Նիկոլը ինքը թողել է մեզ հետեւեալ կենսագրական տեղեկութիւնները իր մասին:
«Ծնած եմ 1875 թ. մարտ 24ին, Թիֆլիսում: Ուսել եմ Ներսիսեան դպրոցում, Գէորգեան Ճեմարանում երկու տարի, Մոսկուայի համալսարանում մէկ տարի եւ Լօզանի համալսարանում մէկ տարի:
Զբաղումս եղած է ուսուցչութիւն: Դասատու եմ եղել Կաղզուան, Ագուլիս, Շուշի, Ներսիսեան վարժարան: Տնօրէն եմ եղել Թեհրանի վարժարանին երեք տարի: Տնօրէն Աղեքսանդրիայի վարժարանին հինգ տարի:
Հանրային-պետական պաշտօններում՝ նախագահ Թեհրանի Համայնական Խորհրի, անդամ Ազգային Բիւրոյի եւ Կամաւորական Խմբերի Կարգադրիչ Մարմնի, փոխ-նախագահ Հայ Գրողների Ընկերակցութեան՝ Թիֆլիսում: Անդամ Հայաստանի Պարլամենտի: Հայաստանի Հանրապետւթեա նլուսաւորութեան նախարար, նախագահ Կարսի Մայիսեան ապստամբութիւնը վերաքքնող մասնախմբի, Շարուրի ցանքերի բաշխման եւ օգտագործման վարիչ:
1904 թուից ի վեր գործօն անդամ եմ Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Կարսում (1904-5), Բիւրոյի ներկայացուցիչ Եգիպտոսում 1905 եւ 1907-8ին: Անդամ Շուշուայ կոմիտէի 1908-1909ին: Անդամ Շահստանի Կեդր. Կոմիտէին 1902-12: Կամաւորական շարժման վարիչներից մէկը 1914-17: Կամաւորական պահեստի գնդի պետ 1915-17:
Մասնակցած եմ Հ.Յ.Դ. Շրջանային Ժողովին Ղարաքիլիսէ 1908ին, Ընդհանուր Ժողովին 1913-ին (Կարին), Շրջանային Ժողովին 1917ին (Թիֆլիս), Եգիպտոսի բոլոր Շրջանային Ժողովներին 1923-28:
1905ին, Եաֆայում, բանտարկուել եմ մի քանի ժամ: Հայաստանում բանտարկուել եմ բոլշեւիկների օրով, 1921, Փետր. 9-12:
Աշխատակցել եմ «Մուրֆին» (հին եւ նոր), «Նոր Հոսանքին», «Հայրենիք»ին (ամսագիր), «Յուսաբեր»ին, «Ռազմիկ»ին (Բալկան), «Հանդէս Ամսօրեայ»ին, «Բամավէպ»ին, «Արարատ»ին, «Լումայ»ին, Թիֆլիսի մեր թերթերին, Թեհրանի եւ Թաւրիզի մեր թերթերին (անունները չեմ յիշում):
Խմբագիր եմ եղել «Նոր Հոսանք»ի, «Հորիզոն»ի, «Գործ»ի, «Հայաստանի Աշխատաւոր»ի (իբրեւ անդամ խմբագրութեան), «Ազատամարտ»ի (Թիֆլիս):
Առանձին գրքեր, կարելի է ասել չունեմ: Միայն մի գրքոյկ – «Սոցիալիստ-Յեղափոխականների Ծրագիրը»:
Կոչումս ի՞նչ է – ես էլ չգիտեմ. Ոմանք ասում են՝ քննադատ եմ: Ուրիշների կարծիքով՝ մատենագիր եմ: Ուրիշ բաներ էլ են ասում: Իմ գիտցածովս ես էլ, շատերի պէս, ամէն բան եմ եւ ոչինչ եմ: Այս է հայ մտաւորականի ճակատագիրը: Գլխի՞ ես»:
Աւելացնենք նաեւ, որ այս տողերը գրելուց յետոյ, Աղբալեանը, Լ. Շանթի հետ, հիմնեց Բէյրութի Հայ Ճեմարանը, ու մինչեւ մահ դասաւանդեց այնտեղ, հրատարակեց «Բանասէրի յուշագիրը» պրակները, գրեց «Մտածումներ Հ. Յ. Դաշնակցութեան մասին» գիրքը, «Հայ Գրական պատմութիւնը» հատորը, գործօն կերպով մասնակցեց Սիւրիա-Լիբանան Դաշնակցութեան կեանքին, շարունակեց աշխատութիւնը հայ մամուլին, հրապարակային դասախօսութիւններ տուեց, որոնք անջնջելի կը մնան Բէյրութի հասարկութեան յիշողութեան մէջ:
Մեռաւ 1947 Օգոստոս 17ին:
Այս հաճիրկ ու համեստ փաստական տուեալները, սակայն չեն պատկերացնում լրիւ կերպով Աղբալեանի բազմակողմանի եւ մեծարժէք կեանքն ու գործը: Արտասովոր կարողութիւններով օժտուած եւ մտքի արտասովոր պաշարով զինուած մարդ էր նա՝ բազմատաղանդ ու բազմահմուտ, հետազոտող եւ երեւոյթների խորերը թափանցող, հայոց դպրութեան մէջ մրցորդ չունէր նա. հայկական մատենագդրութիւնը գիտէր, ինչպէս իր հինգ մատները: Իբրեւ քննադատ, եզակի երեւոյթ էր հայ կեանքում, գրականութեան եւ արուեստի ըմբռնումը բնազդական էր նրա մէջ՝ կատարելագործուած գիտութեամբ եւ յամառ ինքնազարգացումով: Տաղանդներ յայտնագործող ու դաստիարակող էր: Հիանալի ուսուցիչ էր եւ դասախօս – սերունդներ կերտող: Անձնուէր հասարակական գործիչ էր եւ հաւատաւոր Դաշնակցական: Աննման, մարդոց սրտերը հմայող եւ միտքը ճոխացնող բեմասաց: Նարեկացիի խմորից խորախորհուրդ երազող էր եւ միաժամանակ յաշխարհէ, որին ոչինչ օտար էր մարդկային ապրումներից: Իբրեւ մարդ-անհատ՝ համեստ էր, սակաւաղէտ, ընկերական, կենսուրախ, լաւատես...
Բազմահանճար հայ մտաւորական էր Աղբալեանը՝ կեանքի բոլոր ասպարէզների համար պահանջուած կարողութիւններով ու հմտութեամբ օժտուած եւ, սակայնտ, տեսէք, թէ ինչպէ՞ս է գնահատում նա իրեն. «Կոչումս ի՞նչ է – ես էլ չգիտեմ... Ամէն բան եմ եւ ոչինչ եմ»: Եւ, իրոք, նա «ամէն բան» եղաւ՝ ուսուցիչ, քննադատ, խմբագիր, Դաշնակցական գործիչ, կամաւորական խմբերի վարիչ, հայագիտութիւն ուսումնասիրող, հրապարակախօս, Հայաստանի Խորհրդարանի անդամ, նախարար, նոյնիսկ... «Շարուրի ցանքերի բաշխման եւ օգտագործման վարիչ»: Ամէն գործի փարեց ոգեւորութեամբ ու նուիրումով, բայց երբէք յարատեւ չմնաց միեւնոյն գործի վրայ, չմնասագիտացաւ եւ չտուեց այն՝ ինչ որ կարող էր եւ պէտք է տար իր մտքի եւ սրտի անսահման հարստութիւնից:
Քիչ են Աղբալեանի չափ լայն հետաքրքրութիւն ունեցող եւ շատ կարդացած մարդիկ: Հին ու նոր հայ մատենագրութիւնն իւրացրել էր սպառիչ կերպով: Քաջածանօթ էր եւ եւրոպական գրականութեան: Անվերջ կարդում էր ուշադիր մտքով. սպունգի պէս ծծում էր գիտութեան եւ գրականութեան հիւթերը՝ այդ ամէնը, սակայն, մեծ մասամբ պահելով իր մէջ եւ փշրանքներ միայն բաժին հանելով ուրիշներին: Բայց այդ փշրանքներն էլ, եթէ հաւաքուին եւ ամփոփուին հատորների մէջ, թանկագին զարդ կը կազմեն Հայ Մշակոյթի շտեմարանում: Մասնաւորապէս, նրա գրական-քննադատական վերլուծումներն ու դիմագծերը: Ո՞վ կարող է մոռանալ, օրինակ, Աղբալեանի խօսած դամբանականը Արամի դագաղի վրայ, կամ նրա ճառը Հայստանի Խորհրդարանի ամբիոնից՝ բոլշեւիկների մայիսեան ապստամբութեան առթիւ, նրա ցասումի հրեղէն խօսքերը հիւսիսից հեղեղող բոլշեւիկութեան հասցէին.-
«Մարդկային կերպարանքը կորցրած խելագար մի ամբոխ, կանանց վարտիքները դրօշակ դարձրած, գալիս է մարելու դարերի մոխիրներից ոտքի կանգնած ազատ Հայաստանի լոյսը»:
Եւ հասկանալի է, որ հայ բոլշեւիկները երբեք չներեցին նրան. Չարենցը միայն, վերջին պահուն մեղայի եկաւ իր մեծ ուսուցչի առջեւ:
Աղբալեանը մեռաւ տարագրութեան մէջ՝ մտքով ու հոգիով ապրելով միշտ Հայաստանում եւ Հայաստանի Համար: