Մայր բնութիւնից եւ բախտից պարգեւատրուած բացառիկ անհատներից էր Անդրանիկը եւ բացառիկ վիճակի արժանացաւ նա հայոց պատմութեան մէջ: Եթէ ժողովրդական կամ ազգային հերոս բառը որոշ իմաստ ունի, Անդրանիկը եղաւ բառիս ամենալայն մտքով հերոս, որի ճակատը դափնէ պսակով զարդարեցին «Հայոց Կուսանք» եւ հայ աշուղները փառքի երգեր ձօնեցին նրան:
Ինչպէս մեր բոլոր հերոսները, Ադրանիկն էլ համեստ ծագում ունէր. ծնուած էր 1866 թ., Շապին Գարահիսարցի ատաղձագործի մը ընտանիքում: Տարրական ուսում առնելով՝ ինքն էլ հետեւեց ատաղձագործութեան արհեստին: 17 տարեկան հասակին ամուսնացաւ եւ հազիւ մի տարի անցած այրիացաւ: Այնուհետեւ պսակուեց հայրենիքի հետ:
Պատանի հասակից սկսած Անդրանիկը աչքի էր ընկնում ուշիմ եւ ըմբոստ բնաւորութեամբ: Խաղընկերների հետ միշտ առաջնորդողի դերում էր. մեծ տենչ ունէր նախաձեռնելու, իշխելու եւ հրամայելու:
Իննսնական թուականների սկիզբը արդէն Անդրանիկը յեղափոխական խմբակի մէջ էր՝ Վռամշապուհ քահանայի (հետագային եպիսկոպոս Փարիզում) գլխաւորութեամբ: Մատնութեան հետեւանքով, սակայն, ձերբակալւում է եւ բանտից ազատուելով՝ մեկնում է Պոլիս, ուր շարունակում է իր ատաղձագործական արհեստը: Պապը Ալիի ցոյցից յետոյ, անցնում է Կովկաս՝ Երկիր մեկնող հայդուկային խմբերին միանալու նպատակով: 1897 թ. Յուլիսին, Վազգէնի խմբի հետ, Սալմաստից մտնում է Վան, այնտեղից՝ Ախլաթ ու Տարօն, ուր մի քանի տարի, իբրեւ պարզ զինուոր, գործում է Սերոբ Աղբիւրի եւ Գուրգէնի խմբերում՝ մասնակցելով բազմաթիւ կռիւների, մասնաւորապէս, Առաքելոց վանքի պատմական կռուին: Ի միջի այլոց, Անդրանիկի եւ մի քանի հայդուկների գործն էր Աղբիւր Սերոբի սպանիչ Պաշարա Խալիլի ահաբեկումը:
Անդրանիկի անունը, սակայն, առանձնապէս լայն հռչակ ստացաւ 1904ին, երբ նա իր զինակիցների կողմից ընտրուեց Սասունի ազատամարտի ղեկավար: Իր հետ էին անուանի հայդուկներ՝ Սեբաստացի Մուրատը, Գէորգ Չաւուշը, Սեպուհը, Կայծակ Առաքելը, Սէյտօ Պօղոսը, Կիւշիմխանեցի Աւօն եւ այլ կտրիճ մարտիկներ, ինչպէս նաեւ Դաշնակցութեան ներկայացուցիչ Վահանը, Հրայր Դժոխքը եւ ուրիշներ: Անդրանիկը արժանացաւ ընդհանուր խմբապետութեան մեծ պատուին, իր մարտական եւ կազմակերպական շնորհքների պատճառով: Նա զինուորական էր ծնած եւ հայդուկային-խմբական կռիւները նրա բնական տարերքն էին կազմում: Անվախ, յանդուգն, նախաձեռնող, ուժեղ կամքի եւ երկաթէ բազուկի տէր, պաղարիւն եւ տեսանող ու պայմաններին արագ յարմարուող եւ անհնարին կացութեան մէջ իսկ շուտով ելք գտնող՝ Անդրանիկը ստեղծուած էր պատերազմի եւ հրամանատարութեան համար: Իր վագրանման արտաքինն էլ նպաստում էր այդ դերին: Դաժան ու երկաթէ կարգապահութիւն պահանջող կռիւներում եւ ընկերական՝ խաղաղութեան օրերին:
Սասունի ազատամարտը ճնշուեց. շատ մարտիկներ, որոնք շտապեցին «օգնելու Անդրանիկին», նահատակուեցան: Եւ եթէ Սասունի կռուող ուժերն էլ չոչնչացան, Անդրանիկի արտակարգ հնարամատութեան պէտք է վերագրել նրանց ազատութիւնը: Ճեղքելով թշնամու շղթան, Անդրանիկը եւ ընկերները անցան դէպի Ախլաթ, նաւ նստան եւ ապաստանեցան Աղթամար կղզին, որտեղ կռիւ ունեցան թուրք զինուորների հետ եւ, խաբելով թշնամուն, նաւով հասան Վան ու այնտեղից՝ Պարսկաստան ու Կովկաս:
Սասունի հերոսական կռիւները արտասովոր հմայք առաջ բերին ժողովրդի մէջ Անդրանիկի անուան շուրջ: Նա դարձաւ մի տեսակ խորհրդանիշ՝ յեղափոխական մարտիկների բոլոր առաքինութիւնների ու քաջագործութիւնների: «Անդրանիկը քաջ» Դաշնակցական հայդուկի տիպար էր ժողովրդի աչքին: Նրա արեւով երդւում էին. նրան անունն էին տալիս նոր ծնուած մանչերին:
Կովկասից Անդրանիկը անցաւ արտասահման, ապրելով մերթ Ժընեւում, մերթ Եգիպտոսում, մերթ Բուլգարիայում՝ մասնակցելով Դաշնակցութեան կարեւոր ժողովներին ու ձեռնարկներին: Ժընեւում նա թելադրեց իր յուշերը, որոնք յետոյ լոյս տեսան «Հայրենիք» ամսագրում: Ֆիլիպէում, Ռ. Զարդարեանի աջակցութեամբ, կազմեց «Մարտական Հրահանգները», որոնք հրատարկուեցին «Դրօշակ» մատենաշարում: 1907ին մասնակցեց Հ. Յ. Դ. Չորրորդ Ընդհ. Ժողովին, Վիտեննայում, Վարդանի, Նիկոլ Դումանի, Մուրատի, Սեպուհի, Սառոյի եւ ուրիշ խմբապետների հետ միասին:
Օսմանեան Սահմանադրութիւնը չոգեւորեց Անդրանիկին, նա չէր հաւատում թուրքերի անկեղծութեան, ոչ էլ նրանց բարենորոգուելու ընդունակութեան: Կարճատեւ այցելութիւնից յետոյ Պոլիս՝ նա վերադարձաւ Բուլգարիա, ուր, 1912ին, Բալկանեան պատերազմի օրերին, կազմեց կամաւորական խումբ եւ մասնակցեց պատերազմին թուրքերի դէմ:
1914ի ամառը, երբ սկսուած էր, համաշխարհային պատերազմը, Անդրանիկը, պատասխանելով Հ. Յ. Դ. Բիւրոյի հրաւէրին, փութաց Թիֆլիս, ուր գործօն մասնակցութիւն ունեցաւ կամաւորական գնդերի կազմութեան մէջ եւ ստանձնեց առաջին գնդի հրամանատարութիւնը – անցնելով պարսկական ճակատ, ուր մասնաւորապէս մեծ հմտութեամբ վարեց Դիլմանի ճակատամարտը եւ հետապնդեց Խալիլ փաշայի նահանջող զօրամասերին: Այնուհետեւ, նահանջի ու յառաջխաղացման օրերին, մերթ ռազմաճակատում, մերթ թիկունքում, մերթ ոգեւորուած ու գործօն, մերթ դժգոհ ու հոգեկան խռովքի մատնուած, շարունակեց մնալ հայ կեանքի առաջաւոր դիրքերում, մինչեւ կամաւորական գնդերի լուծումը եւ մինչեւ ցարական գահի խորտակումը, 1917թ. Փետրուարին:
Հայ ժողովրդին բաժին հասած աղէտները չափազանց ծանր ազդեցին Անդրանիկի մտքի ու հոգու վրայ: Եղան պահեր, երբ նա կորցրեց հոգեկան հաւասարակշռութիւնը, բայց հայրենիքի սէրն ու զօրաւոր կամքը թոյլ չտուին, որ հեռանայ ու քաշուի ազգային գործերից:
Կամաւորական գնդերի լուծումից յետոյ, որոշ ժամանակ անցած, Անդրանիկը նորից անցաւ գործի՝ զբաղուելով առաւելապէս արեւմտահայութեան վերաբերող կազմակերպական, հոգատարական եւ պաշտպանութեան հարցերով: Իրեն յայտարարեց հրաժարուած Դաշնակցութիւնից, ձեռնարկեց «Հայաստան» թերթի հրատարակութեան, մասնակից արեւմտահայ համագումարներին եւ Ապահովութեան Խորհրդի աշխատանքներին, իբրեւ Հայկական Զօրաբաժնի հրամանատար, զօրավարի աստիճանով գնաց ճակատ, բայց տարերային թափով զարգացող դէպքերը այլեւս վեր էին մարդկային ուժերից: Կարինի անյաջող պաշտպանութիւնից յետոյ, Անդրանիկը նահանջեց Կովկաս եւ մերժելով նորաստեղծ Հանրապետութեան ճանաչումը, իր զօրամասով, անցաւ դէպի Պարսկաստան, կամենալով միանալ անգլիական բանակի հետ: Այս ձեռնարկում էլ ձախողեց. վերադարձաւ Զանգեզուր եւ պաշտպանեց այս շրջանը, մինչեւ անգլիացիների երեւումը, որոնց ստիպումով հեռացաւ Էջմիածին: Այստեղ իր զօրամասը ցրեց, զէնքն ու ռազմամթերքը յանձնեց կաթողիկոսին եւ չկամենալով ապրել նորազատ Հայաստանում, մեկնեց արտասահման, ի վերջոյ, հաստատուելով Գալիֆորնիայի Ֆրէզնօ քաղաքում, ուր եւ վախճանուեց 1927 թ., Օգոստոս 31ին:
Իր վերջին խօսքը եղաւ՝ «Գործս կէս մնաց»...
Տխուր եղան Անդրանիկի կեանքի վերջին տարիները: Արծիւը չէր կարող երջանիկ լինել հաւանոցում: Անքաւելի վրիպումներ ունեցաւ հայրենիքի եւ իր իսկ անձի հանդէպ: Ժողովուրդը, սակայն, ներեց այդ ամէնը եւ շարունակում է ու պիտի շարունակէ նուիրումով ու պաշտամունքով յիշել նրա հերոսական անունը: Ու երգել.
Իբրեւ արծիւ սաւառնում ես սարէ-սար...
Անդրանիկի աճիւնները այժմ հանգչում են Փարիզի Փէր Լաշէզ գերեզմանատանը, Գրիգոր Օտեանի, Աւ. Ահարոնեանի, Ա. Խատիսեանի դամբաններից ոչ հեռու: Նրա փափաքն էր թաղուել Հայաստանում, բայց Հայաստանի նոր վարիչները մերժեցին կատարել նրա բաղձանքը: «Յիւրսկն եկ եւ իւրքն զնա ոչ ընկալան»...