութիւն:

Այդ էր պատճառը, որ նա թողեց հնչակեան շարքերը եւ փարեց նորակազմ Հ. Յ. Դաշնակցութեան, դառնալով նրա հաւատարիմ, նւիրւած եւ վաստակաւոր զինւորեալը, մինչեւ խորին ծերութիւն, մինչեւ մահ:

Իր կեանքը...

Անանձնական օրերի շղթայ, միշտ դուրսը, միշտ գործի վրայ, երբեմն որպէս մարտիկ, խմբապետ, զինատար, փոխադրող կազմակերպիչ, վարժեցնող, պատուհասող եւ փախստական, բանտ, աքսոր:

Իր բնակավայրը... Հայոց Աշխարհը բովանդակ, անկախ սահմաններից, լեռներում, դաշտերում, ճամբաների վրայ...

Իր տունը՝ կարճ օրերի մի պարզ իջեւան:

Մի օր մտերմիկ զրոյցի ժամանակ, երբ գոհունակութեամբ ու սիրով սկսեց խօսել իր հարսի եւ որդու,- նրանց գուրգուրոտ եւ սիրալիր խնամատարութեան մասին, դիրեցի թէ, հենց այդպէս էլ պէտք է լինէր,- բա զաւակը ո՞ր օրւայ համար է: Դարձաւ ինձ, գլուխը օրօրեց եւ ասաց ցաւով.- Ախր հէրութիւն արել ե՞մ որ... ախր նրանք հէր տեսել ե՞ն որ...

Զինւորագրւելով Դաշնակցութեան, 1902ին, մասնակցել է Մոսուն Զօրի արշաւանքին, որպէս տասնապետ, Մարտիրոսի, Խնկոյի, Արտուշի եւ Բաշ-Գեառնեցի այլ հերոս տղաների հետ:

1905-6 թւականներին, համագիւղացի երիտասարդների հետ, կազմակերպել է ամբողջ շրջանի ինքնապաշտպանութեան գործը՝ Հ. Յ. Դ. տեղական մարմինների հրահանգով եւ միաժամանակ մասնակցել զէնքի հայթայթման եւ բաշխման աշխատանքներին:

1908ին անցել է Պարսկաստան եւ մասնակցել սահմանադրական կռիւներին, Ռոստոմի անմիջական ղեկավարութեան տակ եւ նրա ցուցմունքներով:

Երբ ռուսները այդ օրերին մտան Իրան, Ղազարը իր մի քանի ընկերների հետ, կուսակցութեան կարգադրութեամբ անցնում է Նախիջեւան, բայց դժբախտաբար ձերբակալւելով փոխադրւում է Երեւանի, յետոյ Թիֆլիսի եւ ապա Նովոչերկասկիի բանտերը:

Տարիներ մնում է բանտերում, ապա, Լըժինեան դատավարութիւնից յետոյ, ազատւում է երաշխաւորութեամբ եւ գալիս տուն՝ Բաշ-Գեառնի, ուր նւիրւում է կուսակցական-կազմակերպական աշխատանքների:

Կարճ ժամանակից յետոյ, որպէս յեղափոխական, ձերբակալւում է եւ վարչական կարգով, քշւում Բես-Արաբիա, Կիշնեւ, ուր մնում է մինչեւ 1914 թիւը, երբ պայթում է առաջին աշխարհամարտը:

Պատերազմը քաղաքկանա բանտարկեալների համար, ապահովում է ցարի ազատութեան հրովարեակը:

Ղազարը շտապում է Կովկաս, կազմում է հայ կամաւորների մի խումբ, միանում է Դրոյի բանակին, երկրորդ գումարտակում ստանձնելով երրորդ վաշտի հրամանատարութիւնը:

Ինչպէս հրամանատար Դրոյի, այնպէս էլ Ղազարի՝ գերագոյն ձգտումն էր, որ առաջ հասնել Սասուն, ուր մեր ժողովուրդն ու մի բուռ ֆէդայիներ, ամիսներից ի վեր, կեանքի եւ մահւան պայքար էին մղում:

Երկու անգամ մօտենում են Սասունին, սակայն երկու անգամին էլ, ռուսական բանակների գերագոյն հրամանատարութիւնից՝ նահանջի հրաման են ստանում: ԱՅս մասին յաճախ խօսում էր՝ անհուն դառնութեամբ...

1917ին, երբ ռուս կառավարութեան հրամանով ցրւում են կամաւորական բանակները, Ղազարը վերադառնում է գիւղ եւ լծւում կազմակերպչական աշխատանքների, յետոյ մասնակցում Արարատեան դաշտի կռիւներին թուրքերի դէմ, մինչեւ պատերազմի վերջը, երբ յայտարարւում է Հայաստանի անկախութիւնը:

Հ. Հանրապետութեան ժամանա, կառավարութեան կողմից ուղարկւում է Գողթան եւ Նախիջեւան, կազմակերպելու համար տեղական ինքնապաշտպանութիւնը: Այդ ընթացքին, հանգուցեալը երեւան է բերում անսպառ եռանդ եւ վճռականութիւն:

Նախիջեւանի եւ Գողթանի անկումից յետոյ, անցնում է Լեռնահայաստան: Մասնակցում է Լեռնահայաստանի ինքնապաշտպանութեան կռիւներին: Լեռնահայաստանի անկումից յետոյ անցնում է Իրան, ուր կարճ ժամանակ մնալուց յետոյ, Նժդեհի հետ միասին, անցնում է Բուլղարիա, Սոֆիա, ստանձնելով նորանոր պարտականութիւններ:

1936ին, որոշում է վերադառնալ Իրան, բայց կազմակերպութեան կարգադրութեամբ լծւում կազմակերպչական աշխատանքի...: Աւելի քան 18 տարի մնում է Բաղդադում, ու նւիրւում հանրային, կուսակցական աշխատանքների, արժանանալով Բաղդադի հայութեան եւ ընկերների ջերմ գուրգուրանքին, սիրոյն եւ յարգանքին:

1954ին, որդու խնդրանքով, որ յաջողել էր անցնել Իրան, շատ յառաջացած տարիքում գալիս է Պարսկաստան եւ երկար տարիներից յետոյ հանդիպում իր զաւակին, որին համարեա չէր տեսել:

Որդու ընտանիքի մէջ է որ նա հանգիստ է առնում եւ ինչպէս ինքն էր ասում, «ստանում տան գերագոյն հաճոյքը»...

Իր յուշերը հրատարակւեցին «Հայրենիք» ամսագրում, «Յեղափոխական Ալպոմում» եւ այլ օրգաններում:

10 տարի իր հարսի եւ որդու գուրգուրանքը վայելեց եւ երկու տարի անկողնում գամւելուց յետոյ, իր մահկանացուն կնքեց խորին ծերութեան մէջ:

Ահա Ղազար Քոչարեանի կեանքի շատ թռուցիկ պատկերը:

Հայ յեղափոխութեան անվեհեր մարտիկի կեանքը, որ աւա՜ղ, մեռաւ օտարութեան մէջ, առանց տեսնելու իր իղձերի իրականացումը:

Իղձե՛ր որ հայութեանն էին, եւ որին անսակարկ նւիրաբերեց նա իր բովանդակ կեանքը:

Ղազարները մեռան եւ սակայն իրենց մահւամբ նւիրագործեցին հայութեան վեհ գաղափարների անպարտելիութիւնը:

Փառք Ղազարներին եւ իրենց նւիրական իդեալներին:

Թող հողը թեթեւ գայ վրադ սիրելի ընկեր:

Ա. Բ. Գ.
«Ալիք», Թեհրան
ԼԴ. Տարի, Թիւ 189 (7848)

Ընկ. Ղազար Քոչարեանի Յուղարկաւորութիւնն ու Թաղումը

Երկուշաբթի, Յուլիս 14-ին, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, իր մահկանացուն կնքեց Հ. Յ. Դաշնակցութեան անվեհեր մարտիկ եւ վաստակաւոր գործիչ՝ ընկ. Ղազար Քոչարեանը: Յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ Հինգշաբթի, Յուլիս 16-ին:

Առաւօտեան ժամը 9:30-ին, հանգուցեալ ընկերոջ դին, «Ալիք»ից փոխադրւեց Ս. Աստւածածին մայր եկեղեցին, ուր, ներկայութեամբ սիրելի Ղազարի գաղափարակից ընկերների, տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ:

Յաւարտ Պատարագի, հանգուցեալ ընկերոջ դին դուրս բերւեց եկեղեցու բակ:

Եկեղեցու բակում, դամբանական խօսեց ընկեր Անուշաւան Գրիգորեանը:

Ընկ. Գրիգորեանը, իր կուռ եւ բովանդակալից դամբանականով, տւեց ընկ. Քոչարեանի կենսագրական համառօտ գծերը եւ նշեց նրա ցուցաբերած զոհաբերութիւնը հայրենիքի ազատագրման ճանապարհին:

Եզրափակելով իր խօսքը, ընկ. Գրիգորեանն ասաց. «Թէեւ սիրելի Ղազարը անդարձ հեռանում է մեզանից, սակայն նրա սրբազան յիշատակը միշտ վառ պիտի մնայ մեր սրտերում»:

Առաւօտեան ժամը 10:30-ին, ընկ. Ղազարի դին փոխադրւեց Դուլաբի գերեզմանատուն եւ ամփոփւեց Հ. Յ. Դ.-ի Պանթէոնում:

Հանգուցեալի դին նախքան հողին յանձնելը, ընկ. Վազգէն Միրզաբէկեանը հայրենիքի սրբազան հողից մի բուռ շաղ տւեց ընկերոջ դագաղի մէջ: Ապա Հ. Յ. Դ.-ի Թեհրանի եւ շրջանի ընկերների ու հանգուցեալի պարագաների կողմից, ծաղկեպսակներ դրւեցին ընկերոջ թարմ շիրիմին:

Դուլաբում, ոգեշունչ դամբանական խօսեց ընկ. Վազգէն Միրզաբէկեանը: Ընկերը աւելի մանրամասնօրէն խօսելով հանգուցեալի կեանքի մասին, ցաւ յայտնեց, որ հանգուցեալի Քոչարեանը չհասաւ իր բուն նպատակին, այն է՝ տեսնել Հայաստանը Ազատ ու Անկախ. բայց ընկերոջ շիրմի մօտ խոստացաւ, որ ներկայ սերունդը ամեն ջանք գործ կը դնի իրականացնել այդ վեհ գաղափարը, որն անկասկած կ'իրականանայ, քանի որ դա հայ ժողովրդի ազնիւ եւ արդար պահանջն ու իրաւունքն է:

Ժամը 11.30-ին, աւարտւեց յուղարկաւորութիւնը եւ հանգուցեալի հարազատները, պարագաները եւ գաղափարակից ընկերները, լուռ ու գլխահակ հեռացան գերեզմանատնից, ափսոսելով այդ վաստակաւոր գործիչի կորուստը:

Հանգիստ աճիւնիդ, սիրելի ընկեր:

Թող հողը թեթեւ գայ վրադ: 

Թղթակից
«Ալիք», Թեհրան
ԼԴ. Տարի, Թիւ 156 (7815)
Երկուշաբթի, 20 Յուլիս 1964