Ջումշուդ Ղարիբի իսկական անունն է Մարտին Տէր Գալսեան: Ծնած էր 1882 թ. Թիֆլիզի Հաւլաբար թաղում: Տարրական կրթութիւնն ստացել էր թաղային դպրոցում, յետոյ անցել էր Ներսիսեան դպրոց:
1890-ական թուականներին Թիֆլիզում, Ջումշուդի ծննդավայրում, հիմնուել էր Հ. Յ. Դաշնակցութիւնը. ոգեւորութեան եւ խնդավառութեան շրջան էր. բոլորը երազում էին գնալ ազատել թիւրքահայ եղբայրներին:
Ներսիսեան դպրոցում եւս աշակերտական խմբեր էին կազմակերպուած. Ջումշուդը մասնակցում էր, լսում դասախօսութիւններ, հետեւում Թրքահայաստանի դէպքերին եւ թշուառութիւններին, ուստի եւ հազիւ 16 տարեկան՝ թողնում է միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանը եւ որոշում անցնել Թիւրքահայաստան:
Հայրը զինուորական շէքների կառուցման կապալառու էր, մի կարճ միջոց հօր մօտ մնալուց եւ մի փոքրիկ գումար տնտեսելուց յետոյ, գնում է մի ատրճանակ եւ դաշոյն, մեկնում է Երեւան, ներկայանում Դաշնակցութեան Կ. Կոմիտէին, խնդրելով իրեն ուղարկեն Տաճկահայաստան: Առարկում են, որ տարիքը փոքր է. խորհուրդ են տալիս գնալ Կարս, որը հնոց էր յեղափոխական գործի եւ դաստիարակութեան:
Կարսում եւս կազմակերպութիւնը նրան համարում է անչափահաս եւ թոյլ չի տալիս երկիր անցնել: Սակայն Կարսում Ջումշուդն առիթ է ունենում ամենօրեայ շփում ունենալ Դաշնակցական գործիչների եւ մարտական ուժերի հետ: Այդ օրերին կար «Շպիոն Մուկուչ» անունով մէկը, որ ցարական «օխրանայ»ի լրտեսն էր եւ շատերին մատնել էր: Կուսակցութիւնը որոշել էր նրան ահաբեկել՝ պատեհ առիթով:
Ջումշուդը նրան պատահում է մի հիւրանոցի սրահում՝ նուագածուներով «քէֆ անելիս»... Պատանի յեղափոխականը մտածում է՝ «Սա ոչ միայն իրաւունք չունի զուարճանալու, այլեւ՝ ապրելու». ուստի եւ առանց երկար-բարակ մտածելու, տեղնուտեղը խփում է Մուկուչին եւ դաշոյնը նետում դիակի վրայ: Նուագածուները սարսափահար փախչում են, վրայ է հասնում ոստիկանութիւնը եւ ահաբեկիչին ձերբակալում: Ջումշուդին բանտարկում են Կարսի բերդում եւ ապա դատում: Դրսից օգնում էր կազմակերպութիւնը, որ յատուկ պաշտպան փաստաբան էր վարձել: Դատարանը, իբրեւ անչափահասի, որոշում է մէկ տարի բանտարկութիւն:
Բանտից ազատուելով՝ անցնում է Ալէքսանդրապոլ, ապա՝ Թիֆլիզ:
Արդէն համարւում էր մարտական ուժ: Թիֆլիզի մարմինը նրան լծում է զէնքի գաղտնի փոխադրութեան գործին, ապա երբ սկսւում է ահաբեկումների շարքը, Ջումշուդը դառնում է կուսակցութեան խիզախ ահաբեկիչներից, մանաւանդ Հայ-Թաթարական կռիւներից յետոյ, երբ Դաշնակցութիւնը սկսում է մէկ առ մէկ պատժել թէ մատնութիւն կատարած հայ ունեւորներին եւ թէ ցարական պաշտօնեաներին: Ջումշուդ ահաբեկումներ է կատարում՝ Թիֆլիզում (Դաւիսբուկին), Բագւում (Ադարսնովին), Ղարաքիլիսէում (Ղասաբ Ասատուրին եւ մի թուրք ժանտարմի), Ալէքսադրապոլում (ժանտարմական տեսուչ Ապէլին) եւ Կողբում՝ աղահանքի տէր Զաքար աղա Ջանփուլադովին, որին ահաբեկելու համար քանի հոգի գնացել եւ չէին յաջողել:
Ջումշուդը «Փոթորիկ»ի տրամադրութեան տակ էր. սերտօրէն կապուած Սարգիս Մինասեանի (Մեղաւորեան), Մարգար Ժամհարեանի (Մռաւ), Համօ Օհանջանեանի (Մհեր), Աբրահամ Գիւլխանդանեանի, Դումանի, Պապաշի եւ մանաւանդ Ռոստոմի հետ, ամէն րոպէ պատրաստ՝ նրանց հրահանգները կատարելու:
Բագուն յատուկ կենտրոնն էր յեղափոխական գործունէութեան: Այդտեղ էր ահաբեկիչների կենտրոնը. այնտեղ յաճախ իրար հետ էին եւ վտանգաւոր գործի վրայ՝ Դաշնակցական Խեչօն, Մարտիրոս Չարուխչեանը, Դրօն, Մկրտիչ Աղամալեանը (Սարհատ) եւ Ջումշուդը: Սա Դաշնակցական ահաբեկիչների կորիզն էր, յեղափոխական Նեմեզիդայի ահեղ գործիքը:
1904 թուին, ցարական հետապնդումներից զերծ մնալու համար, կուսակցութիւնը Ջումշուդին ուղարկում է Պարսկաստան: Գալիս է Ռեշտ, ուր գտնւում էին Եփրեմն ու Յովսէփ Մովսիսեանը (Կուկունեանի արշաւախմբից): Ռեշտում հիմնում են առաջին մարտական խմբերը, որոնց մարզիչն էր Ջումշուդը:
Ռեշտում դարձեալ վտանգուելով՝ ծպտուած անցնում է Թարիզ: Խօլերայի պատճառով բոլոր գործիչները գնում են Մուժամբար, Թաւրիզի մօտ, տոքթ. Յ. Ստեփանեան, Բալաջան, Վահան Զաքարեան եւն.: Նրանց մէջ էին նաեւ տոքթ. Զաւրիեւը եւ Ջումշուդը:
Թաւրիզից մեկնում է Սալմաստ, մի կարճ միջոց լինում է Սամսոնի հետ, յետոյ դարձեալ Կովկաս, միշտ զէնքի գործով:
Սկսւում է պարսկական յեղափոխութիւնը: 1907 թուի Սեպտեմբերին Մարտիրոս Չարուխչեանի հետ Ջումշուդն անցնում է Արաքսը, Թադէոս Առաքեալի վանքում կենդրոնանում են Քեռու մարտիկները եւ մեկնում Թաւրիզ, յեղափոխական կռիւներին մասնակցելու: Նոյեմբեր ամսին յարձակում է կրում Մուժումբարը, ուր ուղարկուած էին ութ հայդուկներ՝ գիւղը պաշտպանելու: Գիւղը պաշարւում է հակայեղափոխական ձիաւորների կողմից եւ օրհասական կռիւ է մղւում. բօթը հասնում է քաղաք: Քեռին, Ռոստոմը եւ միւս մարտիկները հապճեպ մեկնում են Մուժումբարն ազատելու: Ջումշուդն արդէն ծանօթ էր տեղին եւ խաւար գիշերով կապ է ստեղծում եկեղեցում փակուածների հետ, Մարտիրոս Չարուխչեանին կանչելով: Գիւղն ազատւում է կոտորածից եւ ապրում յուզումնալից պահեր, թողելով նահատակներին:
Թաւրիզում մասնակցում է Քեռու խմբի բոլոր կռիւներին: 1909 թուի Ապրիլի վերջին ռուս ցարական բանակը՝ զօր. Անտրոսկու հրամանատարութեամբ, մուտք է գործում Թաւրիզ: Մայիս 1-ին մինչ ռուս զօրքը մի կողմից մտնում էր Թաւրիզ, միւս կողմից հայ ֆեդայիները Քեռու եւ Ռոստոմի ղեկավարութեամբ դուրս են գալիս եւ մեկնում Սալմաստ: Մի կարճ միջոց այդտեղ մնալուց յետոյ Ջումշուդը Ռոստոմի հետ անցնում է Վան: Ապա Մուշ-Կարին եւ յետոյ Տրապիզոն: Այստեղ զբաղւում է առեւտրով, նաեւ զինում տեղի մեր կազմակերպութիւնը: Բաւական հարստութիւն է դիզում եւ մեկնում Պոլիս, անխնայ ծախսում ընկերների եւ ծանօթների համար: Այդտեղ է որ մտերմանում է բանաստեղծ Աւետիք Իսահակեանի հետ, որն առաջին անգամ Ջումշուդի մօտ կարդում է «Աբու Լալա Մահարի» պօէմայի ձեռագիրը:
Պոլսից մեկնում է Զուիցերիա, ապա Ֆրանսա եւ Բելգիա: Դրամը սպառւում է, սկսում է բանուորութիւն անել:
1914 թուին ծագում է համաշխարհային պատերազմը. մեկնում է Կովկաս եւ կամաւոր գրւում Քեռու խմբում, դառնալով վաշտապետ: Մասնակցում է բոլոր կռիւներին:
1917ին դարձեալ անցնում է Պարսկաստան, զբաղւում է զինուորական կապալներով: Իր ծախսով կառուցում է Ղազուինի Հայոց դպրոցին կից՝ գրադարանի շէնքը:
1918ին Թիֆլիզ է. զբաղւում է առեւտրով՝ եւ դառնում է միլիոնատէր: Խոշոր գումար է նւիրում «Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերութեան» գրադարանին եւ դառնում նրա շտական պատուոյ անդամը, յատուկ վկայականով:
1919ին խորհում է մի նաւ գնել եւ նետել Սեւանայ լճի վրայ, իբրեւ նուէր Հայաստանի հանրապետութեան, բայց քաղաքական վերահասու դէպքերը խանգարում են: Բոլշեւիկները շարժւում են դէպի Ազրբէյջան եւ Վրաստան. Ջումշուդն անցնում է Հիւսիսային Կովկաս, ուր քաղաքացիական կռիւներ կը մղուէին: Ձերբակալւում է մեծամասնականների կողմից եւ վերահաս մահից ազատւում է պատահմամբ, իր երբեմնի մի երախտաւոր զինուորի ձեռքով եւ ապա մեծ վտանգներից անցնելով՝ գալիս է Պարսկաստան, Փեհլեւի:
Այստեղ է որ մտնում է Պարսից պետական բանակի մէջ, սպայի աստիճանով: Այնուհետեւ մօտ 30 տարի հաւատարիմ ծառայում է Պարսից պետութեան՝ մերթ Շիրազ, Քերման, Թաւրիզ, Խոյ, Բէլասուար (Մուզան), Թեհրան եւ այլուր: Մասնակցում է մի շարք կռիւների որոնք նպատակ ունէին կենտրոնախոյս ուժերին զսպելու:
1938-ին բանատրկւում է՝ Շիրազում կատարուած մի խորհրդաւոր սպանութեան առթիւ: Մահավճիռ պիտի ստանար երբ պատահմամբ բացւում է գաղտնիքը իր սպասարկու զինուորի ձեռքով. Ջումշուդը ազատւում է բանտից: Իբրեւ երախտագիտութիւն՝ իր զինուորի որդու ապրուստի եւ կրթութեան ծախսը յանձն է առնում:
Վերջին երկու տարիները հանգստեան էր կոչուել եւ Գորգան-Ղորուղ գիւղում տնտեսութիւն էր ստեղծել արտակարգ ժրաջանութեամբ, հակառակ իր առաջացած տարիքին: Տառապում էր արեան ճնշումից եւ ահա իւր մահկանացուն է կնքում Օգոստոս 20ին, յանկարծամահ լինելով:
Ջումշուդը Դաշնակցութեան մարտական երկրորդ սերնդի ամենէն անձնուէր եւ խիզախ ներկայացուցիչներից էր, փորթոկոտ կեանքով, ժամանակին մեծ հմայք ունէր երիտասարդութան մէջ եւ երբեք իր արիւնը չխնայեց հայ եւ պարսիկ եղբայրակից ժողովուրդների ազատագրութեան մարտերում:
Ա. Ամուրեան
«Հայրենիք», Պոսթոն
54-րդ Տարի, Թիւ
12-328
Կիրակի, Նոյեմբեր
2, 1952