Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին
Իր մարտական գործունէութեամբ Ջումշուդը պատկանում է Հ. Յ. Դաշնակցութեան անձնւէր մարտիկների այն փաղանգին, որ գործել է Անդրկովկասում, Պարսկաստանում և Տաճկաստանում*: Նրան մենք ճանաչում ենք 1902 թ. երբ կուսակցութեան որոշումով Կողբի աղահանքում պատուհասելով մի դաւաճանի՝ ենթարկւել էր Ռուսաստանի ցարական ոստիկանութեան, և ժանդարմերիայի հետապնդման: 1902 թ. գարնանն էր, երբ Ջումշուդը ապաստանել էր Բագու և գտնւում էր Հ. Յ. Դաշնակցութեան Ոսկանապատի Կենտր. Կոմիտէի պաշտպանութեան ներքոյ: Կ. Կոմիտէի որոշումով նա տեղափոխւեց բանւորական շրջանը՝ Բալախանի, և տեղաւորւեց Ա. Մանթաշևի Սաբունչու շրջանի թիւ 50րդ նաւթահանքում, ուր մնաց մի առժամանակ, մինչև որ թուլացաւ նրան հալածող ոստիկանական հետապնդումը: Նա թագստոցում չկարողացաւ երկար մնալ. չնայած, որ ոչինչի պէտք չէր զգում, բայց Կ. Կ.-էի հաւանութեամբ և աջակցութեամբ անցաւ Ռուսաստան:
Մեր հայրենիքի քաղաքական ճակատագրի դառն հարւածի հետևանքով, մենք տարագրւել ու ապրում էինք Թաւրիզում: Ո՞վ զարմանք, մէկ օր էլ մենք հանդիպում ենք Իրանի բանակի սպայ Ջումշուդ խանին, պետական պատասխանատու մի յանձնառութեամբ:
Նա որպէս ռուսագէտ, Թեհրանի զինւորական իշխնաութեան կողմից նշանակւել էր յարաբերութիւններ և կապ պահելու՝ ռուսական զօրահրամանատարութեան սպայակոյտի հետ, որնք Իրանի Ատրպատականը գրաւելով 1941 թ., տէր ու տնօրէն էր դառել այդ երկրամասի: Ջումշուդը Սովետական Ռուսաստանի բազմաթիւ և բազմապիսի զօրաբանակների ստորեայ հարցումներին ու պահանջներին պիտի բաւարար ընթացք տար Իրանի զինւորական իշխանութեան կողմից: Այս, չափազանց ծանր ու ջղայնացուցիչ գործունէութեան հետևանքով: Ջումշուդը ծանր հիւանդացու և գտնւում էր անյոյս վիճակում: Սակայն, իրանեան զինւորական բժիշկների հոգածու և լուրջ վերաբերմունքի շնորհիւ Ջումշուդն առոջղացաւ, զարմանք պատճառելով բոլորիս:
1945 թ. մեծ դժւարութիւններով, Ջումշուդը կարողացաւ Թաւրիզից հեռանալ: Ճանապարհին, Ջանջանում, ենթարկւում է խիստ արգելքների, բայց մի կերպ յաջողում է գալ Թեհրան և իր գործունէութեան մասին զեկուցել զինւորական գլխաւոր սպայակոյտին:
Հետագային, երբ հարց էինք տալիս Ջումշուդին, թէ ինչո՞ւ էր որ ու ձեռք ընկել Թեհրան գնալու համար, նա պատասխանում է, որ դրութիւնը կարող էր աւելի վատթարանալ: Ատրպատականի «դեմոկրատական» զինւորական իշխանութիւնը ճնշում է բանեցրել Ջումշուդի վրայ, նրան իբր կոյր գործիք ծառայեցնելու համար: Կենտրոնական իշխանութեան դէմ ապստամբւած Ատրպատականի խրտւիլակ կառավարութիւնը նրան առաջարկել էր զօրահրամանատարի պաշտօն՝ ընդդէմ Թեհրանի: Ջումշուդը պատասխանել էր, որ ինքը պատասխանատու է Թեհրանի կառավարութեան առաջ՝ իր գործունէութեան համար, պիտի գնայ Թեհրան զեկուցելու, և վերջապէս ինքը երդւել է հաւատարիմ մնալ Իրանի դրօշակին, չի կարող երդմնադրուժ լինել, դա հաւասարազօր է իր մահւան: Քանի գտնւում է զինւորական պաշտօնում, չի կարող անպատասխանատու քայլեր առնել, և այլն:
Ջումշուդը գալով Թեհրան, իր կնոջ՝ տիկ. Լուսիկին յանձնում է երջանկայիշատական Ն. Մելիք-Թանգեան Սրբազանի պաշտպանութեան, մինչեւ որ յաջողում է մեկնել Թեհրան:
Թեհրանում իր գործերը վերջացնելուց յետոյ Ջումշուդը հրաժարւում է ծառայութիւնից, գտնելով, որ արդէն ծերացել է և այն զինւորական աստիճանը (կապիտանի) որ ինքն ունի, չի համապատասխանում իր տարիքին: Նրան նշանակում է հանգստեան կենսաթոշակ, որով և ապրում էր իր տիկնոջ հետ:
Բայց նա չէր սիրում անգործ նստել, ուստի որոշում է գիւղատնտեսութեամբ պարապել: Այդ նպատակով նա ընտրում է Գորգանի շրջանի Ղորուզ գիւղը, ուր և Օգոստոս 20-ին կնքում է իր մահկանացուն, թողնելով մեն-մենակ իր տիկնոջը:
Յարգա՜նք բազմաչարչար մարտիկ ընկերոջ անմոռաց յիշատակին:
*Այս գործունէութեան ամբողջական պատմութիւնը հնարաւոր է միայն դրւագներով լրացնել: Այլապէս կը մատնւի կորստեան: Ա. Ա.