Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Երկիր գտնւած ժամանակս շարունակ ականջիս էր հասնում Նիկոլ, Նիկոլ, Դուման, Դուման անունը:
Եւ ահա մի օր 1904 թւին, ես բաղդ ունեցաւ Բագւում Նիկոլին տեսնելու:
Մի ամիս Նիկոլի մօտ ապրեցի:
Նիկոլը երկար, պարթեւ հասակով, համակրելի դէմքով ու ժպտերես մէկն էր:
Այլեւ մտածկոտ, սակաւախօս ու խորհրդաւոր:
Ես պատմում էի յաճախ հայրենիքից, իսկ նա իր կռիւներից:
Մի օր նորից խօսքը իր կռիւների մասին էր. պատմողը այս անգամ մի ուրիշ ընկեր էր. նա դէպքը չափազանցացրեց. Նիկոլը խստօրէն կտրեց պատմողի խօսքը և ինքը պատմեց իսկութիւնը:
Նիկոլը չէր սիրում չափազանցութիւններ. նա համեստ էր:
Նիկոլը գործի մարդ էր եւ ապրում էր իր ժողովրդի օրւայ ցաւերով եւ շատերի նման նա չէր մտածում կէս դար վերջը գալիք ցաւերի մասին:
Մի երեկոյ էլ, երբ նորից ժողոված զրուցում էինք, մշեցի ընկերներից մէկը պատմում էր Նիկոլին Մշոյ դաշտից ու թիւրքահայ ժողովրդի ցաւերից. այդ ժամանակ Շահրիկեան, որ հետաքրքրութեամբ լսում էր մշեցուն, բարձր ձայնով գոչեց.
–Դուք բոլորդ էլ ստրուկներ էք. չէք կարող բահերով ու գերանդիներով կռւել քրդերի ու թուրքերի դէմ:
Պատմողը զայրացած դէմքով նայեց Շահրիկեանին ու բացականչեց. «Թէյ լոլոյ», ապա փոքր ինչ յետոյ ասաւ. «Մարդ, ի՞նչ ես խօսում. գերանդիներով կարելի՞ բան է մաուզէրների դէմ կռւել: Եթէ կարելի է, դուք գրողներդ գնացէք կռւեցէք»:
Պատասխանի վրայ ամենքս ծիծաղեցինք, բայց ամենից շատ Նիկոլը, որովհետեւ գործի մարդ էր եւ լաւ էր հասկանում մշեցու հեգնանքը:
Բագուի առաջին տեսակցութիւնից յետոյ մէկ էլ Նիկոլին պատահեցի Վառնայում. նա արդէն հիւանդ էր եւ նրա խօսակցութիւնների մէջ կար մի տեսակ դժգոհութիւն... կատարւող անց ու դարձը նրան չէին ոգեւորում. խօսողների թիւը կուսակցութեան մէջ շատացել էր, իսկ գործողներինը՝ պակասել:
Այսօր, երբ գործի մարդու կարիքը կայ, Նիկոլն այլեւս չկայ... նա էլ գնաց, գնաց աւելացաւ իր նահատակ ընկերների շարքին:
Այսօր հերթը մեզ է հասել, թո՛ղ օրհնւած լինի Նիկոլի ընտրած ճանապարհը:
Պաշտելի ընկե՛ր, խոնարհւում եմ քո թարմ շիրմի առաջ, որպէս սրտապնդում այն սուրբ աւանդի, որ թողել ես մեզ: