02 September, 2022

Հայ Ժողովուրդ

Այսօր՝ ներկայ թւի սեպտեմբերի 2ին լրանում է մի ամբողջ տարի այն օրից, երբ Բաքւում մի խումբ արհեստաւորներ ու բանւորներ զէնքը ձեռին կռիւ էին մղում ռուս կանոնաւոր զօրքի ու կոզաքների դէմ հայոց ազգային եկեղեցական իրաւունքները պաշտպանելու համար:

Անցեալ թւականի յուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում հայերը ամէն տեղ Կովկասում կէս-ապստամբական դրութեան մէջ էին...

Համարեա բոլոր հայաբնակ քաղաքներում և գիւղերում տեղի ունեցան նմանօրինակ կռիւներ ու ցոյցեր աւելի կամ պակաս զոհերով, իսկ այդ կռիւներին ու ցոյցերին հետևեցին բազմաթիւ աքսորներ, որոնց հոսանքը շարունակւում է մինչև այսօր...

Մի բան ցնցեց անխտիր բոլոր հայերին, կենսական բարիքներից բթացած հարուստից ու մեծատունից սկսած մինչև կէս-սոված շինականն ու բանւորը, և բորբոքեց բոլորի սիրտը...

Բայց ի՛նչն էր այն «Սրբութիւն սրբոցը», որի առաջ անպայման խոնարհեցին բոլոր հայերը և որի պաշտպանութեան համար ոտքի կանգնեցին բոլորը:

Այդ «Սրբութիւն սրբոցը» հայոց ցեղական բնազդն էր և ազգայնութեան գաղափարը, որը բոլոր հայերին կապեց և իմի ձուլեց, մոռացնել տւեց նրանց մի տեսակ ախտ դարձած խոհեմութիւնը և հանեց նրան իրանց սովորական կրաւորական դրութիւնից:

Աշխարհիս բոլոր անկիւններում սփռւած հայերը միաժամանակ զգացին, որ մի չարամիտ ու նենգամիտ հարւածով ուզում են կործանել հայ ազգի դարևոր ու նւիրական սրբութիւնը, զրկել հայ ազգի ներկայիս միակ յենարանից նրան հեշտութեամբ բնաջինջ անելու համար:

Հայ ցեղի, հայ ազգի գոյութիւնը վտանգի մէջ էր և է: Ռուս կառավարութիւնը յայտնել է հայերին ցեղական կռիւ...

Եւ այդ կռիւը կը տևի այնքան, որքան ռուս բարբարոս ու անբարոյական կառավարութեան զզւելի քաղաքականութիւնը՝ սպանել, ջնջել աշխարհիս երեսից հպատակ ազգերը...

Այսօր մենք կատարում ենք ազգային սուրբ կռւի առաջին տարեդարձը, խորին երկիւղածութեամբ յիշելով այն մարդկանց յիշատակը, որոնք սրանից մի տարի առաջ իրանց արիւնով դրօշմեցին մեր սրտին իրանց վերջին աւանդը՝ ապրել և մեռնել իբրև հայ...

Պահենք սրբութեամբ այդ աւանդը: Միշտ պատրաստ լինենք կռւելու մեր ազգային ինքնուրոյնութիւնը, մեր լեզուն, մեր կրօնը, մեր ուրոյն հոգին ու սովորութիւնները անկորուստ և անաղարտ պահելու համար, ապրենք և մեռնենք իբրև հայ...

Թող անցեալ տարւայ բազմաթիւ զոհերի և բանտերում ու աքսորում տառապածների ու տառապողների յիշատակը լցնի մեր սիրտը զայրոյթով, կատաղութեամբ և խորին զզւանքով դէպի այն կառավարութիւնը, որ այնքան քաջ է իր հաւատարիմ հպատակները հալածելում, ճնշելում, աքսորելում ու սպանելում մարդկային ամենավեհ զգացումների և գաղափարների համար...

Ձեռք տանք միմիանց, հայե՛ր, յանուն մեր երկուհազարմեայ պատմութեան, յանուն մեր հազարհինգ հարիւրամեայ ազգային սուրբ եկեղեցու, կազմակերպւե՛նք ներքուստ. լինենք մի սիրտ, մի հոգի մեր ազգային ինքնուրոյնութիւնը պահելու համար մղած կռւում. դնենք մեր յոյսը միայն մեզ վրայ և միանգամ ընդմիշտ վճռենք՝ հայ ապրել և հայ մեռնել...

Հաւատանք, որ չկայ մի այնպիսի կոպիտ ու բիրտ ուժ, որ կարողանայ խախտել ու ոչնչացնել հայ ազգի ներքին կապը և նրա ազգային գաղափարն ու զգացումը...

Չմոռանանք, որ աշխարհիս մէջ ամէն չարիք հէնց իր մէջն է պարունակում իր քայքայման սաղմը, և ռուսաց կառավարութիւնը, իբրև մի մեծ համաշխարհային չարիք, նոյնպէս իր քայքայման սաղմը պարունակում է իր մէջ...

Յուսանք, որ կըգայ ժամանակ, երբ Հայաստանի արիւնով ու արտասուքով ոռոգւած դաշտերի ու լեռների վրայ կսկսի մի նոր կեանք՝ հայ ազգի և նրա հարևան ազգերի ազատ ու ինքնուրոյն կեանքը...

Եւ այն ժամանակ երախտապարտ հայ ազգը կը տօնի իր ազգային նահատակների յիշատակը անխառն ուրախութեամբ և առանց այն սուգի զգացմունքի, որով մենք այսօր տօնում ենք անցեալ տարւայ նահատակների յիշատակը...

Հ. Յ. Դ. Կովկ. Ինքնապաշտպ. Կ. Կօմիտէ
Սեպտեմբեր 2, 1904

«Հայրենիք», Պոսթոն
Զ. Տարի, Թիւ 277
Շաբաթ, Հոկտեմբեր 29, 1904