Ինչպէս Սպաննուեցան Վ. Խորէնի եւ Ա. Շիրինեան
Խմբագրատուն մտաւ Գորիսի բանտում եղած մի շատ վստահելի երիտասարդ, որ ներկայ է եղել բանտում կատարուած պօլշեւիկեան եղեռնին ու տալիս է հետեւեալ տեղեկութիւնները այդ եղեռնի շուրջ.-
Խորէնին եւ Շիրինեանը փակուած են լինում Շնհեր գիւղում Շիրինեանի եղբօր որդու՝ Պատուականի տանը:
Որպէսզի բոլորովին կասկած չլինի իր տան վրայ, Պատուականը գնում է Բագու, իսկ նրա կինը դուռը փակելով՝ գալիս է Գորիս՝ իր քրոջ մօտ: Երկու յեղափոխականները մնում են փակուած տան մէջ. միայն մի պատանի է կապ պահողը դրսի աշխարհի հետ, որ եւ գաղտնի կերպով կերակուր է հասցնում նրանց:
Պատուականի կինը առանց հեռուն մտածելու, տանը խօսելիս, յայտնում է իր քրոջ ամուսնուն իր տան գաղտնիքի մասին: Իսկ այդ պարոնը ծառայելիս է եղել անտառապետ Շահնազարեանի մօտ, որ պատկանում է Ս. Դ. կուսակցութեան եւ որ անձնապէս լաւ յարաբերութեան մէջ չէ եղել Շիրինեանի հետ:
Դիտելի է, որ երբ Պատուականի կինը իր տունը թողնում է ու հեռանում Գորիս, Շիրինեանը նրան զգուշացնում է, որ չլինի թէ Շահնազարեանն իմանայ իրենց թագստոցի մասին:
Քրոջ ամուսինը թերեւս առանց յետին մտքի, միւս օրը պատմում է Շահնազարեանին:
Մի կողմից անձնական հաշիւը Շիրինեանի հետ, միւս կողմից պօլշեւիկների մօտ աւելի լաւ ընդունելութիւն գտնելու յոյսով, Շահնազարեանը ներկայանում է Գորիսի գաւառական րեւկօմին ու պատմում այն ամէնը, ինչ որ գիտէ:
Միլիցիապետ Մաշարեան, բնիկ Գորիսցի, անմիջապէս հաւաքում է պահանջւած թուով միլիցիօնէրներ, բացի այդ վերցնում է նաեւ Խնձորիսկցի հաւատարիմ թիկնապահներ (Խնձորիսկը յայտնի է որպէս ամենաթունդ պօլշեւիկ գիւղը) եւ ճանապարհւում Շնհեր, ուր իր մարդկանցով պաշարելով թագստոցը, բռնում է Խորէնին եւ Շիրինեանին ու բերում Գորիս:
Գիւղացիք տեսնելով այդ, մտածում են կազմակերպուել եւ ճանապարհին յարձակուելով խլել իրենց սիրելի գործիչներին, բայց գործն այնքան արագ է կատարւում ու յանկարծակի, եւ գիւղի տղամարդիկ ցրուած հանդում իրենց դաշտային աշխատանքի ետեւից որ՝ մինչեւ համաձայնութեան գալն ու պատրաստւելն արդէն կալանաւորներին հասցրած են լինում Գորիս:
Ճանապարհին ոմանք ծաղրում են Խորէնուն եւ ակնոցները խլելով՝ քարերով խփում ու փշրում:
Այդ լինում է յուլիս 30-ին կէսօրից յետյ, ժամը 6-ի մօտերը:
Գորիսի ժողովուրդը սուգի մէջ է լինում. Խորէնուն չէին ճանաչում, բայց Շիրինեանին ընդունում էին իբրեւ Զանգեզուրի փրկչի, այնքան նրան ընտելացած էին տեսնել իրենց երկրի պաշտպանութեան գործը վարելը:
Երկու կալանաւորներին Գորիսում նախ րեւկօմն են տանում, հարցաքննում ու ապա առաջնորդում դէպի բանտ երեկոյեան ժամը 11-ին:
Վահանը թոյլ է լինում, յոգնած խնդրում է մի կտոր հաց եւ մի վերմակ քնելու համար, մերժում են:
Սոյն տեղեկութիւնները տուող երիտասարդն իր վերմակն է գաղտնի ուղարկում իր խուցից Վահանին:
Յուլիս 31-ին առհասարակ բանտի հսկողութիւնն աւելի է խստացած լինում: Բոլոր բանտարկեալները ոտքի վրայ են սպասում միշտ, թէ ահա հիմա կը գան ու կը տանեն նորեկներին գնդակահարելու, այդպիսի համոզում էր տիրում բոլորին:
Նոյն օրը երեկոյեան շատ ուշ բանտն է գալիս չրեզվիչայկայի դատախազ Արամ Մուսայէլեանը, մտնում է Վահանի խուցը եւ հանգստացնում, որ գնդակահարութեան մասին խօսք չի կարող լինել, այլ բոլորին կը պահեն, մինչեւ որ վերջնական հաշտութեան ժամանակ եղած բանտարկեալներին կը փոխեն պօլշեւիկ բանտարկեալների հետ:
Խորէնին նրան հասկացնում է, որ ինքը դրանով չի հետաքրքրւում, որ աւելի լաւ էր իրեն թողնէին քննելու եւ պահանջում է բանտային օրէնքով տրուելիք հացն ու ջուրը չի խնայուի:
Յաջորդ առաւօտից Օգոստոս 1-ին հաց, ջուր տալիս են:
Սոյն տեղեկութիւնները տուող երիտասարդին այդ օրը յաջողւում է իր խուցից դուրս գալով մի կերպ անցնել Վահանի խուցի առաջ եւ փոքրիկ անցքից հարցնել, թէ որքան նա հաւատում է Մուսայէլեանի խօսքին: Վահանը պատասխանում է՝ թէ ի հարկէ այդ խօսքերին չի կարելի հաւատալ, որ իրենց կենդանի չեն թողնի, բայց աւելացնում է, «երեւում է որ մերոնք գալիս են»:
Նոյն օրը Գորիս է գալիս արտակարգ կոմիսար Արմենակ Ղարագէօզեանը:
Գորիս մտնելուն պէս ուղղակի գնում է գաւառական րեւկօմ եւ հարցնում է թէ մինչեւ այժմ քանի՞ հոգի են գնդակահարել: Երբ իմանում է թէ միայն 3 հոգի են գնդակահարուած, աղաղակում է.
–Ինչո՞ւ, այժմ Գորիսում մի քանի հարիւր սգաւոր ընտանիքներ չպիտի լինէին...:
Նրա գալուց յետոյ անմիջապէս բանտի սովորական պահակների թւին աւելացնում են 50 ձիաւորներ, որոնք բանտի շէնքը ամէն կողմից պաշարում են: Այլեւս ամէնքը սպասում են որ այդ օրը բոլոր բանտարկեալներին պիտի գնդակահարեն: Սարսափը բռնել է բոլորին, շատերը լաց են լինում, շատերն աղօթում:
Ոչ ոք է քնում, մութն ընկնելուն պէս, դրան մէջ եղած բացուածքի մօտ մթութեան մէջ (լոյս չկայ ամբողջ բանտում) կծկուած ամէն մէկն ինչ որ ահաւոր դէպքերի է սպասում:
Շատ ուշ, 15 ձիաւոր էլ գալիս են եւ մուտքի դրան առաջ կանգնում: Այդ 15 հոգուց 5-ը ռուսներ են. դրանց սպան եւս ռուս է:
Գիշերուան ժամը 1-ին լսւում է դրան զանգի ձայնը: Դռները բացւում են:
Զինուած մարդիկ, մի փոքրիկ ճրագ ձեռքերնին, առաջնորդութեամբ միլիցիապետ Մկրտիչ Մալուրեանի մտնում են ներս:
Մտնող խմբի մէջ էլ ինում նաեւ Խնձորիսկցի Անդրէասը. մնացեալը 5 ռուս զինուոր իրենց ռուս սպայի հետ:
Նախ բաց արին այն խուցը, ուր միասին տեղաւորուած էին Զաքար Տէր Ղազարեան եւ Միքայէլ Ադամեան:
Զաքարեան հարցնում է – Ո՞ւր էք եկել: –Տանում ենք քննութեան: –Ժամը 1-ին քննութիւն չի լինում, ճիշդն ասէք:
–Շուտ, գոռում են, եւ մի րոպէ չանցած երկու բանտարկեալները գլխիկոր առաջներն ընկած անցնում են միջանցքով դէպի դուրս: 15 րոպէ չանցած լսւում է համազարկի ձայն:
Զաքար Տէր Ղազարեանը համազարկի ժամանակ փախչում է եւ 150 քայլ հեռու գնդակի զոհ գնում:
Նորից բանտի զանգի ձայնը լսւում է, նոյն դահիճներու խումբն է, որ կանգ է առնում այս անգամ Շիրինեանի խցի դրան առաջ:
Դուռը բացւում է:
–Ի՞նչ էք ձեզ անհանգստացնում գիշերով, գոռում է Շիրինեանը, այդ ի՞նչ համազարկեր էին, դաւաճաններ, վարձկաններ: Մեզ սպաննելու էք տանում, հա՞: Լաւ իմացէք, որ ձեզ չի մնայ, այլ, շուտով կը հասնեն մեր Հանրապետութեան զօրքերը եւ ձեզանից հաշիւ կը պահանջեն: Արթնացէ՛ք, ընկերներ հայեր, պատմեցէք ամբողջ աշխարհին այս գիշերւայ եղեռնի մասին:
Շիրինեանը շարունակ այս մտքով խօսում է եւ դիմադրում:
Երկու զինուոր ձեռքերից բռնած քաշում են. մէկը ետեւից հրացանի կոթով խփում մէջքին, իսկ Մաշուրեանը ձեռքի գաւազանով է ծեծում:
Վերջապէս դուրս են քաշում միջանցքը:
Շիրինեանին լռեցնելու համար, ձեռքերով բերանն են ծածկում, որպէսզի նա չկարողանայ հասկացնել, թէ շուտով հայ զօրքը կը հասնի:
Միւս բանտարկեալները իրենց խցիկների անցքերից ականատես են այս բոլորին, եւ սարսափած են այն մտքից, թէ շուտով իրենց էլ են տանելու: Շատերը դողում են, ոմանք ուշաթափուած:
Վերջապէս բռնի կերպով Շիրինեանին դուրս են բերում բակ:
Նա այնտեղ իր հսկայ ձայնով ամբողջ Գորիսին է իմացնում թէ ինչպէս իրեն չարչարում են, արդէն մի քանի տեղից ծակծկած են լինում եւ թեւը կոտրած:
Բակից դուրս տանելուց քիչ անցած 3 հրացանի ձայն է լսւում:
Քառորդ ժամ չանցած, նոյն խումբը գալիս է Խորէնուն տանելու:
Նա արդէն հագուած էր, որովհետեւ գիտէր, որ հերթը իրենն է:
Դուռը բացուելուն պէս, նա ձայնեց, «Դուք իրաւունք չունէք գիշերով մտնել մեր խուցը եւ մէկէն սպայի ատրճանակը ձեռքն անցրած, ուզում էր դւորս քաշել, երբ մի ռուս զինուոր հրացանը ուղղելով ճակատին՝ կրակեց:
Վահանը անմռունչ վար ընկաւ: