25 September, 2022

Թռուցիկ Թերթ. ՀՅԴ Կ. Պոլսի Կեդրոնական Կօմիտէի (Թիւ 11)


Ձեզ ենք դիմում, դո՛ւք, դիպլօմատներ, քաղաքագէտներ, ազգերի տէրեր, պատմութիւն անողներ, մեր բողոքող նախատինքով լիքը խօսքը ամենից առաջ ձեզ ենք ուղղում:

Ի՞նչ արիք դուք, երբ տաճիկ ամբոխի սրիկայ մասը, զօրքի, ոստիկանութեան հետ միասին ձեռք-ձռեքի տւած՝ մայրաքաղաքի փողոցներով թափառելիս հայ բանաւորը, հայ վաճառականը, հայ քահանան, քայ ինտելիգենտն էր որոնում ու տեղն ու տեղը, ձեր աչքի առաջ, օր ցերեկով անպատմելի դժոխային տանջանքներ տալով՝ մաս մաս անում...

Դուք գիտէիք, որ Պոլսի զանազան թաղերում – ամբողջ Պոլսում – նոյնանման տեսարաններ էին տեղի ունենում. բայց իրենց կատարելութիւնը հասցրած. անմեղ հայերի անմեղ արիւնով էր ներկւում ամբողջ Պոլսի փողոցները, տները, խաներն ու խանութները – անկիւն չէր մնացել, որ արիւնով չոռոգւէր. մահն էր, որ իր սև թևերը տարածել էր դժոխացած Պոլսի վրայ...

Մտածեցի՞ք արդեօք բռնել արեան մէջ շաղախւած արիւնով պատած սուրը, զսպել արիւնարբու, արիւնածարաւ, վայրագ գազանը: Ո՛չ, դուք միայն միջոցներ ձեռք առաք՝ բոլորդ միասին, որպէսզի դարերի ընթացքում կեղեքող-հալածողը ազատ մնայ՝ գլուխը բարձրացրած ստրկի հասցրած վնասից: –Դուք այդ վնասը պակասացնել ջանացիք՝ – այդ վնասը ձեր սեփական վնասն էր որովհետև: Փոխանակ արիւնը կանգնեցնելու անմեղներին օգնութեան հասնելու, դուք կէս գիշերով, արեան հեղեղների միջով հերոսների մօտ վազեցիք ու կրկին դիպլօմատիական խաղերով, զանազան խոստումներ տալով բանկը ազատել փութացիք... Իսկ այնտեղ ամենուրեք տաճիկը իր գործն էր տեսնում, հազարաւոր անմեղների արեան հետ կանանց ու երեխաների անմեղ արիւնը խառնելով: Այդ դուք տեսնում էիք ու լուռ մնում, չնայելով ազնիւ խօսքին, որ վեց այսպէս ասած մեծ պետութիւնների ներկայացուցիչներդ ի դիմաց Մաքսիմովի, ծնկաչոք տւել էիք բանկի հերոսներին կոտորածը կանգնեցնել խոստանալով, հայկական դատի, հայ ժողվորդի շահերը առաջ բերելով... Խաբեցի՞ք:

Ա՞յդ էին պահանջում ձեզնից ձեր պաշտօնական պարտականութիւնները, ա՞յդ էին պահանջում վերջապէս ձեր մարդկային պարտականութիւնները:

Մի՞թէ արդարև քաղաքական կեանքի մէջ ամենատարրական մարդկային պարտաճանաչութիւնն անգամ բացակայում է ու եւրոպական ազգերը իրենց ներկայացուցիչներով չեն կոչւած գէթ որոշ չափով կարգ ու կանոն մտցնել այնտեղ, ուր դժոխք է տիրում...

Եթէ հազարաւոր անմեղների ողբ ու արցունքը, ամբողջ մարդկութեանը դիմած նրանց օգնութեան ճիչ ու աղաղակը ձեր սրտին ոչինչ չի ասում ու դուք ընդունակ էք այդ բոլորին սառնասրտութեամբ նայելու, հեռացէ՛ք,– մի՛ վրդովէք մեր գազանացած խիղճն ու միտքը...

Եթէ այս անգամ էլ հայ ժողովրդի անմեղ արիւնը ի զուր թափւած լինի, եթէ այս անգամը վերջինը չլինի, մօտակայ ահեռլի կռւի համար մեզ մտածել կըմնայ նորանոր միջոցների, տարբեր ձևի ու ծաւալի մասին, որից վնասւողները յամենայն դէպս միայն մենք չենք լինի... ինչ կը լինի, թող լինի... Բայց և այնպէս մեր գրգռւած խղճի ու մտքի, մեր արիւնով պատած աչքերի առաջ մի բարոյականացած անբարոյական միտք է անցնում, որը մեզ վրայ սառսուռ է բերում...

Եթէ հայը իրաւունք չունի խաղաղ մարդավայել կեանք վարելու, այդ իրաւունքից նա կաշխատի զրկել և իր բոլոր թշնամիներին...

Եթէ արցո՛ւնք,– թո՛ղ ուրեմն արցունք...

ՀՅԴ Կ. Պոլսի Կեդրոնական Կօմիտէ
25 Սեպ. 96

«Դրօշակ»
7 Հոկտեմբեր 1896, Թիւ 23