Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Ա. Յեղափոխութեան Նոխազը
Դարերի ընթացքում, ազատատենչ անհամար հերոսների ծնունդ տւած՝ Սիւնեաց լեռնաշխարհի հարազատ զաւակն է Թուման Թումեանցը (Թորգոմ): Ծնւել է Շուշի, 1879 Մայիս 1ին: Իր ծննդավայրի թեմական դպրոցի ամենափայլուն շրջանաւարտներից էր, հասակակից ու գաղափարական ընկերը Արամի, Իշխանի, Իսաջանի, Մենակի եւ բազմաթիւ ուրիշ նւիրեալների: Իր մտաւոր պատրաստութեամբ, լուրջ եւ քաղցր բնաւորութեամբ, աշխատունակ ու եռանդուն խառնւածքով սիրւած եւ գնահատւած էր բոլոր կողմից հաւասարապէս:
Հայ Յեղափոխութեան զինւորագրւելու եւ Հայաստանի ազատագրութեան դատին ծառայելու հոգեկան ներքին մղումի տակ, Թորգոմը աշակերտական տարիքին իսկ անդամակցել էր յեղափոխական խմբակների եւ կենդանի գործի մէջ նետւելուց առաջ, ուզում էր գիտական պաշարով հմտանալ, մանաւանդ զինւորական ասպարէզի մէջ՝ ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ:
«Ապստամբութիւնը, կռիւը կախւած չեն միայն գիտակցութիւնից, զոհաբերութիւնից, քաջութիւնից եւ նիւթի առաւելութիւններից.- ասում էր նա,- այլ արհեստ է եւ գիտութիւն, որ պէտք է սովորել: Առանց այս վերջինի՝ մնացածները ոչինչ են: Առանց առաջինների՝ այս վերջինն էլ անպէտք է»:
1897ին Թորգոմը մեկնում է Մոսկւա եւ մի շրջան, իբրեւ համալսարանի ազատ ունկնդիր, բնական գիտութիւնների մի շարք դասընթացքների հետեւելուց յետոյ, մտնում է զինւորական ծառայութեան մէջ, որտեղից դուրս է գալիս պահեստի սպայի աստիճանով:
Ռուբէնը, 1902ին Թորգոմին հանդիպում է Ալեքսանդրապոլում, Կովկասեան շրջանի ռուս բանակների ընդհանուր ռազմափորձերի ընթացքին: Մի բարեկամ սպայի կազմակերպած մի հաւաքոյթին ներկայ է գտնւում նաեւ Թուման Թումեանց անունով մի հայ սպայ, որ «սպայի նոփնոր հագուստ ունէր: Կողքին ճոճւում էր սուրը: Միջահասակ էր, երեսը մի քիչ ծաղկաքաղ, աչքերը ժպտուն, աւելի գորովալից քան հրամայական եւ արհամարհոտ, որ յատուկ է ուսնոցաւոր սպաներին»: Հաւաքոյթը շատ կարճ է տեւում մի ռուս սպայի անփափկանկատ արայայտութիւնների պատճառով, սակայն, Թումանի արտասանած մի քանի խօսքերը անջնջելի հետք են ձգում նոյնպէս թնդանօթաձիգ սպայ՝ երիտասարդ Ռուբէնի վրայ.- «Դուք, վաղւայ առաջնորդները բանակի, խմում եմ ձեր կենացը եւ ցանկանում, որ դուք ձեզ զգաք ժողովրդի ծառաները եւ ձեր կեանքը չխնայէք նրա երջանկութեան համար»:
Ալեքսանդրապոլում Թորգոմի զինւորական ծառայութիւնը տեւում է միայն երեք ամիս: «Վերջացնելուց յետոյ.- պատմում է Արամը Թորգոմի նահատակութիւնից անմիջապէս յետոյ գրած իր կենսագրականի մէջ.- դեռ զինւորական համազգեստը հագին, Թորգոմը ներկայանում է Ջրաբերդի (Կարս) Կենտրոնական Կոմիտէին եւ բերանացի կերպով առաջարկութիւն է անում ամբողջապէս նւիրւելու յեղափոխական գործին»:
Կենտրոնական Կոմիտէն գրկաբաց է ընդունում երիտասարդ եւ մտաւորական սպայի առաջարկը: «Այդ օրւանից էլ սկսւում է Թորգոմի յեղափոխական մարտական գործունէութիւնը»:
Յեղափոխական մի որոշ տեղատւութիւնից յետոյ, այդ օրերում, Կարսը վերականգնումի մի շրջան էր ապրում: Պաշտօնի էր կոչւել երիտասարդ, հաւատաւոր բայց տակաւին անփորձ անդամներից բաղկացած մի Կենտրոնական Կոմիտէ: Մենակը թէեւ դեռեւս այնտեղ էր, սակայն ամբողջովին կլանւած էր երկիր անցնելու պատրաստութիւններով: Իբրեւ կազմակերպող եւ կենդանի գործի մարդ, Թորգոմը մէկ առ մէկ մտնում է Կարսի շրջանի բոլոր գիւղերը եւ մինչ այդ մասնակի չափերով տարածւած կազմակերպութիւնը ընդհանրացնում է: «Թորգոմի օրով էր, որ խմբական կազմակերպութիւնը դառնում է համայնական, գիւղի ամբողջ համայնքն է մասնակցում կուսակցական գործին: Գիւղերում ստեղծւում են գիւղական ենթակոմիտէներ, գիւղի զգայուն տարրերն առաջ են քաշւում եւ կազմում են տեղական ու շարժական զինւորական խմբեր»:
Քաղաքներում նաեւ կանոնաւոր խմբերի կազմութիւնն սկսւում է Թորգոմի օրով, իր ջանքերով կազմակերպւում են յեղափոխական, քարոզչական եւ հանգանակութեան համար սարքւած ընկերային հաւաքոյթներ, որոնք հետագային աւանդութեան են վերածւում: Ռուբէնը, իր յուշերի առաջին հատորում, շատ գեղեցիկ կերպով նկարագրել է այս հաւաքոյթների ներքին մթնոլորտն ու զոհաբերութեան օրինակելի հոգեբանութիւնը:
Բայց Թորգոմի մտասեւեռումը երկիրն էր: «Նա միշտ ասում էր,- գրում է Արամը,- թէ սիրողի դերը իր համար ատելի է, որոշ չափով, նոյնիսկ յանցանք է, անթոյլատրելի է, որ յեղափոխական գործիչը ուրիշներին ուղարկէ կրակի գիրկը, իսկ ինքը հեռւից միայն դիտողի դեր կատարէ»:
«Կրակի գիրկ»ից, Մենակը, Թորգոմի վաղեմի ընկերը, իր նամակներով անընդհատ զէնք եւ մարդ էր պահանջում: Թորգոմը դնում է իր թեկնածութիւնը: Կենտրոնական Կոմիտէն որոշում է մի թեթեւ խմբով նրան ուղարկել Սասուն: Սկսւում է «Մրրիկ» խմբի պատրաստութեան տենդագին աշխատանքը:
Այնքան մեծ էր վարկն ու հեղինակութիւնը երիտասարդ յեղափոխականի, որ բազմաթիւ հին ու փորձառու խմբապետներ, ֆեդայիներ, ռուսական բանակի ենթասպաներ եւ զինւորներ դիմում են անում «Մրրիկ» խմբին մաս կազմելու համար: Նրանց մէջ էին Ախալցխայի Արտաշէսը, Ախալքալաքցի Նիկոլը, զինւոր Գրիգորը, որ Ալայ բէկի երեսին գոռաց ծանր վիրաւոր վիճակի մէջ. «Շուն, իմ վէրքերը մի՛ կապէ, ես մահը կ'ուզեմ, եթէ առողջացնես, ես քեզ կը սպանեմ»:
«Այդ խմբի մէջ էին նաեւ Քաֆթար Արշակը, որ յետոյ Քեռի կոչւեց եւ Պարսկաստանի մէջ պսակ ստացաւ, Քէօսա Արշակը, որ յետոյ Սեպուհ կնքւեց եւ Հայաստանի զօրավար եղաւ, Մոկացի Գրիգորը, Մաշադի Աւետիսը, Գիւմիւշխանեցի Աւօն, Կայծակ Առաքելը, Սեբաստացի Մուրատը, Տուրբախը, Զուլումաթը, որոնք մէկական պատմական դէմքեր դարձան:
Այս բոլոր յայտնի դէմքերի մասնակցութեամբ գումարւած մի ժողովի ընթացքին, Թորգոմը մերժում է ստանձնել խմբապետութիւնը, առարկելով, որ իրենից աւելի արժանաւորներ կան: Ժողովականները սակայն, գաղտնի ու միաձայն քւէարկութեամբ խմբապետ են ընտրում 24 տարիքը նոր թեւակոխած Թորգոմին:
Բ. Մրրիկ
«Մրրիկ» խմբի արշաւն իր կատարեալ յաջողութեամբ եւ սահմանի երկու կողմերում առաջացրած խանդավառութեան ալիքով, մի եզակի տեղ է գրաւում ազատագրական պայքարի պատմութեան մէջ:
Անսահմանօրէն ոգեւորւելու իրաւունք ունէին Սասնոյ ժողովուրդն ու ընկերները, որովհետեւ շուրջ 30* հոգինոց ձիաւոր խումբը ոչ միայն լրիւ կազմով հասել էր իրենց, այլ նաեւ յաջողել էր բերել 30 մոսին հրացաններ 13 հազար փամփուշտներով: Խմբի անդամներից շատերը վերստին միանում էին զէնքի իրենց վաղեմի ընկերներին, հայրենի լեռների վրայ շարունակելու համար կռիւը դարաւոր թշնամու դէմ:
«Հայրենիք» ամսագրի 1931ի Փետրւարի թւում Սեպուհը նկարագրել է շուրջ տասնօրեայ իրենց «ճամբորդութիւնը», որ գրեթէ ամբողջութեամբ համապատասխանում է Հ. Յ. Դաշնակցութեան Դիւանում գտնւող Թորգոմի 25 Մայիս եւ 3 Յունիս 1903 թւակիր նամակների բովանդակութեանց: Այս նամակները գրւել են Խնուսից եւ ուղղւել են Ջրաբերդի (Կարս) Կենտրոնական Կոմիտէին:
Խումբը, ըստ Սեպուհի, ճամբայ է ելնում է 1903 Մայիս 10ին, Կարսի Պայղարա կոչւած գիւղից, որին Թորգոմը տալիս է «Վտակ» պայմանական անունը:
«Մանրամասն նկարագրել մեր փառաւոր ճանապարհորդութեան ընթացքում պատահած արկածները.- գրում է Թորգոմը վերոյիշեալ իր նամակում,- ազատ ու ապահով լեռների ձիւնապատ կատարներին մեր անցրած հրճւալից օրերը, տառապանքների ծովում դեգերող հայ ժողովրդի մխիթարութիւնն ու անսահման ոգեւորութիւնը մեզ իրենց յարկի տակ հիւրասիրելիս, խմբի մէջ թագաւորող եղբայրութիւնն ու օրինակելի կարգապահութիւնը-, ես անկարող եմ, անկարող եմ որովհետեւ գրիչս անզօր է եւ ժամանակ էլ չունեմ...»:
Ճամբայ ընկնող խմբի սկզբնական միակ փափագն էր ընդհարում չունենալ սահմանապահ ռուս զօրքի հետ, «իսկ սահմանից դէնը մեզ ինչ էլ որ պատահէր, հաւատացած էին, որ մեր դատի համար նպաստաւոր կը լինէր»:
«Վտակ»ից մինչեւ առաջին իջեւանը, խումբը վեց ժամւայ ճամբայ ունէր կտրելիք, բայց ամբոջ երկու ժամ կորում է սխալ ուղղութիւն բռնած լինելու պատճառով: Լուսաբացին հասնում են Այտարասի ձորը եւ ամբողջ օրը մնում են այնտեղ: Երեկոյեան ժամը ութուկէսին դուրս են գալիս ձորից, բարձրանում են լեռ, որտեղից իջնում են մի ընդարձակ դաշտավայր: Այստեղ խումբը պէտք է անցնէր իրարից շատ քիչ հեռաւորութեան վրայ գտնւող ռուսական երեք պահականոցների մէջտեղից: Այդ միջոցին սկսւում է տեղատարափ անձրեւել եւ խաւարն այնքան է թանձրանում, «որ երեք քայլի վրայ իրար չէինք ճանաչում»: Խումբը թէեւ մի պահ մոլորւում է, սակայն շուտով յաջողում են գտնել ճիշտ ուղղութիւնը եւ անցնել զօրքի «քթի տակից, որ մնացինք զարմացած»:
Նոյն յաջողութեամբ խումբն անցնում է նաեւ թրքական պահականոցների մօտից եւ մտնում է «այն արիւնոտ երկիրը, որի կարօտն այրում էր սրտներս»:
«Եղանակը փոքր ինչ պարզւել էր,- շարունակում է Թորգոմը նոյն նամակում,- երբ մենք այծեամի ճարպիկութեամբ, ձիաների սանձերից բռնած, հետեւակ թռչում էինք լեռների վրայից, ժայռերի ծերպերից, իջնում, բարձրանում էինք լեռնային հեղեղատներից, մինչեւ որ առաւօտեան լուսաբացին հասանք այն սարը, որտեղ պիտի անցկացնէինք ամբողջ ցերեկը: Մտանք մի ձորակ, բեռները ցած դրինք, կեր տւինք ձիաներին եւ պահապաններ ուղարկեցինք դիրքերը: Ամբողջ օրը օտար մարդու երես չտեսանք այդ ձորակում, թէեւ մեզանից կէս վերստ հեռու գտնւող ճանապարհով գիւղացիները՝ քրդեր ու տաճիկներ անընդհատ անցուդարձ էին անում: Երեկոյեան ժամը վեցուկէսին շարժւեցինք տեղներիցս. ամբողջ երկու ժամ բարձրացանք սարը եւ այդտեղից իջնելով Քեչաձոր, շարունակեցինք ճանապարհներս բլուրների վրայից դէպի Բասենի դաշտավայրը: Իջանք դաշտավայրը եւ ձիաներս քշեցինք չոսսէյով դէպի Գոմաձոր: Ծանծաղի մօտ բաւական նեղութիւն կրեցինք հեղեղի պէս թափւող անձրեւի եւ անթափանցելի խաւարի պատճառով. ճանապարհը քիչ տեղ կորցրինք, բայց նորից գտնելով, ձիաները շտապով քշեցինք դէպի Արաքսը: Քշում էինք սոսկալի արագութեամբ, որովհետեւ աղօթարանը բացւելու վրայ էր, եւ մենք վախենում էինք թէ լուսանայ եւ մենք մնանք դաշտում»:
Գոմաձոր հասնելով, խումբը տեղաւորւում է գիւղից դուրս՝ մի մարագի մէջ, ուր մնում է ամբողջ ցերեկը: Երթը վերսկսում է իրիկւայ ժամը 9ին:
«Երեք ժամ ճանապարհ գնալով կանգ առանք մի հայկական գիւղում, որտեղ ժողովուրդը երկու մարագում պատսպարեց մեզ: Այդտեղ տագնապալից ժամեր շատ անցկացրինք: Ամբողջ օրը գիւղի մէջ մարագի դրան յետեւը սաւարիներ (թուրք ձիաւոր) էին վխտում. չգիտէինք հո՞տ էին առել, թէ ուրիշ բան կար: Բայց ամբողջ ցերեկը ոչինչ չպատահեց»:
«Ամբողջ օրը տառապեցինք սպասողական դրութեան մէջ,- պատմում է Սեպուհը,- մեր նպատակը կռիւը չէր, մեր պայքարը Բասենի դաշտում չէր. մենք Սասուն, տղաների մօտ էինք ուզում հասնել»: Սեպուհը տալիս է նաեւ տւեալ գիւղի անունը՝ Եաղան, աւելացնելով նաեւ, որ թուրք ձիաւորների թիւը 30 էր:
«Մենք սպասեցինք այդտեղ մինչեւ կէս գիշեր,- գրում է Թորգոմը,- տեսանք, որ գիւղացիները սարսափից բոլորն էլ փախել էին, որոշեցինք մարագից դուրս գալ եւ, եթէ հանդիպէինք զինւորներին, կռւելով դուրս գանք գիւղից: Դուրս եկանք մարագից եւ րոպէապէս հեծանք ձիաները: Գիւղից դուրս եկանք ազատ ապահով, մինչեւ իսկ գիւղական շները ձայն չհանեցին մեզ վրայ: Լուսաբացին մի կերպ մեզ ձգեցինք Հերթեւ, որտեղ պէտք է անցկացնէինք ամբողջ ցերեկը: Այդտեղ քրդերից երեք հոգի ձերբակալեցինք, որոնք արդէն տեսել էին մեզ եւ կարող էին գնալ հաւար կանչելու: Այդ կալանաւորներից մէկը մոլլա էր: Շատ քնքուշութեամբ վարւեցինք հետները՝ հասկացնելով իրենց, որ մենք քրդերի հետ այնքան գործ չունենք, որքան տաճկական զօրքերի եւ կառավարութեան հետ:
Քիչ ժամանակից յետոյ, ձիաւորները սկսեցին մեր դիմացը գտնւող սարի վրայ յետ ու առաջ խաղալ: Երեւում էր, որ ջերմ ցանկութիւն ունէին մեզ հետ ընդհարւելու, մեր հրացաններին տէր լինելու, բայց չէին վստահում իրենց ուժի վրայ: Վերջապէս, հեռւից մի հրացան պայթեց: Դրա վրայ, մեր տղաները, որ քարերի յետեւում դիրքեր էին գրաւել, միանգամից հինգ հրացան պարպեցին: Մենք էլ, միւս կողմից արձագանգ տալով դոցա սիգնալին (ազդանշանին) մի այնպիսի սարսափ ազդեցինք քրդերի վրայ, որ բոլորն էլ րոպէապէս չքացան: Մի ժամ յետոյ, մենք ազատ ու համարձակ իջանք սարից ու բռնեցինք Բիւրակն տանող ճանապարհը»:
Ճամբորդութեան եօթներորդ օրը խումբն հասնում է Բիւրակն (Խնուս), ուր Թորգոմը գրում է իր առաջին երկար նամակը: Նոյն նամակի մէջ նա խոստանում է երկրորդ նամակը գրել «Բարձրաւանդակից (Սասուն), եթէ ողջ մնացի». եւ աւելացնում է՝ «տղայոց առողջութիւնը շատ լաւ է: Բոլորս էլ բախտաւոր ենք զգում մեզ: Ցանկանում ենք մեր յետնորդներին միեւնոյն բախտը»:
Իր երկրորդ նամակում Թորգոմը խօսում է երկրի ժողովրդի ցուցաբերած ընդունելութեան մասին եւ աւարտում է խմբի արշաւի պատմումը.
«Երկու օր համակրելի հիւրասիրութիւն գտանք Խնուսի երկու գիւղերում: Այդտեղից մի գիշերւայ մէջ հասանք դաշտ: Դաշտի ժողովրդի ոգեւորիչ ընդունելութիւնը մեզ մոռացնել տւեց 8 օրւայ ընթացքում ճանապարհին կրած մեր բոլոր տանջանքները: Ըստ երեւոյթին, այդտեղի խմբական կազմակերպութիւնները շատ լաւ էին: Գիշերը գիւղերի մօտով անցնելիս, մեզ դիմաւորում էին եւ ուղեկցում բազմաթիւ զինւած երիտասարդներ: Գիշերը բարձրացանք լեռը եւ առաւօտեան ժամը 11ին արդէն Սիմալ էինք գտնւում»:
Սասունում, Թորգոմի առաջին քայլն է լինում ուխտի գնալ Աղբիւր Սերոբի գերեզմանին, որի վրայ յիշատակի պատարագ է մատուցւում եւ հայդուկների կողմից տեղի են ունենում զինւորական յարգանքի արարողութիւններ:
Ապա, նորեկ եւ տեղացի ընկերների մի խառն ժողովի ընթացքին կատարւում է պարտականութեանց բաշխում: Ընկերների պնդումով Թորգոմը մտնում է Բարձրաւանդակի Պատասխանատու Մարմնի մէջ եւ ստանձնում է կազմակերպչական, քարոզչական եւ յարաբերական գործերի պատասխանատւութիւնը:
1904ի գարնան, հակառակ իր փափագին, Կայծակ Վաղարշակի (Պաղտասարեան) հետ, Թորգոմը պատգամաւոր է ընտրւում Հ. Յ. Դաշնակցութեան Երրորդ Ընդհանուր Ժողովին: Սասնոյ մեծ ապստամբութեան նախօրէին, ընկերները անյարմար էին նկատել Հրայրի եւ Վահանի Երկրից բացակայութիւնը:
Երկու պատգամաւորները ճամբի ծանր դժւարութիւններից յետոյ, հարուստ տեղեկագրերով եւ տպաւորութիւններով բեռնաւոր՝ հասնում են Կովկաս: Կովկասեան նախապատրաստական ժողովը որոշում է Բարձրաւանդակի երկու ընկերներից մէկին պահել Կարս, Սասնոյ պահանջներին գոհացում տալու համար: Թորգոմը յանձն է առնում այդ պարտականութիւնը եւ ձեռնարկում է աշխատանքի: Երբ ընկերները վերադառնում են Ընդհ. ժողովից, կրկին որոշւում է, որ Թորգոմը մնայ իր պաշտօնի վրայ եւ վերջին խմբի հետ միայն մտնէ Երկիր:
Գ. Վերջին Արարը
1904ի ամառն էր: Ամբողջ հայութեան ուշադրութիւնը կենտրոնացել էր պաշարւած Սասունի վրայ: Կովկասից բազմաթիւ հայդուկային խմբեր, փորձառու խմբապետների առաջնորդութեամբ, իրարու ետեւից «գնում էին դէպի Սասուն օգնելու Անդրանիկին...»: Սահմանի վրայ սակայն, նրանցից շատերը գրեթէ ամբողջ կազմով նահատակւում էին: Քչերը միայն տեղ հասնելու բախտին էին արժանանում:
Թորգոմը չէր ուզում ետ մնալ իր ընկերներից: Յունիսի վերջերում, Օլթիի շրջանի մէջ, նա կազմակերպում է «Որսկան» խումբը, որի մէջ են մտնում մտաւորականներ, ուսանողներ, երկու բժիշկ եւ մի յիսնամեայ քահանայ՝ Տէր Ղազար: Վաթսունմէկ հոգինոց խումբը բաժանւած էր երկու մասի, մէկը Թորգոմի, միւսը՝ Որսորդ Գէորգի հրամանի տակ: Իւրաքանչիւր հայդուկ զինւած էր հրացանով, ատրճանակով եւ ձեռնառումբերով եւ մէջքի պայուսակի մէջ ունէր ճերմակեղէն, վիրակապեր, եւ այլն...
Մեկնումի նախօրէին, երբ Թորգոմի հարազատները, երկրորդ անգամը լինելով ճամբում էին նրան դէպի Երկիր, «Այս ճշմարիտ դաշնակցականը,- գրում է Վ. Նաւասարդեան «Գաղափարների Ոգին» հատորի մէջ,- մխիթարելու համար իր հարազատներին, մեր ներկայութեան ասում էր նրանց.
«Արդար չեն ձեր արցունքները, յեղափոխականը երեք տարուց աւելի իրաւունք չունի ապրելու, մինչ ես այսքան երկար տարիներ ապրեցի, արդար չէ ձեր սուգը, ես ձեզ համար վաղուց մեռած պիտի լինէի...»:
Յունիս 30ի գիշերը, ինչպէս ընդունւած սովորութիւն էր, գիւղական եկեղեցու մէջ պատարագը մատուցանում է Տէր Ղազարը, հաղորդութիւն է տալիս բոլորին եւ օծում է խմբի դրօշակը: Մարտիկները մէկ առ մէկ երդւում են օծեալ դրօշակի վրայ եւ գիւղացիների ջերմ համբոյրներով ու բարեմաղթութիւններով խումբը շարժւում է դէպի թրքական սահմանագլուխը: Ռուսական սահմանը յաջողութեամբ անցնելուց յետոյ, հանգստանալու համար խումբը կանգ է առնում Զարդանիս աւերակ գիւղի մօտ, մի աղբիւրի վերեւ՝ բարձունքի վրայ: Մի պատահական միջադէպի հետեւանքով, չորս ռուս զինւորներ նկատում են իրենց հրամանատարին: Խուսափելու համար ռուսների հետ ընդհարում ունենալուց, հայդուկները խորանում են թրքական հողի վրայ եւ ամրանում բարձր դիրքերում: Ռուսները հետապնդում են նրանց, միաժամանակ լուր հասցնելով թրքական զօրքին: Խումբը մնում է երկու կրակի մէջ: Հայ խմբապետներն արգիլում են իրենց մարտիկներին կրակել ռուսների վրայ, որոնք սակայն, երթալով ուժեղացնում են իրենց յարձակումը, հետզհետէ սեղմելով պաշարման օղակը: Յեղափոխութեան դրօշակը պարզած՝ «Կռւեցէք տղերք» երգելով, հայդուկները կատաղօրէն դիմադրում են թուրքերին:
Նկատելով որ անկարելի է դուրս գալ պաշարման շղթայից, Թորգոմը տասնապետ Անուշաւանին ուղարկում է ռուս հրամանտար Բեկովի մօտ, յայտնելու թէ իրենք ռուսական սահմանից դուրս են գտնւում, ռուսների հետ որեւէ հաշիւ չունեն եւ գնում են իրենց տառապեալ եղբայրներին օգնելու եւ խնդրում է, որ հրամանատարը ետ քաշէ իր զօրքը: Ռուսները անմիջապէս ձերբակալում են հայ տասնապետին: Երկրորդ անգամ Թորգոմը Լեւոն Քալանթարեանին է ուղարկում ռուսներին, խնդրելով, որ վերջ տան կռւին: Բեկովը լսում է եւ պատասխանի փոխարէն՝ հրահանգում է ձերբակալել պատգամաւորին եւ աւելի սաստկացնել յարձակումը: Վերջին անգամ, քահանան, խաչը ձեռքին, փորձում է մօտենալ բողոքելու համար նրանց, բայց ընկնում է կոզակների գնդակների տարափի տակ:
Հակառակ այս անմարդկային վերաբերմունքին, հայ մարտիկները ոչ մի գնդակ չեն արձակում ռուսների կողմը: Ռուսաստանը թշնամի չնկատել եւ չգռգռել նրանց հայոց դէմ: Այսպէս էր այդ օրերի հրամայականը:
Բայց, կացութիւնը տակաւ անհանդուրժելի էր դառնում: Առանց նկատի առնելու իրենց բազմաթիւ կորուստները, թուրքերը յամառ յարձակումներ էին գործում Որսորդի դիրքերի վրայ, միւս կողմից, հակառակ Թորգոմի ճիգերին, ռուսները շարունակում էին յառաջանալ անխնայ հարւածելով:
Երեկոյեան դէմ, ռուս-թրքական միացեալ ուժերը պաշարումը ամբողջացնում են եւ սպառնում են գրաւել հայ մարտիկների բռնած ամրութիւնները: Թորգոմն անձնատւութեան նշան է տալիս եւ դրօշակ պարզած 10-12 ընկերներով առաջանում է դէպի ռուսները, որոնք սակայն, շարունակում են կրակել: Թորգոմն ու իր ընկերները նահատակւում են ռուսական գնդակներով:
Արիւնահեղ կռիւը շարունակւում է Որսորդ Գէորգի ղեկավարութեամբ: Ժամը 7ի մօտերը, երկու բռնապետութիւնների ուժերը միացեալ գրոհով գրաւում են հայկական դիրքերը: Հայդուկների մի մասը յաջողում է փախուստ տալ, մնացածները սպանւում են տեղի վրայ: Ռուսների գնդակներին զոհ է գնում նաեւ քաջարի խմբապետը՝ Որսորդը:
Բեկովը, իր արիւնալի «սխրագործութեան» յիշատակը յաւերժացնելու համար, հաւաքել է տալիս հայ զոհերի բոլոր դիակները եւ զինւորներով շրջապատւած նկարւում է: Ռուս եւ թուրք կառավարութիւնները շնորհաւորում են իրեն:
«Որսկան» խմբի այս հրէշային կոտորածը խորապէս ցնցեց հայութիւնը: Վրդովումը անսահման էր ռուսական իշխանութեան դէմ: Ամեն կողմից հատուցում էր պահանջւում:
Եւ հատուցումը չուշացաւ: Յուլիս 31ի երեկոյեան, Օլթի քաղաքի մէջ, ռուսական զօրանոցի առջեւ, դաշնակցական ահաբեկիչ Համօ Ջանփոլատեանը, որսորդական հրացանով կրակում է ջարդարար գնդապետ Բեկովի վրայ եւ գետին է տապալում նրան, սակայն չգոհանալով, մօտենում եւ ատրճանակի երեք շեշտակի հարւածներով փակում է հաշիւը:
«Տեռօրիստը ազատ է», յայտարարում է Կարսի Կենտրոնական Կոմիտէի թռուցիկը...:
*Ըստ Անդրանիկի յուշերի, Թորգոմի խմբի թիւը եղել է 20, ըստ Սեպուհի՝ 27, ըստ Կոմսի՝ «25ից աւելի փորձւած մարտիկներ», ըստ Ռուբնի՝ «մօտ 30 ձիաւոր»: Թորգոմը որեւէ թիւ չի տւել իր նամակի մէջ: